Խմբագրական

09.04.2011 15:22


Հեղափոխություն և հակահեղափոխություն – 4

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 4

սկիզբը՝ տե՛ս

2008–ի ընտրական մրցապայքարում հայկական նեոբոլշևիկյան հեղափոխության առաջնորդը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, իշխանությունը չկարողացավ վերցնել։ ՀՀ առաջին նախագահը իշխանության չեկավ, բայց Հայաստանին չհաջողվեց խուսափել նեոբոլշևիկյան ժանտախտից։

Լևոն Տեր–Պետրոսյան – 2

Մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, աթոռը պահելու և ներքին կյանքում «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերն իրականացնելու նպատակով, խլեց իր ընտրարշավային մրցակցի «նախաձեռնողական» դրոշն ու փաստացի գնաց հեղափոխական քայլերի։

Արտաքին քաղաքական ոլորտում Ս. Սարգսյանի նեոբոլշևիկյան հեղափոխականությունը դրսևորվեց «ֆուտբոլային» դիվանագիտության տեսքով։

Այնպես ինչպես ռուս բոլշևիկները, հանուն իրենց իշխանության, կնքեցին Բրեստ–Լիտովսկի՝ իր էությամբ հակառուսական ու հանձնողական համաձայնագիրը, այնպես էլ մեր օրերի նեոբոլշևիկ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը գնաց հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման ճանապարհով, որի արդյունքում լրջագույն հարված հասցվեց ՀՀ անվտանգությանը, ունեցանք միայն բացասական արդյունքներ, իսկ պաշտոնապես հայտարարված ոչ մի նպատակի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, հայկական կողմը չհասավ։ Բայց փոխարենը՝ Սերժ Սարգսյանը երկրի ներսում ամրապնդեց իր դիրքերն ու ի դեմս «փողոցային» ընդդիմության լիդեր Տեր–Պետրոսյանի՝ ստացավ հավատարիմ գործընկեր և բնական դաշնակից։ Այսինքն՝ հաղթահարեց մարտի 1–ից հետո առաջացած ճգնաժամն ու պահեց իր աթոռը։

Ինչպես հայտնի է՝ Տեր–Պետրոսյանը ողջունեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, աջակցեց Սարգսյանի «նախաձեռնողականությանը»՝ հանրահավաքները հետաձգելով ու ասուլիսային պաշտպանություն ապահովելով վերջինիս համար, իսկ հետագայում էլ վերածվեց իշխանության կայունությունն ապահովողի։

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականության մեջ Ս. Սարգսյանի նեոբոլշևիկյան հեղափոխականությանը, ապա այն միտված է մասնավոր սեփականության վերաբաշխմանը, «յուրայիններին» կուլակաթափ անելուն ու գերմենաշնորհային տնտեսա–քաղաքական համակարգ կառուցելուն։ Այս հարցում էլ Սարգսյանն ստանում է Տեր–Պետրոսյանի լիակատար աջակցությունը, որի շրջանակներում նախագահը «քննադատվում» է նեոբոլշևիկյան գործողությունները դանդաղ ու ոչ հետևողական անելու մասով։ Իսկ երբ իշխանական համակարգում ներքին դիմադրություն է առաջանում սերժսարգսյանական նեոբոլշևիզմին՝ այդ ժամանակ տիտղոսային ընդդիմության լիդերը «մեյդան» է նետում իր խնամուն ու նրա շուրթերով ստանձնում է Սարգսյանի պաշտպանի դերը։

Պարզից էլ պարզ է, որ նման «ընդդիմությունը» պարզապես գտածո է Սերժ Սարգսյանի համար և իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմադիր դաշտը զբաղեցնի միայն Տեր–Պետրոսյանը։ Պատահական չէ, որ մեկ կենտրոնից ղեկավարվող հեռուստաալիքներն ու Ահարոն Ադիբեկյանը սկսել են «ռասկրուտկա» անել ՀԱԿ ղեկավարին, որպես միակ ու հզոր ընդդիմություն։

Սերժա–լևոնական «շախմատի» էությունը

Պարտվելով նախագահական ընտրություններում՝ Լևոն Տեր–Պետրոսյանը որդեգրեց իշխանության հետ ինտեգրվելու քաղաքականությունը, և այժմ բացահայտ ստանձնել է Սերժ Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքի դերը։ Իր տեսակով կղերապահպանողական առաջին նախագահի համար դա ամենացանկալի տարբերակն է։ Այստեղից էլ «երկխոսելու» այն խնդրանքները, որոնք հղում է «արմատականների» առաջնորդն առ Սերժ Սարգսյան։

Հատուկ ընդգծեմ, որ իշխանության հետ շատ որոշակի հարցերում բացահայտ և թաքնված ձևով համագործակցելով (այդ համագործակցությանը հիմա «շախմատ խաղալ» են ասում)՝ Տեր–Պետրոսյանը որևէ շեղում չի տալիս իր սկզբունքներից, քանի որ Սարգսյանը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է առաջին նախագահին հոգեհարազատ նեբոլշևիկյան գաղափարախոսությամբ։ Բացի այդ՝ իշխանության հետ համագործակցելու Տեր–Պետրոսյանի պատրաստակամությունը պայմանավորված է նաև այն բանով, որ նա այլևս չի հավատում, որ կարելի է ժողովրդական ալիքի միջոցով իշխանության գալ, ուստի՝ փորձում է իրականություն դարձնել իր ծրագիր–մինիմումը՝ դառնալ «Եղիազար Այնթապցու» «Էջմիածնական միաբանը», իսկ եթե դրա արդյունքում հաջողվի նաև Սերժ Սարգսյանի հետ «Ազգային համաձայնության կառավարություն» կոչվածը (փաստացի՝ «Արթուր Բաղդասարյան–2» օպերացիան) գլուխ բերել, ապա ՀԱԿ «ժողովրդավար» առաջնորդը «շախմատային» պարտիայի արդյունքը փայլուն կգնահատի։

Ճիշտ է, Տեր–Պետրոսյանի այս ծրագրերը հակասության մեջ են մտնում կոնգրեսական շարքերի «Հիմա» կամ «Սերժի՛կ՝ հեռացի՛ր» կոչերի հետ, բայց այդ ամենը նրան, թերևս, քիչ է հուզում։ Փորձը ցույց է տալիս, որ շարքերի աղմկոտ մասը նրան ենթարկվում է զոմբիական հնազանդությամբ և Տեր–Պետրոսյանին դժվար չի լինի իշխանության հետ իր «արժանապատիվ» գործարքը ներկայացնել որպես լուրջ ռազմավարություն։ Զոմբիները նրա ասածը կընկալեն «Պապին մի բան գիտի» բանաձևի միջոցով, և վերջ։ Իսկ մնացածների դժգոհության վրա Տեր–Պետրոսյանը, մեծ ու փոքր հաշվով, թքած ունի՝ «Դա իմ ժողովուրդը չէ» ձևակերպման շրջանակներում։ Նա թքած ունի նաև իր աղմկոտ զոմբիների վրա, բայց դա արդեն զոմբիների՛, այլ ոչ թե Տեր–Պետրոսյանի խնդիրն է։

Ի դեպ, ՀԱԿ լևոնական թևի հաճախորդացման առումով այս փուլում շարքերի հետ կապված երկակի վիճակ է ստեղծվել։ «Փողոցային» ընդդիմության շարքերի արմատականությունը մի կողմից նպաստում է Լ. Տեր–Պետրոսյանի՝ Սարգսյանի հետ «քաղաքական գործարքի» գնալու գործընթացում գին բարձրացնելուն՝ «Հեղափոխությունը զոռով եմ պահում» թեմայով, իսկ մյուս կողմից՝ շարքերի արմատականությունը խոչընդոտում է նույն այդ քաղաքական կոչված գործարքի կայացմանը։ Տեր–Պետրոսյանն այս ամենից ելքը փորձում է գտնել օխլոկրատիկ «քվեարկություններ» կազմակերպելով, որպեսզի իր մերձեցումը Սարգսյանի հետ դեմագոգիկ ձևով ներկայացնի որպես «ժողովրդի ցանկություն»։

Ինչ վերաբերում է իշխանությունների վարած քաղաքականությանը ընդդիմադիր տրամադրված այն շրջանակներին, ովքեր Տեր–Պետրոսյանին դիտում են որպես գործիք և նրա հանրահավաքներին մասնակցում են իրենց սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու այլ տարբերակ այս պահին չունենալու պատճառով, ապա իրականում հենց իրե՛նք են դառնում ՀԱԿ առաջնորդի գործիքը և, ըստ էության, վերածվում գործող ռեժիմի հենարանի։

Պետք է հասկանալ, որ Տեր–Պետրոսյանի խնդիրը հանրության բողոքական էներգիան ամբողջությամբ իր ձեռքը հավաքելն ու Սերժ Սարգսյանի հետ համատեղ երկրում նեոբոլշևիկյան հեղափոխություն իրականացնելն է, որը բացարձակապես կապ չունի հանրահավաքի եկող մարդկանց մեծ մասի ցանկության հետ։ Ավելին՝ սերժա–լևոնական գործարքն ուղղված է հանրահավաքի մասնակիցների ու, ըստ էության, հանրության մեծամասնության շահերի դեմ։

Ակնհայտ է, որ Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը համաձայնության են եկել առաջինի գլխավորությամբ «մեկ օլիգարխի տնտեսություն» ունենալու հարցում, որը նախատեսում է ՀԱԿ–ի նեղ շրջանակի տեսքով «մեկ ընդդիմության» առկայություն։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանի երազած «երկխոսությունը», որը փաստացի կայացել է, միտված է հաստիքային ընդդիմություն դառնալուն։ Ո՛չ ավելին։

Այս ծրագրերի կյանքի կոչմանը կարող են խանգարել բոլոր այն ուժերը, ովքեր դուրս են սերժա–լևոնական գործարքի տիրույթից, ու դրա համար էլ իշխանական ու լևոնական լրատվամիջոցներն, իրար ուս–ուսի տված, միևնույն քարոզչությունն են իրականացնում։

Տեր–Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթը ցույց տվեց, որ նրա քննադատության միակ թիրախը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ իր ու Սարգսյանի շրջանակներից դուրս գտնվող բոլոր մյուս ուժերը, ինչն այլ կերպ քան նեոգեղամյանություն չես անվանի։

ՀԱԿ առաջնորդն ապրիլի 8–ին ու դրանից էլ առաջ այնպիսի կրքոտությամբ է պահանջում Սարգսյանից «երկխոսել» իր հետ, որ մի քիչ արդեն անհարմար բան է ստացվում։ Երեկ նա արդեն շտապեցնում էր Սերժ Սարգսյանին՝ «Ա՛յ «Եղիազար» ջան, ախր շուտ արա, արի «երկխոսենք», որպեսզի մեր չուզողների (ըստ Տեր–Պետրոսյանի՝ այդ չուզողները միջազգային հանրությունն ու սերժա–լևոնական «դուետից» դուրս գտնվող ուժերն են) աչքը հանենք» տարբերակով։

Մենք, փաստորեն, այժմ ականատեսն ենք դառնում հաճախորդացման մի քստմնելի գործընթացի, որը տեղի է ունենում ոչ թե խնամու տանը (ինչպես Արտաշես Գեղամյանի պարագայում էր), ոչ թե իշխանական կաբինետներում (ինչպես Արթուր Բաղդասարյանի դեպքում էր), այլ հասարակության աչքի առաջ։ Այսինքն՝ քաղաքական մարմնավաճառությունը կուլիսներից տեղափոխվել է դեպի հրապարակ. ամեն ինչ բաց է և թափանցիկ։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը