Լրահոս

06.03.2019 11:50


Հայաստանի բուհերի ներքին ու արտաքին գրավչությունը

Հայաստանի բուհերի ներքին ու արտաքին գրավչությունը

Երևանի և Շիրակի համալսարանների ռեկտորների անվստահության ու, մեղմ ասած, չընտրության փաստերը ինքնին առիթ են՝ անդրադառնալու բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին: Հատկապես որ այս համակարգն իր լավագույն օրերը չէ, որ ապրում է: Ու պատճառը միայն հետհեղափոխական շոկը չէ:

Բուհական համակարգում լարված կամ ծանր իրավիճակի պատճառը մի կողմից ժողովրդագրական խնդիրներն են (պակասում է միջնակարգ կրթություն ստացողների քանակը, արդյունքում՝ կրճատվում է դիմորդների ու բուհ ընդունվողների թիվը), մյուս կողմից՝ միջնակարգ ու հանրակրթության ոլորտում արված բարեփոխումները, որոնք ժողովրդագրական ալիքի էֆեկտով հարվածում են բուհերին:

2013/14 ուսումնական տարում մեր երկրում բուհ է ընդունվել 19 հազար 34 ուսանող: Այս թիվը հաջորդ ուստարիներին նվազելով՝ 2017/18-ին դարձել է 15 538: Բնականաբար, առաջինկուրսեցիների ցուցանիշի հետ համամասնորեն նվազել է ուսանողների ընդհանուր թիվը: Եթե 10-15 տարի առաջ մեր երկրում 100 հազարից ավելի բուհական ուսանող կար, 2013/14 ուստարում նրանց թիվը 85 922 էր: Բայց դա վերջին հինգ տարիների ամենաբարձր քանակությունն էր: 2017/18 ուսումնական տարում մեր բուհական համակարգում սովորում էր 78 747 ուսանող: Այս թվերը վերաբերում են նախնական կամ առաջին աստիճանի բուհական կրթությանը:

Տարիներով ձևավորված ավանդույթի համաձայն՝ կարելի է ասել, որ բուհերի շրջանավարտների մոտ 80 տոկոսը կրթությունը շարունակում է երկրորդ աստիճանում` մագիստրատուրայում: Այստեղից հասկանալի է, որ ուսանողների ընդհանուր թվի հետ նվազել է նաև մագիստրատուրայում սովորողների քանակը: 2013/14-ին նրանք մոտ 15 հազար էին, իսկ 2017/17 ուստարում՝ արդեն 11 793: Մեկ տվյալ ևս. 2013/14 ուստարում Հայաստանում գործում էր 63 բուհ: Կրթության որակի անկման ու այլ թեմաներով հասարակական քննարկումների (դրանցից ամենացայտուն կամ ամենախայտառակ դեպքին դեռ կանդրադառնանք) արդյունքում բուհերի քանակը կրճատվեց: 2017/18 ուստարում դրանք երկուսով պակաս էին: Բայց հակառակ գործընթաց է արձանագրվել բուհական կրթության երկրորդ աստիճանում: 2013/14 թթ. մագիստրոսական դասընթացներ կային 41 պետական ու մասնավոր կազմակերպություններում: Իսկ անցած ուստարվա ընթացքում մագիստրոսական դասընթացներ ուներ 46 կազմակերպություն: Ահա այսպիսին է մեր բուհական համակարգի ներքին թվային պատկերը:

Մեր բուհական համակարգում սովորում են նաև արտասահմանցի ուսանողներ: Դա տասնամյակների (խորհրդային տարիներից եկող) ավանդույթ է: Միակ «նորույթն» այն է, որ արտասահմանցի համարվում են Ռուսաստանից և Վրաստանից սովորելու ժամանած մեր հայրենակիցները: Արտասահմանցի ուսանողների քանակը վերջին տարիներին աճել է: 2013/14թթ. 3 655 արտասահմանցի ուսանող է սովորել մեր երկրում: 2017/18 ուստարում նրանց թիվը 3 851 էր: Մանրամասնենք: Անցած տարի ՌԴ 1 127 քաղաքացի է սովորել մեր բուհերում: Ուսանողների քանակով երկրորդը Վրաստանն է` 1 031: Երրորդը նախկին տասնամյակների ավանդույթով Հնդկաստանն է` 672 ուսանող: Չորրորդ երկիրը ևս «ավանդական» է` Սիրիայի Արաբական Հանրապետությունը: Բայց այս երկրի գծով թռիչք է գրանցվել, ինչը, կարծում եմ, առանձին բացատրության կարիք չունի: 2013/14 ուստարում մեր բուհերում կար այդ երկրի 184 ուսանող: Անցած տարի` 308: Հինգերորդ երկիրը ևս «ավանդական» է` Իրանը՝ 262 ուսանողով: Իրանցի և ևս մեկ երկրի` Իսրայելի ուսանողների քանակի տատանումը բնութագրում է մեր բուհական համակարգի միջազգային համբավը:

Վերջին տարիներին Իրանի պարագայում ամենաբարձր ցուցանիշը 393 է։ Իսրայելի դեպքում 2015-ին 93 ուսանող էր, 2016-ին` 5, անցած ուստարի` 60: Այս երկու` քաղաքական ոլորտում թունդ հակառակորդ երկրները մեր կրթության նախարարությանը ժամանակին տեղեկացրել էին, որ իրենք չեն ընդունի Հայաստանում տրամադրվող բժշկական դիպլոմները: Որովհետև այդ երկրներում մեր բուհական համակարգն ավարտած բժիշկները տապալում են (պարզ ասած՝ կտրվում են) բժշկի լիցենզիա ստանալու տեղական քննությունները: Ժամանակին մեզ բացատրեցին, որ այս երկրներում դժգոհում են բժշկական միայն մեր մասնավոր բուհերի շրջանավարտներից: Բայց նման բացատրությունը միայն «ներքին օգտագործման համար» էր: Դրսում այդ մասին չիմացան: Չիմացան ու հրաժարվեցին ճանաչել մեր տրամադրած կրթական փաստաթղթերը՝ անկախ այն փաստից՝ մասնավո՞րն է տվել այն, թե՞ պետական բուհը:

Կարելի է սրանով բացատրել այն, որ ի տարբերություն մեր ուսանողների՝ արտասահմանցիները հրաժարվում են կրթությունը շարունակել մագիստրատուրայում։ Արտասահմանցի ուսանողների միայն 7-8 տոկոսն է «վստահում» մեր բուհական երկրորդ մակարդակին։ Մենք գերադասում ենք սա չնկատել։ Չնկատել ու ձևացնել, որ կրթական բազմադարյա ավանդույթներ ունեցող ազգը չի կարող նման մանր-մունր սխալների վրա ուշադրություն դարձել: Բայց դրան զուգահեռ՝ շարունակում ենք փնփնթալ կրթության որակի անկման մասին: Իսկ այն շտկելու իրական ճանապարհ համարում ենք ոչ թե համակարգային ծրագրեր մշակելը, այլ գործող ռեկտորներին հանելը։ Ես անձամբ հանելուն դեմ չեմ, բայց նոր նշանակվողները շատ արագ դառնալու են հին համակարգի «գերին»։ Որովհետև նորը չկա։

aaa

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը