Քաղաքական

06.03.2020 17:47


Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նա այսօր մերժեց այդ միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ պաշտպանները հիմնավոր կասկած ունեն դատավորի անաչառության հարցում։
Նշենք, որ ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա ներկայացված այս միջնորդությունն ստացվել է դատարան դեռևս հունվարին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ Հայկ Ալումյանը մեջբերեց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումների սղագրությունը, որտեղ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։ Բացի այդ, պաշտպանն ուշադրություն հրավիրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում այն հայտարարությանը, թե «այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։

Ալումյանի խոսքով, ակնհայտ է, որ նման պարագաներում Դանիբեկյանը իշխանությունների տեսանկյունից հենց այն դատավորն է, որն իշխանությունների իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի։

«Այսօրվա քաղաքական իշխանությունները չեն թաքցնում, որ ուզում են Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Իսկ ԲԴԽ նախագահը հայտարարում է, որ այդ նույն իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»,-ասաց Ալումյանը, ընդգծելով, որ այսքանից հետո Աննա Դանիբեկյանը չի կարող շարունակել լսել սույն գործը և պետք է ինքնաբացարկ հայտնի։

Դատավորին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպան Արամ Վարդևանյանը։ Միջնորդությանը միացան պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Այս խորագրի վերջին նյութերը