Խմբագրական

08.09.2018 14:00


Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի ներսում առկա խնդիրների ու վիճահարույց հարցերի, Ղարաբաղի գլխին կուտակված ամպերի և այլ գործընթացների ֆոնին շատ վատ է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը դառնում է, մեղմ ասած, ոչ այնքան դրական աուրա պարունակող միջոցառում: Բայց ինչո՞ւ պետք է այդպես լիներ:

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների և ձեռքբերված համաձայնությունների համեմատ հայ-ռուսական օրակարգը խղճուկ և անհասկանալի տեսք ունի: Մոսկվան ու Բաքուն ռազմավարական հարցեր են քննարկում ու որոշումներ կայացնում, իսկ Երևան-Մոսկվա գծի մեջ հնչում են մեղադրանքներ, կսմիթներ, շուլուխչիություն ու քծնանքի միջոցով դրությունը փրկելու անհույս ձայներ:

Մոսկվան կոշտ «մեսիջներ» է հղում, իսկ Երևանը ներսում ձգտում է պահել հեղափոխական պաթոսը: Թե ուր կհասցնի մեզ այս ամենը, կերևա շատ շուտով:

Մեղավորներ դրսում չարժե փնտրել: Մեղավորը մենք ենք՝ հպարտ քաղաքացիներս, որ միացրել ենք «ինքնաոչնչացման բնազդը» և հետևողականորեն գնում ենք դեպի «Երջանիկ Հայաստան»:

Աշխարհում շատ քիչ ազգեր ու պետություններ կան, որոնք իրենց ներքին կոդի մեջ ունեն «ինքնաոչնչացման բնազդ»: Ավելի ճիշտ՝ չկան: Նրանք, որոնք ունեին այդ բնազդից, արդեն չկան քարտեզի վրա: Մնացել ենք միայն մենք: Երևի՝ էլի մեկ-երկուսը:

Մենք մեր պատմության մեջ բազմիցս միացրել ենք «ինքնաոչնչացման բնազդը» և արձանագրել «փայլուն» արդյունքներ՝ պետականության կորստի տեսքով: Վերջին անգամ դա եղավ 1920-ին: Թվում էր, թե 1991-ին ձեռքբերած անկախությունը և հատկապես Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը բուժել են մեր ներքին հիվանդությունն ու իսպառ արմատախիլ արել «ինքնաոչնչացման բնազդը»: Սակայն ավա՜ղ...

Հիմա ամեն ինչ կարող է կրկնվել, բայց արդեն վերակենդանացման երկրորդ շանսը չի լինի: Եթե նախորդ դարասկզբին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ 70 տարի ինկուբատորի մեջ մնացինք, որպեսզի այսօր անկախ պետություն ունենայինք, ապա հիմա այդ ինկուբատորը չկա: Եթե կա էլ, ապա լրիվ այլ պայմաններով:

Հայաստանը կարող է շատ լուրջ համակարգային հարված ստանալ, քանզի «ինքնաոչնչացման բնազդը» գերակայում է «անվտանգության բնազդին», անձնականը՝ պետականին, ձևը՝ բովանդակությանը, հիվանդագին մտածողությունը՝ բանականին, ծաղրածույությունը՝ լրջությանը, կոմպլեքսները՝ ռացիոնալիզմին, շոուները՝ պետական կառավարմանը:

Պետությունը համակարգային հարվածներից զերծ պահելու միակ ձևը «ինքնաոչնչացման բնազդից» հրաժարվելն է: Կկարողանա՞նք:

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը