Քաղաքական

19.03.2020 18:07


«Գլխիվայր է ամեն ինչ․ Ծուռ հայելիների թագավորություն». Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Քոչարյանի գործով նիստի օրը դեռ անհայտ է

«Գլխիվայր է ամեն ինչ․ Ծուռ հայելիների թագավորություն». Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Քոչարյանի գործով նիստի օրը դեռ անհայտ է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանից:

Նշենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Նախատեսվում էր, որ այդ օրը դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որը պաշտպանները ներկայացրել էին մարտի 16-ին։

Ըստ էության՝ արդեն երրորդ օրն է, սակայն հայտնի չէ, թե երբ կկայանա դատական հաջորդ նիստը:
Հայկ Ալումյանի խոսքով՝ հայտնի չէ, թե ինչ առողջական խնդիր ունի դատավորը և ըստ այդմ՝ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կարող է տեղի ունենալ հաջորդ դատական նիստը:

Հարցին, թե արդյոք երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հնարավո՞ր է դատական նիստը երկու շաբաթով հետաձգվի՝ Ալումյանը պատասխանեց, որ իրավունք չունեն, քանի որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել: «Իրենց մոտ ամեն ինչ գլխիվայր է: Եթե մի քննիչ միջնորդություն բերեր՝ ինչ-որ մեկին կալանավորելու, արտակարգ դրություն լիներ, թե չլիներ, հիվանդ լինեին, թե ոչ, մահամերձ լինեին, թե ոչ գալու էին քննիչի միջնորդությունը քննելու և, ամենայն հավանականությամբ, կբավարարեին: Ամեն դեպքում՝ կքննեին»,-նշեց Ալումյանն՝ ընդգծելով, որ անձի ազատության իրավունքն ավելի կարևոր է, քան անձի ազատազրկման հարցը: «Գլխիվայր է ամեն ինչ: Ծուռ հայելիների թագավորություն է»,-նշեց փաստաբանը:

Նշենք, որ պաշտպանները կասկած են հայտնել՝ կապված դատական նիստի հետաձգման հետ: Մասնավորապես՝ Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ կասկածներ ունի, դատական նիստը հետաձգվել է, որպեսզի ոչ բոլոր երաշխավորողները հնարավորություն ունենան նիստին ներկա գտնվելու։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ երաշխավորության միջնորդության քննարկման ժամանակ նաեւ երաշխավորողները պետք է ներկա լինեն դատական նիստին։ Պաշտպանը նշեց, որ մինչ այս արտահայտած կասկածները՝ կապված նիստի հետաձգման շարժառիթների հետ, ունի նաև հիմա և այդ կասկածները կա՛մ կփարատվեն, կա՛մ կհաստատվեն այն ժամանակ, երբ դատավոր Դանիբեկյանը կտրամադրի սպառիչ տեղեկատվություն, թե ինչ առողջական խնդիրներ են առաջացել, որտեղ է բուժվել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը