Քաղաքական

23.05.2020 14:50


Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի

Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը երեկ ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարեց, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորեց թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։

Կենտրոնի ղեկավարը խոստովանել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են, չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել։

«Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն։

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնովիրուսի դեպքեր են հայտնաբերվել, ապա դրա մասին Հայաստանը պետք է տեղյակ պահի ԱՀԿ-ին ու Վրաստանին, քանի որ և Հայաստանը, և Վրաստանը կազմակերպության անդամներ են և ստորագրել են ԱՀԿ միջազգային կանոնների ներքո։

«Մեզ մոտ եղել են հաստատված դեպքեր Հայաստանի կամ էլ այլ երկրի քաղաքացիների մոտ։ Նման դեպքում մենք պետք է տեղյակ պահենք ԱՀԿ-ին ու տվյալ երկրին։ Մենք այդպես վարվել ենք մի քանի հարևան երկրների դեպքում, որպեսզի նրանք կարողանան ձեռնարկել հակահամաճարակային միջոցառումներ։ Այսպիսով, եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին և մեզ»,-ասել է նա։

Ինչ վերաբերումէ թեստերի մասին Թորոսյանի հայտարարությանը, ապա Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավարն ասել է.

«Ո՛չ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստավորումը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում, որ իրականացրել ենք մեր երկրում, բոլոր ПЦР թեստեր են։ Այդ թվում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում»,-ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Աղբյուրը` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը