Խմբագրական

06.04.2010 20:01


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 2

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 2

սկիզբը՝ տե՛ս

ՀՀ-ն անցման շրջանում ունեցավ բոլոր այն խնդիրները, որոնք նկատվել էին հետսովետական հանրապետություններում: Դրան գումարվեցին լրացուցիչ դժվարություններ՝ պատերազմ, մասնակի շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, երկրաշարժի հետևանքներ:

1991-ի անկախացումից հետո ՀՀ-ում ձևավորված տնտեսաքաղաքական հարաբերությունների առումով կարելի է առանձնացնել 3 փուլ.

1.կապիտալի նախնական կուտակում և պաշտպանում,

2.իշխանության ու խոշոր բիզնեսի սերտաճում, քվոտայավորված տնտեսություն և պետական կառավարման մոնոլիտ համակարգ,

3.վարչաբյուրոկրատական կամ իշխանական քվազիկապիտալիզմ:

1. Կապիտալի նախնական կուտակում և պաշտպանում

1-ին փուլի սկիզբը համընկնում է պետական ունեցվածքի սեփականաշնորհման գործընթացի մեկնարկի հետ: Սեփականաշնորհմանը զուգընթաց դրվեցին սոցիալական բևեռացվածության հիմքերը: Ի հայտ եկան կլանային և քվոտայավորված տնտեսության ձևավորման նախադրյալները: Տեղի էր ունենում իշխանության և խոշոր բիզնեսի նույնացում: Պետական կառավարման միապետական բնույթն իրավական տեսք ստացավ 1995-ի ՀՀ սահմանադրությամբ, որտեղ պոստֆակտում ամրագրվեց գործող տնտեսաքաղաքական համակարգի էությունը։ Նախանշվեցին հակաժողովրդավարական հարաբերությունների, ընտրակեղծիքների, արհեստական մենաշնորհների, դուոպոլիաների առաջացման հիմքերը։

Կապիտալի նախնական կուտակման և պաշտպանության փուլը 1991-ից մինչև 2000 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում խոշոր սեփականատերերի «կաստան» գրեթե կայուն կազմ ձեռք բերեց։ Այս փուլի վերջում ՀՀ իշխանությանը հաջողվեց ձևավորել պետական կառավարման մոնոլիտ համակարգ, որն ուներ կլանաօլիգարխիկ կառուցվածք։ Ճիշտ է, ինչ-որ պահերի փոխվեցին իշխանության վերին օղակը ներկայացնող դեմքերի մի մասը, բայց դա ներկլանային փոփոխություն էր և չէր կարող հանգեցնել բաց տնտեսաքաղաքական համակարգի։

Այդ ընթացքում իշխանությունը «մարսեց» 1995-ի, 1996-ի, 1998-ի համապետական ընտրություններով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև հաղթահարեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ֆորս մաժորը։ Երբ Վազգեն Սարգսյանի սպանվելուց հետո վարչապետ նշանակված եղբայր Արամ Սարգսյանն ու իր թիմակիցները 2000-ի մայիսին հեռացվեցին պետական կառավարման համակարգից՝ վերջ դրվեց իշխանության ներսում գոյություն ունեցող տարբեր թևերի հակամարտությանը, որը նկատվում էր 1994-ից՝ պատերազմի ավարտից սկսած։

1994-2000 թթ քաղաքական զարգացումները հետևյալ կերպ ընթացան. հետպատերազմյան շրջանին հաջորդող մեկ-երկու տարուց տրոհվեց իշխող ուժ համարվող ՀՀՇ-ն, որն իր թեժ դրսևորումն ստացավ Էդուարդ Եգորյան-Վանո Սիրադեղյան հակամարտության ժամանակ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի ընտրություններից հետո, մեծ հաշվով, արդեն չէր տիրապետում իշխանական բուրգին, և առաջացան ներքին խմորումներ մի կողմից նախագահի թիմի, մյուս կողմից՝ վարչապետ նշանակված Ռոբերտ Քոչարյան-Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան-ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայան տրիումվիրատի միջև։ Վերջիններիս միացավ նաև այն ժամանակվա ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ով համարվում էր ՀՀ առաջին նախագահի ամենավստահելի մարդկանցից թե՛ Արցախում աշխատած տարիներին, թե՛ հետպատերազմյան շրջանում։

1998-ին Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրվեց։ Դրանից երկու տարի անց արդեն ստեղծվեց մոնոլիտ կառավարման համակարգ, որին մեծապես նպաստում էր 1995շեյխական բնույթի Սահմանադրությունը։

Մոնոլիտ կառավարման համակարգը իրականություն դարձրեց իշխանության և խոշոր բիզնեսի վերջնական սերտաճումը: Ավարտուն տեսքի բերվեց գիլդային տրամաբանությամբ գործող տնտեսաքաղաքական համակարգը։ Այդ պահից սկսած տնտեսական հարաբերություններն ունեցան նոր տիպի դրսևորում, և անցում կատարվեց նոր հարաբերությունների. տնտեսական կյանքը թևակոխեց հաջորդ փուլ:

2. Իշխանության ու խոշոր բիզնեսի սերտաճում, քվոտայավորված տնտեսություն և պետական կառավարման մոնոլիտ համակարգ

2-րդ փուլի ժամանակ ձևավորված տնտեսական խաղի նոր կանոնները հետևյալն էին՝ փոքր և միջին բիզնեսն ազատ էին այնքան ժամանակ, քանի դեռ չէին ներկայացրել խոշոր դառնալու հայտ: Փոքրից միջին դառնալը հեշտ էր, բայց դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհն արդեն փակ էր, քանի որ դա իշխանությունների անձնական հետաքրքրությունների և շահերի տիրույթում էր:

Նկատենք, որ հարկային ճնշումներն այս փուլում առավելապես զգում էր միջին բիզնեսը, քանի որ այդ շերտն օրենսդրորեն գտնվում էր խոշորի հետ հարկման միևնույն ռեժիմում, բայց չուներ խոշորի իշխանական հովանավորչության «բոնուսը»։ Փոքր բիզնեսը (տարեկան մինչև 50 մլն դրամ շրջանառություն ունեցողը) բավական արտոնյալ հարկային ռեժիմում էր գործում՝ օգտվելով պարզեցված հարկի ցածր տոկոսադրույքից, որը փոխարինում էր ավելացված արժեքի հարկին ու շահութահարկին։

Իրերի դրությունն այնպիսին էր, որ բիզնես դաշտի փոքր, միջին և խոշոր շերտերը միմյանց հետ առնչվում էին այնքանով, որքանով սպասարկում էին իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսի շահերը։ Մանր տնտեսական գործընթացները խոշորին չէին հետաքրքրում՝ չհետաքրքրելով նաև իշխանությանը։ Փոքր ու միջին բիզնեսի տիրույթում շուկայական մրցակցության կանոնները գործում էին ամբողջ թափով։ Խոշորում մրցակցային մթնոլորտ չկար. քվոտայավորման էր ենթարկված այդ տարածքը։

Այս փուլում իրենց կապիտալը շեշտակիորեն ավելացրին առավելագույնը երկու-երեք տասնյակ ընտանիքներ, որոնք տնօրինում էին ՀՆԱ-ի զգալի մասը: Բնական էր, որ վերը նշվածից ելնելով՝ խոշոր բուրժուազիայի եկամուտներն սկսեցին աճել երկրաչափական պրոգրեսիայով, իսկ մանր բուրժուազիան զարգանում էր փոքրիկ քայլերով: Միջին բիզնեսը նույնպես աճում էր, բայց ոչ այն թափով, որի պոտենցյալն ուներ, քանի որ սահմանափակումներ կային։ Այսինքն՝ երկիրը տնտեսապես առաջ էր գնում, բայց մենք ապրում էինք արդարության սուր դեֆիցիտի պայմաններում, որն արտահայտվում էր տնտեսվարող սուբյեկտների անհավասար հնարավորությունների և ՀՆԱ-ի անարդարացի բաշխման ձևով։

Երկրորդ փուլի ժամանակագրական տիրույթը կարելի է համարել 2000-ի մայիսից մինչև 2007-ի հունիսը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարիներին հստակորեն պահպանվում էին այն խաղի կանոնները, որոնք ներկայացրեցի վերևում:

Փաստենք, որ երկրոդ փուլում, ի տարբերություն առաջինի, տնտեսության մեջ, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, արձանագրվեց որոշակի տնտեսական աճ: Պատերազմն ավարտվել էր, էներգետիկ ճգնաժամ չկար, բագրատյանական սեփականաշնորհումը, թերություններով հանդերձ, չէր կարող չտալ իր դրական պտուղները, և, բնականաբար, այդ ամենը բերելու էր մասնավոր բիզնեսի աշխուժացման։

Այդ փուլում գրանցված տնտեսական աճն, իհարկե, մասամբ ուներ նաև արհեստական և վիճակագրանկարչական բնույթ, բայց փաստ է, որ նորանկախ Հայաստանի մակրո- և միկրոտնտեսական ցուցանիշների պիկն ունեցանք երկրորդ փուլում: Այդ աճին, բնականաբար, նպաստում էր նաև միջազգային տնտեսական բարենպաստ կոնյունկտուրան: Գաղտնիք չէ, որ սկսած 2002-ից՝ ՀՀ տնտեսության մեջ տարիներ շարունակ ներարկվում էին դրսից ուղարկվող միլիարդավոր մասնավոր դրամական միջոցներ և շինարարության մեջ ներդրվող մասնավոր ու նվիրատվության բնույթ ունեցող գումարներ («Լինսի» հիմնադրամ և այլն): Կարճաժամկետում դա դրական շոկ էր ապահովում տնտեսության համար, սակայն ակնհայտ էր, որ միջնաժամկետում և երկարաժամկետում խնդիրներն անխուսափելի էին լինելու, եթե տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չլինեին։

Ցավոք սրտի, այդ փոփոխությունները չեղան։ Երկիրը բրեժնեվյան շրջանը հիշեցնող գործընթացների մեջ էր հայտնվել։ Կենտրոնական բանկն էլ իր հերթին հանցավոր անգործություն կամ մասնագիտական կարճատեսություն ցուցաբերեց և քայլեր չձեռնարկեց դրամավարկային քաղաքականության, մասնավորապես փոխարժեքային քաղաքականության առումով, ինչի հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան։ ՀՀ տնտեսությունն այդ ընթացքում ձեռք բերեց թմրամոլի վարքագիծ, որին անընդհատ ներարկումներ էին պետք դրսից եկող դոլարների տեսքով։

Երկրորդ փուլի գլխավոր թերություններից էր այն, որ բյուրեղացվեց քվոտայավորված և ոչ տարիֆային կարգավորման ենթարկվող տնտեսական համակարգը: Հայկական դրամի արժեվորմանը զուգահեռ՝ ականատեսը դարձանք «հոլանդական» կոչված հիվանդության յուրօրինակ դրսևորման: Տնտեսությունը դարձավ առավելապես ներմուծող: Արտահանումը հայտնվեց կաթվածահար վիճակում։ Երկրորդ փուլի ավարտին ներմուծման և արտահանման ծավալները շուրջ 4 անգամվա տարբերություն ունեին հօգուտ ներմուծման: Ակնհայտ դարձավ, որ տնտեսության մեջ առկա շարժը և ձևավորված հարաբերությունները հանգեցնելու էին տնտեսաքաղաքական համակարգի գերկենտրոնացման, որն արդեն հաջորդ փուլի հատկանիշներից է, և որի մարմնավորողը դարձավ Սերժ Սարգսյանը, ով հանդիսանում էր նաև 2-րդ փուլի գլխավոր ճարտարապետներից և լիուլի օգտվել էր քվոտայավորված տնտեսության ոչ ֆորմալ հնարավորություններից։

3.Վարչաբյուրոկրատական կամ իշխանական քվազիկապիտալիզմ

3-րդ փուլի սկիզբ կարելի է համարել 2007-ի հունիսը: Մենք այժմ այդ փուլում ենք:

Այս փուլն ունի մակրոտնտեսական մի շարք տարբերակիչ առանձնահատկություններ։ Այժմ, ի տարբերություն երկրորդ փուլում արձանագրվածի, նկատվում է ազգային դրամի փոխարժեքի հակառակ վարքագիծը։ Դրամն արժեզրկվում է, ինչն անհեռատեսորեն փորձ է արվում զսպել պետական պահուստների հաշվին։ Այսինքն, ՀՀ ԿԲ-ն կրկին սխալ է գործում. նախկինում չէր միջամտում, երբ անհրաժեշտ էր, իսկ այժմ միջամտում է, երբ կարիք կա ընդամենը սահուն անկում ապահովելու։

Մենք հիմա ինֆլյացիայի տեսքով վճարում ենք 2-րդ փուլում ունեցած «թմրամոլ» տնտեսության և վատ կառավարման դիմաց, որին գումարվել է նաև դրամի փոխարժեքի ներկայումս արձանագրվող փոփոխությունն ու կառավարության բյուջեամոլությունը։

3-րդ և 2-րդ փուլերի տարբերությունն այն է, որ կտրուկ փոփոխություն մտավ հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Նոր հայեցակարգ ներմուծվեց դաշտ: Որդեգրվեց «մեծ բյուջե» ունենալու քաղաքականություն: ՀՀ պետբյուջեի ծախսային մասը 2007-ին հաջորդած տարիների ընթացքում առաջանցիկ աճ արձանագրեց ՀՆԱ աճի նկատմամբ: Բյուջետային ծախսերը մնացին համեմատաբար բարձր մակարդակի վրա նույնիսկ այն դեպքում, երբ ունեցանք ՀՆԱ անկում: Նման քաղաքականությունն իրագործվեց բիզնեսը ճնշելու կառավարության քայլերի շրջանակներում։

Գործադիրի ղեկավարը հանդես էր գալիս «Հայկական աշխարհ» կառուցելու, միջազգային կենտրոնների Հայաստան ստեղծելու դեմագոգիկ լոզունգների ներքո, սակայն իրականում հետապնդում էր «մեկ մարդու կամ մեկ օլիգարխի տնտեսություն» կազմավորելու նպատակ, որը թուրքմենբաշիզմի հայկական տարբերակն է։ Ու երբ այդ քաղաքականությունը հանգեցրեց տնտեսական անկման, իշխանությունը կրկնապատկեց արտաքին պարտքի չափը, որպեսզի սերունդների հաշվին սպասարկի իր «իդեա ֆիքսը»։ Բացի այդ, բիզնեսի բոլոր շերտերին, բոլշևիկյան տրամաբանությամբ, պատերազմ հայտարարվեց։

Այն, որ քոչարյանական շրջանի տնտեսական հարաբերությունները պետք է էապես բարեփոխվեին՝ անվիճելի է։ Պետք է բացվեր միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը, և դաշտն ամբողջությամբ ազատականացվեր։ Սակայն այն, ինչ առաջարկում է սերժսարգսյանական թիմը քոչարյանական շրջանում գործող մոդելի փոխարեն, է՛լ ավելի փակ ու կեղտոտ համակարգ է, քան կար նախկինում։ Նպատակ է դրվել սեփականության սողացող վերաբաշխում իրականացնել՝ հօգուտ մեկ մարդու՝ «թուրքմենբաշու»։

Առանձնահատուկ կուզենայի նշել, որ երրորդ փուլի սկզբում տեղի ունեցած տնտեսական խաղի կանոնների փոփոխությունն իր ազդեցությունն ունեցավ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ նպաստելով փոքր ու միջին բիզնեսի հակաիշխանական արմատական տրամադրություններին և առաջացնելով քաղաքական ցնցումներ:

Բանն այն է, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի փաստացի ղեկավարը դարձավ Սերժ Սարգսյանը՝ ունենալով ԱԺ հսկիչ փաթեթը։ «Կաղ բադիկ» Քոչարյանը նոմինալ առաջին դեմք էր, բայց որոշումները կայացնում էր ՀՀԿ «ճկուն» առաջնորդը, ով գնաց ձևավորված խաղի կանոնների կտրուկ փոփոխության։ Սերժ Սարգսյանը նպատակ դրեց 20-30 ընտանիքների օլիգարխիկ համակարգը ոչնչացնել և կառուցել ... 1 օլիգարխի տնտեսություն, որի գլխին պետք է լիներ հենց ինքը։ Այդ նպատակին հասնելու համար՝ Ս. Սարգսյանի թիմը պետք է ստվերային տնտեսության դեմ պայքարի դեմագոգիկ լոզունգներ ու քայլեր կիրառեր և այդպես էլ արեց։ Ու քանի որ իրենց նպատակները հակահասարակական ու հակաշուկայական էին՝ ուստի այդ քայլերի առաջին զոհերը դարձան բիզնեսի ամենաանպաշտպան՝ փոքր ու միջին շերտերը, որտեղ քիչ թե շատ գործում էին մրցակցային խաղի կանոնները։ Արդյունքում՝ ի սկզբանե նպատակ չունենալով ջարդել բուժուազիայի ստորին շերտերին՝ իշխանության քաղաքականությունը հենց դրան բերեց։ Այդպես ստացվեց։ Եթե նպատակներդ բարի չեն՝ արդյունները միշտ էլ ողբերգական են լինում, որքան էլ որ նման բան չուզենաս։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» դարձավ ոչ միայն արտաքին քաղաքական դաշտում, այլև՝ տնտեսության մեջ։ Երկու դեպքում էլ մեր պետությունը հայտնվեց աննախանձելի վիճակում։ Ինչևէ։

Փոխարենը հարկային դրույքաչափերն օրենսդրորեն իջեցնելու, բիզնեսի բոլոր շերտերի համար ողջամիտ խաղի կանոններ սահմանելու՝ իշխանությունը գնաց ճիշտ հակառակ ճանապարհով։ Նրանց նպատակը ոչ թե բիզնես մթնոլորտը բարեշրջելն էր, այլ տնտեսությանը տիրանալը։ Դա է պատճառը, որ որդեգրվեց «մեծ բյուջեի» քաղաքականություն։ Բյուջե, որի ծախսային մասը հանրության լայն շրջանակները չեն վերահսկում, իսկ պետական գնումները «օրինական» փող աշխատելու հսկայական հնարավորություն են տալիս այն տնօրինողներին։

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը խոշորին թիրախ դարձնելն է, բայց այդ նպատակին հասնելու ուղին ընկած էր փոքր ու միջինի վրայով, որոնց զրկեցին հաստատագրված վճարների համակարգից, պարտադրեցին մանրածախ առևտրի ՀԴՄ-ացում, այն դեպքում, երբ փաստաթղթաշրջանառության հարցերը կարգավորված չէին։ Այսինքն՝ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գինը տասնյակ հազարավոր մանր ու միջին տնտեսվարողների սնանկացումն էր, որի առաջ կանգ չառան «Հայկական աշխարհի» ճարտարապետները։

Հարկային տեռորը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ահավոր չափերի հասավ։ Սարգսյանի թիմը նախ գրեթե վերացրեց պարզեցված հարկը, որի ռեժիմով աշխատում էր շուրջ 26 000 տնտեսվարող սուբյեկտ, իսկ հետագայում ավելի առաջ գնացին ու տնտեսությունը հայտնվեց կաթվածահար վիճակում։ Ասել է թե՝ մի քանի հարյուր հազար մարդու շեշտակի հարված հասցվեց։ Այդ մարդկանցից շատերն իրենց վրդովմունքը հարկաբյուջետային քաղաքականությունից արտահայտեցին 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ որպես գործիք հիմնականում տեսնելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ով առավել արմատական հակաիշխանական դիրքերից էր հանդես գալիս և խոստանում էր վերականգնել պարզեցված հարկը։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մարտի 1-ը նաև իշխանությունների տնտեսական տեռորի՛ հետևանք էր։ Փոքր բիզնեսից օգտվողների շերտը, որն ավելի քան 300 հազ. մարդ էր ընդգրկում, ձև էր փնտրում իշխանություններին պատժելու և նպաստեց իշխանության ու հակաիշխանական ուժի կոշտ առճակատմանը։ Մթնոլորտը թեժանում էր նախագահի թեկնածուների կամքից անկախ։ Ի վերջո, իշխանությունները միայն ուժով կարողացան պահել իրենց դիրքերը։ Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ բացառապես մարտի 1-ի շնորհիվ։

«Մենակ թե սրանք գնան, թող ով ուզում ա՝ գա»,-վրդովված հայտարարում էր մանր ու միջին բուրժուազիան նախընտրական օրերին։ Նրանք չէին էլ խորանում Տեր-Պետրոսյանի քիրվայական կոդերի ու այլնի մեջ, ու էնպես չի, որ բոլորը, ովքեր ձայն էին տվել Տեր-Պետրոսյանին, ուզում էին Արցախը տանել փուլային հանձնումների ճանապարհով։ Ամենևին։

Իրականությունը հետևյալն է՝ կար գործող անընդունելի իշխանությունը, և պետք էր նրանից ազատվել։ Սա՛ էր իշխանության տնտեսական մամլիչի տակ ընկածների հիմնական կարգախոսը, և պետք չէ մարդկանց մեղադրել ու զարմանալ, թե ինչպես նրանք ձայն տվեցին Տեր-Պետրոսյանին այն դեպքում, երբ նա՛ էր ձևավորված արատավոր համակարգի հիմնադիր նախագահը։ Երբ քեզանից խլում են ունեցածդ՝ հիշողությունդ ու ռացիոնալ մտածողությունդ մղվում է հետին պլան։ Դա շատ նորմալ ու մարդկային բան է։

Անշու՛շտ, ես հեռու եմ այն մտքից, որ Տեր-Պետրոսյանին ձայն տվողները միայն ու միայն փոքր բիզնեսի դաշտից էին, բայց այդտեղից նա շատ ձայն հավաքեց՝ այդպես էլ մինչև վերջ չընկալելով իր հավաքած ձայների խորքային պատճառները։ Այդպես եմ կարծում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա քայլերը ցույց տվեցին, որ նա հետևողական չէ փոքր բիզնեսի շահերը պաշտպանելու հարցում։ Այսինքն, նախընտրական փուլում պարզեցված հարկի վերացման դեմ խոսելը տեղի էր ունեցել քաղաքական տեխնոլոգիաների կիրառման և էլեկտորալ հաճոյախոսության շրջանակներում։ Խոսքն ասվել էր՝ առանց խորանալու բուն էության մեջ։

Հիշեցնեմ, որ պարզեցված հարկի հանելուն դեմ էր խոսում նաև Արթուր Բաղդասարյանը, և նա էլ ահագին ձայն հավաքեց 2008-ին։ Այսինքն, մանր ու միջին սեփականատերերի ձայները հիմնականում տրվեցին Ա. Բաղդասարյանին ու Լ. Տեր-Պետրոսյանին։ Հետագայում Բաղդասարյանը դավաճանեց իր էլեկտորատի մեծ մասին, ովքեր նրա օգտին էին քվեարկել՝ փոքր ու միջին բիզնեսի առումով ունեցած ՕԵԿ ղեկավարի դիրքորոշմամբ պայմանավորված։

Նախագահական ընտրություններից հետո «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն ավելի մեծ թափով ընթացավ, քանի որ բուժուազիայի շահերը պաշտպանող ուժ գործնականում չկար (չկա)։

2008-ին ստացած հարկային հարվածից շատերն ուշքի չեկան, և 2009-ին արձանագրված ՀՆԱ 14,4 տոկոս տնտեսական անկումն առավելապես Տիգրան Սարգսյանի կառավարության՝ 2008-ից թափ առած հարկաբյուջետային ամենակուլ և տխրահռչակ քաղաքականության հետևանք է, այլ ոչ թե և ոչ այնքան միջազգային ճգնաժամի ազդեցության: Ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական և Արցախի հարցերում արձանագրված մեզ համար վտանգավոր զարգացումները ոչ թե դրսի ուժերի, այլ մեր «ֆուտբոլասերների» մեղքով է եղել։

3-րդ փուլում, ինչպես արդեն նշել էի, նկատվում է տնտեսության գերկենտրոնացում, որն իրականացվում է ֆինանսական հոսքերի վերաբաշխման միջոցով: Տնտեսական այն քաղաքականությունը, որն առաջարկում են Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնավոր սեփականության անուղղակի «ազգայնացում»: Պարզապես ոչ թե սեփականությունն է վերաբաշխվում, այլ սեփականությունից գոյացած ֆինանսական եկամուտը:

Ինչպես նշում էր ռուսաստանցի տխրահռչակ օլիգարխ Բորիս Բերեզովսկին. «Կարևորը ոչ թե գույքի, այլ ֆինանսական հոսքերի սեփականաշնորհումն է»։ Հենց դա էլ փորձում է Հայաստանում կիրառել Սերժ Սարգսյանը։ Այսինքն այս իշխանության ուզածը մաքուր բոլշևիկյան ոճի կուլակաթափությունը չէ. մասնավոր սեփականությունն օրենսդրորեն չի արգելվում, բայց դրա գերկենտրոնացումը մեր տնտեսությունը դարձնում է քվազիկապիտալիստական:

Մեկ ուշագրավ դիտարկում. մեր կողմից առանզնացված առաջին երկու փուլերում ընտրակեղծիքները, որոնք իշխանության վերարտադրությունն էին ապահովում, ձեռնտու էին և՛ քաղաքական ղեկավարությանը, և՛ նրանց հետ սերտաճած խոշոր բիզնեսին, քանի որ այդ ձևով նրանք հաջողությամբ պաշտպանում ու ավելացնում էին կապիտալի նախնական կուտակման արդյունքները։ Իսկ ահա 3-րդ փուլում տեղի ունեցող գարծընթացները հուշում են, որ խոշոր բիզնեսն այլևս շահագրգիռ չէ իշխանության վերարտադրման մեջ, քանի որ իրենից ուզում են խլել 1-ին ու 2-րդ փուլերում կուտակածը։ Այսինքն մենք հիմա ունենք մի իշխանություն, որի կարկառուն դեմքերը երես են թեքել իրենց հենարաններից՝ մնալով «օդում կախված»։ Արթուր Բաղդասարյանն ամբողջությամբ շեղվեց փոքր ու միջին բիզնեսին աջակցող իր նախընտրական կարգախոսներից՝ մաս կազմելով մի իշխանության, որն անում է այն, ինչի դեմ խոսում էր ՕԵԿ ղեկավարը նախընտրական փուլում։ Իր հերթին՝ Սերժ Սարգսյանը նույնպես արթուրբաղդասարյանություն արեց ընտրություններից հետո, բայց արդեն խոշոր բիզնեսի նկատմամբ, որին խոստացվել էր «Տաքուկ կյանք՝ ընտրակեղծիքների դիմաց»։ Ասել է թե՝ բիզնեսի բոլոր շերտերն այժմ իրենց «քցված» են համարում այս իշխանության կողմից։ Իսկ դա նշանակում է, որ մենք հետանկախական շրջանում առաջին անգամ ականատեսն ենք նոր իրավիճակի, երբ խոշոր բիզնեսը (իմա՝ իշխանության մի մասը) ստիպված պետք է ընդդիմանա իշխանությանը՝ ակամայից ընդդիմանալով նաև ռեժիմին։

Խոշոր բիզնեսը այն մասշտաբի քաղաքական ռեսուրս չունի, որպեսզի կարողանա պաշտպանվել սերժսարգսյանական նեոբոլշևիզմից՝ ուստի նրան այլընտրանք չի մնա, քան դաշնակիցներ փնտրել ի դեմս բիզնեսի փոքր ու միջին շերտի, ինչպես նաև հանրության լայն շրջանակների։

Սկսած 1995-ի ընտրություններից՝ փոքր ու միջին բուրժուազիան մշտապես եղել է հակաիշխանական ուժերի կողմը, բայց այնքան ուժեղ չի եղել, որպեսզի կարողանա հաղթել։ Փոքր ու միջին բիզնեսի վերջին դաժան պարտությունը 2008-ին էր, երբ այդ շերտը դավաճանվեց իր շահերի պաշտպանի դերը ստանձնած Արթուր Բաղդասարյանի կողմից։

Այժմ բոլորին պարզ դարձավ, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է և պետք չէ այս կամ այն սուբյեկտի վրա հույս դնել, ով հետո վաճառում է քո շահերը՝ ԱԽՔ-անալով կամ այլ տարբերակով։ Փոքր ու միջին բիզնեսի շերտը ներկայումս մենակ է մնացել իշխանական մեքենայի դեմ։ Սակայն ժամանակի ընթացքում այդ շերտը բավական հզոր գործընկեր կարող է ունենալ, քանի որ խոշոր բիզնեսի շահերը նույնն են, ինչ իրենցը։ Պետք է ընդամենը նորմալ կոդերով քաղաքական վերնաշենք ստեղծել և գնալ համակարգային փոփոխությունների։ Փոքր ու միջին բիզնեսի երազանքը հնարավորությունների հավասարությունն է, որին այժմ դեմ չէ նաև խոշոր բուրժուազիան և կողմ է այս ռեժիմի փոփոխությանը։ Ճիշտ է, այդ փոփոխության պահանջը խոշորը ներկայացնում է ոչ լավ կյանքից, ոչ այնքան բացահայտ և առայժմ անկազմակերպ տեսքով, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Առանձին խմբերով հանդես գալը որևէ օգուտ չի տա։ Պետք է համախմբվել։

ՀՀ բիզնես վերնախավն ուզած-չուզած պետք է խոչընդոտի Սերժ Սարգսյանի հետագա վերարտադրությանը և նպաստի բաց ու մրցակցային տիպի տնտեսաքաղաքական համակարգի ստեղծմանը, քանի որ այդ ամենը չանելու այլընտրանքը խոշոր բիզնեսի համար, պատկերավոր ասած, «չաղացվող, իսկ հետագայում մորթվելու ենթակա խոզի» հեռանկարն է, որը ձեռտնու չէ ո՛չ իրենց, ո՛չ էլ ժողովրդին։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ առաջնորդվում են «Գործարանը՝ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն» կարգախոսով։ Հիմա իշխանությունները ժողովրդին ուզում են թոշակի մասին պատմվող հեքիաթներով կերակրել ու քողարկել իրենց իրական նպատակը, որը միտված չէ թոշակառուի կյանքը բարելավելուն։ Ընդհակառակը։

Մի խոսքով, փոփոխությունների կարիք հիմա ունեն բավական լայն շրջանակներ և առաջիկա համապետական ընտրությունները տարբերվելու են մյուսներից նրանով, որ խոշոր բիզնեսը միասնաբար չի պաշտպանելու գործող ռեժիմը և կողմ է լինելու փոփոխություններին։ Սա աննախադեպ իրավիճակ է լինելու։ Փոփոխություններ է ուզում նաև ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ինչը բնական դաշնակիցներ է դարձնում երեկվա ընտրակեղծիքներին նպաստողներին ու էլեկտորատի մեծ մասին։

Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում իշխանական հարաբերությունները տեղավորվում են «Իշխանության մուտքը ներսի կողմից է» բանաձևում։ Դա էր պատճառը, որ տարատեսակ ընդդիմությունները չկարողացան հասնել իրենց նպատակին։ Այժմ այդ «ներսի դուռը» կիսաբաց է լինելու, քանի որ դրանում շահագրգռված են հենց ներսի՛ ուժերից շատերը, որոնք ստիպված պայքարելու են սպասվելիք ընտրակեղծիքների դեմ, քանի որ բաց և մրցակցային տնտեսական համակարգը կարող է դառնալ իրենց սեփականության պաշտպանության միակ երաշխիքը։ Նշյալ հանգամանքը ստեղծում է բոլոր նախադրյալները բուրժուադեմոկրատական տրանսֆորմացիայի համար, որը միանշանակ պետք է իր մեջ ներառի նաև ազգային հարցերում օրվա իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության փոփոխությունը։

Համակարգի փոփոխությունը բխում է մեր ազգային անվտանգության ապահովման շահերից։ Գաղտնիք չէ, որ մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք «սառը պատերազմի» մեջ։ Այժմ տնտեսական պատերազմ է։ Կհաղթի նա, ով ավելի արդիական պետական համակարգ կունենա։ Այն ինչ անում է Սերժ Սարգսյանի թիմը՝ ճիշտ հակառակն է, որը մեծացնում է պատերազմի և մեր պարտության հավանականությունը։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ մեր հասարակությունը պարտված է հոգեբանորեն ու տնտեսապես՝ անմիջապես կհարձակվի։ Դա կանխելու համար՝ անհրաժեշտ է գնալ ներքին կյանքի փոփոխության և վաղվա օրվան հավատացող հասարակության ձևավորման, որպեսզի հաղթող ազգ դառնանք։

Սերժ Սարգսյանի իշխանությունը գրեթե չունի հանրային հենարան։ Դա իրենք բնազդով են զգում ու փորձում են դրսում հենարան փնտրել։ Արդյունքում՝ ընկնում են քիրվայության գիրկը։ Մեր տնաբույծ բոլշևիկները քիրվայությամբ են ուզում աթոռ պահել՝ վերածվելով, ինչպես Նժդեհն էր նմաններին բնորոշում, թրքաբոլշևիկների։ Հետևաբար՝ համակարգային փոփոխությունները, որոնք պետք է ներառեն հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ նախևառաջ անհրաժեշտ են ազգային անվտանգություն, խաղաղություն և ազգային առաջադիմություն ապահովելու համար։ Այսինքն երբ խոսվում է ազգային-դեմոկրատական փոփոխությունների մասին՝ դա ոչ թե վերացական գաղափար է, այլ ունի շատ առարկայական հիմք և մեծ պահանջարկ։ Մեզանում այսօր թրքաբոլշևիզմ է տիրում, որը սպառնալիք է մեզ և մեր սերունդներին։ Պատմական այս շրջանի էջը պետք է շրջել։ Որքան շուտ, այնքան լավ։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը