Կարծիք

04.12.2020 20:57


Հուզականության վերջը և ազնվության պահը

Հուզականության վերջը և ազնվության պահը
Գրեթե բոլորն անհանգիստ են և հուզված: Անտեղյակ ու տեղյակ մարդիկ դրսից ու ներսից կարծիքներ են հայտնում` քննարկում են, հարցնում են, վերլուծում են, փորձում են լուծումներ ու ելքեր գտնել, և դա շատ լավ է:
Կարելի է հանդիպել նաև բազմաթիվ հետաքրքիր վերլուծությունների և մոտեցումների` ընդհանուր առմամբ երկրների և պետությունների արդյունավետ մոդելների, մեր երկրում փոփոխությունների անհրաժեշտության, կամ համընդհանուր ու տարածաշրջանային փոխակերպումներին ադապտացվելու մասին, սակայն դրանք այսօրվա հրատապ խնդիրներ չեն: Այնուամենայնիվ, հենց նույն համատեքստում կտրականապես անընդունելի է, երբ այս օրերին առաջարկներ են ներկայացնում, կամ երկրի ապագայի հետ կապված օրակարգ են առաջադրում տվյալ իրավիճակի մեջ հայտնվելու գլխավոր ճարտարապետները, հովանավորները, պատասխանատուները, նրանց կամակատարներն ու խորհրդատուները: Այս պահին հավասարապես մերժելի են` ինչպես «վեց ամսվա ժամանակ խնդրելու...», «երրորդ ուղու...», այնպես էլ` ողջ հայության ներուժն օգտագործելու...» շատ ականջահաճո, ըստ էության շատ գովելի կարգախոս-նախաձեռնության քողի ներքո` օտար երկրներից այսպես կոչված «պրոֆեսիոնալ ճգնաժամային կառավարիչներ...» ներմուծելու բառիս բուն իմաստով կործանարար գաղափարը:
Երեք պարզ հարցադրմամբ այդ կարգի մոտեցումների հիմքերը միանգամից փլուզվում են.
1.արդյո՞ք մենք այլևս փորձարկումների ժամանակ ունենք,
2. իսկ այդ «ճգնաժամային կառավարիչների» պրոֆեսիոնալիզմը, կամ նվիրվածությունն ու հայրենասիրությունը գնահատողներն ովքե՞ր են լինելու:
3. իսկ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի տվյալ «տաղանդները» յուրացնեն այստեղի բոլոր յուրահատկությունները:
Հարգելիներս, Հայաստանը ոչ լաբորատորիա է, ոչ` սնանկացող ընկերություն, ոչ էլ` այսպես կոչված «Գլոբալ հայերի», կամ «Աշխարհի հայերի» համար փորձադաշտ:
Չնայած նրան, որ այնքան էլ հստակ չէ, թե ինչու՞ են որոշներին այդպես անվանում, և ինչու՞ չկան ասենք` «Գլոբալ հույներ», «Գլոբալ հրեաներ», կամ «Գլոբալ իտալացիներ», բայց կան «Գլոբալ հայեր», այնուամենայնիվ, գոնե այս պահին` թող ժողովրդին հանգիստ թողնեն...
Մի փոքր շեղվելով, բայց պետք է հավելել նաև` որ «Հայ» և «Գլոբալ» բառերը իրենց ծագումնաբանությամբ այնքան էլ իրար մոտ չեն, եթե չասենք հակադիր են, բայց սա այլ թեմա է:
Առանց մանրամասնելու պետք է նշել, որ ինչ-որ իմաստով տարբեր տեսակի և տրամաչափի «գլոբալների» առաջարկներին կուրորեն հետևելու պտուղներն ենք քաղում: Այնպես որ, այս անգամ` թող ներեն...
Վերջապես, սա ջունգլիներ, կամ աֆրիկյան անհայտ ցեղախմբերի բնակավայր չէ, չնայած կարծես այդտեղ հասնելու կուրսն էր որդեգրվել:
Նմանատիպ մոտեցումների տիրաժավորման, կամ պետության ղեկավարներին բացառապես «ուզել-չուզելու», կամ «սիրել-չսիրելու» չափանիշով ընտրելու արդյունքն այն է, ինչն այսօր առկա է`
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՁԱԽՈՂՈւՄ, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈւԹՅՈւՆ Եվ ՈՂԲԵՐԳՈւԹՅՈւՆ...
Մյուս կողմից` բացառապես բոլոր հայրենասերների ներուժն անշուշտ կարելի է և անհրաժեշտ է ներգրավել, սակայն յուրաքանչյուրին` իր ձևաչափով, յուրաքանչյուրին` իր շրջանակներում, և ճիշտ ժամանակին:
Անշուշտ, դրանք բոլորը քննարկման թեմաներ են, պետք է անդրադառնալ դրանց, բայց ոչ հենց այս պահին և այսօր: Խոսքն այլ բանի մասին է:
Այսօր պետք է առանձնացնել առաջնայինն ու երկրորդականը:
Առկա պայմաններում կարևորն ու առաջնայինը հենց այսօրվան վերաբերող շատ կոնկրետ հարցադրումներն են, որոնց պատասխաններն ունենալուց հետո միայն կարող է ուրվագծվել այն հարցի պատասխանը, թե` իսկ ի՞նչ պահանջների, ի՞նչ չափանիշների պետք է բավարարեն և համապատասխանեն նրանք, ովքեր կարող են, և ամենակարևորը` կցանկանան, կամ կհամարձակվեն վերցնել նման անասելի ծանր բեռը:
Ընդսմին` այսօրվա հրատապ հարցադրումներն են` «Ի՞նչ վիճակում ենք...», և «Ի՞նչ է պետք անել...»
« Ի՞նչ վիճակում ենք...»
Ամփոփ պատկերն այսպիսին է:
- Կորսված Հայկական Արցախ` իր բոլոր աղետալի հետևանքներով,
- Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքներից «Եռակողմ հայտարարությամբ» չնախատեսված, անհիմն և անհասկանալի զիջումներ Ադրբեջանին,
- Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության փաստացի կորուստ և պետության կողմից անվտանգության ու սոցիալական ապահովության սահմանադրական գործառույթների իրականացման դադարեցում,
- վտանգավոր ու անհանգիստ տարածաշրջան,
- անգործունակ ու փաստացի լուծարված հայկական իշխանություններ, որի վառ ապացույցն է «Եռակողմ հայտարարությամբ» սահմանված դրույթների կատարման նկատմամբ հայկական կողմերի պատկան մարմինների լիակատար անգործությունը (նույնիսկ առկա չէ որևէ ներքին նորմատիվ իրավական ակտ, որով պարտավոր էին կազմակերպել «Հայտարարությամբ» ամրագրված կետերի կատարման ապահովումը),
- Արցախի որոշ տարածքներում և Հայաստանի որոշ սահմանամերձ շրջաններում ադրբեջանական հրոսակների դեմ միայնակ թողնված բնակչություն,
- խաթարված ազգային հոգեկերտվածք, սգավոր, բզկտված հայ հասարակություն և սփյուռք,
- իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունն ու լրջությունը լիարժեքորեն չգիտակցող, մոլորված, բարոյալքված, հուսալքված, և/կամ արտագաղթի ճամփան բռնած ժողովուրդ,
- խարխլված, փլուզման եզրին կանգնած սոցիալական, առողջապահական, կրթական ու տնտեսական համակարգ,
- գործող վարչակարգի նկատմամբ ժողովրդի հավատի և վստահության համատարած կորուստ:
Ամենաողբալին`
- մի քանի հազար հայ երիտասարդների անդառնալի կորուստ,
- շուրջ 10 հազար վիրավորներ, հաշմանդամներ, թշնամու կողմից գերեվարվածներ և անհետ կորածներ,
- մի քանի տասնյակ հազար անտուն և անգործ ընտանիքներ,
- կովիդից մահացած մի քանի հազար հայ քաղաքացիներ:
Այս ամենի հետ մեկտեղ, մի զավեշտալի իրողություն.
տվյալ իրավիճակին հասնելու և խայտառակ պարտության գլխավոր պատասխանատուների կողմից` զղջման ոչ մի նշույլ և ոչ մի հրաժարական:
Դրա փոխարեն` բառե~ր, բառեր, անհոդաբաշխ խոսք, հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներ, սպառնալիքներ, գլխավոր խնդիրներից շեղող օրակարգեր ու բամբասանք, անբովանդակ ու ցնորամիտ արդարացումներ...
Սա առնվազն աննորմալ է, եթե չասենք ավելին:
Ահա, սա է ողբալի արդյունքը` իրական, անհերքելի և անժխտելի արդյունքը...
Զարհուրելի է, աններելի է, անտանելի է, աննորմալ է, բայց սա իրողություն է:
Բացի այդ, բավական է քիչ թե շատ տեղյակ և մտածելու ունակ լինել, փորձել համադրել ու տրամաբանորեն վերլուծել անցած ժամանակաշրջանի իրողությունները, առկա չհերքվող բազմապիսի ու բազմաբնույթ տեղեկությունները, և կարելի է հստակ արձանագրել.
առաջին` միարժեք հնարավոր էր խուսափել պատերազմից,
երկրորդ` նույնիսկ այդ վիճակում պարտադրված պատերազմում հնարավոր էր հաղթել,
երրորդ` ցանկացած պահի հնարավոր էր կանգնեցնել պատերազմը` Հայաստանի և Արցախի համար շատ ավելի ձեռնտու պայմաններով,
և...
չորրորդ`
առաջին և երկրորդ կետերը իրական կլինեին, իսկ երրորդի անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե չլինեին 2018 թվականի հայտնի իրադարձությունները:
Սա ևս` իրողություն է:
Բազմաթիվ ու բազմապիսի չհերքված տեղեկություններից, նախորդող ժամանակաշրջանում վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունից (հանրության պառակտում, ազգային արժեքների ոտնահարում, վաստակաշատ գործիչների և բարձրաստիճան զինվորականների վարկաբեկում) և փաստացի իրավիճակից բխող առաջին տպավորությունն ու եզրահանգումն այն է, որ Արցախի կորուստը ծայրահեղ անկազմակերպվածության, կառավարելիության խաթարման և հավանական ծրագրված դավադրության արդյունք էր:
Ի թիվս այլ չհերքված տեղեկությունների` դավադրության, կամ դավաճանության չափաբաժինն ավելացնում և առավել ամրապնդում են.
առաջին`
Հայաստանի և Արցախի պետական մարմինների անտարբեր, անհաղորդ ու կրավորական կեցվածքը հրադադարից հետո ընկած ժամանակահատվածում, իսկ մասնավորապես` հայաբնակ տարածքներում բնակչության հետ զարհուրելի երևույթների (քաղաքացիական հայ բնակչության գերեվարումներ ու խոշտանգումներ), ինչպես նաև` «Եռակողմ հայտարարության» որևէ դրույթով չնախատեսված Արցախի հայաթափմանը, անհասկանալի զիջումներին ու հայկական տարածքների կորուստներին;
երկրորդ`
գործող վարչակարգը չի զղջում և կամովին չի հեռանում, ավելին` նույնիսկ ռազմական դրությունը չեն վերացնում, որը պարզապես անհեթեթություն է, եթե ոչ` մոլագարության դրսևորում` փորձում են մնալ, որը կարող է ունենալ երկու դրդապատճառ.
- դեռևս չիրականացված, ժողովրդին անհայտ առավել հրեշավոր անավարտ ծրագրեր կան, որոնք խնամքով սքողվում են` առաջ մղելով մանիպուլյացիոն ներքին օրակարգեր,
- պարզապես սարսափում են պաշտոնները լքելու հետևանքներից;
երրորդ`
- երբեք և ոչ մի դեպքում չեն հակադարձում թշնամի երկրների ղեկավարների և ոչ մի հայտարարություններին, նույնիսկ` ծաղրանքի ակնհայտ դրսևորումներին:
Սա նույնպես իրողություն է:
Իսկ թե ո՞ր մասով, ի՞նչ ծավալներով են սահմանազատվում, նույնացվում, կամ անհատականացվում վերոնշյալ գործողություններն ու վարքագիծը հնարավոր ծրագրված ու հետևողականորեն իրականացված դավադրության հետ` անհապաղ պետք է պարզեն առավել իրազեկ մասնագետներն ու համապատասխան պատկան մարմինները:
Համենայն դեպս` գործողությունների տրամաբանությունը և արտաքին տպավորությունը ոչ մի այլ եզրահանգման տեղ չեն թողնում:
«Ի՞նչ է պետք անել...»
Ամենակարևոր և ամենագլխավոր մոտեցումը, որն անհրաժեշտ է այսօր մեծ ջանքերով փորձել ազգովի որդեգրել, դա այն է, որ` երբեք չի կարելի հիասթափվել, կամ հուսալքվել:
Երբեք չի կարելի ընկրկել:
Դա անթույլատրելի է, դա կործանարար է:
Փորձել թողնել հուզականությունն ու գործել:
Գործել մտածված, ծրագրված, միասնական, սառնասիրտ և անկոտրում:
Ծանր է, անհնարին է թվում, բայց այլ ելք կարծես թե չկա:
Անկախ ամեն ինչից, մեկ բան հստակ ու պարզ է` ձախողված պետության պարտություն արձանագրած և իսպառ հեղինակազրկված ղեկավարները ոչ միայն չեն կարող այլևս առաջնորդել ժողովրդին, այլև` չեն կարող շարունակել ներկայացնել Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերը ոչ ներսում, ոչ էլ` դրսում:
Ոչ պատմական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ ռազմական, ոչ բարոյական, ոչ էլ որևէ այլ առումով նրանք չեն կարող այսուհետ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ու պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը:
Ցավալի, աղետալի է, բայց Հայաստանն այսօր` հենց ՁԱԽՈՂՎԱԾ ՊԵՏՈւԹՅԱՆ դասական օրինակ է:
Սա ևս` իրողություն է:
Հետևաբար, անհրաժեշտ է`
- ստանալ ժողովրդի հավանությունն ու աջակցությունը, և ստիպել, որպեսզի ժամ առաջ հեռանան տվյալ իրավիճակին հասցնելու բոլոր գլխավոր պատասխանատուները,
- ժողովրդի հավանությունն ու հանրային լայն աջակցությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է գործող վարչակարգին մերժելուն զուգահեռ առաջարկել նաև տվյալ իրավիճակից դուրս գալու ժողովրդի համար հասկանալի, իրագործելի, ընդունելի և բոլորին միավորող ու մոտիվացնող օրակարգ, ասել է թե` այնպիսի օրակարգ, որը կարող է խթանել և սպասվող ծանրագույն աշխատանքին պարտադիր մասնակից դարձնել հանրության լայն շրջանակներին և սփյուռքին` բոլոր հայերին:
Եվ վերջինը` «...իսկ ի՞նչ հրատապ խնդիրներ պետք է լուծվեն մեր երկրում հենց այս փուլում` բնականաբար այսօրվա պատասխանատուների հեռացումից անմիջապես հետո.
գլխավոր և հրատապ լուծում պահանջող խնդիրներից կարելի է առանձնացնել հետևյալը`
- անհապաղ վերականգնել պետության սահմանադրական բոլոր գործառույթներն ու Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը,
- գործնականում հնարավորինս արագ չեզոքացնել Արցախի ու Հայաստանի ժողովրդի նկատմամբ անվտանգային սպառնալիքները, և կասեցնել վերահաս հումանիտար աղետը,
- ստորագրված եռակողմ փաստաթղթի գոյության պայմաններում ջանալ գործնական դաշտում հասնել դրա իրագործման հայանպաստ ընթացքին,
- երկրի ներսում ապահովել կառավարելիություն, կայունություն, իրավունքի գերակայություն, միասնականություն, և հաստատել կարգ ու կանոն,
- արտաքին հարաբերություններում` կարճ ժամկետում վերականգնել առաջին հերթին Հայաստանի ռազմավարական դաշնակցի, այնուհետև` Իրանի, նաև ավանդական գործընկերների հետ համագործակցությունը` բոլոր ոլորտներում,
- գործի դնել սոցիալական, առողջապահական, կրթական և տնտեսական առողջ մնացած ողջ ներուժը, և կասեցնել այդ ոլորտների վերահաս փլուզումը:
Վերը նշվածի հետ մեկտեղ, ամենահաճախ կրկնվող հարցն այն է, թե` «...դե պարզ է, որ պետք է հեռանան, իսկ ովքե՞ր են հաջորդները, ովքե՞ր են նրանք, որ կարող են գլուխ հանել այս վիճակում...»:
Այս հարցադրմանը կարելի փորձել շատ հակիրճ պատասխան տալ:
Պետք է ազնիվ լինել, և խոստովանել այն, որ բոլոր առումներով հայտնվել ենք 90-ականներում:
Նաև պատմական հաջողություն է, որ այսօր մեր կողքին են այն գործիչները, որոնք պատվով են դուրս բերել մեր երկիրը նմանատիպ մղձավանջից: Հետևաբար, տարբեր դատարկ պատճառաբանություններով չօգտվել նրանց հնարավորություններից` ճակատագրական և պատմական սխալ կլինի:
ՀԳ. Վթարված, շարժիչը կորցրած, զոհված ու վիրավոր ուղևորներով լի, կառավարումը կորցրած ու գահավիժող ինքնաթիռի անվտանգ վայրէջքն ապահովելու համար` անփորձ և «նոր դեմքով» օդաչուներ չեն փնտրում:
Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը