Կարծիք

26.03.2021 21:17


Իրավունքի ուժով՝ ՍԴ-ը հաղթեց

Իրավունքի ուժով՝ ՍԴ-ը հաղթեց

Երկուսուկես տարի առաջ ամեն ինչ սկսվեց «… մարտի 1-ի գործն արդեն իսկ բացահայտված է» հայտարարությամբ, և քրեական օրենսգրքի խիստ վիճահարույց, անհեթեթ հոդվածը դարձավ ծանրագույն մեղադրանքի հիմք։

Այն դարձավ այսօրվա իշխանությունների տոտալ քարոզչության առարկան, նրանց այցեքարտը։ Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ, դրա համար շրջափակվում էին դատարանները, քրեական և կարգապահական հետապնդման էին ենթարկվում սկզբունքային դատավորները։ Հանուն այս գործի սկսվեց արշավ Սահմանադրական Դատարանի դեմ։

Բայց մի բան Փաշինյանը հաստատ չէր հաշվարկել. քրեական օրենսգրքի այս հոդվածն այնքան անհեթեթ էր, այնքան հակասահմանադրական, որ նույնիսկ իր կամքով և իր համար փոփոխված Սահմանադրական Դատարանն անկարող էր այն չճանաչել հակասահմանադրական։

Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Ամենակարևորը, սակայն, թե ինչ համառությամբ և համոզմունքով էին նրանք փորձում հակադարձել հոդվածի համաչափությանը և որոշակիությանը վերաբերող դիտարկումներին։ Նույն էնտուզիազմով և դեմքի լուրջ արտահայտությամբ ոմանք պնդում էին, թե Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքներն ամենևին հոդվածի հակասահմանադրականության մասին չեն։

Սա Ռ. Քոչարյանի հաղթանակը չէ։ Այսօր վերջապես հաղթեց իրավունքը։ Այսօր հաղթեցին բոլոր այն իրավաբանները, որոնք երեք տարի շարունակ փորձում էին քաղաքական և իրավական բեսպրեդելի պայմաններում ապացուցել ակնհայտը։ Այսօր հաղթեց ՍԴ-ը։ Այսօր հաղթեց հասարակությունը։

Առաջիկայում սպասվող պատասխանատվության մասին պետք է անհանգստանան ՀՔԾ պետը, դատախազները, որոշ դատավորներ։ Ամաչեն՝ Հ1-ը, «Ազատությունը»։
Կա հստակ կանոն. չի կարելի խաբել հանրությանը։ Որքան էլ որ դա սկզբում շատերի համար ականջահաճո լինի, մի պահից այդ մեխանիզմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։

Իսկ մինչ պատասխանատվությունը՝ ՀՔԾ-ին, դատախազությանը և անձամբ Փաշինյանին մնում է հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ նշանակվածներից և հանրությունից։ Անկախ նրանից՝ այս գործը քաղաքական ճնշումների արդյո՞ւնք է եղել, թե՞ իրավապահների անգրագիտության, երկու դեպքում էլ ներողությանը պետք է հաջորդի հրաժարականների շքերթը։ ՍԴ-ն փաստեց Փաշինյանի քաղաքական թիմի սնանկությունը։

Հ.Գ. 2018-ին, երբ սկսվեց այս աննախադեպ ապօրինությունը, շատ քչերն ունեցան խիզախություն՝ ասելու, որ սա աննկարագրելի անօրինականություն է, որ սա անձի համար պայքար չէ, այլ՝ պայքար օրինականության և արդարության համար։ Լռում էին իրավապաշտպանները, ամբողջական քաղաքական ուժերը։ Սկզբում հատուկենտ մարդիկ էինք, հետո՝ մի քանի տասնյակ, հիմա՝ հարյուր հազարներ։ Ու այսօր հաղթեց արդարությունը։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը