Քաղաքական

22.03.2020 13:56


Վարչապետի միջնեկ դուստրը Նարեկ Սամսոնյանից 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում. դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել

Վարչապետի միջնեկ դուստրը Նարեկ Սամսոնյանից 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում. դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ, անչափահաս դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը, այն գնահատելով 2 մլն դրամ։

Հայցի առարկան Ն.Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումն էր հայտնի «իկռայի» վերաբերյալ առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։ Ն.Սամսոնյանը պնդում է, որ հայտնած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, սակայն հրաժարվել է մեկնաբանել անչափահաս աղջկա կողմից ներկայացված հայցը։

Նշենք, որ այն առաջին անգամ դատարան մուտք է եղել 2020 թվականի փետրվարի 26-ին ու մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին, սակայն դատարանն այն վերադարձրել էր՝ գտնելով, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները։ Արձանագրված խախտումները վերացվել են ու այն կրկին ներկայացվել է արդեն մարտի 13-ին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը՝ Զ.Նախշքարյանի նախագահությամբ, մարտի 20-ին որոշել է վարչապետի միջնեկ դստեր երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ։

Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

Այս խորագրի վերջին նյութերը