Քաղաքական

12.03.2020 16:39


Ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից ունենք բավական քաոտիկ իրավիճակ, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում». Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից ունենք բավական քաոտիկ իրավիճակ, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում». Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Մենք ունենք բավականին մեծ ռիսկ Արցախի հարցում, որը միշտ ենք ունեցել, բայց հիմա՝ ինչ-ինչ գործոնների արդյունքում, նույն Սիրիայի խնդրով, ռուս-թուրքական բավականին խիտ հակասություններով պայմանավորված, այս ռիսկն էապես ավելացել է, նույնիսկ բազմապատկվել:

Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունները և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նա թվարկեց մի շարք խնդիրներ և նշեց, թե այդ ֆոնին ինչ է անում հայաստանյան իշխանությունը:

«Շատ են դեպքերն այսպես ասած ռեալ պոլիտիկում, երբ կողմերից մեկի կարճաժամկետ շահը կարող է համընկնել մյուս կողմի միջնաժամկետ կամ երկարաժամկետ շահերի հետ: Եթե Թուրքիան կարող է Ղարաբաղի հարցով սադրանքի գնալ, որպեսզի իմիջ ապահովի և դեմքը պահի, չպետք է բացառել, որ սա կարող է մյուս խաղացողներին՝ այդ թվում մեզ համար, ստեղծել միջնաժամկետ շահերի բախում: Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան է իր համար խնդիր լուծում, բայց իրականում, կարող են իրենց համար խնդիրներ լուծել առնվազն մի քանիսը»,-ասաց նա:

Հաջորդը խնդիրը, ըստ բանախոսի այն է, որ Միացյալ Նահանգները թևակոխում է նախընտրական քարոզարշավի կուլմինացիոն շրջան, որով էլ քաղաքական շահերի սպասարկումը դառնում է նախընտրական գործընթացի դրոշմը կրող՝ դրանից բխող հետևանքներով:

«Մենք ունենք բավականին հետաքրքիր իրավիճակ ՌԴ-ում: Հաշվի առնելով սահամանադրական փոփոխությունների փաթեթը, դրան՝ հանրության երևացող, դեռևս չերևացող արձագանքները, դրա հետ մեկտեղ՝ ուշադրություն շեղող գործոնի հետ, որն ինչ-ինչ հարցերում կարող է որոշ սրբագրումներ մտցնել առօրյա նախատեսված ընդհանուր քաղաքական գծի մեջ»,-ասաց նա:

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ ունենք բավականին հետաքրքիր վիճակ Թուրքիայում, որտեղ Էրդողանի վարկանիշն ընկել է: Թե՛ Էրդողանի անձնական, թե՛ նրա քաղաքական ուժի կերպարը պահելու խնդիր կա: «Մենք ունենք բավականին հետաքրքիր իրավիճակ Ադրբեջանում, երբ տնտեսական մի շարք գործոնների համադրումն այդ երկրում ստեղծել է մի իրավիճակ, որ շատ արդիական է ուշադրությունը շեղելու որևէ գործողության իրականացումը, իսկ նման նախադեպ եղել է: Հետաքրքիր իրավիճակ է նաև Եվրամիությունում, որը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով՝ այդ թվում նրանով, որ ԵՄ-ն հերթական անգամ մտնում է մի շրջափուլ, որտեղ ամենակարևորը լինելու են իր ներքին խնդիրները: Եթե հետևենք ԵՄ-Թուրքիա դիալոգին, ապա կտեսնենք, թե ԵՄ-ն ինչ վտանգի առաջ է կանգնում փախստականների միգրացիոն հոսքերի առումով, որոնք էլ իրենց հերթին բերեցին Սիրիայում սրացումների: Եվրոպական ավանդական դաշնակիցների առումով ունենք բավականին տրանսֆորմացվող իրավիճակ Հայաստանի՝ այս վերջին իշխանությունների տարիներին կատարած աշխատանքի առումով»,-ասաց նա:

Բեքարյանն ընդգծեց. «Ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից ունենք բավականին քաոտիկ վիճակ, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», իհարկե, իրավիճակը շատ ավելի զգայուն, շատ ավելի վտանգներով լի է դառնում, երբ ինչ-որ տարաբնույթ մտքեր, էլեմենտներ փորձարկվում են և այդ փորձարկումների ժամանակ չկա ռիսկերի գնահատման որևէ գործընթաց: Այս ամենի փոխկապակցվածության օրինակներից էր Էրդողան-Պուտին հանդիպումից շատ կարճ ժամանակ առաջ ԵԱՀԿ մինսկի համանախագահների այցն Անկարա և հանդիպումը Չավուշօղլուի հետ»:

Բեքարյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումն առանձնանում է նրանով, որ մենք ականատեսը եղանք մի հանդիպման, երբ հանդիպումից հետո եղավ Չավուշօղլուի թվիթերյան լուսանկարով գրառումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Բեքարյանը շեշտեց, որ եթե սա տարբերություն չէ, ուրեմն մենք ամեն ինչին նայում են մատների արանքով: «Սա իրականում բավականին մեծ տարբերություն է: Այս ամենը մեր ԱԳ նախարարության լռության պայմաններում է: Խոսքը չի վերաբերում արձագանքին, որ աստվածաշնչյան մեջբերմամբ գրառման տեսքով եղավ, խոսքը վերաբերում է կանխարգելիչ աշխատանքի բացակայությանը, իրավիճակին չտիրապետելուն, ձեռքը զարկերակին չպահելուն և ամեն ինչին մատների արանքով նայելուն՝ ներառյալ սեփական պետության, հայկական պետությունների և դրանց անվտանգության խնդիրները»,-հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է այս ընդհանուր իրավիճակից հնարավորինս շատ օգուտներ, դիվիդենտներ ձեռք բերել: «Մեր ԱԳՆ-ին ոչինչ չի հետաքրքրում, նրանք զբաղված են «ավելի կարևոր գործերով»՝ աշխարհում շրջելով ու բոլորին համոզել փորձելով, իբր Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն, որ իրականացնում ենք, մեզ դրա համար շատ պետք չէ մեղադրել, նեղել, քննադատել: Սա այժմ դարձել է ՀՀ իշխանության առաջին խնդիրը, բայց այնպիսի ծավալով, որ մեկ-մեկ թվում է՝ միակ խնդիրը: Առավել քան վստահ եմ, որ այս ամենի համար գալու է պատասխան տալու ժամանակը՝ կոնկրետ անձանցով, պատասխանատվության ուղղություններով, ոլորտներով»,-նշեց նա:

Ամփոփելով ելույթը՝ Կարեն Բեքարյանն ասաց, որ այսօր աշխարհի թիվ մեկ կարևոր թեման կորոնավիրուսն է, սակայն ՀՀ իշխանությունների համար այս թեմային գրեթե ժամանակ չկա: «Եթե այս ամենին նայում ենք, թե ինչ ժամանակահատվածում, ինչ գործընթացներ են տեղի ունենում, ապա ապշում ես. ինչպես կարելի է չգնահատել ռիսկերը, լինել ապաշնորհ կամ չսիրես քո երկիրը, պետությունը ու հանրությանը, որ վերցնես հանրաքվե նշանակես այն ժամանակ, երբ առկա է սրացումների նման ֆոն, իսկ հայկական երկրորդ պետությունում տեղի են ունենում խորհրդարանի և նախագահի ընտրություններ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը