Քաղաքական

03.03.2020 10:54


«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»․ Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի հանդիպմանը

«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»․ Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Այս հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում արձագանքել էր աստվածաշնչյան մեջբերմամբ.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»»,-գրել էր Մնացականյանը:

Նշենք, որ հանդիպման վերաբերյալ մասնակիցները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել:

Չավուշօղլուի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն անդրադարձել են նաև Facebook սոցցանցի հայկական տիրույթում:

Թեմայի վերաբերյալ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գրառմանը հաջորդել են տարաբնույթ մեկնաբանություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին:

Մարիա Զախարովան ի պատասխան հաստատել է, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը: Օգտատերերից մեկի այն հարցին, թե հանդիպումն ինչ կապ ունի Սիրիայում տիրող իրավիճակի էսկալացիայի հետ, Զախարովան պատասխանել է, թե իրեն հայտնի չէ, թե ինչպես է հանդիպումը կապված Սիրիայի հետ:

Զախարովան նշել է, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Ռուսաստանն այս հանդիպումը չեն մեկնաբանել, քանի որ իրենք պարբերաբար նմանատիպ միջոցառումներ են անցկացնում տարբեր երկրների հետ:

Մեկ այլ օգտատեր էլ հարց է ուղղել այն մասին, թե արդյոք Ռուսաստանը սատարո՞ւմ է Թուրքիայի հաշվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի ցանկությունը, չեզոքությո?ւն է պահպանում, թե՞ կտրականապես դեմ է գործընթացի նման վերափոխմանը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանը ելնում է առկա ձևաչափի արդիականությունից:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը