Խմբագրական

12.06.2011 23:56


Decision making

Decision making

Մայիսի 31–ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն ահագին անկեղծացավ ու հայտարարեց, թե, այո՛, իշխանության հետ «երկխոսության» արդյունքում ինքն ակնկալում է գործարք։

Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը հանրությանը մատուցում էր, թե երեք «պահանջների» կատարումից հետո է միայն բացվել «երկխոսության» դուռը և սպասվում է գործարք, ապա Սերժ Սարգսյանն իր ենթակաների միջոցով տերպետրոսյանականներին ու հանրությանը տեղեկացրեց, որ երկխոսություն կոչվածը շուտվանից է սկսվել ու գործարքն էլ վաղուց է կնքվել և, հետևաբար, ինքը չի պատրաստվում պատվիրակություն ձևավորել ու կլոր սեղանի շուրջ «երկխոսել» ՀԱԿ–ի հետ, քանի որ Տեր–Պետրոսյանին համարում է ոչ թե հավասարազոր ուժ, այլ նորաթուխ հաճախորդ, ում  մատուցած ծառայությունները իշխանությունն ստացել է, փոխհատուցումը տվել է (երեք «պահանջների» բավարարում) և «երկխոսելու» բան այլևս չունի։

Սարգսյանն, ըստ այդմ, լևոնականներին հասկացրեց, որ իր համար «երկխոսության» գործընթացը փաստացի ավարտված է, քանի որ ինքն իր խնդիրը ՀԱԿ–ի միջոցով լուծել է։

«ֆուտբոլասեր» նախագահը նույնիսկ նվաստացրեց «նախաձեռնողական» Տեր–Պետրոսյանին՝ ՀԱԿ–ին առաջարկելով ՀՀԿ–ի պահակի հետ «երկխոսելու» տարբերակն  ու Մարզահամերգային համալիրում կազմակերպվող «բազմակուսակցական» թամաշային մասնակցելու «հաճույքը»։

Ո՞րն էր Սարգսյան–Տեր–Պետրոսյան գործարքի առարկան

Ինչպես նախորդ հոդվածում էի նշել՝ Սարգսյան–Տեր–Պետրոսյան գործարքը կայացել էր այս տարվա փետրվարին, եթե ոչ ավելի վաղ։ Գործարքի առարկան հետևյալն էր.

. ներիշխանական լարվածության փուլում ՀԱԿ–ը պետք է աջակցի Սերժ Սարգսյանին ու նպաստի վերջինիս վերարտադրմանը նպաստող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը,

. Տեր–Պետրոսյանը պետք է իր ձեռքում կենտրոնացնի բողոքական զանգվածին ու մարի սոցիալական լարվածությունը՝  չեզոքացնելով հեղափոխական ալիքը։

Արձանագրենք, որ գործարքի այս երկու հիմնական կետերը Տեր–Պետրոսյանը կատարեց պիոներական պարտաճանաչությամբ։

Այդ ամենի դիմաց Սերժ Սարգսյանը կատարեց ՀԱԿ–ի երեք «պահանջները» և, բնականաբար, գործարքը համարեց ավարտված, այնինչ Տեր–Պետրոսյանի կարծիքով գործարքը դեռ նոր պետք է տեղի ունենար։ Դա էր, հավանաբար, պատճառը, որ ՀԱԿ առաջնորդը հապճեպորեն պատվիրակության հինգ հոգանոց կազմ ձևավորեց ու դեռ մի բան էլ այնպիսի հնչեղություն տվեց այդ քայլին, որ պարզապես ծիծաղելի էր։

Ակնհայտ է՝ Տեր–Պետրոսյանը համոզված է եղել, որ իշխանությունն ընդառաջ կգնա ու կներկայացնի սեփական պատվիրակության կազմն ու նախապես պայմանավորված «գյալաջին» կկայանա, բայց այդ ամենը Սարգսյանի պլանների մեջ չէր մտնում. հաճախորդների հետ բանակցում են ոչ թե պատվիրակությունների մակարդակով, այլ հանդիպում են խնամու տանը։

Ներկա գործընթացները ցույց տվեցին, որ քաղաքական շախմատում Տեր–Պետրոսյանը երեխայի պես խաբվել է՝ մտածելով, որ եթե ինքը հեղափոխական ալիքը մարելու և Ս. Սարգսյանի ներիշխանական կայունության երաշխիքը դառնալու ծառայություններ է մատուցել, ապա իրավունք ունի ակնկալել հավասարության սկզբունքով ձևավորված կլոր սեղան, ինչն առնվազն հնարավորություն կտար ՀԱԿ–ին դոմինանտ դեր խաղալ քաղաքական դաշտում։ Մինչդեռ՝ Տեր–Պետրոսյանը ստացավ նվաստացում և արհամարհանք, ինչը սպասելի էր։

Ինչպես որ Սերժ Սարգսյանն էր մտածում, թե Գյուլ–Էրդողան զույգի  նախապայմանները բավարարելով հասնելու է սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, այնպես էլ Տեր–Պետրոսյանն է, երևի, մտածել, թե Սարգսյանին աջակցելով ու նրա նախապայմանները բավարարելով՝ կկարողանա հաջողություն հասնել։ «Հասավ»։

Ո՞րն է լինելու Տեր–Պետրոսյանի պատասխանը Սարգսյանին

Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա հայտնվել է սպասողի կարգավիճակում։ Նա սպասում է Սերժ Սարգսյանի խոսքին։ Սպասում է այնպես, ինչպես ոմանք սպասում էին Գոդոյին։

Տեր–Պետրոսյանի մյուս սպասելիքը Ղարաբաղից է։ Նա սպասում է Հայաստանի համար բացասական զարգացումների։ Հաշվարկը պարզ է. Սարգսյանը Կազանում կստորագրի հակահայկական փաստաթուղթ, Տեր–Պետրոսյանը, ինչպես հայ–թուրքականի ժամանակ, փաստացի կաջակցի այդ ամենին, բայց հրապարակավ դեմագոգիայով կզբաղվի և կհայտարարի, թե Ղարաբաղը ծախեցին և օգտագործելով հանրային դժգոհությունն ու ապավինելով  դրսի ուժերի աջակցությանը՝ իշխանափոխություն կիրականացնի։ Սա՛ է իր հաշվարկը և Ղարաբաղը հանձնված տեսնելուն նա, կարելի է ասել, սպասում է դեռևս անցյալ դարավերջից։

Փաստորեն, Ղարաբաղյան շարժման միջոցով ու «Միացում» կարգախոսի ներքո  իշխանության գլուխ անցած մարդն այժմ էլ է ցանկանում Ղարաբաղի հարցն օգտագործելով իշխանության գալ, բայց այս անգամ արդեն իրեն հոգեհարազատ՝ «Անջատում» կարգախոսով, ինչն այլ կերպ, քան անբարոյականություն չես որակի։

Նկատենք, որ ղարաբաղյան ճակատում մեզ համար անբարենպաստ զարգացումներ կանխատեսելն ու բայղուշության դրսևորումները Տեր–Պետրոսյանի մոտ պաթոլոգիկ բնույթ են կրում։ Ղարաբաղի պարտությունը նա կանխատեսում էր 1992–ին ու դրան հաջորդած բոլոր տարիներին։

Քաղաքական վերակենդանացումից ու մարտի 1–ի դեպքերից առաջ ու հետո նա կրկին գուժում էր Ղարաբաղի անկումն ու տենդագին սպասում իր կանխատեսման իրականացմանը։

Եթե հիշում եք, 2008ի հանրահավաքային շարքի դադարեցումը Տեր–Պետրոսյանը պատճառաբանեց Ղարաբաղի հարցում սպասվող իրադարձություններով։ Այն օրերին նա հայտարարեց, թե առաջիկա երկու–երեք ամիսներին տեղի են ունենալու բուռն զարգացումներ և պետք է սպասել՝ չխանգարելու համար Ղարաբաղի հարցի լուծմանը (փաստացի ՝ միակողմանի զիջմանը)։ Դա տեղի չունեցավ և Տեր–Պետրոսյանը ստիպված հիշեց «Եղիազար Այնթապցուն»՝ հաշվարկով, որ Սարգսյանն իրեն կնկատի։

Այժմ էլ Տեր–Պետրոսյանի հույսը կրկին Ղարաբաղն է։ Ավելի ճիշտ՝ Ղարաբաղի հարցում իր կանխատեսած ելքով արագ զարգացումները։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանը տողատակերում կրկին առաջ է քաշում «քանի Ղարաբաղի հարցը կա՝ Սերգո ջանը լավ չի ապրելու» իր տխրահռչակ թեզը և մարդկանց կանգնեցնում կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ կեղծ երկընտրանքի առջև՝ ակնհայտորեն անցնելով միակողմանի զիջման գաղափարի կողմը։

«Հարկ է, ըստ այդմ, նկատի ունենալ, որ որեւէ մեկի կամքից անկախ, Ղարաբաղի խնդիրն առաջիկայում եւս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը, եւ ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ։ Ընդ որում, ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության գործողություններին, որովհետեւ ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ։ Իսկ որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, եւ որ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլեւս սպառվում է, ակնհայտորեն երեւում է նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից»,– մայիսի 31–ին «ավետում» էր Տեր–Պետրոսյանը՝ կրկին ցույց տալով, որ, մեծ հաշվով, իշխանության գալու իր միակ հնարավորությունն ինքը տեսնում է Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման մեջ։

Ահա՛ այն մտածողությունը, որը հանդիսանում է տիտղոսային ընդդիմության առաջնորդի շարժիչ ուժը։ Մտածողություն, որը հինգերորդ շարասյան դերակատարի է վերածում դրա կրողին։

Եվ այսպես. հունիսի 30–ին հանրահավաքի օր նշանակելով՝ Տեր–Պետրոսյանն ակնհայտորեն Ղարաբաղի հարցով Կազանում կայանալիք նախագահների հանդիպման արդյունքների վրա է կառուցելու իր քայլերն և ասելիքը։

. . .

Ամփոփենք. Սարգսյան–Տեր–Պետրոսյան «երկխոսությունը» ձեռնտու էր իշխանությանը, որը կարողացավ պահել իր դիրքերը և այժմ, ավարտած համարելով ՀԱԿ–ի հետ սիլի–բիլի անելու փուլը, Սարգսյանը դեն է շպրտում իր «ախոյանին»։

Տեր–Պետրոսյանի միակ հույսն այս դեպքում արտաքին բացասական զարգացումների վրա է և պատահական չէ, որ նա պարբերաբար հանդիպում է Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման կողմնակից երկրների դեսպաններին ու օտարերկրյա  էմիսարներին՝ նրանց հետ քննարկելով ներքաղաքական հարցերը, Ղարաբաղի խնդիրն ու հայ–թուրքական հարաբերությունների հեռանկարը։

Դատելով ամենից՝ Տեր–Պետրոսյանը դրսի ուժերին առաջարկում է իրեն օգտագործել որպես գործիք՝ Հայաստանի իշխանության վրա Ղարաբաղի և հայ–թուրքականի հարցում ճնշումներ բանեցնելու և զիջումներ կորզելու հարցում՝ փոխարենն ակնկալելով ներքաղաքական հարցերում լիակատար աջակցություն։ Այսինքն՝ կղերապահպանողական արժեհամակարգի կրող Տեր–Պետրոսյանն ուզում է կրկնել Պետրոս Գետադարձի և հայ բոլշևիկների անցած ուղին (այս թեմայով տե՛ս Վահան Իշխանյանի հոդվածաշարը http://www.zham.am/blog/?p=187

Ներկա իրավիճակի ամբողջ վտանգավորությունն այն է, որ Սերժ Սարգսյանի թիմի մտածելակերպը շատ չի տարբերվում Պետրոս Գետադարձի ու Տեր–Պետրոսյանի «նախաձեռնողական» մտածողությունից։ Միակ ձևական տարբերությունն այն է, որ Սերժ Սարգսյանը դոգմատիկ մտածողություն չունի և պետք եղած ժամանակ «հայրենասիրություն» է խաղում՝ ընդամենը ժամանակավորապես հետաձգելով գահավիժումը։ Ասել է թե՝ նշյալ երկու սուբյեկտները բովանդակային առումով նույնն են։

Այս պայմաններում՝ հայաստանակենտրոն բոլոր ուժերի խնդիրը պետք է լինի սիամական երկվորյակների վերածված սերժալևոնական զույգի քաղաքական դաշտից դուրսմղումը և նոր համակարգի ձևավորումը։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Երևի նկատած կլինեք, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր հանրահավաքային ելույթներում և ինքնահարցազրույցներում հայերեն այս կամ այն բառերի ու բառակապակցությունների հետ երբեմն օգտագործում է նաև դրանց անգլերեն տարբերակները։

Սերժ Սարգսյանին «խոսեցնելու» իր վերջին հուսահատ փորձի ժամանակ էլ մազաչափ անգամ չկասկածող ՀԱԿ առաջնորդը «որոշումների կայացում» բառակապակցությունից հետո անմիջապես նշել էր «decision making» անգլերեն ձևակերպումը: Թե դրանով ի՞նչ էր ուզեցել ասել Տեր–Պետրոսյանը՝ թողնենք հոգեբանների ու չկայացած քաղքենիների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների դատին։

Հիշեցնեմ միայն, որ ժամանակին նման «տեխնոլոգիաներ» կիրառում էր Սերժ Սարգսյանից «դատարկ դհոլ» որակումն ստացած Արտաշես Գեղամյանը, ով իր հրապարակային խոսքը հաճախ մատուցում էր ռուսերեն լեզվով՝ դրանով իսկ փորձելով քծնել Ռուսաստանի ղեկավարությանը։ Եղավ մի պահ, երբ Գեղամյանն անցավ անգլերենի, բայց դա էլ իրեն չփրկեց, և այժմ ԱՄ առաջնորդը բավարարվում է ռուսալեզու լրատվամիջոցներին, իր կարծիքով,  սերժանպաստ հոդվածներ մատակարարելով։

Հաշվի առնելով «երկխոսության» մեջ շահագրգռված դրսի ուժերի աշխարհագրությունը՝ կարելի է ենթադրել, թե ինչու է Տեր–Պետրոսյանը դիմում անգլերենի օգնությանը։ Չեմ կասկածում, որ եթե հանկարծ ռուսներն էլ խառնված լինեին «երկխոսության» կազմակերպման գործին, ապա «հիմնադիրը» կանցներ  «ոսկեղենիկ» ռուսերենին ու դրանով իսկ կփորձեր հաճոյանալ նաև ռուսական շրջանակներին։

Ի դեպ, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանին կից գործող ջահելությունը ներքին համակրանք ունի Տեր–Պետրոսյանի նկատմամբ։ Բանն այն է, որ իշխանամերձ խունվեյբիններն էլ են սիրում իրենց խոսքի մեջ հաճախ օգտագործել անգլերեն բառեր և քննարկումների փոխարեն «դիսքաշըն» անել, ընդմիջման փոխարեն՝ «լանչ», իսկ որոշումների կայացման փոխարեն՝ «դիսիժըն մեյքինգ»։

Այսքանից հետո զարմանում եմ, թե ինչու՞ չի կայանում այդ սրտաճմլիկ «երկխոսությունը» Տեր–Պետրոսյանի ուզած ձևով այն դեպքում, երբ երկու կողմերում էլ առկա է կոմլեքսավորված քաղքենիների, օտար լեզվով սեփական գավառամտությունը թաքցնողների, ցանկացած գնով Ղարաբաղի գլխացավանքից արագորեն ազատվել ցանկացողների և արժանապատվության դեֆիցիտ ունեցողների հսկայական բանակ։

Այս խորագրի վերջին նյութերը