Քաղաքական

21.02.2020 12:05


Մյունխենում միայն հայկական կողմն էր խոսում զիջումներից. Արա Հակոբյան (տեսանյութ)

Մյունխենում միայն հայկական կողմն էր խոսում զիջումներից. Արա Հակոբյան (տեսանյութ)

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի խոսքով` նախորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայով բանավեճից տպավորությունն այն էր, որ Ադրբեջանը մնացել է իր կարծր դիրքորոշմանը, իսկ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ պատերազմ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայկական կողմի այդ մոտեցումն իր համար պարզապես անհասկանալի է:

«Կարելի է մասնակցել նման բանավեճի: Բայց կարևորը ոչ թե մասնակցությունն է, այլ այն, թե ինչ ես ունենում այդ մասնակցության արդյունքում: Տպավորություն էր ստեղծվում, որ դու թույլ կողմն ես, իսկ մյուս կողմն ավելի ուժեղ է: Ադրբեջանի նախագահը բանավեճին մատնացույց է անում մի շարք «պատմական փաստեր», որոնք խիստ վիճարկելի են, իսկ հայկական կողմը, ունենալով լուրջ փաստաթղթային պատմական փաթեթ, չի կարողանում համարժեք արձագանքել: Երբ որ ցեղասպանություն ապրած ժողովրդին մեղադրում են ցեղասպանության մեջ և այստեղ ինչ-որ թերթերի վրա հղումներ են լինում, երբ որ ի վերջո, Ալիևն իր արտգործնախարարի հետ լկտի պահվածք է ունենում, ժպտում է, քմծիծաղ է տալիս, մատնացույց է անում, ճշմարտության մասին Հայաստանը չի ասում, նման բանավեճ երևի, չարժեր ունենալ»,- ասաց նա:

Նրա խոսքով` Մյունխենում, երբ Ալիևը խոսում էր Խոջալուի մասին, հայկական կողմը պետք է հիշատակեր Սումգայիթի և Բաքվի ջարդերը, 2016թ. ապրիլին Թալիշում հայերին խոշտանգելու դեպքերը: Արա Հակոբյանի խոսքով՝ չգիտես ինչու, արդյո՞ք շփոթվել էր Նիկել Փաշինյանը, թե՞ առավել շատ կենտրոնացել էր իր լուծման բանաձևը ներկայացնելու վրա. ամեն դեպքում Ալիևին համարժեք չպատասխանեց:

Նա մատնանշեց, որ բանավեճի ժամանակ խոսք գնաց 1997թ. առաջարկների մասին, և հայտնի դարձավ դրանց վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը, որ պատրաստ են դրանք քննարկել: «Այսինքն` Արցախի կարգավիճակի որոշման հարցը հետոյի վրա թողնել»,- նկատեց նա:

Դրան, ի հակառակ, բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ հայկական կողմը խոսում է միայն անվտանգության ապահովման մասին: «Ասում էր, որ մենք պատրաստ կլինենք որևէ զիջման, երբ կունենանք անվտանգության երաշխիքներ»,- ասաց նա` մատնանշելով, որ փաստորեն հաղթանակած հայկական կողմն էր միայն խոսում զիջումներից, այնինչ՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումը շարունակում էր կոշտ և անզիջում մնալ:

Մանրամասները տեսանյութում.

Այս խորագրի վերջին նյութերը