Խմբագրական

21.09.2020 11:35


Մազից կախված անկախություն

Մազից կախված անկախություն

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձավ 29 տարեկան։ Դա շատ քիչ է կայացած ու զարգացող պետություն ունենալու համար (թեև ոմանց մոտ դա ստացվել է), բայց 29 տարին ահագին էր՝ դաստիարակվելու, անհրաժեշտ ինստիտուտները ձևավորելու համար (սա մեզ մոտ ակնհայտորեն չստացվեց)։

Հայ ժողովուրդն անկախությունը ստացավ շատ անպատրաստ վիճակում։ Մենք քվեարկեցինք անկախության օգտին, բայց չքվեարկեցինք անկախությունը պահելու և դրա համար կռիվ տալու օգտին։ Շատերը պատրանքներ ունեին, որ ջերմուկով և մոլիբդենով լավ են ապրելու, որ չեն աշխատելու, բայց լավ են ապրելու։

Քվեարկությունից շատ չանցած շատերը պարզեցին, որ իրական անկախությունը ստանալու ենք Արցախյան ռազմի դաշտում։ Պարզեցին ու արտագաղթեցին։

Քչերն ունեցան այն գիտակցությունը, որ անկախությունը ոչ թե քվեարկությամբ, այլ հրանոթի միջոցով է նվաճվելու։ Շատ ավելի քչերը մասնակցեցին բուն կռվին, այսինքն՝ անկախության նվաճմանը։

Արցախյան պատերազմն ազգային–ազատագրական պայքար էր, բայց քանի՞ մարդ է դա այդպես համարում։ Քանի՞սն է հասկանում, որ չկա առանձին վերցրած Արցախի խնդիր, այլ կա Հայաստանի ու Արցախի անկախության ու անվտանգության հարց։

ՀՀ քաղաքացիներից ոմանք դեռ սեփականատիրոջ զգացում չունեն մեր պետության նկատմամբ, այլապես իրենց քվեն 10․000 դրամով չէին վաճառի կամ էլ պետությունը չէին հանձնի փողոցային անհայրենիք քայլարածներին։

Հայաստանի անկախությունը հիմա մազից է կախված։ Գործող իշխանությունները ևս մի քանի հիմարություն անեն արտաքին ու ներքին քաղաքական հարթակներում, և մենք կհայտնվենք 1920 թվականի վիճակում։ Եվ դա լավագույն դեպքում։

2018–ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք խոցելի երկիր ենք։ Եթե «չալո» անունով շունը միանում է մի քանի անթրաշ ու անգրագետ մարդկանց, իսկ հետո բոլորով հայտնվում են կառավարական կաբինետներում և առանձնատներում, ապա դա նշանակում է, որ պետական ինստիտուտները դեռ սաղմնային վիճակում են։ Դա նշանակում է նաև, որ կա լեգիտիմության դեֆիցիտի սուր խնդիր։ Իշխանության, սեփականության, քաղաքական ուժերի և, ի վերջո, պետության լեգիտիմության դեֆիցիտի սուր խնդիր։

Մեր առաջիկա անելիքներն այս մարտահրավերների հաղթահարումը պետք է լինի։ Որպեսզի հավերժորեն կարողանանք տոնել ՀՀ անկախության տարեդարձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը