Խմբագրական

09.01.2019 14:15


Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ արձանագրել է, որ մայրաքաղաքում սկսել են շատ վաճառվել գրքեր:

«Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»- գրել է Փաշինյանը։

Անշո՛ւշտ, շատ լավ է, որ Երևանի գրախանութներում գրքերի վաճառքը ռեկորդային է, թեև կասկածում եմ, որ անկախությունից ի վեր ճշգրիտ վիճակագրություն կա գրքերի վաճառքի թվի մասով: Եկեք, սակայն, մի պահ ընդունենք, որ գրքի ռեկորդային վաճառքի մասին լուրը ճիշտ է, և Փաշինյանի ուրախությունն անհիմն չէ:

«7 օրի» թղթակիցն այսօր շրջել է Երևանի գրախանութներում ու նաև հետաքրքրվել փողոցում գիրք վաճառողներից, թե ի՞նչ գիրք են գնում հայ ընթերցողները: Ստացվել է շատ հետաքրքիր պատկեր:

Պարզվում է՝ հայ ժողովուրդն իշխանափոխությունից առաջ շատ է գնել հռչակավոր գրող Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը, ինչպես նաև Հոֆմանի «Ցախիս Ցինոբերը», Քամյուի «Անկումը» և Խորենացու «Ողբը»: Վերջինս արդիական է բոլոր ժամանակներում:

«Թավշյա» օրերին և իշխանափոխությունից անմիջապես հետո սկսել են պահանջարկ վայելել ֆրանսիական ու բոլշևիկյան հեղափոխություններին վերաբերող գրքերը, ինչպես նաև Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» և Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը: Իսկ ահա վերջին մի քանի ամիսներին գրախանութներից ու փողոցներից պարզապես սրբում են Թումանյանի «Քաջ Նազարը» (ի դեպ, սա էլ է Խորենացու «Ողբի» նման միշտ արդիական), Օրուելի «Անասնաֆերման» ու «1984»-ը, ինչպես նաև Բուլգակովի «Շան սիրտը», Իլֆ և Պետրովի «Ոսկե հորթը», Կաֆկայի «Դատավարությունը», Օտյանի «Ընկ. Բ. Փանջունին», Լը Բոնի «Ամբոխի հոգեբանությունը», Տարդի «Հասարակությունը և ամբոխը», Օրտեգա-Ի-Գասետի «Զանգվածների ընդվզումը», Մարքսի «Կապիտալը», Սփենսերի «Անհատը և պետությունը», Հյուգոյի «Մերժվածները», Ֆրեյդի սոցիալ-հոգեբանությանը վերաբերող գործերը և «Երազների մեկնությունը», Յունգի «Հոգեբանական տեսակները», Հիտլերի «Իմ պայքարը», Թոմաս Ֆրիդմանի «Հարթ աշխարհը», Գումիլովի «Ավարտ և նոր սկիզբ»-ը, Գրինի «Իշխանության 48 բանաձևերը», Շերբատիխի «Խաբելու արվեստը» և վերը հիշատակված «Ողբը»:

Գրախանութներում մեր թղթակցին ասել են, որ շատ են հետաքրքրվում նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանքն ու ազատությունը» գրքով, բայց քանի որ այն դեռևս խանութի դարակներում չկա, ուստի դրա վաճառքի ծավալների մասին թվեր չեն կարող նշել:

Փաստորեն, եթե Հայաստանում Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը