Լրահոս

04.05.2019 16:02


Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի Բասեն համայնքում եւ Ախուրյանի թիվ 1 դպրոցում

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի Բասեն համայնքում եւ Ախուրյանի թիվ 1 դպրոցում

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում եւ Բասենի համայնքապետարանում առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:

2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը կատարել է չարաշահումներ։ Մասնավորապես, վերջինս հիմնել է համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվը եւ «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամը», որոնց հաշվեհամարներին ավագանու որոշումների հիման վրա փոխանցել են գումարներ, մինչդեռ նման որոշումներ եւ հաշվապահական փաստաթղթերում գումարների փոխանցման նպատակների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: ՝

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում Բասեն համայնքի ղեկավարը, տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներին որպես դրամական օգնություն՝ «այլ նպաստ», հատկացնելու պատրվակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի 2 աշխատակիցների անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափի 3.523.000 ՀՀ դրամ գումար եւ յուրացրել այն։

Առերեւույթ կոռուպցիոն չարաշահում է պարզվել Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքի է հրամանագրել իր մտերիմներին, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:

Նկատի ունենալով, որ առերեւույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ եւ անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությամբ, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:

«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ Բասեն համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Այս խորագրի վերջին նյութերը