Հարցազրույց

18.02.2011 16:57


Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյան

Հարցազրույց վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

–Չե՞ք կարծում, որ այսօր Հայաստանում ստեղծված թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՛ սոցիալական, և թե՛ մնացած բոլոր ոլորտներում ստեղծված վիճակն օրհասական է։

–Կարծում եմ։ Եվ նույնիսկ իրավիճակը շատ ավելի վատ է, քան դուք նկարագրեցիք կամ կարող էր որևէ մեկը նկարագրել, քանի որ բոլոր ոլորտները տեսնել որևէ մեկը չի կարող։ Վիճակն ավելի քան օրհասական է։

–Հետևաբար, ո՞ւր և ինչի՞ կհանգեցնի այս ամենը։

–Եթե այսպես շարունակվի, շատ տխուր հետևանքներ կունենանք, քանի որ մենք պատերազմի շեմին ենք, վտանգն անըդհատ կա։ Մեզ այլ չափանիշներ, այլ որակի հանրություն է պետք, այլ արժեհամակարգ է պետք, ինչը չունենք։ Եվ եթե այսպես շարունակվի, վերջը լավ չի լինի։

–Այսինքն հնարավոր է՝ պետությո՞ւնը կորցնենք։

–Կարող է՝ ինչ–որ մի կտոր մնա, բայց թե դա պետությո՞ւն կլինի, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։

–Այսօր օրեցօր սրվում է սոցիալական վիճակը։ Բայց դրա հետ մեկտեղ նաև օրեցօր ավելանում են իշխանությունների հավաստիացումները, թե ամեն ինչ շատ լավ է։ Չե՞ք կարծում, որ այս հակասությունն է՛լ ավելի սրման կհանգեցնի, և արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանում սոցիալական խռովություն լինի։

–Դե, իշխանություններն ուրիշ բան երևի թե չեն կարող ասել։ Սոցիալական բունտերը չեմ բացառում, բայց ես չեմ ողջունի դա, որովհետև այն ոչ մի լավ բանի չի տանի։ Եթե անգամ իշխանությունը 7 անգամ փոխենք, մեկ է, եթե մենք չհասկանանք, թե ինչ է պետք է անել, ոչ մի արդյունք էլ չի տա։ Ոմանք գուցե հույսեր են փայփայում, որ ահա սոցիալական բունտ կլինի, իրենք դրոշը կվերցնեն, կհայտնվեն բարիկադի գագաթին, բայց դա լավ արդյունք չի տա։

–Այսօր շատերն են առանձին–առանձին ասում, որ վիճակը վատ է։ Բայց նաև նախադասությունը շարունակում են՝ ասելով՝ մե՛կ է, ոչ մի բան չի փոխվի։ Այս մտածողությունն ինչի՞ հետևանք է, և հնարավո՞ր է արդյոք  այն փոխել։

–Հարցն այն է, որ սովորական քաղաքագիտության շտեմարանը, որ նայում ես, համարյա թե անլուծելի խնդրի առաջ ենք կանգնած, և ես շատերի վհատությունը հասկանում եմ։ Իրենք սովորել են դասական, եվրոպական ինչ–որ պայքար, որն ադյունք չի տալիս, հանրության շատ ահավոր վիճակ, իշխանությունների դեգրադացիա, և ելք չեն տեսնում։ Բայց անելանելի վիճակ չի լինում։ Ելք կա՛, պարզապես դրա համար հարկավոր է 4 հարցի պատասխանել՝ ո՞րն է հանրության հիվանդությունը, տալ ախտորոշումը, փորձել պարզել այդ հիվանդության պատմությունը, փորձել պարզել իր առողջ ժամանակը, ե՞րբ է առողջ եղել և ինչպե՞ս, նաև աշխարհաքաղաքական պրոցեսների բացասական ազդեցությունն իր վրա։ Եվ այս հարցերի պատասխանն ունենալուց հետո նոր տեսնել՝ տարբերակ կա՞ հանրությանը նորից բուժելու, վերականգնելու։

–Դուք ինքներդ ունե՞ք այդ 4 հարցերի պատասխանը։

–Որոնումների մեջ եմ։ 90%–ով ունեմ։ Մեր բուն հայկական խնդիրը Սերժ Սարգսյանը չէ, Ռոբերտ Քոչարյանը չէ, Լևոն տեր–Պետրոսյանը չէ, նույնիսկ առաջին հանրապետության դաշնակցականները չեն։ Գարեգին Նժդեհն է ասել, որ հազարավոր տարիներ գտնվելով ստրկության մեջ՝ դեգրադացվել ենք, կորցրել ենք մեր արժեհամակարգը և ի վիճակի չենք տանելի, միմյանց չքայքայող ինչ–որ հանրույթ ստեղծել։ Սա ահավոր բարձ խնդիր է։ Ես չգիտեմ՝ աշխարհում որևէ հանրություն այսպիսի մեծ խնդրի մեջ եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այս խնդրի պատասխանը չունես, բայց ընդդիմություն ես, ուզում ես ինչ–որ բան փոխել, սրտացավորեն դուրս ես գալիս պայքարի, արդյունքը պարզ է, որ վատ է լինելու։ Դա նման է, որ բժիշկն ախտորոշումը չունի, ստրացավորեն ուզում է բուժել, բայց արդյունքը պարզ է, որ վատ է լինելու, ինքն էլ է հեղինակազրկվելու։

–Այսինքն՝ կարելի եզրակացնել, թե ձեր նշած 4 հարցերից չունեք ընդամենը մեկի պատասխանը՝ հնարավո՞ր է, որ ժողովուրդն առողջանա։

–Հնարավո՛ր է։ Անհնար բան չկա։ Եթե կոնկրետ մարդու դեպքում հնարավոր է, որ դու չկարողանաս բուժել, բայց դա դո՛ւ չես կարողանում բուժես։ Չի կարելի ասել՝ բուժումը չկա։ Դո՛ւ չգիտես։ Ժամանակին էլ կային, չէ՞, հիվանդություններ, որ համարում էին անբուժելի, հետո բուժեցին։ Հասարակությունը մի քիչ ավելի հեշտ է։ Ինքը մեքենայի նման է։ Կարող է համեմատությունս մի քիչ այդքան դիպուկ չէ, բայց դու կարող ես իր մասերը փոխել, թարմացնել, նորը բերել։ Բայց պետք է նաև իմանաս, որ հանրությունն ինքը շախմատի քարեր չէ։

–Մասեր ասելով՝ նկատի ունեք և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը փոխե՞լը։

–Պետք է փոխել, վերականգնել այն արժեհամակարգը, որ ապրել է տվյալ հանրությունն իր առողջ ժամանակահատվածում։

–Ե՞րբ է մեր հանրությունն առողջ եղել։

–Կարելի է պատմության վրայով հետ գնալ։ Ուրիշ բան չասեմ՝ Հայաստանի քարտեզը նայելով հետ գնացեք, տեսեք՝ ե՞րբ է մեծ եղել։ Իսկ հնարավոր չէ հիմար, հիվանդ հանրությունն աշխարհում դիրք ունենա։ Նշանակում է՝ ինքն արժեհամակարգ ունեցել է։

–Փաստորեն՝ հիվանդն անհույս չէ։

–Հանրության հետ կապված՝ անհնար ոչինչ չկա։ Պարզապես հարկավոր է նշածս հարցերի պատասխանները ստանալ։

–Պարզապես հարկավոր են որկյալ մասեր և ճիշտ բժիշկնե՞ր։

–Մարդիկ են պետք, ովքեր էմոցիաներին չեն տրվում։ Եթե մարդն ասում է՝ մեղավոր է, այս ինչ ազգանունն է տալիս, և դրոշը վերցնենք–գնանք, պարզ է, որ ինքը չի կարող այս խնդիրը լուծել։ Պետք են մարդիկ, ովքեր խոր վերլուծական միտք ունեն և կարող են իրենց էմոցիաները մի կողմ դնել ու հարցեր տալ, պատասխանները ստանալ, մինչև որ հասկանան՝ ինչ է կատարվում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը