Կարծիք

22.09.2020 16:18


Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան

Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան
Երկրների ղեկավարներին, որոնց հետ Փաշինյանը «մոտիկ» է, մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։
Մեկը «բատկան» էր` Բելառուսի նախագահը, որի հետ հայտնի սկանդալային պատմություններից հետո վերջապես լեզու գտավ համատեղ ուժերով Ռուսաստանի «պորտը տեղը դնելու» շրջանակներում։ Բայց Լուկաշենկոյի դիրքերը վերջին ընտրություններից հետո աննախադեպ խարխլվել են` ոչ մեկը չգիտի, թե ինչ է սպաում նրան «թունելի» վերջում։
Մյուսը Ալիևն էր, որի հետ «փայլուն» հարաբերություններ ուներ` մինչև այն պատմական պահը, երբ սա հասկացավ, որ իրեն «քցել» են` խոստացել են մի բան, որ ցանկության դեպքում անգամ չեն կարող անել, ու սկսեց քլնգել Հայաստանի «խոստմնազանց առաջնորդին», ինչպես կարող էր։
Երրորդը Կանադայի վարչապետ Թրյուդոն էր։ Վերջինիս հետ Փաշինյանն այնքան «մտերիմ» էր, որ կարմիր-կապույտ-ծիրանագույն գուլպա նվիրեց։ Ի՞նչ արեց Թրյուդոն` դրան ի պատասխան. խստագույնս «դատապարտեց» Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտարարեց, որ դա հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իսկ երեկ, հանգիստ խղճով` ասես ոչինչ չէր եղել, շնորհավորեց Նիկոլին Անկախության տոնի առթիվ, և վստահեցրեց, որ 2018թ.-ից հետո Հայաստանի և Կանադայի հարաբերություններն «ավելի են ամրացել»։
Վրաստանում Նիկոլը Բոնբոր անունով հովվաշուն նվեր ստացավ, ի նշան «ախպերական» հարաբերությունների, բայց վրաց վարչապետին դա չխանգարեց` մի քանի անգամ ավելի շռայլ մի նվեր էլ Ալիևին անել` արգելելով Վրաստանի տարածքով ռուսական զենք մատակարարել Հայաստանին։ Եվ ոչի՛նչ` մերոնք անգամ հոնքը չշարժեցին` կես բառով չանդրադարձան ոչ բարեկամական այդ «ժեստին»։
Բա գիտեք` մինչև 2050 թ. «ալամ աշխարհի հետ կապված, հարգված- ճանաչված» Հայաստան ստեղծելու «ռազմավարական մեգանպատակը» կյանքի կոչելը պոզով-պոչո՞վ է լինում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը