Կարծիք

10.10.2020 14:50


Ինչո՞ւ պատերազմը հիմա սկսվեց

Ինչո՞ւ պատերազմը հիմա սկսվեց
Այն, որ մի օր նման պատերազմ կարող էր սկսվել, ակնհայտ էր։ Ադրբեջանն ակնհայտորեն դրան էր պատրաստվում և ամեն առիթով զգուշացնում էր, սակայն սպառնալը մեկ բան է, պատերազմ սկսելն՝ այլ բան, դրա համար պետք է լինեին ներքին ու արտաքին հանգամանքներ, ինչպես նաև՝ Casus belli (պատերազմի առիթ)։ Այլապես կարող էր ևս մի 20 տարի պատրաստվել պատերազմի, սակայն չհամարձակվել այն սկսել։
1. Արտաքին հանգամանքներ.
ա) հայ-ռուսական հարաբերություններում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտը, որը հիմնականում գեներացնում էին արտաքին (ոչ ազգային) օրակարգով շարժվող խմբավորումները, որոնց մի հատվածը բարձր պետական պաշտոնների էր նշանակվել։
Ինչպես այս օրերին տեսանք, այս տարածքի հիմնական օպերատորը Ռուսաստանն է, ինչը ճանաչում է միջազգային հանրություն կոչվածն՝ անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, թե չի գա,
բ) ներքաղաքական փոխադարձ թշնամության մթնոլորտը, որտեղ առաջին պատերազմի ղեկավարները հայտարարվել էին ազգի թշնամիներ ու անվստահություն էր սերմանվում զինվորական բարձր ղեկավարության հանդեպ (հիշենք այն հայտարարությունը, որ գործող զինվորականների մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են պատերազմ սկսել ու պարտվել, որպեսզի իշխանափոխություն լինի),
բ) ներհասարակական անառողջ մթնոլորտը, որը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել։
Այս ամենն Ադրբեջանի տեսակետով պատերազմ սկսելու համար նպաստավոր հանգամանքներ էին։
գ) Թուրքիայի գործոնը, որը հարձակողական արտաքին քաղաքականություն է վարում և հայտ է ներկայացրել ընդարձակվել դեպի արևելք, որի առաջին պլացդարմն Ադրբեջանն է։ Արցախի խնդիրն այն հարմար առիթն է Ադրբեջանում հեգեմոնիա հաստատելու համար։
2. Ներքին հանգամանքներ.
ա) Ալիևների կլանի հանդեպ ադրբեջանցիների ուժգնացող դժգոհությունները, որոնք կապված են տնտեսական դժվարությունների հետ և անկարողությունը "լուծել" Ղարաբաղի խնդիրը, որը պետական քաղաքականության հիմնական խնդիրն է հայտարարված։ "Լուծել" այդ հարցը, նշանակում էր ամրացնել կլանի իշխանությունն երկար ժամանակներով,
բ) Տավուշյան ընդհարումներից հետո Բաքվում սկսված ցույցերը վերածվեցին հակակառավարական ընդվզումների, որը կանգնեցվեց Թուրքիայի աջակցության ու թուրք-ադրբեջանական զինավարժությունների շնորհիվ՝ կլանի իշխանության հիմնական երաշխավորը դարձնելով Թուրքիային։ Ալիևների կլանի համար հատկապես ծանր վիճակ էր ստեղծում Փաշինյանի հայտարարությունն, որ կարող է ուղղակիորեն դիմել Ադրբեջանի ժողովրդին, այսինքն Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը, իսկ այն խոստումը, որ կբացի այնպիսի գաղտնիքներ, որը իմանալուց հետո Ադրբեջանում հեղափոխություն կսկսվի, արդեն անպատասխան չէր կարող մնալ։
3. Casus belli
Ցանկացած պատերազմի համար պետք է լինի առիթ, որը լեգիտիմացնում է պատերազմը։ Ալիևի համար Casus belli էր Փաշինյանի այն հայտարարությունը, որ "Արցախը Հայաստան է և վերջ", որին չհաջորդեց դրա տրամաբանական հաջորդ քայլը՝ Արցախի ճանաչումը։ Պետք է այստեղ մի կարևոր ճշտում մտցնել՝ Արցախի Հայաստան լինելը մեկ բան է, անկախ լինելն՝ այլ։ Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նաև ողջ բանակցային պրոցեսի տրամաբանութունն Արցախի ինքնորոշման ճանաչումն էր և հայտարարել, որ Արցախը Հայաստան է, նշանակում էր վերջացնել բանակցությունները, փլուզել Մինսկի խումբը և ... ի՞նչ անել։ Չանդրադառնանք նաև նրան, որ ասել՝ Արցախը Հայաստան է, հաջորդ օրը սպառնալ, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, տրամաբանական հակասություն է ստեղծում, որը չի ընկալվում բանակցությունների միջնորդների կողմից։
Ինչի՞ համար է պետք իմանալ այս ամենը։ Նախ, այն պետք է թշնամուն լավ հասկանալու համար, նաև պետք է անհապաղ, շտապ, կտրուկ եղանակով, պատերազմի օրենքներին համապատասխան, փոխել տարվող քաղաքականությունը, դրա մեջ ներմուծել տրամաբանություն ու սթափ միտք, ինչն անհրաժեշտ է բանակցային փուլում հաջողությունների հասնելու համար։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը