Կարծիք

26.03.2021 20:32


Բաժանի՛ր, որ տիրես. թերևս սա է լինելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական կարգախոսը

Բաժանի՛ր, որ տիրես. թերևս սա է լինելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական կարգախոսը
Բաժանի՛ր, որ տիրես։ Թերևս սա է լինելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական կարգախոսը։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», այսօր նա շարունակում է նոր անջրպետեր կառուցել մեր՝ առանց այդ էլ բավականաչափ բևեռացված հասարակության մեջ։
Այն, որ Հայաստանը գտնվում է շատ ծանր, ծայրահեղ ծանր վիճակում՝ բոլորիս ակնհայտ է ։ Տնտեսությունը, առանց չափազանցնելու, գլորվում է գրողի ծոցը։ Էկոնոմիկայի նախարարի ցնդաբանություններին ոչ ոք չի հավատում ու լուրջ չի վերաբերվում։ Օր-օրի մեր համաքաղաքացիների սոցիալական վիճակը վատթարանում է։ Դրան գումարած հետպատերազմյան խնդիրները՝ զոհեր, հաշմանդամներ, տուն ու ապրուստի միջոց կորցրած մարդիկ։
Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը գրչի մեկ շարժումով ստեղծեց և վստահաբար կշարունակի ստեղծել արտոնյալ խավ, որոնց չեն վերաբերի այդ խայտառակ ձախողումների ծանր հետևանքները՝ գոնե սոցիալական մասով ։ Իսկ ո՞վ է դեմ, որ ոստիկանների, ուսուցիչների, բժիշկների, հանրային ծառայություն կատարող մեր այլ համաքաղաքացիների աշխատավարձերը բարձրանան։ Բայց կա՞ մեկը, ով չի հասկանում, թե ընտրություններից առաջ բյուջետային ծախսերի լայնամասշտաբ կրճատումների հետ մեկտեղ, երբ Կապանի դիրքերը կահավորելու համար մարդիկ հանգանակություն են կազմակերպում, կապիտուլյանտը ոստիկանի ու մնացածի աշխատավարձ է բարձրացնում․․․ կա՞ մեկը, ով չի հասկանում, թե ինչ է Նիկոլ Փաշինյանն ակնկալում այդ մարդկանցից ու նրանց չափահաս հարազատներից։
Նախկիններին մեղադրում էին բյուջեից թալանած փողերով ընտրակաշառք բաժանելու համար։ Իսկ սա այնքան է լկտիացել, որ միանգամից բյուջեից է ընտրակաշառք բաժանում` շարունակելով պարգևավճարների արատավոր տրամաբանությունը։ Վճարողը միևնույն է մենք բոլորս ենք՝ նույն բանն է ուղղակի թղթաբանությունն է շատացել․․․կամ պակասել։
Փաշինյանի հաշվարկն ինչպես միշտ պարզ է և պարզունակ։ Ընտրակաշառք բաժանելը նա սկսել է ամենաբազմամարդ կառույցներից մեկից, որը նաև բարոյապես ամենախոցվածներից է։ Նա փորձում է մի կողմից ավելացնել իր ընտրազանգվածը, մյուս կողմից էլ լուծել ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Նա փնտրում է հավատարիմ աջակիցներ՝ մարդկանց դարձնելով իրեն հանցակից։ Իսկ ոստիկանության դեպքում նա նաև խորացնում է հասարակության և ոստիկանի միջև եղած անջրպետը։ Բայց ոստիկանությամբ չի սահմանափակվի․ շուտով այլ ծախսերի հաշվին կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը (ընդ որում կրթական ոլորտի ընդհանուր ծախսերի ֆոնին), բժիշկներինը, իսկ ամենավերջում պետական ծառայողներինը՝ թաղապետարանից մինչև «ֆեյքերի պոակ»։
Ստեփան Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը