Խմբագրական

28.03.2010 19:20


«Նախաձեռնողները» սկսում են և պարտվում

«Նախաձեռնողները» սկսում են և պարտվում

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրեց «նախաձեռնողական» բնույթի մի քանի հարցազրույց տալ արտերկրի լրատվամիջոցներին։ Ֆրանսիական «Ֆիգարոյով» սկսած ու սիրիական  «Ալ վաթանով» ավարտած այդ շարքը ևս մեկ անգամ հաստատեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն անփառունակ վախճան է ունեցել։ Այդ ամենը հասկացել է նույնիսկ Սերժ Սարգսյանը։ Հասկացել ու ... ավելի «նախաձեռնող» է դարձել։

Դրսին՝ «այո», ներսին՝ «ոչ»

ՀՀԿ «ճկուն» առաջնորդի քաղաքականությունը հիմա նման է ճահճի մեջ հայտնված այն մարդու գործողությանը, ով փորձում է դուրս գալ այդտեղից, բայց որքան շատ է շարժվում՝ այնքան ավելի խորն է ընկղմվում կեղտի մեջ («Մենք պետք է ճկուն լինենք՝ որոշումներ կայացնելիս և դրանք փոխելիս» - հատված Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի վերջին համագումարում ունեցած ելույթից)։ Ու քանի որ մենք դեռևս մեկ մարդուց՝ նախագահից կախված պետական կառավարման համակարգ ունենք, ուստի Սարգսյանի հետ միասին նաև ՀՀ-ն է մխրճվել ճահիճը։ Սա՛ է մտահոգիչն ու անհանգստացնողը։

Տերպետրոսյանական պատկերացումների «խաղաղության» (իր էությամբ՝ քիրվայական) կուսակցության դրոշակակիր դառնալու հայտ ներկայացրած Սերժ Սարգսյանը՝ «Ֆիգարոյին» տված հարցազրույցում փաստացի արձանագրում է իր ձախողումը։ Նա հոռետեսորեն էր խոսում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման թեմայով և նեղսրտում, թե թուրքերը նախապայմաններ են առաջ քաշում։ Իսկ Ադրբեջանի մասով էլ ասաց, թե չեն ուզում պատերազմ, բայց չեն էլ վախենում դրանից։

Հետո եկավ «Եվրոնյուզին» հարցազրույց տալու պահը։ ՀՀ «ճկուն» նախագահի մոտ փոփոխություններ արձանագրվեցին։ Պատերազմից չվախեցող Սարգսյանը, այս անգամ արդեն մուրացկանի և քիրվայականի կեցվածքով, կոչ արեց Ադրբեջանին համաձայնագիր ստորագրել  ուժի չկիրառման մասին, որից հետո ինքը պատրաստ էր քննարկել մնացած բոլոր հարցերը։ Ադրբեջանցիները, բնականաբար,  այդ խոսքերից ավելի լկտի դարձան։

 Այո՛, պատերազմ ոչ մի ազգ չի սիրում, բայց եթե սարգսյանական ոճով փորձես պատերազմից խուսափել, ապա ավելի շուտ կսկսվի կռիվը։ Սա պարզ ճշմարտություն է։ Հայտնի խոսքեր կան. խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։

Այժմ տեղին է հիշել, որ երբ ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, Սերժ Սարգսյանն ու իր պալատական սազանդարները, ի պատասխան մեր քննադատության, նշում էին, թե Մայնդորֆից հետո Ադրբեջանն այլևս չի կարող ռազմատենչ հայտարարություն անել և եռակողմ հռչակագիրն այդ մասով ներկայացնում էին որպես ձեռքբերում։ Եթե դա այդպես էր, ապա ինչու՞ է այժմ Սարգսյանը կրկին խոսում ուժ չկիրառելու մասին համաձայնագիր ստորագրելուց։ Եթե կարիք է առաջացել խոսել պատերազմից ու դրանից խուսափելուց, ուրեմն Մայնդորֆը «փուչիկ» էր, որը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից։ Մայնդորֆի ժամանակ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնեց, Ադրբեջանը թուղթ ստացավ, որտեղ չկար Արցախի ստորագրությունը, իսկ մենք մնացինք ձեռնունայն։ Այսինքն հայկական դիվանագիտությունը միայն կորուստներ ունեցավ։ Եվ այս ամենը «նախաձեռնողականության» շրջանակներում։

Ի դեպ, հարկ է խոսել մեկ շատ կարևոր հանգամանքի մասին։ Մեզ ամեն օր քարոզվում է, թե ՀՀ և Արցախի բանակներն ամենամարտունակն են տարածաշրջանում։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ինչու՞ է Սերժ Սարգսյանը լեղապատառ լինում՝ պատերազմի անունը լսելիս։ Չէ՞ որ Ադրբեջա՛նը պետք է մտահոգվեր, քանի որ մենք ունենք շատ մարտունակ բանակ։ Եթե այժմ Սարգսյանն ամեն գնով ուզում է խուսափել պատերազմից՝  ուրեմն ՀՀ-ն ձախողել է հետպատերազմյան շրջանի բանակաշինության գործընթացը, որը կզսպեր դիմացինի ախորժակը և կերաշխավորեր տևական խաղաղություն։ Բանակաշինության տապալման մասին «ֆուտբոլասերը», հավանաբար, ներսից գիտի, քանի որ ի՛նքն է եղել պաշտպանական գերատեսչության երկարամյա ղեկավարը։ Սարգսյանն «էն գլխից» էր հայտարարում, որ  Աղդամը մեր հայրենիքը չէ։ Այսինքն՝ «փոքրուց» է եղել «խաղաղասեր»։

Ուժի չկիրառման մասին Սարգսյանի աղիողորմ խնդրանքների մյուս բացատրությունն  այն կարող է լինել, որ  մենք գործ ունենք քիրվայակենտրոն գործչի հետ և անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի վիճակում է մեր բանակը՝ Սարգսյանն իրեն այդպես պետք է պահեր։ Այս երկրորդ տարբերակը, թերևս, ավելի մոտ է իրականությանը։ Այսինքն՝ սա տեսակի հարց է։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կռվի տարիներին անընդհատ խոսում էր Հայաստանի պարտվելու մասին, վախենում էր Ադրբեջանի քանակական առավելությունից, բայց կռիվն այլ ելք ունեցավ։ Այսինքն՝ Սարգսյանի անողնաշար պահվածքը բացատրություն ունի։ Դա հենց քիրվայականության վառ դրսևորումներից է, որի կրողը մի ժամանակ ՀՀ առաջին նախագահն էր, իսկ հիմա՝ Տեր-Պետրոսյանի երբեմնի մտերիմ ընկերն ու հայատյաց Կեվորկովի նախկին օգնականը։ Հո իզու՞ր չէր Տեր-Պետրոսյանը նրան ամենակարևոր ուժային պաշտոնները վստահում իր նախագահության օրոք. քիրվան քիրվային հեռվից էր տեսնում։ Ասել է թե՝ Սարգսյանը միշտ էլ «նախաձեռնողական» է եղել։ Ուրիշ բան, որ շատերը դա չէին ֆիքսել։ Հիմա ամեն ինչ պարզ է։

Նեոքիրվայականության առանձնահատկությունները

Զգալով, որ «Եվրոնյուզից» հետո ադրբեջանցիները չեն արձագանքում, կամ, ավելի ճիշտ, արձագանքում են, բայց «ԺԷԿ-ի պետի» մակարդակով՝ Սարգսյանն է՛լ ավելի առաջ գնաց ու սիրիական «Ալ վաթանին» տված հարցազրույցում պատրաստակամություն հայտնեց հանձնել ԼՂՀ-ն շրջապատող անվտանգության գոտին, բավարարվել Հայաստանն ու Արցախը կապող միջանցքով ու ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությամբ (ուշադրությու՛ն դարձրեք՝ Սարգսյանը խոսում է ընդամենը հնարավորության մասին)։

Դատելով այն բանից, որ Սարգսյանի այդ խոսքին չհետևեց Ադրբեջանի դրական արձագանքը՝ ենթադրվում է, որ Մադրիդյան նորացված սկզբունքները շատ ավելի վատ լուծման մոդել են պարունակում իրենց մեջ, քան հայտարարեց Սարգսյանն իր հարցազրույցում, ուր նա  «կոշտացնում» էր իր դիրքորոշումը։ Այդ «կոշտացումը» ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության մասով է։ Այսինքն՝ բանակցային սեղանի վրա այժմ դրված է Արցախի հարցի լուծման այն տարբերակը, որը 1997 թվին առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց մեկ տարբերությամբ։  Այդ տարբերությունն 97-ի առաջարկից այն է, որ թեկուզ անորոշ ձևով, բայց խոսվում է ԼՂՀ վերջնական կարգավիճակի մասին, որը չկար այն տարիներին, երբ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր փուլային լուծման գնալ։ Հիշեցնեմ, որ ԼՂՀ կարգավիճակի մասին որևէ կետ փուլայինում չկար։ Տեր-Պետրոսյանն այն օրերին առաջարկում էր արագ լուծումներ։ Դա փաստացի արագ և միակողմանի հանձնումների ճանապարհ էր, որը հանգեցնելու էր նոր պատերազմի, բայց դա, բնականաբար, չէր գիտակցում ՀՀ առաջին նախագահը։

 Փուլային հանձնումների տերպետրոսյանական տարբերակն այն ժամանակ կանխվեց, բայց այժմ մենք ընդհուպ մոտեցել ենք դրան՝ շնորհիվ նեոքիրվա Սերժ Սարգսյանի։ Նրան հիմա կես քայլ է մնում 1997-ի տարբերակին վերադառնալու համար, որին Սարգսյանն առայժմ չի գնում։ ՀՀ գործող նախագահը դիմադրում է։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի ֆոնին, ով 2007-ին նշեց, որ չի փոխել իր հայացքներն Արցախի մասով, Սարգսյանը ազգային գործիչ է (կրկնեմ՝ Տեր-Պետրոսյանի ֆոնին)։ Դա է պատճառը, որ Սարգսյանը դեռ մնում է իշխանության, քանի որ տիտղոսային ընդդիմություն համարվող ՀԱԿ-ն այս հարցերում ավելի քիրվա է, ինչն այս փուլում կապում է Սարգսյանի քայլերը չընդունող շատ այլ ուժերի ձեռքերը։

«Ալ վաթանի» միջոցով Սարգսյանը «մեսիջներ» էր ուղարկում նաև իր «եղբայր» Գյուլին՝ «Ցեղասպանության հարցի սառեցում՝ բաց սահմանների դիմաց» թեմայով։

«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է' բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը' կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է' որքան երկար տևի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետությունների թիվը»,- նշում է Սարգսյանն իր այդ հարցազրույցում՝ ըստ էության թուրքերին հասկացնելով, որ որքան շուտ վավերացվեն արձանագրությունները, այնքան կքչանա Հայոց ցեղասպանությունն ընդունող երկրների քանակը։

Հիշեցնեմ, որ ժամանակին, երբ Հայաստանում «Թուրքիայի օրեր» էին հայտարարվել, սարգսյանականներն, իրենց ճղելով, ասում էին, թե այդ արձանագրություններով ցեղասպանության ճանաչման հարցն ավելի մեծ թափ է հավաքելու։ «Ալ Վաթանին» տված հարցազրույցը ճիշտ հակառակի մասին է վկայում։ Ս. Սարգսյանի խոսքերը ցույց են տալիս, որ 1) Սարգսյանի վարչախումբը որևէ կապ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ներկայիս միջազգային գործընթացների հետ և 2) ՀՀ իշխանությունը ոչ միայն կապ չունի այդ գործընթացի հետ, այլև Թուրքիային հուշում է, թե ինչպես կարելի է խուսափել ցեղասպանության հետ կապված միջազգային ճնշումներից։

«Ալ վաթանին» հետևեց Դեյր Զորը։ Սարգսյանն իր «տուռնեն» ավարտեց այնտեղ։ Դեյր Զորում նրա արած հայտարարությունը  մեկ այլ մտահոգության տեղիք տվեց։ Բանն այն է, որ Սարգսյանը հավաստիացրեց, թե  Արցախի հարցում գաղտնի գործընթացներ չեն լինելու։ Իսկ հետո ասաց մի բան, որից պարզ դարձավ, որ չի բացառվում գիշերային որոշման պրակտիկայի շարունակություն՝ այս անգամ արդեն  Արցախի մասով։ Սարգսյանն իր հետ հանդիպման եկած սփյուռքահայերին խոստանում էր, որ Արցախի հետ կապված համաձայնագիրն իրենք գաղտնի չեն պահի և նույն կերպ կքննարկեն ժողովրդի հետ, ինչպես որ դա արեցին հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ մեզ կրկին փաստի առաջ են կանգնեցնելու, քանի որ հայ-թուրքականի ժամանակ հենց այդպես էլ եղավ։

Ինչու՞ այսպես ստացվեց և ի՞նչ է պետք անել

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին՝ Սարգսյանը հայտնվել է շատ ծանր դրության մեջ։ Այդ վիճակից նա փորձում է դուրս գալ քիրվայության միջոցով։ Բայց որքան շատ է նա քիրվայանում, այնքան ավելի ագրեսիվ են դառնում թուրքերն ու ադրբեջանցիները։ Արդյունքում՝ Հայաստանի վրա սարսափելի ճնշումներ կան Արցախի մասով, պատերազմի հավանականությունը մեծացել է, և այդ ամենը բացառապես «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր Սերժ Սարգսյանի  և  «ֆուտբոլը» ողջունած ուժերի պատճառով։

Արձանագրենք, որ Սարգսյանի «ֆուտբոլային» ֆիասկոն նաև Տեր-Պետրոսյանի ֆիասկոն է, ինչը նրանց դարձնում է բնական դաշնակիցներ և ինչը կբերի նրանց երկուսի միաժամանակյա մարգինալացմանն ու քաղաքական դաշտից հեռացմանը։

«Բա լավ, իշխանության մեջ մի խելացի խորհուրդ տվող չկար, որ էսքան բանը զգուշացներ»,- ինքն իրեն ու դիմացինին հարցնում է շարքային հայ քաղաքացին։ Խելացի խորհուրդ տվողի մասով չեմ կարող որևէ հստակ բան ասել, բայց քաղաքականության ՕԳԳ-ն գնահատվում է արդյունքներով, որոնք, մեղմ ասած, վատն են։

Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի խնդիրները գալիս են պետական ինստիտուտների չկայացվածությունից։ Երկիրը մեկ մարդ է կառավարում և նրանից է կախված պետության ապագան։

Եթե մենք անընդհատ մտածում ենք «չար» թագավորին «բարի» թագավորով փոխելու մասին՝ ստանում ենք այսօրվա պատկերը։ Զարգացած երկրները հասել են իրենց այսօրվա մակարդակին, քանի որ համակարգեր են ստեղծել։ Անշու՛շտ, եղել են հզոր անհատներ, ովքեր օրհասական պահերին առաջնորդել են երկիրը, բայց հանգիստ պայմաններում պետք է ֆիզիկական անձանց համակարգը փոխարինել ինստիտուտներով, ձևավորել իշխանության ճյուղերի զսպումների և հակակշիռների գործուն մեխանիզմներ, որպեսզի երկրի նախագահը մի օր քնից չարթնանա ու չասի. «Մի հատ Գյուլին չկանչե՞մ Հայաստան»։ Ու երբ իր շրջապատի մարդիկ զարմացած հարցնեն, թե  «Ի՞նչ նպատակով», չլսեն մոտավորապես այսպիսի պատասխան. «Նպատակս ո՞րն ա, կարևորը որ սաղ աշխարհը կխոսա էդ մասին, մեզ ցույց կտան CNN-ով, բանով։ Համ էլ էն մի հոգավորը «մանթոյից» կմեռնի, միտինգները կհետաձգի, ստիպված պտի ողջունի քայլերս, կխուրդվի ու ես իշխանությունս կպահեմ»։  

Իհարկե, նշված խոսքերը ենթադրություն են, բայց, ելնելով հայ-թուրքական գործընթացի արդյունքներից, կարելի է վստահորեն պնդել, որ նմանատի՛պ հաշվարկներով է խաղի մեջ մտել Սերժ Սարգսյանը։

Ինքնին հասկանալի է, որ քիրվայական այս էջը շրջել է պետք։ Հարկավոր է հայաստանակենտրոն նոր ուժ ձևավորել,  փոխել Սարգսյան-Տեր-Պետրոսյան զույգի կողմից ձևավորած ներքաղաքական կյանքի ստատուս քվոն և գնալ ազգային-դեմոկրատական փոփոխությունների։

Նկատենք, որ ժամանակն աշխատում է Ս. Սարգսյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի՝ սիամական երկվորյակների վերածված գործիչների դեմ։ Այսինքն՝ կգա նաև քիրվայականներից փաթեթային տարբերակով ազատվելու ժամանակը։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ-ի գործկոմը նկատողություն էր հայտարարել իր կուսակից պատգամավոր Վարդան Այվազյանին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Այվազյանին նկատողություն էին  հայտարարել, քանի որ նա չէր պաշտպանել իր նորաթուխ ՀՀԿ-ական ընկերոջը՝ էկոնոմիկայի նախարար և նյուվասյուկիստ Ներսես «շնորհալուն»։ Բանն այն է, որ Այվազյանն իր հարցազրույցներից մեկում չէր քննադատել Գագիկ Ծառուկյանի՝ «շնորհալու» հասցեին ասածները։

Եթե դա այդպես է, և Վ. Այվազյանը պատժվել է իշխանական նեղ շրջանակից տարբերվող կարծիք հայտնելու համար, ապա  ՀՀԿ-ում իսկական բոլշևիզմ է տիրում, որը ենթադրում է ոհմակային մոտեցում։ Բայց, եթե հիշում եք,  ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանն ասում էր, թե կուսակցությունը ոհմակ չէ (Գալուստ Սահակյանի ականջը կանչի)։ Փաստորեն, ՀՀԿ առաջնորդն այժմ այլ կարծիք ունի իր գլխավորած կառույցի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը