Խմբագրական

22.04.2011 21:39


Հեղափոխություն և հակահեղափոխություն – 6

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 6

Արթուր չեն ծնվում, Արթուր դառնում են հանգամանքների բերումով կամ սեփական կամքով

Իշխանությանը տերպետրոսյանական «ընդդիմությունը» ձեռնտու է մի շարք առումներով և բնական է, որ Սերժ Սարգսյանից ու Ահարոն Ադիբեկյանից մինչև վերահսկելի եթեր՝ լծվել են Լևոն Տեր–Պետրոսյանի գովքն անելու և նրա դրական PR–ն ապահովելու գործին։

Տեր–Պետրոսյանն էլ իր հերթին է Ս. Սարգսյանի համար ներքին ու արտաքին բարենպաստ ֆոն ապահովում և ներիշխանական պայքարի ժամանակ սատարում նրան։ Կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելը, ընդդիմադիր նոր ֆորմատի ձևավորման դեմ իշխանական գործիչների ու լևոնականների քարոզչական համատեղ արշավ տանելը, սերժա–լևոնական կայացած ու կայացվելիք պայմանավորվածություններից դուրս գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի վրա «ցեխ» շպրտելը, «Ազատության հրապարակի գրավում» վերնագրով թատրոն կազմակերպելը և նմանատիպ այլ գործողությունները՝ Սարգսյանի դիրքերն իշխանական թիմում ուժեղացնելու և Տեր–Պետրոսյանին օժանդակելու շարքից են։ Ու կապ չունի, որ ՀԱԿ հանրահավաքում քննադատվում է Սարգսյանը ու պահանջվում նրա հրաժարականը (թեև արդեն Սարգսյանի հրաժարականը Տեր–Պետրոսյանը չի էլ պահանջում ու «մոռացել» է «ավազակապետություն» և «մոնղոլ–թաթարներ» որակումների մասին)։

Սարգսյանի հրաժարականն ավելի սրտաճմլիկ ձևով պահանջում էր նաև Արտաշես Գեղամյանը։ Հետո ի՞նչ։

Ելնելով քաղաքական գործընթացների բնույթից՝ Տեր–Պետրոսյանի խնդիրը հանրային լարվածության գոլորշին բաց թողնելն է՝ դրա դիմաց ԱԺ–ում մեկ–երկու տասնյակ պատգամավորական մանդատներով հաստիքային ընդդիմություն դառնալու դիմաց։ Սա՛ է «արժանապատիվ» որակված գործարքի իրական բովանդակությունը։

-Ես գիտեմ, եղան չարամիտ վերլուծություններ, որոնք անգամ այդ արձագանքները փորձեցին ներկայացնել որպես գործարք իշխանությունների և Կոնգրեսի, կամ իշխանությունների ու հասարակության միջև։ Եթե անգամ դա այդպես է, դա ամենապատվաբեր գործարքն է։ Ավելի է արժանապատիվ գործարք, քան իշխանության և հասարակության միջև, գոյություն չունի,– Ազատության հրապարակի հարթակից մարտի 17–ին հայտարարեց Տեր–Պետրոսյանը՝ հավաքվածներին ներքաշելով իր գործարքային տիրույթ։

Եթե չեք մոռացել՝ Արթուր Բաղդասարյանն էլ մոտավորապես նման ձևակերպումներով գործարքի գնաց Սերժ Սարգսյանի հետ, բայց նա այնքանով պարկեշտ գտնվեց, որ չասաց, թե սա գործարք է իշխանության ու հասարակության միջև։ Բաղդասարյանը, թերևս, գիտակցում էր, որ վատ բան է անում ու այնքան ցինիկ չէր, որ իր անձնական շահերին առնչվող գործարքին հասարակական մասնակցություն ապահովեր։

ՕԵԿ առաջնորդը հետագայում ասաց, թե եթե չմիանար Սարգսյանին, ապա 2008–ի մարտի 1–ին զոհերն ավելի շատ կլինեին ու դարձավ ՀՀԿ–ի սերժսարգսյանական թևի կցորդը։

Տեր–Պետրոսյանը Արթուր չէ։ Նա սիրում է հանրահավաքային «քվեարկությամբ» գնալ գործարքների, իսկ եթե մինչև այդ զոհեր են եղել, ապա նրանց հետ ՀԱԿ առաջնորդն իր հաշիվները փակում է գլխագին նշանակելով ($1.000.000), իսկ քաղբանտարկյալների մասով էլ՝ «մոնղոլ–թաթարից» ներում խնդրելով:

Հիմա ասում են, թե ի՞նչ վատ բան կա սերժա–լևոնական երկխոսության մեջ՝ եթե այդպիսին կայանա կամ եթե նույնիսկ կայացել է։ Երկխոսության մեջ, իրոք, վատ բան չկա, բայց հարցն այն է, թե ինչի՞ շուրջ են երկխոսում կողմերը և ի՞նչ օգուտ դրանից հանրությանը։ Սա՛ է խնդիրը։

Նկատենք, որ Տեր–Պետրոսյանը բավական ազնիվ է ու չի թաքցրել Սարգսյանի հետ «երկխոսության» իրական նպատակի մասին։ Նպատակ, որը տեղավորվում է Տեր–Պետրոսյանի կողմից հրապարակավ առաջարկած Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության սխեմայի մեջ, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը մնում է իշխանության ու վերարտադրվում, իսկ տերպետրոսյանականներից մի քանիսը հնարավորություն են ստանում դառնալ խորհրդարանական հաստիքային ընդդիմություն։ Դա է պատճառը, որ ՀԱԿ առաջնորդը ծպտուն անգամ չհանեց կոալիցիոն նոր հուշագրի մասին ու չքննադատեց Սարգսյանի վերարտադրմանը նպաստող այդ փաստաթուղթը։ Ճիշտ հակառակը՝ Տեր–Պետրոսյանն իր խնամի Դ. Շահնազարյանի շուրթերով հայտարարեց, որ ՀԱԿ–ը թույլ չի տա Ս. Սարգսյանի դիրքերին սպառնացող ներիշխանական ապակայունացում ու դեռ մի բան էլ ավելացրեց, թե ՀՀ նախագահը վայելում է Արևմուտքի լիակատար աջակցությունը։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն իր մասով աջակցեց կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը, և այդ օրերին, իշխանական մամուլի հետ համատեղ, տեղեկատվական տեռորի էր ենթարկում հուշագրի ստորագրումից ամեն կերպ խուսափող ԲՀԿ–ին։

Համաձայնե՛ք, որ «Սերժիկ՝ հեռացի՛ր» գոռացող զանգվածի առաջնորդների կողմից Սարգսյանին նման ձևով սատարելն ու ՀՀԿ «ճկուն» ղեկավարին ներքին դիմադրություն ցուցաբերողի դեմ հակաքարոզչություն վարելը ոչ այլ ինչ է, եթե ոչ յուրօրինակ կոալիցիոն հուշագրի առկայություն արդեն Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի՛ միջև։

Ընդդիմադիր գործիչը որևէ կերպ չպետք է մտահոգվեր ներիշխանական ապակայունացմամբ, մանավանդ երբ քաղաքական ասպարեզ ես վերադարձել իշխանական բուրգը կազմաքանդելու կարգախոսով, ինչը ենթադրում է, որ պետք է առնվազն չխոչընդոտես ներիշխանական կոնֆլիկտի էսկալացիային։ Այնինչ...

Եթե Տեր–Պետրոսյանն ընդդիմադիր է Սարգսյանին, ապա միայն «ֆուտբոլային» դիվանագիտությունը մինչև վերջ չտանելու և թուրք–ադրբեջանական տանդեմի ցանկությունները Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասով չբավարարելու հարցում, ինչի մասին անուղղակիորեն նա ևս մեկ անգամ ասաց BBC–ին տված հարցազրույցում։

Ինչպես հայտնի է, Հայաստանի զարգացման բանալին ՀՀ առաջին նախագահը տեսնում է «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» բանաձևի շրջանակներում, իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ–ն ապագա խորհրդարանում հայտնվելով՝ պահանջելու է հայ–թուրքական արձանագրությունների արագ վավերացում։ Նրանց ֆոնին Սերժ Սարգսյանը կդառնա ազգային–պետական գործիչ։ Դրա համար էլ Սարգսյանի համար Տեր–Պետրոսյանը պարզապես գտածո է։

Սարգսյանի երազանքն է նման «ընդդիմություն» ունենալը. հենց «ֆուտբոլ» ես նախաձեռնում՝ ողջունում են, իսկ հենց հետքայլ ես անում «ֆուտբոլից»՝ քննադատում են։

Հեղափոխություն և հակահեղափոխություն

Եվ այսպես. Սերժ Սարգսյանը, չունենալով հանրային հենարան ու լեգիտիմության անհրաժեշտ պաշար, կարողանում է պահել աթոռը։ Սարգսյանի հանրային աջակցության այդ բացը լրացնում է նրա գործընկեր ու հայկական նեոբոլշևիզմի գաղափարական հայր (կամ պապի՝ ինչպես կուզեք) Լևոն Տեր–Պետրոսյանը՝ փաստացի մարելով բողոքական տրամադրություններն ու ձգտելով չեզոքացնել Սարգսյանի համար ոչ ցանկալի տիրույթում այդ նույն զանգվածի հայտնվելու հնարավորությունը։ Այսինքն՝ երդվյալ հակահեղափոխական ՀԱԿ առաջնոդը, միանալով նեոբոլշևիկյան հեղափոխություն անող Սարգսյանին, փաստացի հակահեղափոխություն է իրականացնում Հայաստանում։ Արդյունքում ստացվում է, որ ով Սարգսյանին խանգարում է (ներկա ռեժիմը չընդունող լայն զանգվածները)՝ նա էլ միևնույն ժամանակ օգնում է նրան, եթե փոփոխությունների իր հույսը կապում է «սահմանադրական» ճանապարհով գնացող ու Սարգսյանի հետ «շախմատ» խաղացող Տեր–Պետրոսյանի հետ։ Ասել է թե՝ երկրին անհրաժեշտ հեղափոխական փոփոխությունների պահանջ ներկայացնող քաղաքականապես ակտիվ մարդկանց մի մասն իրականում ծառայում է սերժա–լևոնական հակահեղափոխությանը, ինչը փորձ է արվում թաքցնել այդ երկու գործիչների «հակամարտության» քողի տակ։

Եթե այսպես շարունակվի, ապա փոփոխություններ, անշու՛շտ, կլինեն, բայց դրանից հանրության լայն շրջանակները չեն օգտվի։ Ի՞նչ օգուտ փողի գաղափարախոսությամբ առաջնորդվողի ու հայկական ֆաշիզմի մոլեռանդ առաջնորդի «երկխոսությունից»։ Ի՞նչ օգուտ թուրքմենբաշիական մտածողությամբ կրիմինալի ու երդվյալ նեոբոլշևիկի համատեղ իրականացրած հակահեղափոխությունից։ Իսկ այն, որ մեզանում հիմա հանրության հեղափոխական էներգիան ծառայեցվում է սերժա–լևոնական հակահեղափոխությանը՝ չեն ընդունում կամ չտեսնելու են տալիս միայն զոմբիները և նրանք, ովքեր անձնական շահ ունեն այդ հակահեղափոխությունից։

Այսինքն՝ այն մեղադրանքները, որոնք պայքարի պատրաստ շատերի կողմից ներկայացվում են ՀԱԿ–ի ղեկավարությանը, թե հեղափոխություն չեն անում՝ այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Տեր–Պետրոսյանը լավ էլ հեղափոխություն է անում ու զանգվածներին մասնակից դարձնում այդ ամենին։ Պարզապես մարդիկ, ովքեր «Սերժիկ՝ հեռացի՛ր» են գոռում, բայց գտնվում են Տեր–Պետրոսյանի կառավարման ներքո՝ իրականում ակամայից սատարում են նույն Սերժ Սարգսյանին ու իրենց կառավարելիությամբ նպաստում այս ռեժիմի վերարատադրմանը՝ հակահեղափոխությանը։

Հետևաբար՝ բոլոր այն քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր չեն ընդունում մեզանում առկա համակարգի գոյությունը, չեն հանդուրժում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբին, կողմ են խորհրդարանական կառավարման համակարգով Նոր Սահմանադրությամբ Նոր Հայաստան ունենալուն՝ պետք է ձևավորեն այլընտրանքային գաղափարական բևեռ։

Ելնելով վերը նշվածից՝ արհեստական ու անհեթեթ եմ գնահատում բոլոր այն կոչերը, թե պետք է ընդդիմադիր դաշտը համախմբել։ Արհեստական այն առումով, որ եթե Տեր–Պետրոսյանին համարում ես ընդդիմադիր ու աշխատում համախմբվել նրա հետ, ապա դա նույնն է, թե կոչ անես համախմբվել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի տապալես ... Սերժ Սարգսյանին։ Ասածս այն է, որ Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը նույն մեդալի տարբեր երեսներն են ու պարզապես ծիծաղելի է «ընդդիմադիր» ձևակերպումը տալ ՀԱԿ առաջնորդին։ Կոնգրեսի շարքերն իրոք ընդդիմադիր են, բայց նրանք քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն չունեն և ընդամենը դարձել են գործիք ու առևտրի առարկա Տեր–Պետրոսյանի ձեռքում։ Այս ռեժիմին ընդդիմադիր բոլոր ուժերի փոփոխության գնալու ջանքերն, իրոք, անհրաժեշտ է համախմբել, բայց այլ ուղղությամբ և այլ ձևաչափով։

Սերժա–լևոնական նեոբոլշևիկյան հակահեղափոխությանը պետք է հակադրել ազգային–դեմոկրատական հեղափոխությունը, որի հանրային բազան շատ ավելի լայն է, բայց դեռ չկազմակերպված։

Հատուկ կուզենայի տարանջատել ՀԱԿ–ի անդամ շատ ու շատ մարդկանց և Լևոն Տեր–Պետրոսյանի նեղ թիմին, ինչպես նաև իշխանական շրջանակներին, այդ թվում՝ ՀՀԿ–ի մեծ մասին և Սերժ Սարգսյանին (ՕԵԿ–ին, հասկանալի պատճառներով, չեմ հաշվում)։

Պետք է հասկանալ, որ սերժա–լևոնական գործակցության նեղ տիրույթից դուրս գտնվող անխտիր բոլոր ուժերն ու անհատները (փաստացի՝ հանրության ճնշող մեծամասնությունը) ունեն ընդհանուր շահ և ընդհանուր թիրախ, այնպես ինչպես ժամանակին ընդհանուր շահ ունեին Ռիբենտրոպ–Մոլոտով պակտից դուրս գտնվող երկրները։ Իսկ դա նշանակում է, որ ազգային–դեմոկրատական հեղափոխությունը հանրային կոնսոլիդացիայի մեծ պոտենցյալ և հսկայական ռեսուրսներ ունի, ինչը, համոզված եմ, հաջողության գրավականն է։ Եթե համընդհանուր ճակատով պայքար չմղվի սերժա–լևոնական պակտի դեմ, ապա Հայաստանը կհայտնվի այն վիճակում, ինչ վիճակում որ հայտնվեցին եվրոպական երկրները՝ չգիտակցելով Ռիբենտրոպ–Մոլոտով պակտի կործանարար բնույթը։ Ուրեմն այլընտրանք չկա. կա՛մ երկրում հաստատվում է հաստիքային ընդդիմությամբ «մեկ օլիգարխի տնտեսություն», որը կործանարար կլինի ՀՀ–ի համար, կա՛մ մենք կձևավորենք նոր՝ ժողովրդավարական ու արդիական տնտեսաքաղաքական համակարգ, ինչը մեր պետության զարգացման ու ՀՀ քաղաքացիներիս բարեկեցության միակ երաշխիքն է։

. . .

Վերջնականապես հստակեցնենք. պայքարի մի կողմում Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի նեղ շրջապատն է, իսկ մյուս կողմում այդ շրջանակից դուրս գտնվող բոլոր սուբյեկտները՝ սկսած պետական ապարատից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և անհատներ։

Ի դեպ, պարտադիր չէ, որ սերժա–լևոնական դաշտից դուրս գտնվողները միավորվեն։ Կարելի է գնալ մի քանի շարքերով։ Ամեն ինչ շատ բնական պետք է լինի։ Բայց պարտադիր է, որ բոլորիս թիրախը լինի երկգլխանի իշխանությունը, այն է՝ գործող համակարգը, դրա հիմնադիր նախագահը և օրվա իշխանության կրողը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը