Քաղաքական

07.08.2019 18:55


Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան

Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան

BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարաների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Հրապարակման մեջ հիշատակվում է նաև, որ BBC-ի տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ գործարար պատգամավորներ։

Մինչդեռ ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը հերքեց հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն:

-Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ:

***

BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից:

Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը, որը վերաբերում էր իրեն և իր հասցեին «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ կային, ասաց գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):

«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումներ» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն:

Այս խորագրի վերջին նյութերը