Քաղաքական

09.11.2019 10:35


ՀՔԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հաղորդումը

ՀՔԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հաղորդումը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Դատախազությունը ևս ստացել է վերոնշյալ դիմումը և այն այժմ քննարկման փուլում է։

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդագրությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով։

Դիմումում Սամսոնյանը մասնավորապես նշել էր, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք», մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանը բնակվում է 6-րդ մասնաշենքում, ինչը դիմումատուի հավաստմամբ օրենքի խախտում է։ Նա հատկապես շեշտել է, որ այս ընթացքում չի արվել օրենսդրական որևէ փոփոխություն՝ վարչապետի համար նախատեսված կառավարական այլ առանձնատան հատկացման մասին:

«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ:
Արդյունքում ոչ միայն խախտվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, այլև «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից դրևորված գործողությունների/անգործության պարագայում ակնհայտորեն վատնվում են պետական միջոցները և խաթարվում նշված պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը»,- գրված է դիմումում։

Սամսոնյանը նշել էր. «Վերորգրյալ արարքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ խնդրում եմ նշված փաստի առթիվ հարուցել քրեական գործ և օրենքով սահմանած կարգով քրեական հետապնդում իրականացվել նշված գործողությունները/անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանց և նրան օժանդակած անձանց նկատմամբ, ինչպես նաև վերականգնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը