Հարցազրույց

03.05.2010 18:36


Նարինե Դիլբարյան.

Նարինե Դիլբարյան.

Հարցազրույց ԵՊՀ դոցենտ, ՄԱԱ վարչության անդամ Նարինե Դիլբարյանի  հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ի վիճակն այսօր։

-Շատ խայտաբղետ է իրավիճակը։ Ինտերնետային ԶԼՄ-ն բավական բարձր աստիճանի է հասնում, և կարելի է ասել, որ տեղեկատվությունը տրվում է բավական հրատապ, բայց պետք է ընդունել նաև, որ այդ լրատվամիջոցները հասանելի են ոչ բոլորին, որովհետև ինտերնետային հագեցվածությամբ մեր երկիրը բավական ցածր մակարդակի վրա է։ Տպագիր՝ թերթային ԶԼՄ-ի առումով վիճակը խիստ բևեռային է։ Այսինքն, շատ քիչ են չեզոք թերթերը։ Մի մասն ընդգծված իշխանամետ է, մնացածը՝ ընդգծված ընդդիմադիր։ Իսկ հեռուստաընկերությունների առումով գույնը մեկն է՝ իշխանության գույնն ու ընտրողաբար տեղեկատվություն մատուցելը։

-Լրատվամիջոցներին անվանում են նաև 4-րդ իշխանություն։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ԶԼՄ-ն կատարո՞ւմ է այդ դերը։

-Ավաղ, ոչ։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլ նաև մեր հասարակության (իսկ լրագրողներն այդ հասարակության հիմնական բաղադրիչն են) քաղաքացիական ազատության պակասը։ Ցավոք, մեր ներսում էլ մեր էությամբ ոչ բոլորս ենք ազատ, և լրագրողն, ունենալով ինֆորմացիա, մի բան մտածելով, գրում է այլ բան՝ մտածելով, որ գուցե Աստված իրեն վատթարից կազատի։ Իշխանություն դառնալու ճանապարհից մենք դեռ շատ ենք հեռու, և չգիտեմ, թե երբ կդառնանք։

-Անդրադառնանք լրագրողների հանդեպ կիրառվող բռնություններին։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ բան փոխվե՞լ է դրական ուղղությամբ։ Կա՞ հարգանք լրագրողների հանդեպ։

-Ես կարծում եմ, որ ոչ մի փոփոխություն չի արձանագրվել, և բոլորովին էլ հարգալից չեն դարձել։ Հասարակ քաղաքացիների հանդեպ ևս հարգալից չեն դարձել։ Իշխանությունը հասկացել է, որ կարելի է լրագրողին, լուսանկարչին հարվածել, տարբեր կարգի վնասվածքներ պատճառել նրան, իսկ հետո այդ բոլոր գործերն այդպես էլ թողնել չպարզաբանված։ Չեղավ մի նախադեպ, որ լրագրողի հանդեպ բռնություն գործողին պատժեն, իսկ անպատժելիության մթնոլորտում հարգանքի մասին խոսելն ավելորդ է։

-Հայաստանում լրագրության որա՞կն ինչպիսին է։

-Իմ համեստ ըմբռնմամբ՝ լրագրության որակը ևս անկում է ապրել, և դրա պատճառը դարձյալ կապված է մեր երկրի տնտեսական և հոգևոր իրավիճակի հետ։ Քանի որ բոլոր ոլորտներում՝ և՛ քաղաքական, և՛ խորհրդարաններում, և՛ կառավարությունում, տեղի ունեցավ ինտելեկտուալ մարդկանց (ավելի պատկերավոր ասած՝ տաշած քարերի) խիստ նվազեցում, նույնն էլ տեղի ունեցավ լրագրային դաշտում։ Գիտեք՝ նաև մի ուրիշ խնդիր կա. երբ լրագրողը տեսնում է, որ դժվարությամբ գրված նյութի, հայթայթված օպերատիվ ինֆորմացիայի համար իրեն ոչ միայն լավ չեն վարձատրի, այլ կարող են նաև աշխատանքից հեռացնել, նա կամ ընդհանրապես չի զբաղվում լրագրությամբ, կամ գրում է միջին և գորշ նյութեր։ Կներե՛ք, բայց հիմա հիմնականում միայն գորշ գույնն է տիրում, որովհետև գորշությունն անվտանգության գույնն է։ Մարդն իր գորշությամբ չի զանազանվում և իրեն խիստ պաշտպանված է զգում։ Ցավոք, գունեղ լրատվամիջոցների (նկատի ունեմ համարձակ, վերլուծող) խիստ մեծ պակաս կա, եթե կան էլ, ապա հիմնականում համացանցում են կամ կետային որոշ թերթերում. հեռուստաընկերություններում նման հաղորդումներ ընդհանրապես չեն նկատվում։

-Ամբողջ աշխարհում լրագրությունը համարվում է բարձր վարձատրվող աշխատանքներից մեկը։ Ինչպիսի՞ն է այդ առումով Հայաստանը։  Շա՞տ ճանապարհ պետք է անցնենք միջազգային  մակարդակի լրագրության որակին հասնելու համար։

-Ինձ թվում է, որ մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց ամենամեծ և ամենաբարձր իրավունքը տեղեկացված լինելն է։ Երբ նրանք հասկանան, որ տեղեկատվության շնորհիվ իրենք կարող են խուսափել մեծ վտանգներից և հասնել հաջողության, ապա լրագրողներն այս դեպքում իրոք կդառնան ամենալավ վարձատրվող խավերից մեկը, կամ լրագրությունը կդառնա եկամտաբեր բիզնես։ Այսօր ինֆորմացիան կարող է միայն վտանգի աղբույր դառնալ քեզ համար, որովհետև, իմանաս թե չիմանաս ճիշտը, միևնույն է, քո գործերը դրանից չեն  փոխվում։ Դրա համար հասարակական այդ առաջարկը՝ օպերատիվ, վերլուծական տեղեկատվություն ունենալը, նվազում է, իսկ երբ նվազում է առաջարկը, անհետանում է պահանջարկը։ Այսինքն, երբ պետական պաշտոնյան կամ բիզնեսի ոլորտի մարդն իմանա, որ իր վատ աշխատանքի պատճառով, որն արտացոլվել է մամուլում, իրեն վատ կվճարեն, ինքնաբերաբար կդառնա այն օղակը, որի միջոցով կսկսեն խրախուսվել լրագրողներն ու լրատվամիջոցները, որպեսզի նրանք ունենան հովանավորներ, գումար աշխատելու հնարավորություն։ Բայց քանի դեռ դա չկա, անիմաստ է։ Դու կարող ես թանկ տեղեկատվություն ունենալ, բայց դա ոչ ոքի պետք չգա։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը