Խմբագրական

05.04.2010 01:35


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը

Հայաստանում գործող տնտեսաքաղաքական համակարգը ճգնաժամաստեղծ է։ 1995-ին ընդունված Սահմանադրությունն իրավական տեսք տվեց այդ ամենին, իսկ 2005-ի սահմանադրական փոփոխությունները չնայած քայլ առաջ էին, սակայն իշխանության ճյուղերի տարանջատումը և տեղական ինքնակառավարման համակարգը մնացին գրեթե նույն ճգնաժամաստեղծ վիճակում, ինչը նշանակում էր, որ պետության ճակատագիրը կախված է մեկ մարդու՝ նախագահի քմահաճույքից։

Ավելորդ չէ հիշելը, որ և՛ 1995-ին, և՛ 2005-ին սահմանադրական հանրաքվեն անցավ օրինախախտումներով, և դա մեզանում արմատավորված համակարգի բնույթով է պայմանավորված։ Չեն կարող լինել ՀՀ նախագահի կամ ԱԺ-ի կեղծված ընտրություններ ու այս ամենի ֆոնին՝ սահմանադրական նորմալ հանրաքվե։

Ըստ իս՝ ՀՀ-ում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարության կայացմանը, առավելապես պայմանավորված են տնտեսական դաշտում տիրող հարաբերություններով։ Բանն այն է, որ սեփականությունը պաշտպանված չէ, ինչը հանգեցնում է թե՛ բիզնեսով զբաղվող իշխանությունների, թե՛ նրանց կից գործող բիզնեսմենների մոտ իռացիոնալ սպասումների։ Սեփականության և բիզնեսի սերտաճումը արմատական է դարձնում իշխանությանը, որը պատրաստ չէ զիջել իր լծակները, քանի որ երաշխիք չունի, որ չի զրկվի ամեն ինչից։ Դա է պատճառը, որ ընտրակեղծիքները համատարած բնույթ են կրում։ Իշխանության համար պայքարը վերածվում է կենաց-մահու պայքարի։

Վերը նկարագրված երևույթներն այս կամ այն չափով արձանագրվել են Սովետական Միությունից հետո ստեղծված նորանկախ բոլոր հանրապետություններում։ Որոշ երկրներ արագ հաղթահարել են դրանք, իսկ մյուսները դեռ տեղապտույտի մեջ են։

Անցման դժվարություններ

ՍՍՀՄ փլուզմանը հաջորդած պլանային տնտեսության տրանսֆորմացիաները հետսովետական տարածքում (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում) ներառեցին հետևյալ հիմնական գործընթացները.

1.պետական սեփականությունից անցում դեպի մասնավոր կամ խառը սեփականատիրական հարաբերությունների,

2.տնտեսության կառավարման պլանային մոդելից անցում դեպի շուկայական հարաբերությունների,

3.գնագոյացման վարչական մեթոդից անցում դեպի առաջարկ-պահանջարկ մոդելի,

4.աշխատաշուկայի ապակենտրոնացում և ազատականացում,

5.հարկային, մաքսային և դրամավարկային ինքնուրույն քաղաքականության ձևավորում և այլն:

Հետսովետական բոլոր երկրներում անցման սկզբնական փուլն աչքի ընկավ լրջագույն դժվարություններով։ Բարձր սոցիալական գին վճարվեց աղքատության կտրուկ աճի, տնտեսական ենթակառուցվածքների քայքայման, ապրանքային դեֆիցիտի, գործազրկության աճի, բարձր մակարդակի ինֆլյացիայի տեսքով: Տնտեսությունները բախվեցին ստագֆլյացիա կոչված երևույթի հետ, որը նշանակում էր գործազրկության և գների համաժամանակյա աճ։

Նախկին միութենական հանրապետություններից յուրաքանչյուրը տարբեր կերպ անցավ հետսովետական անկախ տնտեսության ստեղծման փուլերը: Լավագույն ցուցանիշները և՛ մակրո, և՛ միկրո տնտեսական մակարդակներում գրանցվեցին մերձբալթյան երկրներում: Պատահական չէ, որ ժողովրդավարության մակարդակն էլ այնտեղ անհամեմատ բարձր է մեր տիպի երկրներից։

Ինչ վերաբերում է ՀՀ հետանկախական շրջանում արձանագրված տնտեսական ու քաղաքական գործընթացներին և դրանց գնահատականներին, ապա այդ մասին կներկայացնեմ հաջորդիվ, որից հետո կտրվեն ստեղծված վիճակից դուրս գալու լուծումներ։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը