Քաղաքական

08.04.2020 15:58


ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում

ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է YerevanToday-ի հրապարակած տեղեկությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում հեղափոխական պաշտոնյաներից մեկի կողմից թույլ տրված չարաշահումների մասին: Ավելին, ԱԱԾ-ից ստացված պաշտոնական նամակում ակնարկվում է ոչ թե մեկ անձի, այլև նույն գործով շղթայաբար անցնող պաշտոնատար այլ անձանց կողմից թույլ տրված չարաշահման դեպքի մասին:

Սակայն, ընդգծենք, միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ արդյոք չարաշահողը հրաժարականով համակարգից հեռացած փոխնախարար Արևիկ Անափիոսյա՞նն է ու ինչպես հրապարակվել էր՝ եվրամիության ծրագրով յուրացրած շուրջ կես միլիոն դոլարի գործով:

ԱԱԾ-ն մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ հիմնավորելով, որ այս օրերին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող սույն գործով հայցվող տեղեկատվությունը հրապարակայնացնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական նյութեր:

Ավելի վաղ YerevanToday.am-ը հայտնել էր՝ ԱՄՆ-ից անորոշ ժամամանակով հայրենիք է վերադարձել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, և չնայած արձակուրդի մասին իր պնդումներին, ասում են, կանչվել է հարցաքննության, ԱԱԾ-ում իր գործունեությանն առնչվող քրեական գործի նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ կծիկը բացվել է այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ստորագրած փաստաթղթերում ինչ-որ անճշտություններ է նկատել, որից հետո նաև Եվրոպայից հոսող ֆինանսներում լուրջ շեղումներ են նկատվել: Բացահայտումից հետո նախարարը, ըստ աղբյուրի, «պապկայով» շտապել է վարչապետի մոտ ու հենց այնտեղ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հրաժարականի տեքստն է պատրաստվել, հրամցվել է Հարվարդում սովորելու մոտիվացիայով:

Նկատենք, Տիկին Անափիոսյանը երկար լռում էր և չէր մեկնաբանում իր անվան շուրջ տարածվող տեղեկատվությունը, մինչդեռ նախարարության միջոցներից հանգամանալից մանրամասներ էին դուրս գալիս ԿԳՄՍ-ում հեղափոխական պաշտոնյաների «ախորժակի մասին»։ Եվ ահա, ԱԱԾ-ն փաստացի հաստատել է տեղեկատվությունը ՝ YerevanTodayին հասցեագրված նամակով:

Տիկին Անափիոսյանը, իհարկե, շարունակում է համառորեն հերքել չարաշահումների մասին տեղեկատվությունը, և պնդում է, որ իր հրաժարականի հիմքում միմիայն Հարվարդում սովորելու բացառիկ շանսն է եղել, ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է ԱԱԾ կանչվելուն, YerevanToday-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն հայտնի չէ ԱԱԾ-ի կողմից ԿԳՄՍ–ում բացահայտած չարաշահումների մասին որևէ տեղեկատվություն:

Մի ուշագրավ դրվագ ևս. ԿԳՄՍ փոխնախարար տիկնոջ պաշտոնանկությունից առաջ թալանել էին նրա բնակարանը, իսկ գողոնի մեջ, ըստ մամուլում արտահոսքի, եղել էր 200 հազար եվրո գումար, խիստ թանկարժեք ոսկյա զարդեր, բրենդային ժամացույցերի կոլեկցիան ու արժեքավոր հուշանվերեր:

Գողության դեպքից օրեր անց, փաստորեն, տիկնոջ անսպասելի հրաժարականի տեքստը տարածվեց: Օրեր անց դաշտ նետվեց հաջորդ ինֆորմացիան․ խոսվում էր, որ փոխնախարար Անափիոսյանի բնակարանից գողերն իրականում տարել են այն գործարքի «քեշ բեհը», որի բացահայտումից հետո տիկնոջը կառավարությունից են հարկադրել գրել ազատման դիմումը և մեկընդմիշտ հեռանալ պետական համակարգից:

Հիշեցենենք, տիկին Անափիոսյանի գործառույթը ԿԳՄՍ նախարարությունում եղել է կրթության զարգացման ծրագրերի համակարգումը, և ենթադրվում է՝ շուրջ 500 հազար դոլարի ֆիանանսական շեղումը հնարավոր է դարձել Ասիական զարգացման հիմնադրամի հոսքերի կամ Եվրամիության ծրագրերի իրականացման միջոցով:

Նախարարության ներսում հիշատակում է Արևիկ Անափիոսյանի հետ փոխկապակցված «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի անունը: Ասում են՝ այս ՀԿ-ին են փոխանցվել մեր պետության հետ իրականացվող մի շարք ծրագրեր, որպեսզի աջ ձեռքով գումարը ձախ գրպանը դնի: Ի դեպ, նույն ՀԿ-ի փորձագետներն են ակտիվ ներգրավված եղել նախարարությունում մշակվող մի շարք ծրագրերում:

Այս խորագրի վերջին նյութերը