Խմբագրական

03.11.2020 16:16


Շպենգլերի նաֆսը, Թոյնբիի զգուշացումը և Հանթինգթոնի կանխատեսումը

Շպենգլերի նաֆսը, Թոյնբիի զգուշացումը և Հանթինգթոնի կանխատեսումը

Երեկ Վիեննայում, իսկ դրանից առաջ եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերն առաջինը չեն ու հաստատ վերջինը չեն լինելու։

«Ոսկե միլիարդի» հեքիաթն ավարտվել է։ Աղքատները գրոհում են բարեկեցիկ Եվրոպան։

Այսօրվա ահաբեկիչները երեկվա պրոլետարիատն են, որոնց Թուրքիան առաջարկում է միավորվել՝ ընդդեմ «կապիտալիստների»։ Ընտրվել է ահաբեկչական գործիքը։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ մահմեդականությունը կապ չունի ահաբեկչության հետ, բայց դրանք միավորել են, որպեսզի գլուխ բերեն «Եվրոպայի մայրամուտը»։ Այդ մայրամուտի մասին խոսել էր Օսվալդ Շպենգլերը և զգուշացրել արժեքային քայքայման մասին։

Արևմտյան աշխարհի խնդիրների մասին խոսել և սպասվող զարգացումների մասին գրել էր նաև Առնոլդ Թոյնբին։

Սամուել Հանթինգթոնն ավելի առաջ էր գնացել ու ԽՍՀՄ փլուզումից հետո կանխատեսել քաղաքակրթությունների բախում՝ կրոնական, արժեհամակարգային հիմքի վրա։ Կա նաև այլ հիմք, որի մասին շշուկով են խոսում։ Դա տնտեսական հիմքն է։

Բանն այն է, որ աշխարհի ՀՆԱ–ն բաշխվում է շատ անհամաչափ։ «Ոսկե միլիարդը» տնօրինում է դրա առյուծի բաժինը՝ բնակչության քանակի առումով զգալիորեն զիջելով «ծայրամասային» պետությունների ժողովուրդներին։ Այստեղից էլ ահաբեկիչ–պրոլետարների ապստամբությունը։ Ապստամբություն, որի հետևում կանգնած է ահաբեկչական Թուրքիան, որի նպատակն ամենևին էլ աղքատներին կերակրելը չէ։

Եվրոպան ժամանակին Վիեննայի պատերի տակից դուրս շպրտեց թուրքական զորքերին, բայց չկարողացավ մինչև վերջ լուծել «հիվանդ ծերուկի» խնդիրը։ Գործին խառնվեցին բոլշևիկներն, ու ամեն ինչ խառնվեց։

Հիմա թուրք ծերուկը կրկին գլուխ է բարձրացրել և կծոտում է աջ ու ձախ։ Եվրոպան ամլացած է ու ձեռքերը վեր է բարձրացրել, քանզի հեռացել է բուն արևմտյան քաղաքակարթությունից։ Ժողովրդավարական ու համամարդկային արժեքները խեղաթյուրվել են, պրոֆանացիայի են ենթարկվել հենց Արևմուտքում։

Արևմուտքում գերիշխողն ուտիլիտարիզմն ու գեդոնիզմն են դարձել։ Ինֆլյացիայի է ենթարկվել ավանդական արևմտյանը։ Երբ մի համասեռամոլի իրավունք ավելի կարևոր է համարվում, քան մի ամբողջ ժողովրդինը, երբ մի սևամորթի սպանությունը նկատվում է, իսկ մի ամբողջ ժողովրդի դեմ ահաբեկչությունը՝ ոչ, վրա է հասնում ահաբեկիչն ու հենց Եվրոպայի սրտում գնդակահարում մարդկանց։ Եվրոպան քաղում է իր ցանածի պտուղները։

Ահաբեկչության ու թուրքական հորդաների դեմ հնարավոր է պայքարել քաղաքակրթական և համամարդկային արժեքներին վերադառնալով։ Մահմեդականությունը պետք է տարանջատել ահաբեկչությունից, այսինքն՝ իրերը պետք է իրենց անվանումներով կոչել, այլ ոչ թե Ֆրանսիայի նախագահի պես թեթևամտորեն արտահայտվել բարդ խնդիրների մասին։

Ահաբեկչությանը և Թուրքիային պետք է ասել «ո՛չ» ու չնույնացնել դրանք մահմեդականության հետ։ Մահմեդականությունը նույնքան կարիք ունի ահաբեկչությունից ու թուրքական յաթաղանից պաշտպանության, որքան արևմտյան աշխարհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը