Խմբագրական

17.01.2019 12:20


Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ինքը բանակցելու է միայն Հայաստանի մասով, քանզի արցախցի չէ:

Արցախի հարցով, ըստ Փաշինյանի, պետք է բանակցի Արցախի իշխանությունը, հետևաբար Ստեփանակերտն ու Բաքուն պետք է նույն սեղանի շուրջ նստեն ու բանակցեն:

«Ես Ադրբեջանի հետ չեմ բանակցելու Արցախի հարցով» հայտարարությունից հետո Փաշինյանն սկսեց ... ինտենսիվորեն բանակցել Ադրբեջանի հետ Արցախի հարցով:

Շեղող նախապատրաստական աշխատանքներ

Զարմանալիորեն ու կասկածելիորեն Փաշինյանն ամեն թեմայից խոսում է հպարտ քաղաքացիների հետ ու նույնիսկ տիեզերական կարևորություն տալիս խաշի թեմային, բայց, արի ու տես, որ մոռանում է Արցախի հարցով բացատրություններ տալ, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ հայտարարում ես, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չկան, իսկ ՀՀ արտգործնախարար Մնացականյանը բազմափուլ բանակցությունների է մասնակցում այդ հարցով, ու արդեն խոսվում է այն մասին, որ պետք է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության ու ղեկավարներին ներգրավել բովանդակային բանակցությունների ավարտական փուլ:

Այդ ինչո՞ւ է այդքան շատ ոգևորված Ադրբեջանը, ինչո՞ւ են միջնորդներն ակտիվ խոսում, իսկ Փաշինյանը լուռ է: Ավելի ճիշտ՝ վերջինս խոսում է, բայց ... խաշից, ՀԴՄ-ից, ոչխար պահելուց, գազեթից, բանից...

Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում թաքցնել բանակցությունների փաստը, ինչը պարզապես ծիծաղելի է, քանզի ինֆորմացիայի աղբյուրը միայն Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չէ, որտեղ նա, իրոք, նախապատրաստում է հպարտ քաղաքացիներին «խաղաղության»՝ տարատեսակ անկարևոր թեմաները դարձնելով օրակարգային ու անդրադառնալով շեղող հարցերի:

Ունի՞ արդյոք Փաշինյանն արցախյան մանդատ

Արցախի հարցով գործընթացներն այժմ շատ են խորացել, և Փաշինյանից հրապարակային խոսք է պահանջվում: Նա կարմիր գծերն այս թեմայով չի նշել ու չի ներկայացրել իր տեսլականը գոնե սկզբունքների առումով, իսկ այն, ինչ ներկայացրել է նրա նշանակած նախարար Մնացականյանը, ընդունելի չէ, քանզի տեղավորվում է ադրբեջանական կողմի ներկայացրած սկզբունքների շրջանակներում:

Փաշինյանը, անկախ այս գաղտնի գործընթացի բնույթից, հաշվետվություն պետք է տա, թե ի՞նչ եղավ իր խոստման՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու հետ: Դա, իհարկե, խնդրի ձևական ու պոպուլիստական կողմին է վերաբերում, այլ ոչ թե բովանդակությանը, բայց, ամեն դեպքում, Փաշինյանը պետք է խոսի, թե ինչ է արել իր գլխավոր թեզը կյանքի կոչելու ուղղությամբ: Այլապես ստացվում է, որ Փաշինյանը չի անում այն, ինչ խոստացել էր, և անում է այն, ինչ չէր խոստացել: Այսինքն՝ մեր անվտանգության համար գերկարևոր Արցախի հարցում Փաշինյանի մոտ խոսքի ու գործի կտրուկ տարբերություն կա:

Թե մինչև ուր կհասնի բանակցություններում Փաշինյանը, և ինչքանով այդ բանակցությունները կտեղավորվեն Բոլթոնի պլանի շրջանակներում, դժվար է ասել: Մեկ բան, սակայն, կարելի է հեշտությամբ ասել. Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար (ի դեպ, այս մասին պետք է իմանան նաև արտաքին խաղացողները, որպեսզի երկարաժամկետ ու հիմնարար պայմանավորվածություններ իզուր տեղը ձեռք չբերեն Փաշինյանի հետ): Եթե նա այդ մանդատը յուրացրեց կամայական սկզբունքով, ապա մեզանում կլինեն քաղաքական ֆորսմաժորային զարգացումներ:

1998-ին և 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ներքին շարժիչ ուժը անվտանգությունն է եղել՝ անկախ այն բանից, թե արդյոք բոլո՞ր դերակատարներն են հասկացել դա, թե՞ ոչ: Սա պետք է բոլորն ականջներին օղ անեն:

Հայ ժողովուրդն իր անկախությունն իրականում նվաճել է Արցախում տեղի ունեցած ազգային-ազատագրական պայքարում: Ասել է թե՝ մեր զույգ պետությունների ծննդատունը եղել է ռազմի դաշտը: Այլ հարց է, որ 90-ականների իշխող վերնախավը պատերազմին չի տվել այդ դերակատարումը, որին այն իրականում արժանի էր, և չի կրթել հանրության լայն շրջանակներին, որպեսզի այսօր ամեն մեկը «ղումար» չխաղա մեր երկրի ճակատագրի հետ: Բայց դե, ոչինչ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Կգա նաև քարերը հավաքելու ժամանակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը