Խմբագրական

24.06.2020 14:09


Ազատագրե՞լ Ալվինա Գյուլումյանի զարմուհուն

Ազատագրե՞լ Ալվինա Գյուլումյանի զարմուհուն

2018–ին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության կողմնակիցներից էին նաև հոգով ու մտքով ստրուկները։ Նրանք, ովքեր ՀՀԿ–ից ընտրակաշառք էին վերցրել, քվեարկել, հետո հեղափոխություն և իշխանափոխություն արել՝ խախտելով տարիներ շարունակ գործող յուրօրինակ քաղաքացիական պայմանագիրը։

Նախորդ իշխանությունների հետ կնքած «քաղաքացիական պայմանագիրը» խախտեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով հրապարակավ ընդունեց 2017–ի խորհրդարանական ընտրությունները և ինչի դիմաց նրան թույլատրվել էր «Ելք»–ի կազմում պատգամավոր դառնալ։

Փաշինյանը քաղաքական թրաֆիկինգի ենթարկված հաճախորդներից էր, որը քցեց իր տերերին՝ կանգնելով ամբոխի գլխին։

2018–ի «թավշյան» տեղի ունեցավ սիրո և համերաշխության կարգախոսի, ինչպես նաև ազատության կոչերի ներքո, սակայն ինչպես միշտ է լինում նման դեպքերում՝ ստացանք ամբոխի իշխանություն, որը միայն ստրկացում է ենթադրում և ատելության մթնոլորտ, իսկ ովքեր չեն հպատակվում ամբոխի առաջնորդին, նրանց հետապնդում են։

Փաշինյանն ասում է, որ մենք արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ունենք հպարտ քաղաքացի, բայց նրա կողմից Էջմիածնի քաղաքապետ նշանակված Դիանա Գասպարյանը հրապարակավ ու ակամայից խոստովանում է, որ ապրում ենք ստրկացած Հայաստանում և ինքն էլ ոչ թե հպարտ քաղաքացի է, այլ «վոժդի» կամակատարը՝ ստրուկը, ով պատրաստ է անգամ սեփական մորաքրոջն ուրանալ՝ հանուն «հեղափոխական սկզբունքների»։ Թե ինչ սկզբունքներ են դրանք, բոլորս գիտենք՝ ուրացում, հպատակեցում, վոժդիզմ։

Նիկոլի կողքին կանգնածները ոչինչ են, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն։ Բացառություն չէ նաև Դիանան, ով ՍԴ շենքի դիմաց հրմշտում էր արժանապատվություն ունեցող քաղաքացի Ալվինա Գյուլումյանին։ Ավելի ճիշտ՝ Դիանայի ստրկակից ընկերներն էին հրմշտում, իսկ ինքը էկրանին գամված սկզբունքային հրճվանք էր ապրում։

Էջմիածնի Շարիկով–քաղաքապետուհին հրապարակավ ընդունում է, որ ինքը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին ամբողջ կյանքում որպես դոկտոր Պրեաբրաժենսկի է ընկալել ու հասկացել, որ նրան երբեք չի հասնի, բայց քանի որ հիմա եկել է չալոների ժամանակը, ուստի ինքն իր ենթագիտակցական վրեժն է լուծում իր փայ «Պրեաբրաժենսկուց», քանզի միշտ նյարդայնացել է, որ Շարիկով է մնալու։

Հոգով ու մտքով Շարիկով է նաև Նիկոլ Փաշինյանը։ Պատահական չէ, որ նրա գլխավորած հեղափոխության խորհրդանիշներից մեկը դարձավ փողոցային շունը՝ «Չալոն»։

Հեղափոխական շների ձեռքը Հայաստանն այժմ շան օրի է ընկել։ Սա ի՞նչ ազատ Հայաստան է, որ ստիպում է զարմուհուն 37 թվի պես դուրս գալ սեփական մորաքրոջ դեմ, ինչ է թե «Չալոյին» դուր գա և չկորցնի աթոռը։ Սա՞ է ազատ Հայաստանը, երբ աթոռը մորաքրոջից թանկ է դառնում։

Հեղափոխությունը հանրության կեղտը բերում է առաջին պլան։ Շարիկովները դառնում են կառավարիչներ և մորքուրատյացներ։ Շոլոխովի «Խաղաղ Դոնում» մեկին մեկ նկարագրված է բոլշևիկյան հեղափոխականների դիանագասպարյանությունը, երբ փեսան գնդակահարում է աներորդուն՝ հանուն «հեղափոխական սկզբունքների», հանուն այն բանի, որ միշտ թաքուն նախանձել է հոգով ու մտքով իրենից բարձրին։

Հայաստանում հիմա շարիկովների հաղթարշավ է։ Բայց միևնույն է Պրեաբրաժենսկին նրանց կվերադարձնի դեպի շան կյանք։

7or.am

Հ.Գ.։ Դիանա Գասպարյանը ստրկության մեջ է։ Բայց պե՞տք է արդյոք նրան ազատագրել։ Հազիվ թե։ «Հարեմին» պետք է «թաղել» «Փարավոնի» հետ։

Այս խորագրի վերջին նյութերը