Խմբագրական

14.04.2009 09:30


Գյուլը, մաքսավորը և «պատը»

Գյուլը,  մաքսավորը  և  «պատը»

Ապրիլի  9-ից  մինչև  անցած  կիրակի՝  հայաստանյան  հեռուստաեթերում   սարգսյանական  օրեր  էին հայտարարված։  Առիթը՝  ՀՀ  նախագահի  պաշտոնավարման  մեկ  տարին  էր։

            Մենք  արդեն  անդրադարձել  ենք  Սերժ  Սարգսյանի  նախագահության  ժամանակահատվածում  առկա  քաղաքական  խնդիրներին  և ամփոփել  նրա  կառավարման  առաջին  տարին։

Հայաստանյան  իրողությունները  հաշվի  առնելով՝  հետաքրքիր  էր  հետևել,  թե    նախագահի կառավարման տարեդարձին նվիրված հեռուստառեպորտաժներում  և  ամփոփիչ  բնույթ  կրող  ֆիլմերում  ինչպիսի՞  շեշտադրումներ  էին  արվելու,   ի՞նչն  էր  առանձնացվելու  որպես  ձեռքբերում  և  Սարգսյանի  հատկապես  ո՞ր  ուղիղ  խոսքերն  էին «սինխրոնների»  տեսքով   մատուցվելու  եթերում։

Որքանով  որ  ես  կարողացա  հետևել՝  բոլոր  ալիքներով  էլ   կարմիր  թելի  պես  անցնում   էր  3 հիմնական գիծ՝  հայ-թուրքական  հարաբերություններ,   հարկային  ու  մաքսային  բարեփոխումներ  և  ներքաղաքական  լարվածության  հաղթահարում՝  «պատը»  քանդելու  սարգսյանական կոչի օգնությամբ։ Անդրադառնանք  դրանց  առանձին-առանձին։

Ճակատագրի  ինչպիսի  հեգնանք. Հայոց ցեղասպանությունն իրականացնող և ուրացող Թուրքիան է այժմ դարձել ՀՀ նախագահի արտաքին լեգիտիմության հիմքը։ Գյուլի անունն այս  օրերին մեր երկրի նախագահից պակաս չի հնչեցվում։  

2008-ի  նախագահական  ընտրությունների  նախընտրական    փուլում  Սերժ  Սարգսյանի  հիմնական  մրցակից  Լևոն  Տեր-Պետրոսյանի  դեմ  իշխանական  հիմնական  հակաքարոզչությունը   իրականացվում  էր  թուրքական  դրոշի  օգնությամբ։  Այն   ժամանակ  մեջբերումներ  էին  արվում  թուրքական  մամուլից  և  ապացուցվում,   որ  Տեր-Պետրոսյանը  Թուրքիայի  սրտով  է,  քանի  որ  մեր  դարավոր թշնամին  չի  ուզի  ՀՀ  նախագահի  աթոռին  տեսնել  Հայոց  ցեղակրոնների  առաջնորդին։ Փաստարկներ էին բերվում, որ ահա՛ Տեր-Պետրոսյանն  ուզում է ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից և այն թողնել սփյուռքին, և քանի որ դա ասվում էր Սերժ Սարգսյանին այլ լույսի ներքո ներկայացնելու նպատակով՝ ստացվում էր, որ իշխանության թեկնածուն էականորեն տարբերվում է իր հակառակորդից։ «Ընտրություններն» ավարտվեցին և պարզվեց, որ Ս. Սարգսյանը ոչ միայն Տեր-Պետրոսյանին հակադիր կողմ չէ, այլև իր քաղաքականությամբ զարմացնելու էր նույնիսկ տերպետրոսյանական թիմին։

Ի դեպ, նախընտրական փուլում, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Տեր-Պետրոսյանի պատրաստակամությանը, իշխանական քարոզչամեքենան պատասխանում էր  ընդդիմախոսին «Լևոն  էֆենդի»  պիտակը կպցնելով։ Եվ  այժմ  պարզվում է,  որ  թուրքական  դրոշն  ու  Թուրքիայի  նախագահ  Գյուլը  դարձել  են  ցեղակրոնական  նախագահի  PR-ի    հիմնական ատրիբուտները։  Ոչինչ որ Գյուլն  ու  Էրդողանը  այս   օրերին  իրար  հետևից  հայտարարություններ   են  անում,   թե  մինչև  Ղարաբաղի  «օկուպացված»    տարածքներից  դուրս  չբերվի  զորքերը՝   իրենք  ոչ  մի  քայլ  չեն  անի   Հայաստանի  ուղղությամբ։ Փոխարենը  մեր  պաշտոնյաները   անընդհատ   խոսում  են  առանց   նախապայմանների  հարաբերությունները  հարթելու  մասին։  Այսինքն  գործ  ունենք  ասիմետրիկ  բանակցային   ձևաչափի    հետ  և  ի  վնաս  մեզ։  Բայց  միևնույն  է՝ «ֆուտբոլային  դիվանագիտությունը»  Սերժ  Սարգսյանի  այցեքարտն   էին    դարձրել  նրա  քարոզիչները։  Ինչպես  ասում  են՝  ճաշակի  և  մտածողության  հարց    է։

Այո՛,  Թուրքիայի  հետ  պետք  է գնալ  հարաբերությունների  կարգավորման,   բայց  ոչ  արժանապատվության,   Հայոց  ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների    հանձնաժողովին կողմ  արտահայտվելու  և  մեր  ազգային   անվտանգության  խնդիրները  վտանգելու  ճանապարհով։  Առանց  հստակ  հայեցակարգի  ու   հայ-թուրքական  հարաբերությունների  ամբողջական  փաթեթը  քննության  առարկա  դարձնելու՝  գնալ   այսրոպեական  քայլերի  և  դրանով  փորձել  փոխհատուցել  ներքին  լեգիտիմության  դեֆիցիտը՝  լավագույն  քաղաքական  լուծումը  չէ։ Մանավանդ, որ իշխանությունն էլ է արդեն խոստովանում հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորման  հնարավոր անհաջող  ընթացքի  մասին և «պալատական քնարերգուներին» խորհուրդ կտայի հիմա մի փոքր դադարեցնել Գյուլ «խաղացնելը».  «մոդայից» դուրս է դառնում այդ թեման։ Ոնց որ թե իշխանության մոտ սկսվում է «հայրենասիրության» փուլը։   

Տնտեսական  քաղաքականության  մասով։  Հարկային  և  մաքսային  բարեշրջումները հավաստող  կարևորագույն    հեռուստաիլլուստրացիա էր համարվել  Երիցյանների  ընտանիքը   ներկայացնեղ  մաքսավորի  վրա  նախագահի  «պախանսկի»  մուննաթ  գալը։  Բազմաչարչար    հայ  հեռուստադիտողի  վրա,   ըստ  իշխանության  քարոզիչների,   նախագահի  բարկացած  դեմքն  ուղղված  դեպի  իրար  խառնված ու թվերին չտիրապետող  մաքսավորը՝  ցնցող  տպավորություն  պիտի թողներ։  Հայ  հեռուստադիտողը,   որը  նաև  պոտենցյալ  ընտրող  է և,  ենթադրաբար,  կրիմինալ  սերիալների  սիրահար,   ըստ  այդմ,     պետք  է  հասկանար,  որ  հարկային  և  մաքսային   բարեշրջումների  ճանապարհին  այլևս  ոչ  մի  «քար»  չկա,   քանի  որ  նախագահականում  «չոտկում»  են  բոլորին։

Անկեղծ  ասած,  ես  չեմ  տեսել,   բայց  ենթադրում  եմ, որ  որևէ  ալիքով  ցույց  տված  կլինեն  նաև  այն  կադրերը,   որտեղ  Սերժ  Սարգսյանը    «ճշտով   կզզացնում»  էր    հարկայինի   աշխատողներին՝ իրենց իսկ տարածքում։  Դրանով  էլ  ավելի  պատկերավոր  պիտի դառնար  ստվերի  դեմ  պայքարելու  իշխանության վճռականությունը։  Ոչինչ  որ  նախագահական  ընտրություններից   հետո  նոր  թափ  ստացած  հարկային  տեռորը  բացարձակապես  կապ  չունի  ստվերի  դեմ  պայքարի  հետ։    Իսկ  այն  մաքսավորը,   ում  ժամանակին  ընտրել  էին    որպես  «մալչիկ դլյա բիծյա»՝    որոշակի  փոխհատուցում  ստացավ   և  երևի  դա  այն  գինն  էր,   որը  վճարվելու  էր  նախագահի  հետ  «էկշըն»   ոճի   ռեպորտաժում  նկարահանվելու  համար.  Երիցյաննների  ընտանիքի  ներկայացուցիչ   Ալբերտը,  «նախագահ-  անբարեխիղճ   մաքսավոր»  հեռուստադուելից  հետո,  դարձավ  Արաբկիրի  թաղապետ՝ այդ գործընթացն ուղեկցելով արյունոտ դեպքերով։ Բայց դա «փոքր» հարց է։ Ընտրություններն ու արյունը մեզանում հոմանիշներ են դարձել և դա «նորմալ» է։ Ուրիշ բան է մաքսայինի թվերին չտիրապետելը։ Ո՞նց թե, բա՞ փողերը... Երիցյանները ծանր հարված ստացան հեռուստատեսային եթերում, բայց փոխարենը եթերից դուրս շանս ստացան հարվածներ հասցնելու ուրիշներին։ Ճիշտ է ասված.  «Ապտակով  ծնված  տղան՝  առանց  աստիճան  չի  լինի»։  

 Ինչ  վերաբերում է   Սերժ  Սարգսյանի  այն  խոսքերին,   թե  ներքաղաքական  մթնոլորտը  բարելավելու  համար  պետք  է  քանդել մեզ  իրարից բաժանող  «պատը», ապա     այդ  ուղղությամբ  կատարված  քայլերի  մասով  կարող  է  գնահատական տալ յուրաքանչյուր  ՀՀ  քաղաքացի՝  ըստ  իր  դաստիարակության,   քաղաքական  կողմնորոշման և  խղճի։

             «Պատը»  քանդելու  կոչի  մասին  խոսվում  էր    իշխանական  բոլոր    քարոզչամիջոցներով։  Բայց  միայն  խոսելով  չէ,   որ  պետք  է   գնահատել  արվածը։  Իմ  կարծիքով  այդ  չարարաբաստիկ  «պատը»  իշխանության  և    հասարակության  միջև  կա  շատ  վաղուց, անկախության ձեռքբերումից քիչ անց, երբ պետական սեփականությունից անցում էր կատարվում մասնավորի, երբ մենք չսիրեցինք մեր արցախյան հաղթանակն ու այդ հաղթանակը այժմ կապում ենք ռուսների («Ռուսները չլինեին՝ ի՞նչ պիտի անեինք» և այլն), ամերիկացիների ու էլ եսիմ ում, բայց ոչ մեզ հետ։ Սերժ Սարգսյանն այդ «պատի» շինարարներից է եղել և, երևի, ինչպես բոլոր շինարարները,  հոգեբանորեն պատրաստ չէ քանդել թեկուզև վատ «կառույցը»։ Բոլոր շինարարներն էլ այդ խնդիրն ունենում են և դրա համար էլ սխալ կառույցը քանդողները միշտ ուրիշ մարդիկ են լինում, որ հա՛մ սրտները չցավի, համ էլ նրանք հստակ գիտակցում են, որ ապօրինի շնարարություն են դեմոնտաժ անում ու դրանից տուժելու են քչերը, իսկ շահելու են շատերը։ 

Իշխանության  և  հասարակության  միջև  առկա  «պատը»՝  դա  փակ   տնտեսաքաղաքական   համակարգն  է։  Մինչև  այդ  համակարգը չփոխվի՝ «պատն»   ավելի  է    հաստանալու  և  երկարելու։ Թե  չէ   խոսելով  «պատ»  չես  քանդի,   մանավանդ  եթե  ամեն  օր  գործնականում  ամրացնում  ես  «պատի»  հիմքերը։

            Արևմտյան  և  արևելյան     Գերմանիաները իրարից բաժանող  իրական    պատը  վերացավ  այն  ժամանակ,  երբ  փլուզվեց  սովետական    տոտալիտար  համակարգը  և  2-3   մետրի  չափ  բարձրություն  ունեցող  պատի  քանդելն    արդեն  րոպեների  հաշիվ  էր։  Գերմանական  պատի փլուզումն  ուղեկցվեց  իմ  ամենասիրած  ռոք  խմբերից   «Փինք  Ֆլոյդ»  և «Սկորպիոնս» խմբերի կատարումների  ներքո  և  դա  շատ  խորհրդանշական  էր։  Հայաստանյան  աներևույթ  պատը  քանդելու  համար  առնվազն  անհրաժեշտ  է,  որ    քաղաքական վերնախավի  մեծամասնությունը «Փինք ֆլոյդի» «Պատը» և «Սկորպիոնսի» «Փոփոխությունների քամին» ստեղծագործությունները լսի ու հասկանա, այլ  ոչ  թե  քյարթու  երաժշտություն լսի ու լսեցնի մեր ժողովրդին, որից հետո «պատ» քանդելու գործը հաստատ կհեշտանա։ Կամ էլ վատագույն դեպքում իշխանավորները կարող են լսել մեր որոշ ռոք խմբերի, բայց դե մեր ռոքերների սոցիալական ակցիաներ անելու «դուխը»՝ փոքր ու միջին բիզնեսի հարցերը լուծող ՀԴՄ-երի  քարոզին է միայն հերիքում։

Անդրանիկ   Թևանյան

Հ.Գ.-1։   Ինձ   վրա  ցնցող  տպավորություն  էր  թողել  այն,   թե  իշխանամետ  և  ընդդիմադիր   թերթերը   ինչպիսի   համերաշխության  ու   փոխըմբռնման    էին  հասել  Գյուլի  այցելության  ժամանակ։  Երկու   ճամբարներում   էլ  մի   ամբողջ  էջ  տարածք  էին   տրամադրել  «Բարի   գալուստ    Աբդուլլա  Գյուլ»  գրությանը։  Բացում  էի  մի կողմի   օրաթերթը՝  խաղակոշիկ էր նկարած և    Գյուլին   էին     բարևում։  Մյուս կողմին    էի  նայում՝  նույնը։  Այ  քեզ  բան,   շշմած  էի  ես,   փաստորեն  Գյուլիի   մասով  իշխանությունն   ու  ընդդիմությունը  փայլուն  երկխոսում  են։ Նույնիսկ  ընդդիմության  հանրահավաքը  հետաձգվեց...

Հ.Գ.-2: «Ֆուտբոլային դիվանագիտության» օրերին մեզ մոտ այնպիսի թուրքական մթնոլորտ էր ձևավորվել, որ նույնիսկ քծնող «մտավորականների բրիգադը» մի պահ կորցրել էր իրեն. չգիտեին ու՞մ  քծնել՝ Գյուլի՞ն, թե՞ Սարգսյանին, բայց «չերեզ» Գյուլ։ Ես չեմ ասում, թե Թուրքիայի նախագահին  պետք էր կախաղան բարձրացնել, բայց արժանապատվության խնդիր կա։ Տեսնես Թուրքիա-Հայաստան պատասխան խաղից առաջ թուրքական իշխանամետ ու ընդդիմադիր լրատվամիջոցները մերոնց նման միահամուռ կողջունե՞ն Սերժ Սարգսյանի գալուստը և արդյո՞ք Աբդուլլա Գյուլի պաշտոնավարման ամփոփումը ներկայացնող հեռուստառեպորտաժներում թուրք լրագրողները ՀՀ նախագահի անունը Գյուլից շատ կհնչեցնեն ու դրա մեջ հիացական ինտոնացիաներ կդնեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը