Կարծիք

23.03.2021 13:42


Ամեն անգամ, երբ գլխավոր մեղավորը փորձում է մեղքը գցել նախկինների ու անցավորների վրա, հիշեք ճապոնացի գեներալ Սիձուիչի Տանակային ու նրա արածը

Ամեն անգամ, երբ գլխավոր մեղավորը փորձում է մեղքը գցել նախկինների ու անցավորների վրա, հիշեք ճապոնացի գեներալ Սիձուիչի Տանակային ու նրա արածը
Նոր մի տեղ սա կարդացի, որոշեցի մի քիչ էլ իմ մտքերն ավելացնել ու ձեզ հետ էլ կիսվել։ Մարդ ես, մեկ էլ տեսար նիկոլն էլ կարդաց։
Ճապոնական ասացվածք ա՝ չկան վատ զինվորներ, կան վատ գեներալներ։ Իրենց ազգային առանձնահատկություններից մեկը ծայրահեղության հասնող անձնական պատասխանատվությունն ա։ Ու որպես հետևանք՝ ծայրահեղ, ծայրահեղ ամոթի զգացումը, երբ սպասումներն արդարացված չեն, խոսքը խախտված ա, խոստացված արդյունքը չկա, ու տենց։
Գեներալը, ով չկարողացավ պաշտպանել Տոկիոն ռմբակոծություններից, ինքնասպան եղավ։ Ու կարևոր չի, որ Ճապոնիան շրջապատված էր, որ նավատորմ չէր մնացել, որ բանակի լավագույն մարդիկ կորել էին Խաղաղ Օվկիանոսի դժոխքում, իսկ ով մնացել էր՝ ուժասպառ էր, սոված ու ութերորդ գիշերը չքնած։ Տոկիոն ռմբակոծվում էր։ Դա է փաստը։ Ասել ա, որ Տոկիոն պաշտպանելու ա։ Չի արել։ Չի կարա տենց ապրի։
Տենց տնտեսագետ ու փիլիսոփա կա՝ Նասսիմ Թալեբ անունով։ Իրա վերջին գրքում՝ «Skin in the Game»-ում, սենց դրույթ ա առաջ բերում. համակարգը, որտեղ որոշում ընդունողը չի պատժվում սխալ որոշման համար, որտեղ լիդերը չի պատժվում անհաջողությունների համար, որտեղ գործող անձինք սեփական մաշկը խաղադրույք արած չեն խաղում, լիքը չարիքների առաջ ա կանգնում։ Ու հակառակը՝ սեփական մաշկը խաղասեղանին դրած մարդիկ սկսում են վատ որոշումներ քիչ ընդունել, սխալներ ու վատ արդյունքներ քիչ ունենալ։ Իսկ եթե սխալներ են անում, շատ արագ խաղից դուրս են մնում՝ տեղ զիջելով նորերին։ Իսկ վերջիններս շատ լավ պետք ա հասկանան, որ ձախողման դեպքում էս անգամ իրանց գլուխն ա թռնելու, էական չի՝ բառացի, թե փոխաբերական իմաստով։
Ճապոնացիները «Skin in the game»-ի կոնցեպցիան մոր կաթի հետ են ուտում։
Նկարում Տանակա Սիձուիչին ա։ Երբ ճապոնիան հանձնվեց, բանակի մի շարք սպաներ օգոստոսի 15-ին փորձեցին հեղաշրջում անել, գրավեցին կայսեր նստավայրն ու փորձեցին կանխել նրա կողմից կապիտուլյացիայի ստորագրումը։ Տանական մոբիլիզացրեց բանակը, շրջապատեց ըմբոստներին ու համոզեց վերադառնալ զորանոց։ Նրա համոզելու հիմնական մեխն այն էր, որ նրանց արածը հակասում է ճապոնական բանակի ոգուն։
Ըմբոստների ղեկավարները այնուհետև ինքնասպանություն գործեցին, Տանական՝ արժանացավ կայսեր անձնական շնորհակալությանը։ Մեծագույն պատիվ էր։
Օգոստոսի 24-ին Տանական ինքասպան եղավ՝ իրեն սրտից կրակելով։ Աշխատասեղանին բուդդիստական սուտրաներ էին, նամակներ, կայսեր շնորհակալագիրը ու նախորդ կայսեր արձանը։ Գեներալը չէր կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ չէր կանխել Տոկիոյի ռմբակոծությունները։ Ենթականերին ինքնասպանություն գործելն արգելեց, ասեց, որ սաղ մեղքը իրանն ա, ու պատասխանատուն նույնպես ինքն ա։
Ամեն անգամ, երբ առաջնորդները մեղադրում են ենթականերին պարտության մեջ, հիշեք գեներալ Սիձուիչի Տանակային։ Ամեն անգամ, երբ գլխավոր մեղավորը փորձում է մեղքը գցել նախկինների ու անցավորների վրա, հիշեք գեներալ Սիձուիչի Տանակային, ով ինքասպան եղավ այն պատճառով, որ չէր արել այն, ինչ պետք է աներ և որի միակ պատասխանատուն ինքն էր։
Լավ դեղը դառն ա լինում։ Մենք կամ հասկանալու ենք «skin in the game»-ը ինչ ա, կամ ունենալու ենք էն, ինչ ունենք։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը