Խմբագրական

07.11.2018 14:21


Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Հայաստանն ու Ադրբեջանը երկու տարբեր աշխարհներում են ապրում:

Եթե հետևենք երկու երկրներում իրականացվող պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչական «կլիշեներին», ապա կտեսնենք, որ գործ ունենք հակադիր երևույթների հետ:

Ադրբեջանում նվաճողականության քարոզ է, իսկ մեզանում՝ խաղաղասիրության: Ադրբեջանական հասարակությանը պատրաստում են պատերազմի, իսկ հայկական հասարակությանը՝ խաղաղության: Այնտեղ խոսում են գրավելուց, իսկ այստեղ՝ պաշտպանվելուց: Սա մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է:

Ալիևն ու ադրբեջանական մամուլը խոսում են բացառապես այն մասին, որ հայերը պետք է հանձնեն տարածքները: Այդ քարոզչությունը ուժգնացավ 2011-ից՝ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած Կազանյան բանակցային գործընթացից հետո և հատկապես այն պահից, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում խախտվեց ռազմաքաղաքական բալանսը:

Իշխանափոխությունը և Ղարաբաղի հարցը

Հիմա Ալիևը նույն ոճով շարունակում է ագրեսիվ պահվածքը և վստահություն հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զիջումներ կանի տարածքների հարցում: Պաշտոնական Երևանի կողմից թեև այս ամենը հերքվում է, սակայն արձագանքը համարժեք չէ:

Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցը թաքուն չի որոշվելու և ժողովուրդը հրապարակում կորոշի, թե ինչպես վարվել: Նման միտք նա, մասնավորապես, հայտնել է իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքում:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ծայրահեղ ռազմատենչ):

Մասնավորապես, Փաշինյանի շրջապատի հետ ասոցացվող մարդիկ այսպես կոչված խաղաղասիրության քարոզ են տանում: Տեղի են ունենում խորհրդանշական ակցիաներ կամ էպատաժային հայտարարություններ:

Ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցած Լևոն Բարսեղյանի որդին հանդես եկավ ի պաշտպանություն ադրբեջանցու հետ ընկերություն անող հայտնի կապույտ մազերով Ասիայի ու հայտարարեց, որ կուզենար գնալ Ադրբեջան և ընդունել իր տանը ադրբեջանցի ընկերների: Նույն կոդի մեջ խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Լարա Ահարոնյանը, ով կապույտ մազերով աղջկա թեման զարգացրել էր և խոսել այն մասին, որ ինքը շատ լավ ադրբեջանցի ընկերներ ունի ու շատ սիրում է նրանց (Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառմանը կից տեղադրված էին հայկական ու ադրբեջանական անձնագրերը):

Քարոզչական ասիմետրիա. պատմությունը կրկնվո՞ւմ է

Քարոզչական այս ասիմետրիան, որ նկատվում է Ադրբեջանում ու Հայաստանում, մտահոգիչ է:

Խաղաղություն, բնականաբար, ուզում ենք բոլորս: Բայց խաղաղության հասնում են ոչ թե քարոզով, բարի ցանկություններով ու դրսի ուժերի վրա հույս դնելով, այլ ուժերի բալանսով:

Աշխարհի ոչ մի երկրում, այսպես կոչված, խաղաղության կուսակցությունը խաղաղության չի հասել: Եթե հասել էլ է, ապա կարճաժամկետում ու շատ ծանր գնով, ինչը հետագա պատերազմի ու ավերածությունների պատճառ է դարձել:

Օրինակ՝ 1938թ. Մյունհենյան դավադրության արդյունքում Հիտլերին զիջումներ արվեցին, ինչը սակայն բերեց ոչ թե խաղաղության, այլ 2-րդ համաշխարհային պատերազմի: Քաղաքական գործիչները սխալվեցին, քանզի չէին սերտել ռազմագիտության ու քաղաքագիտության գլխավոր կանոններից մեկը՝ «Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»: Տեղին է հիշելը Չերչիլի ասածները այն մասին, որ իրենք Մյունհենում ուզում էին ստանալ խաղաղություն՝ նվաստացման գնով, բայց ստացան և՛ նվաստացում, և՛ պատերազմ:

Վերհիշելով մեկ դար առաջ մեզ հետ տեղի ունեցածը՝ ասենք, որ Կարսում էլ բոլշևիկները քարոզում էին, թե պետք չէ կռվել թուրքերի դեմ, քանզի բոլորս շուտով «կարմրելու» ենք, եղբայրներ դառնանք և խաղաղ ապրենք:

Արդյունքում՝ Կարսը հանձնվեց այն դեպքում, երբ մեր բանակը շատ ավելի լավ էր զինված, քան թուրքական բանակը և շատ ավելի լավ ռազմական դիրքեր ուներ, քան թուրքականը: Կարսն ընկավ ոչ թե զենքից, այլ խոսքից: Ներսից ցեցի պես քաղաքը քայքայող խոսքից:

Հնարավո՞ր է արդյոք խաղաղության հասնել խաղաղության քարոզով

Խաղաղասիրության քարոզը վատ բան չէ, եթե կա սիմետրիկ գործընթաց Ադրբեջանում: Հակառակ դեպքում կարող են կասկածներ առաջանալ, որ միակողմանի զիջումների գնալու մթնոլորտ է ձևավորվում, որպեսզի հետագայում տեղի ունենա բուն զիջման գործընթացը:

Ղարաբաղի հարցի լուծման 2 տարբերակ կա՝ պատերազմական ու փոխզիջումային (միջանկյալ լուծումը՝ ստատուս քվոյի պահպանումն է): Երկուսի դեպքում էլ պետք է պատրաստ լինել պատերազմի: Ընդ որում՝ որքան լավ պատրաստվենք պատերազմին, այնքան դրա սկսվելու հավանականությունը կքչանա:

Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա հակառակ կողմից դեռ որևէ բառ չի հնչել այդ մասին: Ու եթե Ալիևի ագրեսիվ պահվածքի ֆոնին մեզ մոտ «ադրբեջանիցները մեր եղբայրներն են» և «եկեք խաղաղ ապրենք» առաջին հայացքից անմեղ ու քաղաքակիրթ քարոզ է գնում, ապա Ղարաբաղին (ու ոչ միայն) կարող է սպառնալ Կարսի ճակատագիրը:

«Խաղաղասերները» մի դեմագոգիկ հարցադրում ունեն՝ «Ի՞նչ է, դուք ուզում եք պատերա՞զմ լինի»: Հասկանալի է, որ որևէ մեկը պատերազմ չի ուզում, բայց խաղաղության հասնելու ճանապարհը ինքնամոռաց ու չհիմնավորված պացիֆիզմը չէ, այն էլ՝ հակառակորդի ագրեսիվ տրամադրությունների և պահվածքի ֆոնին:

Փաշինյանից պահանջվում է Ղարաբաղի հարցում հստակ տեսակետի արտահայտում ու բանակցային գործընթացում արձագանքողից թելադրողի կարգավիճակի ձեռքբերում: Եթե դու թելադրողի ֆունկցիան չես կատարում, ապա այն կատարում է հակառակ կողմը: Կկարողանա՞ դա անել Փաշինյանը, շատ լավ: Չի՞ կարողանա, լրջագույն խնդիրներ կունենա: Ի վերջո, չմոռանանք, որ մեր պետության համար կարևորագույն հարցը անվտանգության ապահովումն է: Եթե երկրի ղեկավարն այդ հարցում կաղում է, ապա դա շատ արագ քաղաքական հետևանքներ է ունենում:

Այնպես որ Ղարաբաղն այն հարցն է, որի վրա ոտք կկոտրի այն գործիչը, ով չի ունենա հավասարակշռված ու ընդունելի քաղաքականություն:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը