Լրահոս

12.03.2010 16:00


Ստեղծվել է հեռուստառադիոընկերությունների մասնագիտական գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի խարտիա

Ստեղծվել է հեռուստառադիոընկերությունների մասնագիտական գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի խարտիա

-Ամենևին չմերժելով և չթերագնահատելով իրավական դաշտի ջանքերը՝ այդուհանդերձ, գտնում ենք, որ մենք այսօր հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում, ինչպես նաև լրագրողական հանրության մեջ ունենք մի բաղադրիչի՝ մասնագիտական էթիկայի հռչակագրի կամ խարտիայի պակաս,- «Դուպլեքս» ակումբում ասել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Այդ նպատակով է, որ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի՝ Հանրային խորհրդում ձևավորված մշտական հանձնախումբը որոշեց ստեղծել հեռուստառադիոընկերությունների մասնագիտական գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի խարտիա։ Խարտիան քննարկվել է ենթահանձնաժողովում 45 լրատվամիջոցների ներկայացվածությամբ, և մարտի 9-ի նիստում այն ներկայացվեց ԶԼՄ-ների դատին։ 

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը և նշել, որ ոլորտում կարգավորումը պետք չէ ակնկալել բացառապես պետական մարմինների և պետության կողմից օրենսդրական կարգավորումների ճանապարհով, քանի որ կարգավորումը ենթադրում է առնվազն երեք բաղադրիչ՝ պետական միջամտություն, ինքնակարգավորում և հանրային կարգավորում։

-Այս առումով Հանրային խորհրդի նախաձեռնությունը լուծում է երկու կարևոր բացակայող բաղադրիչների ստեղծման խնդիրը,- նշել է Գ.Ամալյանը և հավելել,- խարտիան Հանրային խորհրդի հետ միասին մշակում են հեռուստաընկերությունները, և որևէ մեկի մոտ տպավորություն թող չառաջանա, թե խարտիան պարտադրվող մի օտար փաստաթուղթ է, որը պետք է ստորագրվի հեռուստաընկերությունների կողմից։

Լրատվամիջոցների բնագավառում կանցկացվի նաև Ազգային մրցանակաբաշխություն, ինչի համար առաջարկվել է ձևավորել մշտադիտարկման խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն արվեստի, մշակույթի, լրատվության ոլորտի ճանաչված մասնագետներ, և որոնք ակտիվ դիտարկումներով մոնիթորինգներ կանցկացնեն և ազգային մրցանակաբաշխության հանձնաժողովին տարբեր նոմինացիաների թեկնածուներ կառաջարկեն։

-Նպատակը մեկն է՝ առաջարկել որակյալ ծրագրերի բարձրացման լրացուցիչ մեխանիզմ,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը և նշել,-իհարկե, 100 տոկոսով որևէ համադարմանի հավանականություն չունենք խարտիայով, բայց որ սրանով զգալի չափով որակը կփոխվի, այն էլ՝ կարճ ժամանակահատվածում, թույլ տվեք լավատես լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը