Քաղաքական

04.07.2020 10:08


Իշխանությունների հույսերը չեն արդարացել. ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել․ «Հրապարակ»

Իշխանությունների հույսերը չեն արդարացել. ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել․ «Հրապարակ»

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, սակայն, մինչ այս պահն իշխանությունների հույսերը չեն արդարացել՝ Մանուկյանը թե՛ մինչեւ կալանավորվելը, թե՛ դրանից հետո ցուցմունք չի տվել։

Հիշեցնենք․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել է նրան կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Մանուկյանը տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Համաձայն մեղադրանքի՝ 2017-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է ԲՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Պողոսյանին եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ մարզում պետք է 9 հազար ձայն ապահովի։

Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար Պողոսյանը դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարական դրամներից բաղկացած տրցակ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։ Բայց ինչն է ուշագրավ, որ Վազգեն Պողոսյանն առաջին, երկու անգամները հստակ ցուցմունք չի տվել Մանուկյանի դեմ, միայն երրորդ անգամ՝ հունիսի 8-ին է ասել, որ Մանուկյանից գումար է ստացել, մեկ շաբաթ հետո կրկին հետ է վերցրել խոսքերը՝ ասելով, որ հստակ չի կարող ասել՝ դա կաշառքի,՞ թե՞ շտաբի օրինական ծախսերի գումարն է եղել: Առերեսման ժամանակ էլ նա չի պնդել, որ Մանուկյանից որպես կաշառք գումար է ստացել։

Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանը «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահն է, մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ, ըստ իրավապահների՝ հենց այդ գործի շրջանակներում են դեռեւս փետրվարին ԲՀԿ-ին վերաբերող փաստաթղթեր գտել Պողոսյանի մոտ, բայց այդ ժամանակ նա չի ցանկացել խոսել դրանց մասին։ Հիշեցնենք, ապրիլի 1-ին Պողոսյանի կալանքի միջոցը 3 մլն դրամ գրավով փոխեցին։

Այս խորագրի վերջին նյութերը