Խմբագրական

07.03.2010 17:23


«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին

«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին

Աշխարհի բոլոր այն պետությունները, որոնք դեռ վերջնականապես չեն լուծել իրենց խնդիրները հարևանների հետ, կամ գտնվում են գլոբալ հակամարտության մեջ մրցակից երկրների հետ, կամ դեռ չեն որոշել երկրի անվտանգության հստակ ռազմավարությունը, կանգնած են պատերազմի և խաղաղության սահմանագծում։ Ելնելով այդ իրողությունից՝ քաղաքական գործիչները բաժանվում են երկու խոշոր խմբերի՝ «պատերազմի» և «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչների։

Ով ով է

«Պատերազմի» ու «խաղաղության» կուսակցության մասին շատերի պատկերացումները կարծրատիպային են, որոնք, սակայն, ոչ միշտ են համապատասխանում այդ կուսակցություններին տրված անվանումների բուն բովանդակությանը: Առկա է խեղաթյուրված պատկեր։ Մասնավորապես՝ Հայաստանում սխալ պատկերացումներ կան «պատերազմի» և «խաղաղության» կուսակցությունների ու այդ ուղղությունների գործիչների վերաբերյալ։ Նրանց, ում մեզանում ընդունված է համարել «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչներ (Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ժիրայր Լիպարիտյան և այլն)՝ իրականում պատերազմ են քարոզում իրենց «խաղաղասիրական» քաղաքականություն վարելու պատրաստակամությամբ, քանի որ «էգություն» ցուցաբերելով՝ գրգռում են հակառակորդի ռազմատենչ ախորժակը։

Ճիշտ հակառակ զարգացումներն են լինում «պատերազմի» կուսակցության իշխող ուժ լինելու դեպքում։ «Պատերազմականների» շարքին կարելի է դասել արցախյան պատերազմի բովով անցած հրամանատարական կազմին, ինչպես նաև այն քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր դեմ են անհասկանալի երաշխիքների դիմաց ազատագրված տարածքների շուտափույթ զիջումներին և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից հանելուն։

Ի դեպ, շատ ուշագրավ մի բանի մասին կուզենայի նշել, որն առաջին հայացքից կարող է էական չթվալ, բայց դա այդպես չէ։ Քիրվայականության գաղափարախոս համարվող ԱՄՆ-ից ժամանած Ժիրայր Լիպարիտյանը, ով հանդիսանում էր անվտանգության գծով ՀՀ առաջին նախագահի խորհրդականը, այդպես էլ չդարձավ Հայաստանի քաղաքացի։ Անշու՛շտ, սփյուռքահայերի խնդիրն է ընդունել կամ չընդունել ՀՀ քաղաքացիությունը։ Դա նրանց իրավունքն է։ Բայց եթե դու դառնում ես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ անվտանգության գծով, ապա առնվազն բարոյական չէ այլ երկրի քաղաքացի մնալը, լինի դա ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ Մոզամբիկը։ Այդ երևույթը վկայում է նաև այն բանի մասին, որ քեզ նշանակողը նույնպես չունի հայաստանակենտրոն մտածողություն։ Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի մտքով անգամ չի անցել Լիպարիտյանին հուշել, որպեսզի նա ՀՀ քաղաքացու կարգավիճակով զբաղվի մեր անվտանգության ու արտաքին հարցերով։ Քիրվայականությունը նման «մանր» խնդիրներին ուշադրություն չի դարձնում։

Մեր իրականության մեջ երեք սփյուռքահայ գործիչներ կան, ովքեր պաշտոնյայի բարձր կարգավիճակով մասնակցել են ՀՀ արտաքին քաղաքականության մշակմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը և տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը։ Տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ առաջին երկուսի գործունեությանը, բայց տվյալ դեպքում դա չէ էականը։ Էականն այն է, որ և՛ Ր. Հովհաննիսյանը, և՛ Վ. Օսկանյանը չդարձան քիրվայականության գաղափարախոսներ ու երկուսն էլ դարձան ՀՀ քաղաքացիներ։ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ պայքար էր մղում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մինչդեռ Ժիրայր Լիպարիտյանը ԱՄՆ քաղաքացու կարգավիճակով էր կոորդինացնում մեր արտաքին քաղաքականությունը և անվտանգության հարցերը, ու երբեք կռիվ չտվեց ՀՀ քաղաքացի դառնալու համար։

Երբ 1998-ին քիրվայական գիծը պարտություն կրեց, Լիպարիտյանը անմիջապես քոչեց «տաք երկրներ» ու հիմա էլի գլուխ է բարձրացրել ու դատողություններ է անում Արցախի հարցի շուրջ՝ իր հին երգերը երգելով և շուտափույթ հող հանձնելու քարոզ անելով։ Եվ դա բնական է։ Տասը տարի «կկվի» ձայնը չէր լսվում։ Հենց որ «կկուն» կանչեց, իսկ Սերժ Սարգսյանը սկսեց «ֆուտբոլ» խաղալ Գյուլի հետ՝ «խաղաղասեր» Լիպարիտյանը վերակենդանացավ՝ «քիրվան քիրվային հեռվից է տեսնում» թեմայով։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս։ 1988-ի շարժման հիմնական գաղափարական կոդը դարձավ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հայեցակարգը, որը ենթադրում էր սեփական ուժերին ապավինելու մոտեցում։ Այնինչ իշխանության գալով՝ «խաղաղության» կուսակցության առաջամարտիկները արեցին ճիշտ հակառակը ու դարձան քաղաքական մուրացկաններ՝ հույսը դնելով այլոց, բայց ոչ սեփական ուժերի վրա։ Նրանք հայտարարում էին, թե մինչև թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն չանենք՝ զարգանալու շանս չենք ունենա, իսկ Արցախի պատերազմի ժամանակ հույս ունեին, որ միջազգային ուժերը տիրություն կանեն մեր հայրենակիցներին։ Եվ այդ ամենն արվում էր այն ժամանակ, երբ Շահումյանն ու Գետաշենը դատարկվում էին, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր, երբ Կապանի, Ճամբարակի և Իջևանի վրա հարձակումներ էին իրականացվում ազերիների կողմից։ Այսինքն «խաղաղասերներն» ապավինում էին երրորդ ուժին և պատրաստ էին շուտափույթ զիջումների՝ դավաճանելով 88-ի շարժման հիմնարար գաղափարներին։ Բարոյական չէ, նաև այն, որ «Ղարաբաղ» անունն ունեցող կոմիտեի անդամները խոսում են հող հանձնելու միջոցով քիրվայություն անելու մասին և 2008–ի նախագահականի ժամանակ ղեկավարում էին մի շարժում, որն իր ներսում նաև հակաղարաբաղցիական (հակաղարաբաղյան) բնույթ ուներ։ Եթե նույնիսկ այդպիսի եզրակացության ես եկել տարիների ընթացքում, ապա դու՛ իրավունք չունես խոսել այդ մասին։ Դա նույնն է, որ հիմա Պարույր Հայրիկյանը քարոզի վերականգնել Սովետական Միությունը, կամ միանալ Ռուսաստան–Բելոռուս միությանը։ Ինչևէ։

Որո՞նք են բաժանարար գծերը

Եվ այսպես. «պատերազմի» կուսակցության ներկայացուցիչներն ազգային անվտանգության հարցերում կոշտ գծի և սեփական ուժերի վրա հենվելու կողմնակիցներ են։ «Պատերազմականները» գտնում են, որ ներքին ռեսուրսներն օգտագործելով կարելի է հասնել արտաքին հաջողության և խաղաղության։ Նրանց ընդունված է համարել «բազեներ»։

«Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչները փափուկ գծի, «նախաձեռնողականության» կողմնակիցներ են և գրեթե միշտ ապավինում են արտաքին ուժերին։ Այդ արտաքին ուժերը կարող են լինել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, տեր և տիկին Քլինթոնները, Մեդվեդևը, Սարկոզին և այլոք։ «Խաղաղասերների» բառապաշարում հաճախ ենք հանդիպում «Աշխարհը թույլ չի տա», «Միջազգային հանրությունը կաջակցի», «Դրսի կարծիքը պետք է հաշվի առնել, նրա «դաբրոն» շատ կարևոր է», «Աշխարհը աչք կփակի» և նման այլ ձևակերպումների։ Նրանց ընդունված է համարել «խաղաղության աղավնիներ»։

«Խաղաղության» և «պատերազմի» կուսակցության հանրային ընկալումներն այնպիսին են, որ առաջին հայացքից թվում է, թե «բազեները» տանելու են իրավիճակի սրման, իսկ «աղավնիները»՝ լիցքաթափման, բայց գործնական քաղաքականության մեջ արձանագրվում է ճիշտ հակառակը։

Հատուկ կուզենայի նշել, որ երկու «կուսակցությունների» ներկայացուցիչներն էլ մտահոգված են երկրի ազգային անվտանգությունն ապահովելու խնդրով։ Պետք չէ դավաճաններ փնտրել այնտեղ, որտեղ նրանք չկան։ Պարզապես հարցն այն է, որ տարբեր գործիչներ տարբեր կերպ են տեսնում մարտավարական քայլերը և դա է նրանց բաժանում պայմանական երկու խմբերի։

Փորձը ցույց է տալիս, որ իրականում «խաղաղասերներն» են երկիրը տանում հակամարտությունների, պատերազմի և ավերածությունների ճանապարհով, իսկ «պատերազմի» կուսակցության օրոք առավելապես լինում են խաղաղություն, հաղթանակներ և համեմատաբար տանելի հարաբերություններ թշնամաբար տրամադրված երկրների հետ։ Բացառությունները հաստատում են կանոնը։

«Պատերազմի» կուսակցությունն ստիպում է հակամարտող երկրում ի հայտ եկած «խաղաղության» կուսակցությանը դառնալ «նախաձեռնող» և զիջող՝ ապահովելով միանշանակ հաղթանակ և խաղաղություն։

«Խաղաղության» կուսակցությունը ձգտում է խնդիրների շուտափույթ լուծման, «նախաձեռնողականություն» է ցուցաբերում հակամարտող երկրի նկատմամբ, բայց ստանում է լարվածություն, պատերազմ և պարտություն։

«Խաղաղասերները» չեն հասկանում, որ միայն քո ցանկությունը բավարար չէ, որպեսզի դիմացինդ քեզ հետ նորմալ հարաբերություն հաստատի։ Դու պետք է քո ուժեղությամբ հասնես դրան, այլ ոչ թե ասես առանց քեզ ես ուժեղանալու շանս չունեմ, որ նա էլ սկսի նախապայմաններ առաջ քաշել։

Պատմական էքսկուրս

Վերը նշված բանաձևերը գործում են բոլոր այն երկրների դեպքում, որոնք ունեն ռազմական «տաք» կամ «սառը» հակամարտության խնդիրներ հարևանների կամ գլոբալ հակառակորդի հետ։ Բերեմ մի քանի օրինակ. երբ Իսրայելի կոշտ, «բազեական» գիծը մինչև վերջ պահվեց Եգիպտոսի հետ հակամարտության ժամանակ, եգիպտացիները ստիպված դարձան նախաձեռնող և տարանջատվեցին արաբա-իսրայելական ճակատից՝ հասկանալով, որ միևնույն է չեն կարողանալու ծնկի բերել հրեաներին, ուստի ավելի լավ է գնալ հարաբերությունների նորմալացման։ Եգիպտոսի նախագահ Անվար Սաադա՛թը մեկնեց Իսրայել և առաջարկեց հաշտություն, որը պահպանվում է մինչև օրս։ Անտրամաբանական և անհեռատես քայլ կլիներ, եթե իսրայելակա՛ն կողմը դառնար նախաձեռնող։ Արաբական աշխարհը և մասնավորապես Եգիպտոսը դա կգնահատեին թուլության, այլ ոչ թե բարի կամքի նշան և կսկսեին հերթական լայնամասշտաբ պատերազմը։

Ամերիկյան քաղաքական դաշտի «բազեներ» համարվող հանրապետականներն առանց որևէ կրակոցի հաղթեցին ՍՍՀՄ-ի հետ «սառը պատերազմում», երբ ԱՄՆ-ը ղեկավարում էին «բազեներ» Ռեյգանը և Բուշ ավագը, իսկ ՍՍՀՄ-ը՝ «խաղաղության աղավնի» Գորբաչովը։ Ամերիկացիները մինչև վերջ պահեցին իրենց կարծր դիքորոշումը և ստիպեցին Միխայիլ Սերգեիչին դառնալ «նախաձեռնող»։ Վերջինս սկսեց, պատկերավոր ասած, «ֆուտբոլային» դիվանագիտություն վարել Արևմուտքի հետ։ Արդյունքում ՍՍՀՄ-ը ոչ միայն պարտվեց, այլև վերացավ աշխարհի քաղաքական քարտեզի վրայից՝ պատճառ դառնալով բազում լոկալ պատերազմների, ավերածությունների և ՍՍՀՄ տիտղոսային ազգ համարվող ռուսների գլոբալ պարտության։ Իսկ դրանից առաջ, երբ ԱՄՆ-ում իշխում էին «խաղաղության» կուսակցություն համարվող դեմոկրատները, տեղի ունեցան ՍՍՀՄ-ի հետ առճակատման այնպիսի պահեր, երբ ամբողջ աշխարհը կանգնեց գլոբալ պատերազմի վտանգի առջև (Կարիբյան ճգնաժամ)։ Այդպես է եղել «աղունիկներ» Քենեդիի և Քարտերի նախագահությունների օրոք։ Սովետները, օգտվելով նրանց «նախաձեռնողական» քաղաքականությունից, ԱՄՆ քթի տակ «տնավորվում» էին։

«Խաղաղասեր» Քարտերի օրոք՝ 1978-ին Միացյալ Նահանգները պարտություն կրեցին Իրանում, ուր տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն և ԱՄՆ-ի դաշնակից Շահը հեռացվեց, իսկ սովետական զորքերը 1979-ին մտան Աֆղանստան։ Այսինքն Քարտերի «խաղաղասիրությունը» հանգեցրեց ԱՄՆ գլոբալ շահերի ոտնահարման։

Այսպիսի շատ այլ օրինակներ կարելի է ներկայացնել։

Հատկանշական է, որ բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում, երբ իշխանության են եկել «բազեները», տվյալ պետության դիրքերն ավելի ամուր են եղել, հասարակությունն ավելի խաղաղ է ապրել, քան «խաղաղության աղավնիների» ժամանակ։ Խոսքս, իհարկե, չի վերաբերում ծայրահեղ «բազեներին», որոնք նույնքան վտանգավոր են իրենց երկրի համար, որքան ծայրահեղ «խաղաղասերները»։ Ֆաշիստական Գերմանիայի դեպքը ասվածի վառ ապացույցն է։ Բայց հարկ է ընդգծել, որ Հիտլերին ծայրահեղ «բազե» սարքեցին անգլիացիները, ֆրանսիացիներն ու սովետները՝ իրենց փափուկ ու «խաղաղասիրական» քաղաքականությամբ։ Բանն այն է, որ Մյունխենյան հայտնի դավադրությամբ չեխերը զոհաբերվեցին առաջին համաշխարհային պատերազմից հետո «կենսական տարածքներ» փնտրող Գերմանիային. անգլիացիներն ու ֆրանսիացիներն ուզում էին խաղաղ ապրել։ Իսկ սովետա-գերմանական «գիշերային արձանագրություններին» էլ զոհ գնաց Լեհաստանը։ Նպատակը կրկին նույնն էր. զիջել, որպեսզի պատերազմ չլինի։ Բայց եղավ ճիշտ հակառակը։ Հիտլերն ավելի ոգևորվեց դիմացինների «նախաձեռնողականությունից» ու անցավ հարձակման։ Ստալինը մինչև վերջ չէր հավատում, որ Գերմանիան կհարձակվի ՍՍՀՄ-ի վրա, քանի որ «քիրվայություն» էր արել Հիտլերի հետ՝ այն հույսով, որ դա կհեռացնի իրեն հակամարտությունից։

Հետաքրքրական է, որ անգլո-սաքսոնական և սովետա-ռուսական պատմագրությունը միմյանց մեղադրում են այն բանի մեջ, որ զիջողականություն ցուցաբերելով՝ Հիտլերի ախորժակը բացեցին և անխուսափելի դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմը, որը բերեց շուրջ 50 միլիոն զոհերի։ Պատմաբանների վեճն առ այսօր շարունակվում է, բայց բոլորն էլ ընդհանուր հայտարարի են եկել այն հարցում, որ ամեն գնով խաղաղության ձգտելու Անգլիայի, ՍՍՀՄ-ի ու Ֆրանսիայի «խաղաղասիրական» քայլե՛րն ի վերջո պատճառ դարձան պատերազմի ու համամարդկային ողբերգության, հրեաների ցեղասպանության և ավերակների։ Ճիշտ է, ծայրահեղ «բազե» Հիտլերը հետագայում կործանվեց, բայց հասցրեց դառնալ մարդկության պատմության ամենաամոթալի շրջաններից մեկի գլխավոր դերակատարը։

Այստեղից գալիս ենք հետևյալ եզրակացության. եթե հակամարտող երկրներից որևէ մեկում ի հայտ են գալիս ինքնամոռաց «խաղաղասերներ», ապա այդպիսով նպաստում են մյուս պետության մեջ արկածախնդիր «բազեների» ի հայտ գալուն, և այդ երկու ուժերը հավասարապես կործանում են իրենց երկրները՝ դառնալով դժբախտությունների պատճառ։

Ի դեպ, ծայրահեղ «բազե» էին նաև երիտթուրքերը, որոնք վերջնական կործանման կտանեին Թուրքիան, եթե ի հայտ չգար քեմալական շարժումը։

Հետևաբար՝ պետության անվտանգության համար շատ կարևոր է, որ ճիշտ ձևով հաշվեկշռվի «պատերազմի» և «խաղաղության» կուսակցությունների մոտեցումները։ Ծայրահեղությունները հավասարապես վտանգավոր են։ Հակամարտություններն ունեն իրենց լուծումների տրամաբանական մոդելները և ժամկետները։ Լուծումներն արագացնելը կամ որևէ «օրիգինալ» բան մտածելը խնդրին չի օգնի։ Շուտափույթ զիջողականությունը կամ ծավալապաշտական արկածախնդրությունը միայն վնաս կբերեն։ Պետք է գործի «Ներքին հզորությամբ դեպի արտաքին հաղթանակներ և խաղաղություն» մոդելը։ Որքան շուտ ձևավորվի ազատ, բաց և բարոյահոգեբանական բարձր մակարդակ ունեցող հասարակություն և հակառակորդի նկատմամբ պահպանվի հաշվարկված կոշտ գիծը, այնքան հակամարտություններում խաղաղ ճանապարհով հաղթելու հավանականությունը կմեծանա։

Մենք տեսանք, թե ինչ եղավ ծայրահեղ «խաղաղասեր» Գորբաչովի դեպքում։ Նույն արդյունքն ենք ստանում նաև ծայրահեղ արկածախնդիր «բազեների» պարագայում, բայց այլ սցենարով։

Արկածախնդրության յուրօրինակ դրսևորում էր Սահակաշվիլու վարքագիծը օսերի հանդեպ։ Արդյունքում՝ ծայրահեղ «բազե» Միխոն հաշված օրերի ընթացքում վերջնականապես կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Շատ ուսանելի է Թուրքիայի օրինակը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում Թուրքիայում գործում էին երկու հիմնական ուժեր։ Մեկն անգլիացիների հովանավորյալ և մարիոնետային Դամաթ փաշայի գլխավորած ուժն էր, որին ընդունված էր համարել «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, իսկ մյուսը՝ երիտթուրքերն էին՝ «պատերազմի» կուսակցության մարտիկները։

Դամաթ փաշան կողմնակից էր Թուրքիայի բոլոր հարևանների հետ արագ կերպով խնդիրների լուծման և թուրք «սերգոջանների» լավ ապրացնելու տարբերակը տեսնում էր Սևրի պայմանագիր կնքելու միջոցով, որով Թուրքիան զիջում էր ամեն ինչ, բայց փոխարենը թվացյալ խաղաղություն էր ստանում։ Փաշան գտնում էր, որ աշխարհն իրենց դեմ է և անհնար է որևէ ձևով պայքարել։

«Բոլոր հարցերը լուծված են։ Չի՛ կարելի շփոթվել, մեր դեմ են ոչ թե հույները կամ հայերը, այլ միջազգային հանրությունը։ Պետք է զիջել, որ մեզ մի բան մնա։ Միջազգային ուժերը կերաշխավորեն Թուրքիայի անվտանգությունը»,-ինքն իրեն ու թուրք ժողովրդին, հավանաբար, նմանատիպ ձևակերպումներով փորձել էր հիմնավորել փաշան, երբ ստորագրում էր Սևրի պայմանագիրը։ Մի խոսքով՝ Դամաթը թուրքերի քիրվայական գաղափարախոսության կրողն էր։

Երիտթուրքերն ընդհակառակը՝ ձգտում էին վերականգնել Օսմանյան կայսրության տարածքները։ Նրանք ներդրեցին թուրքական ֆաշիզմի գաղափարախոսությունը, որին զոհ գնացին նաև հայերը՝ ենթարկվելով ցեղասպանության։ Ակնհայտ էր, որ երիտթուրքերի արածը արկածախնդրություն էր և հնարավոր չէր հետ բերել նախկինում ունեցածը։ Այսինքն՝ այն տարբերությունը, որը նկատվում է Դամաթ փաշայի և երտթուրքերի քայլերի միջև՝ իրականում չկա, քանի որ նրանց երկուսի գործողություններն էլ տանում էին դեպի պատերազմ, պարտություն և կործանում։

Տեսե՛ք. Դամաթի զիջողականությունը մեծացրել էր Անտանտի անդամ երկրների ախորժակը (նաև նրանց ապավինող հայերի ախորժակը, ովքեր Սևրի դաշնագրով մեծ տարածքներ ստացան), և համոզված եմ, որ եթե փաշայի իշխանությունը մի փոքր էլ պահպանվեր, ապա այսօր նույնիսկ Թուրքիա պետությունը չէր լինի։

Ճիշտ նույն «փաշայական» ճակատագրին կարժանանար Թուրքիան, եթե երիտթուրքե՛րը երկար իշխեին։ Նրանց ֆաշիզմն ու աշխարհաքաղաքական ծավալապաշտությունը կմտահոգեր բոլորին, և խոշոր ուժերը ստիպված կոչնչացնեին երիտթուրքերի ղեկավարած պետությունը։ Ասել է թե՝ Թուրքիայում գործող և՛ ծայրահեղ «խաղաղասերները», և՛ ծայրահեղ «բազեները» կործանման էին տանում երկիրը, բայց ամենքն իր տարբերակով։ Ընդ որում՝ երկու ուժերն էլ մտածում էին, որ իրե՛նց առաջարկած գիծն է անհրաժեշտ պետությանը, բայց չէին հասկանում, որ ամենքը յուրովի է ֆիասկոյի ենթարկելու պետությունը և ժողովրդին։

Թուրքիան փրկվեց և այսօր համարվում է աշխարհի խոշոր խաղացողներից՝ շնորհիվ իրատեսական և հաշվարկված կոշտ գծի կողմնակից, Դամաթի ու երիտթուրքերի գաղափարական այլընտրանք հանդիսացող Մուտսաֆա Քեմալի՝ Աթաթուրքի։ Նա մերժեց և՛ փաշայի «սերգոջանությունը», և՛ երտթուրքերի ծավալապաշտությունը՝ երկու մոտեցումներն էլ համարելով անիրատեսական ու կործանարար գաղափարներ։

Աթաթուրքը հայտարարեց, որ Թուրքիայի սահմանները կլինեն այնտեղ, որտեղ կկանգնի թուրք զինվորը։ Դա հստակություն մտցրեց զինվորականության ու ժողովրդի մեջ, և նրանք ուժով խաղաղություն պարտադրեցին Անտանտին, հույներին և այլոց, ու ստիպեցին հաշվի նստել նոր Թուրքիայի հետ։ Ուժ տեսնելով՝ Աթաթուրքի հետ դաշնակցեց նաև բոլշևիկյան Ռուսաստանը։ Փաստենք, որ մինչև հիմա Թուրքիան օգտվում է Քեմալի էտատիզմի պտուղներից։ Ահա՛ պետականակենտրոն, ծայրահեղականություններից զերծ քաղաքականության վառ օրինակ։

Եթե այն ժամանակ թուրք ժողովուրդը համակերպվեր, թե միևնույն է Սևրի պայմանագիրը ստորագրված է, բոլոր «գրավյալ» տարածքները ծախած պրծած են, ապա այսօր լրիվ այլ վիճակ կլիներ իրենց համար։ Լավ չէր լինի թուրքերի դրությունը նաև այն դեպքում, եթե նրանք առաջնորդվեին «Վիեննայից մինչև Մոսուլ» էքսպանսիոն կարգախոսով։

Եթե այսօրվա հայաստանյան միջավայրում առկա բառապաշարն օգտագործենք, ապա Ստամբուլը պետք է համարվեր գրավյալ տարածք և զիջվեր, որպեսզի հույների հետ թուրքերը խաղաղ ապրեին, բայց գրավյալ կամ չգրավյալ լինելը որոշվեց ռազմի դաշտում և այժմ Ստամբուլի թուրքական լինելը կասկած տակ դնող չկա։ Համենայնդեպս դնողներն անզոր են որևէ բան անելու։

Ինչ մնում է Հայաստանում ձևավորված խնդրո առարկա «շտամպերին», քաղաքական իրավիճակին, պատերազմի ու խաղաղության հարցերին, ապա դրանց կանդրադառնամ հաջորդիվ։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո փորձեց խլել իր մրցակցի «խաղաղասիրական» դրոշն ու Թուրքիայի հանդեպ սկսեց «աղունիկություն» անել։ Մինչև «ֆուտբոլի» սկիզբը իսլամիստները համարվում էին այնտեղի «աղունիկները»։ Նրանք փորձում էին հայերի հետ լավացնել իրենց հարաբերությունները, իսկ Արցախի հարցն ընդհանրապես դուրս էր եկել «Զրո պրոբլեմ հարևանների հետ» հայեցակարգը որդեգրած թուրքական օրակարգից։ Սակայն Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը «բազեացրեց» Էրդողանին ու հիմա թուրքերը հրահրում են Ադրբեջանին, որպեսզի վերջինս մեր դեմ պատերազմի։ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանն այժմ բացահայտորեն միացել է նաև Թուրքիան։ Երբեք պատերազմի հավանականությունը հրադադարից հետո այսքան մեծ չի եղել, որքան «ֆուտբոլային» դիվանագիտության այս ընթացքում։ Սրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է սարգսյանական իշխանության, ինչպես նաև նրա «ֆուտբոլը» ողջունած ու Նոբելյան մրցանակի հասցեատիրոջ համար դարդ անող բոլոր ուժերի և գործիչների վրա։

Նմանատիպ զարգացումների մասին բազմիցս զգուշացվել է, այդ թվում և իմ կողմից, երբ նոր նոր էր սկսվում Սերժ Սարգսյանի «քիրվայական տենդը»։ Այն օրերին մեզ համարում էին «Սերժի ճիշտ քայլը չգնահատողներ»։ Իսկ հիմա իշխանական գրեթե բոլոր պնակալեզ-վերլուծաբանները և Սարգսյանին կից «քաղաքական գործիչները», փրփուրը բերաններին, խոսում են այն մասին, որ թուրքը մնում է թուրք։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Ս. Սարգսյանին քծնողների վերջին հանգրվանը հիմա դարձել է հայրենասիրությունը և նրանց ֆոնին մենք այժմ ծայրահեղ «խաղաղասերներ» ենք։ Ահա այսպիսի բաներ։

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը