Խմբագրական

05.02.2019 13:05


Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։

Հեղափոխական չէին այն պարզ պատճառով, որ նախորդ տարվա մայիսին խոստացվել էր կախարդական փայտիկի օգնությամբ շատ արագ հասնել թռիչքաձև տնտեսական աճի, սակայն աճի տեմպի առումով ստացանք նվազեցում։

2017–ին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) եղել է 7,7 տոկոս, իսկ 2018–ը փակեցինք 5,8 տոկոս աճով։ Եվ դա այն դեպքում, երբ հայտարարվեց, որ նախորդ տարվա 3–րդ եռամսյակում ներդրումային կտրուկ աճ (50%) է արձանագրվել 2017–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Մի խոսքով, մակրոտնտեսական ցուցանիշները ոչ թե հեղափոխական էին, այլ ավելի շուտ «թավշյա»։

Որքան էլ որ քարոզչական փուչիկ է փչվում, որ տնտեսությունն աշխուժացել է, միևնույն է, թվերն ու իրական կյանքն այլ բան են հուշում։

Ուշագրավն այն է, որ նոր կառավարության քաղաքականության արդյունքում առաջացած խնդիրների մասին խոսում են ոչ միայն կառավարության ընդդիմախոսները, այլ նաև պետական մարմինները, մասնավորապես՝ Կենտրոնական բանկը։ Վերջինս դա արել է մասնագիտական ու «չոր» լեզվով, բայց դրանից ԿԲ–ի հղած «մեսիջի» արժեքը չի նվազում։

Բանն այն է, որ մինչ ԱՎԾ–ում զբաղված էին մակրոցուցանիշները հաշվելու գործընթացով, ԿԲ–ն կանխատեսել էր ՏԱՑ աճ 5 տոկոսի շրջակայքում (ԱՎԾ–ի հրապարակածի համաձայն՝ ՏԱՑ–ը 5,8 տոկոս է, այսինքն՝ մոտ է 6–ին, այլ ոչ թե 5–ի շրջակայքում է)։ Հաշվի առնելով իր կանխատեսումը և գնաճի՝ նպատակային 4 տոկոսից ցածր մակարդակը՝ ԿԲ խորհուրդը հունվարի 29–ին որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով՝ դարձնելով այն 5,75 տոկոս։

0,25 տոկոսով իջեցումն էական փոփոխություն չէ, բայց այստեղ գլխավորը «մեսիջն» է։ Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նշանակում է կարճաժամկետ հատվածում վարել էժան փողի (վարկի տոկոսի նվազեցման) քաղաքականություն և իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, որի առաջնային խնդիրը ոչ թե ինֆլյացիան է, այլ տնտեսության աճի խթանումը։

ԿԲ–ն ուզում է շուկայում փողի քանակի ավելացման միջոցով նպաստել բիզնեսի աշխուժացմանն ու գնողունակ պահանջարկի աճին։ Դա մոտավորապես նույն բանն է, երբ փայտ ես նետում վառարանի մեջ այն պահին, երբ ֆիքսում ես, որ վառարանում եղած փայտերը վառվել վերջացել են, ու սենյակն արդեն լավ չի տաքացվում։

Փողի քանակի ավելացումն ու «էժան փողի» քաղաքականությունը վառարանի մեջ փայտ նետելու պես մի բան են, բայց պետք է այնպես չանես, որ չափից շատ տաքանա վառարանն, ու դրա պատերը տաքությունից հալվեն (այսինքն՝ ինֆլյացիայի՝ ցանկալիից բարձր տոկոս արձանագրվի, ու գներն աճեն ոչ թե տնտեսության աճին զուգահեռ, այլ լրիվ ուրիշ պատճառներով)։

Հիմա եթե փայտ (փող) է նետվում վառարանի (շուկա) մեջ, ուրեմն պաշտոնապես արձանագրվում է, որ սենյակը (մեր երկրի տնտեսությունը) լավ չի ջեռուցվում (աճի տեմպի դանդաղում), ու կա սառելու (բիզնեսի ու սպառողների ոչ ցանկալի վարքագիծ) նշան։

ԿԲ–ն իր «էժան փողի» քաղաքականություն վարելու որոշումը հիմնավորել է հետևյալ ձևակերպմամբ. «2018 թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ, իսկ տարվա տնտեսական աճը սպասվում է 5.0%-ի շրջակայքում: Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ»։

ԿԲ–ի որոշումը «թարգմանաբար» նշանակում է, որ տնտեսության մեջ վիճակը չի գնահատվում այնպես, ինչպես վարչապետի ֆեյսբուքյան գրառումներում ու «լայվերում», և նպատակահարմար է գնալ խթանող քայլերի՝ չվախենալով ինֆլյացիայից, քանզի «սենյակի» ջերմաստիճանը ցանկալի մակարդակից ցածր է ու նախ պետք է մտածել այն տաքացնելու մասին։

ԿԲ–ն, փաստորեն, հպարտ քաղաքացիների մոտ 2018–ին գնողունակության աճի դանդաղեցում (ավելի քիչ չափի առևտուր), իսկ բիզնեսի նկատմամբ հարկային ճնշում է արձանագրել։

Ահա այսպիսի հեղափոխական բաներ։

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Տնտեսագիտության թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը