Կարծիք

27.07.2020 10:23


Հարցեր Հայաստանի առաջադեմ գործիչներին

Հարցեր Հայաստանի առաջադեմ գործիչներին

Հայաստանում շատ են իրենց առաջադեմ, եվրոպական արժեքներ դավանողներ համարող քաղաքական-հասարակական գործիչները։ Լսելով նրանց, կարդալով նրանց վերլուծական խորը մտքերը, կարելի է գալ եզրակացության, որ իսկապես, նրանք այնքան են նվիրված իրենց առաջադեմ գաղափարներին, որ նրանց համար ժողովրդավարությունը սահմաններ չունի։ Ըստ այդ գործիչների Հայաստանը, որպես ժողովրդավարության ջահակիր, պետք է հարաբերություններ հաստատի միայն ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների հետ, մերժելով ցանկացած բնույթի ավտորիտար, էլ չեմ ասում բռնապետական համակարգեր։ Բռնապետական, կամ կոշտ ավտորիտար ռեժիմի երկրներներին, բացի ամբողջատիրական կառավարումը, բնորոշ են նաև որոշակի խորհրդանշական բացահայտիչներ։ Դրանցից են, օրինակ պետության ղեկավարի, ավելի ճիշտ՝ Առաջնորդի «իմաստուն խոսքերի» հրապարակային, ամենօրյա գովազդները նրա կենդանության օրոք, նրա արձանների տեղադրումը և այլն։ Օրինակ, ստալինյան շրջանում ամենուրեք գովազդվում էր Պողպատյա Առաջնորդի խոսքերը․ «Жить стало лучше, жить стало веселее», ողջ ԽՍՀՄ-ում տեղադրվում էին նրա արձանները։ Այդպես է նաև այսօր շատ այլ երկրներում՝ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան և այլն։

Հարց Հայաստանի առաջադեմ գործիչներին․

-Հարգելիներս, ինչպե՞ս եք վերաբերվում Իջևանի մատույցներում տեղադրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանին։ Ի՞նչ կարծիքի եք , երբ Երևանի փողոցներով քայլելիս, ամեն քայլափոխի քեզ են նայում նույն վարչապետի «իմաստուն» խոսքերը « Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։

Չգիտեմ, թե հազարամյակներ և հարյուրամյակներ առաջ Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների և Հեթումյանների տիրապետության տարիներին , արդյո՞ք գործող թագավորների արձանները խոյացած են եղել, թե ոչ, բայց 1918թ․ սկսած Հայաստանի, այդ թվում ՀԽՍՀ-ի ոչ մի ղեկավարի արձանը նրա կենդանության օրոք չի կանգնեցվել։

Հ․Գ․ Միայն չասեք, թե այդ ամենի հետ վարչապետը կապ չունի, այդ ամենը ժողովուրդն է ուզում։ Այդպես են ասում բոլոր բռնապետական հակում ունեցողներն ու նրանց մանկլավիկները։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը