Սովետական միությունը մառազմատիկ շատ էլեմենտներ ուներ։ Անշուշտ դրական բաներ էլ կային, բայց անհեթեթությունն ավելի շատ էր և, ի վերջո, ՍՍՀՄ-ը փլուզվեց։
Բոլշեվիկները կառուցել էին մի պետություն, որը ստի ու կեղծիքի վրա էր հիմնված։ Տիտղոսային ու արտոնյալ դասակարգ էր հռչակված պրոլետարիատը, բայց գործնականում պրոլետարիատին շահագործում էին ավելի դաժան ձևով, քան իրենց չսիրած կապիտալիստական աշխարհում։ Այսինքն քարոզչության մակարդակով կար մի պետություն, իսկ իրականում՝ մեկ այլ։ Դրա համար էլ «հսկան» ծնկի եկավ։ Արևմուտքում սիրում են ասել, որ «մեր ջինսերը՝ հաղթեցին սովետական հրթիռներին»։
Բոլշեվիզմը պարտվեց համաշխարհային թատերաբեմում, բայց բոլշեվիկյան մտածողությունը դեռ շարունակում է իր գոյությունը հետսովետական երկրներում։ Հայաստանը բացառություն չէ։ 1700-ամյա քրիստոնեություն ունեցող ժողովրդի քաղաքական էլիտայի մեջ, ցավոք, դեռ գերիշխում է աթեիստական բոլշեվիզմը, որը հատկապես արտահայտվում է ներկայիս տնտեսական քաղաքականության ու քարոզչության մեջ։
Սովետական միությունը, որպեսզի հոմոսովետիկուսին ոգևորեր, «ստախանովյան» շարժում էր քարոզում։ Ստախանովը՝ դա աշխատանքային պլանը գերակատարած բանվոր էր, ում դարձրել էին սովետական սուպերմեն։ «Շարժման» քարոզչության նպատակն այն էր, որ բոլոր բանվորները, լինեին ուզբեկ, թե ուդմուրդ, պիտի ձգտեին նմանվել Ստախանովին՝ շատ աշխատելը նույնիսկ կապիկին է մարդ դարձնում թեմայով։
Վերջերս պարզեցի, որ «ստախանովյան» շարժման նման մի բան էլ անկախ Հայաստանում է սկսվել։ Մեր «ստախանովը»՝ ՀԴՄ կտրոն պահանջող քաղաքացին է։ Որքան շատ ՀԴՄ կտրոն ունենա քաղաքացին, այնքան կմեծանա նրա «ստախանով» դառնալու շանսերը։ Մերոնք այնքան հեռու են գնացել «ստախանովշինայի» քարոզչության ուղղությամբ, որ նույնիսկ կառավարության մակարդակով (ՀՀ կրթության և գիտության նախարարության և պետական եկամուտների կոմիտեի)՝ 5-11 դասարանների աշակերտների շրջանում նկարչական աշխատանքների մրցույթ են հայտարարել «Ես օրինական պետության քաղաքացի եմ» թեմայով։ Մրցույթի կազմակերպիչները նպատակ են հետապնդում վաղ հասակից մատաղ սերնդի մոտ դաստիարակել ՀԴՄ կտրոն պահանջելը և այդպիսով իրենց իրավունքներին տեր կանգնելը։
Նախ նկատեմ, որ թեմատիկ մրցույթի վերնագրի մեջ մի փոքր սխալ կա։ Պետք է լիներ «Ես պետության օրինական քաղաքացի եմ», այլ ոչ թե «օրինական» բառը դրվեր պետությունից առաջ։ Այլապես ստացվում է, որ մինչև ՀԴՄ կտրոնի գոյությունը՝ մեր պետությունը անօրինական է եղել։ Այն ենթատեքստով, որ պետությունն է ուզում քարոզել հասարակության ՀԴՄ- ացումը և յուրաքանչյուր գնորդի արտահաստիքային հարկային տեսուչ դարձնելը ՝ ճիշտ կլիներ «օրինական» բառը քաղաքացու հետ կապելը։ Չէ՞ որ իրենք ուզում են ասել, որ օրինական է այն քաղաքացին, ով ՀԴՄ կտրոն է պահանջում։ Իսկ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «Ես պետության օրինապաշտ քաղաքացի եմ» տարբերակը։ Բայց սա տվյալ դեպքում կարևոր չէ։ Կարևորը, որ մեր պետությունը քարոզելու թեմա է գտել և նույնիսկ սահմանել է մրցանակներ՝ «Թեմատիկայի լավագույն արտահայտություն» և «Լավագույն ծաղրանկար» ներկայացնող աշակերտների համար։
ՀԴՄ-ների թեմային ես բազմիցս անդրադարձել եմ և այս հոդվածի շրջանակներում չեմ կրկնվի։ Պարզապես ապշեցուցիչ է քարոզչական բոլշեվիզմը։ Չեմ զարմանա, եթե մի օր կառավարությունը թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության պատվեր իջեցնի գիտությունների ազգային ակադեմիային՝ «Մարդը և ՀԴՄ-ն»,«Նոր սերունդն ընտրում է ՀԴՄ», «ՀԴՄ-ն և անհատի պաշտամունքը» և այլ նմանատիպ թեմաներով։
Քարոզչական աշխատանքների առումով՝ այդպիսի նախաձեռնություններ արդեն կան։ Կառավարությունն առաջարկել է կուրսային աշխատանքներ գրել տնտեսագիտականի ուսանողներին՝ տնտեսական ճգնաժամի հաղթահարման թեմաներով և խոստացել, որ լավ առաջարկները կներառվեն գործադիր իշխանության ծրագրերում։ Ակնհայտ է, որ այդ քայլը ձևական է (բոլշեվիկներն էլ էին սիրում ձևականություններ)։ Բայց ինձ մտահոգում է շատ կարևոր մի բան. փաստորեն որքան անարդյունավետ է տնօրինվում իշխանական էլիտայի աշխատաժամանակը և որքան դժվար է լինելու այժմյան տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։ Դատե՛ք ինքներդ. ՀՀ նախագահն ու վարչապետը 5 ժամից ավելի տնտեսական հարցեր են քննարկել մարդ-կուսակցությունների հետ։ Այդ հանդիպմանը մասնակցել են նույնիսկ «քոքված» լրագրողներին անհայտ կուսակցությունների ղեկավարներ։ Արդյունքներն ակնհայտ են։ Նույնն էլ ուսանողների գրածների պարագայում է լինելու։ Բայց փոխարենը քարոզչամեքենան ասելու նյութ է ստանում։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Երկար ժամանակ քննարկվում է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը որևէ արձանով ամբողջացնելու հարցը։ Կառավարությունը կարող է այդտեղ ՀԴՄ կտրոնի արձանը տեղադրել, որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի լուռ վկա։ «Շահում ես դու, շահում է պետությունը»՝ ենթադրաբար դաջված կլինի այդ գլուխգործոցի տակ։ Չկասկածեք՛։ Իմ այս սարկազմը կարող է լուրջ ընդունվել «վերևներում»։ Բոլշեվիկյան մտածողությունը ամեն ինչի ընդունակ է։ Չէ՞ որ տարիներ առաջ 10 մետր բարձրությամբ «հայկական ստախանովի» տարբերակը կանգնեցրել էին Երևանի «1-ին մաս» կոչվող թաղամասում։ Հիմա այդտեղ արձանը չկա։ Առևտրի տաղավարներ են ու դա շատ խորհրդանշական է. պսեվդոինդուստրիալ բոլշեվիզմից անցում ենք կատարել դեպի պսեվդոշուկայական բոլշեվիզմի։
Հայաստանում «ստախանովյան» շարժում է սկսվել
Սովետական միությունը մառազմատիկ շատ էլեմենտներ ուներ։ Անշուշտ դրական բաներ էլ կային, բայց անհեթեթությունն ավելի շատ էր և, ի վերջո, ՍՍՀՄ-ը փլուզվեց։
Բոլշեվիկները կառուցել էին մի պետություն, որը ստի ու կեղծիքի վրա էր հիմնված։ Տիտղոսային ու արտոնյալ դասակարգ էր հռչակված պրոլետարիատը, բայց գործնականում պրոլետարիատին շահագործում էին ավելի դաժան ձևով, քան իրենց չսիրած կապիտալիստական աշխարհում։ Այսինքն քարոզչության մակարդակով կար մի պետություն, իսկ իրականում՝ մեկ այլ։ Դրա համար էլ «հսկան» ծնկի եկավ։ Արևմուտքում սիրում են ասել, որ «մեր ջինսերը՝ հաղթեցին սովետական հրթիռներին»։
Բոլշեվիզմը պարտվեց համաշխարհային թատերաբեմում, բայց բոլշեվիկյան մտածողությունը դեռ շարունակում է իր գոյությունը հետսովետական երկրներում։ Հայաստանը բացառություն չէ։ 1700-ամյա քրիստոնեություն ունեցող ժողովրդի քաղաքական էլիտայի մեջ, ցավոք, դեռ գերիշխում է աթեիստական բոլշեվիզմը, որը հատկապես արտահայտվում է ներկայիս տնտեսական քաղաքականության ու քարոզչության մեջ։
Սովետական միությունը, որպեսզի հոմոսովետիկուսին ոգևորեր, «ստախանովյան» շարժում էր քարոզում։ Ստախանովը՝ դա աշխատանքային պլանը գերակատարած բանվոր էր, ում դարձրել էին սովետական սուպերմեն։ «Շարժման» քարոզչության նպատակն այն էր, որ բոլոր բանվորները, լինեին ուզբեկ, թե ուդմուրդ, պիտի ձգտեին նմանվել Ստախանովին՝ շատ աշխատելը նույնիսկ կապիկին է մարդ դարձնում թեմայով։
Վերջերս պարզեցի, որ «ստախանովյան» շարժման նման մի բան էլ անկախ Հայաստանում է սկսվել։ Մեր «ստախանովը»՝ ՀԴՄ կտրոն պահանջող քաղաքացին է։ Որքան շատ ՀԴՄ կտրոն ունենա քաղաքացին, այնքան կմեծանա նրա «ստախանով» դառնալու շանսերը։ Մերոնք այնքան հեռու են գնացել «ստախանովշինայի» քարոզչության ուղղությամբ, որ նույնիսկ կառավարության մակարդակով (ՀՀ կրթության և գիտության նախարարության և պետական եկամուտների կոմիտեի)՝ 5-11 դասարանների աշակերտների շրջանում նկարչական աշխատանքների մրցույթ են հայտարարել «Ես օրինական պետության քաղաքացի եմ» թեմայով։ Մրցույթի կազմակերպիչները նպատակ են հետապնդում վաղ հասակից մատաղ սերնդի մոտ դաստիարակել ՀԴՄ կտրոն պահանջելը և այդպիսով իրենց իրավունքներին տեր կանգնելը։
Նախ նկատեմ, որ թեմատիկ մրցույթի վերնագրի մեջ մի փոքր սխալ կա։ Պետք է լիներ «Ես պետության օրինական քաղաքացի եմ», այլ ոչ թե «օրինական» բառը դրվեր պետությունից առաջ։ Այլապես ստացվում է, որ մինչև ՀԴՄ կտրոնի գոյությունը՝ մեր պետությունը անօրինական է եղել։ Այն ենթատեքստով, որ պետությունն է ուզում քարոզել հասարակության ՀԴՄ- ացումը և յուրաքանչյուր գնորդի արտահաստիքային հարկային տեսուչ դարձնելը ՝ ճիշտ կլիներ «օրինական» բառը քաղաքացու հետ կապելը։ Չէ՞ որ իրենք ուզում են ասել, որ օրինական է այն քաղաքացին, ով ՀԴՄ կտրոն է պահանջում։ Իսկ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «Ես պետության օրինապաշտ քաղաքացի եմ» տարբերակը։ Բայց սա տվյալ դեպքում կարևոր չէ։ Կարևորը, որ մեր պետությունը քարոզելու թեմա է գտել և նույնիսկ սահմանել է մրցանակներ՝ «Թեմատիկայի լավագույն արտահայտություն» և «Լավագույն ծաղրանկար» ներկայացնող աշակերտների համար։
ՀԴՄ-ների թեմային ես բազմիցս անդրադարձել եմ և այս հոդվածի շրջանակներում չեմ կրկնվի։ Պարզապես ապշեցուցիչ է քարոզչական բոլշեվիզմը։ Չեմ զարմանա, եթե մի օր կառավարությունը թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության պատվեր իջեցնի գիտությունների ազգային ակադեմիային՝ «Մարդը և ՀԴՄ-ն», «Նոր սերունդն ընտրում է ՀԴՄ», «ՀԴՄ-ն և անհատի պաշտամունքը» և այլ նմանատիպ թեմաներով։