Հարցազրույց

27.02.2010 12:44


Տիգրան Թորոսյան

Տիգրան Թորոսյան

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր,  ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ

-«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելն, ըստ Ձեզ, ինչի՞ն էր միտված: Արդյոք սա նրա համա՞ր է, որ հայկական կողմին հնարավորություն տրվի հետ կանգնել հայ-թուրքական գործընթացներից:

-Առանց այդ նախագծի էլ, եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունենային  դադարեցնել կամ կասեցնել որևէ արձանագրությունների կնքման ընթացքը, դա շատ հեշտ էր անել: Մեր օրենսդրության մեջ որևէ խոչընդոտ չկա, ավելին՝ Վիեննայի հռչակագիրը, որը վավերացրել է նաև Հայաստանը, այդ հնարավորության մասին ուղղակիորեն է նշում: Սակայն  ինձ համար այդ նախագիծը ստացավ առանձնահատուկ նշանակություն: Այն բացահայտեց հայ-թուրքական արձանագրություններում տեղ գտած Հայաստանի համար աննպաստ դրույթների առկայության հիմնական պատճառներից մեկը: Նախագիծն ուներ երեք լուրջ թերություն, որոնց մասին նշել էի դեռևս առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում: Դրանցից մեկն ուղղելու նպատակով առաջարկվող հոդվածում կառավարությունն ավելացրեց մեկ կետ, մյուս երկուսի մասին նշեցի նաև երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Եզրափակիչ ելույթի ժամանակ նախագիծը ներկայացնող նախարարը նշեց, որ թեև առաջարկությունները տրամաբանական են, սակայն ինքն իրավաբան չէ և չի կարող առանց նրանց փոխել նախագիծը: Մինչդեռ առաջարկությունները շատ պարզ էին և հատուկ գիտելիքներ չէին պահանջում: Դրանցից առաջինը վերաբերվում էր այն դեպքին, երբ նախագիծն արդեն խորհրդարանի օրակարգում է: Քանի որ նախագծում  օրենքի մակարդակով կանոնակարգվում էր Հանրապետության նախագահ-արտգործնախարար և նման այլ հարաբերություններ' կապված պայմանագրի կնքման ընթացքը կասեցնելու կամ դադարեցնելու հետ, ապա առաջարկում էի անպայման կանոնակարգել Հանրապետության նախագահ-Ազգային ժողով հարաբերությունները, երբ պայմանագիրն արդեն Ազգային ժողովի օրակարգում է: Երկրոդ առաջարկը վերաբերվում էր ներկայացված հոդվածում «ընթացակարգեր» բառը «ընթացք» բառով փոխարինելուն: Ակնհայտ է, որ այդ բառերի իմաստը միանգամայն տարբեր է: Եթե դադարեցնես ընթացակարգերը, ապա ոչ թե անվավեր կդառնա տվյալ պայմանագրի ստորագրումը, այլ ընդհանրապես կվերանան պայմանագրեր կնքելու ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ քայլերի ամբողջությունն են: Հատուկ գիտելիքներ պետք չեն տեսնելու համար, որ առաջարկվող նպատակով ավելացվող հոդվածում պետք է կիրառվի «պայմանագրի կնքման ընթացքի դադարեցում կամ կասեցում» ձևակերպումը:  Կարծում եմ այս օրինակները պարզորոշ բացահայտում են, որ մարդիկ, ովքեր մասնացել են արձանագրությունների մշակմանը, տեքստի վրա աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ չունեն:   

-Ինչո՞ւ առաջացավ այս նախագիծը:

-Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է նրանք պատասխանեն, ովքեր ներկայացրել են նախագիծը: Եթե հույսն այն է, որ սրանով ինչ-որ չափով Թուրքիային կդրդեն արձանագրությունների վավերացմանը, վախեցնելով, որ Հայաստանը պատրաստվում է  կասեցնել կամ դադարեցնել արձանագրությունները, ապա կարծում եմ՝ իզուր ջաներ են: Սա չափազանց թույլ գործոն է, առավել ևս, որ այսօր արձանագրությունների վավերացնել-չվավերացնելու հարցը կախված է Թուրքիայի և առաջին հերթին Միացյալ Նահանգների հարաբերությունների հետագա զարգացումներից: Ի դեպ, Քլինթոնի հայտարարությունը' նաև Օբամայի անունից, թե ճիշտ չի լինի, որ Կոնգրեսը մարտի սկզբին ընդունի Ցեղասպանությանն առնչվող բանաձևը, քանի որ դա կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, վկայում է, որ  Թուրքիայի համառությունը սկսել է որոշ արդյունքներ տալ:

-Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում այդ հապշտապությունը։ 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունումն ի՞նչ էր նշանակում:

-Թուրքիան հիանալի գիտի, որ Հայաստանն անմիջապես կվավերացնի արձանագրությունները, հենց որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի, սակայն չի դադարեցնի պայմանագրի ընթացքը' այսինքն ետ չի վերցնի ստորագրությունը, քանի որ Միացյալ Նահանգները դա թույլ չի տա: Դեռևս 2009-ին հանրապետության նախագահն ասաց, որ հանձնարարություն է տվել, որ մշակվի նման մի նախագիծ, և հիմա կառավարությունը դա իրականացնում է: Այդ օրենսդրական նախաձեռնության տակ այլ իմաստ տեսնել կամ հետևանքներ ակնկալել չարժե: Ինչ վերաբերվում է 24-ժամյա ռեժիմին, ապա միգուցե Ս. Սարգսյանը ցանկանում էր, որ «սպառնալիքն» օրենքի ուժ ստանա մինչ Կոնգրեսի հայտարարված նիստը, որտեղ պետք է քննարկվի նշված բանաձևի նախագիծը: 

-Իսկ գործընթացներին, որոնք իրականացվում են և՛ թուրքականև՛ հայկական կողմից, ընդհանուր առմամբ ինչպիսի՞ գնահատական կտաք:

-Այս ամբողջ ժամանակահատվածում երբեք չի եղել այնպիսի մի պահ, երբ արձանագրությունների չվավերացումն ավելի իրական լինի: Իրավիճակն ստեղծվեց այն բանից հետո, երբ Էրդողանն արձանագրությունների ստորագրումից մի քանի ժամ հետո հայտարարեց և հետագայում էլ բազմիցս կրկնեց, որ արձանագրությունները թուրքական կողմը կվավերացնի միայն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը դուրս բերվեն, ինչպես ինքն է ասում, Լեռնային Ղարաբաղի «հարակից տարածքներից»: Կարծում եմ՝ այս հայտարարությամբ Էրդողանը գոնե Ադրբեջանի մոտ փորձում էր ստեղծել տպավորություն, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում, որ Ադրբեջանի երազանքն իրականանա այդ տարածքների հետ կապված: Թերևս թուրքական կողմի հաշվարկները լիարժեք չէին, թեև որոշ հիմքեր, իհարկե, կային: 2009թ. հուլիսին Լ'ակվիլայում երկու աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն առաջին անգամ հայտարարություն արեցին խնդրի կարգավորման հետ կապված, միաժամանակ հրապարակեցին մադրիդյան սկզբունքների նախագիծը: Քանի որ այս իրադարձություններն աննախադեպ էին, թուրքերը կարող էին թերևս մտածել, որ գոնե շրջանակային ինչ-որ փաստաթղթի ստորագրումը շատ հեռու չէ: Մյուս հանգամանքն այն է, որ քանի որ մադրիդյան սկզբունքների նախագծի առաջին կետը հենց նման ձևակերպում ուներ, որ այդ տարածքներից հայկական ուժերը պետք է դուրս գան, և դրանք պետք է հանձնվեն Ադրբեջանի ենթակայությանը, Էրդողանը հավանաբար մտածում էր, որ մինչև տարեվերջ նման մի փաստաթուղթ կլինի, և եթե կոշտ հայտարարություններ հնչեն Թուրքիայի կողմից, և արձանագրությունների վավերացումն էլ պայմանավորվի դրանով, ոչ միայն կշահեն այն արդյունքները, որոնք ունենալու են արձանագրությունների վավերացումից, այլ նաև լրացուցիչ դրական զարգացումներ կունենան Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ Բաքվին ցույց տալով, թե իրենց ջանքերի գնով է, որ այդ փաստաթուղթն ստորագրվեց: Բայց կյանքը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրում գոնե տեսանելի ապագայում իրական չէ: Այդ իրավիճակից դուրս գալու համար Էրդողանն անցած դեկտեմբերին փորձեց  ինչ-որ ձևով լուծում գտնել Վաշինգտոնում, ապա հունվարին՝ Մոսկվայում: Սակայն և՛ ամերիկյան, և՛ ռուսական կողմը պարզորոշ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրենք չեն տեսնում մեկ փաթեթում: Հայաստանում անմիջապես փորձեցին դա վերագրել այն բանին, որ գերտերությունները պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը, ինչն, իհարկե, պարզունակ մոտեցում է: Պարզապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պաշտպանում են իրենց շահերը, ինչպես միշտ է դա եղել և ինչպես միշտ է հետագայում լինելու: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում և նույնիսկ ավելի լայն իմաստով տարածաշրջանում լուրջ հավակնություններ ունեցող այդ գերտերությունները չպետք է Ադրբեջանի վրա ազդեցության կարևորագույն մի լծակ զիջեին թուրքական կողմին: Հետևաբար, Թուրքիային պարզորոշ հասկացրին, որ ինքը պետք է սահմանափակվի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումով և դրանից ստացվող իր օգուտներով: Բայց մյուս կողմից էլ մի քանի ամիս է, ինչ Էրդողանը հայտարարություններն արել է և շարունակում է անել, և այս առումով կարծում եմ՝ իր համար ստեղծվել է բավական  տհաճ մի իրավիճակ: Այն մի փոքր մեղմեց Սահմանադրական դատարանի որոշումը, որը լուրջ հիմք է տալիս թուրքական կողմին, որ նրանք պնդեն, թե այդ որոշումը սահմանափակում է արձանագրությունների կիրառումն այն ծավալով, որով ստորագրվել էր: Ինչպես արդեն հայտարարվել է, թուրքական կողմը փորձում է միջազգային փորձագետների միջոցով պատրաստել մի փաստաթուղթ, որը կհիմնավորի այս մոտեցումը։ Հետագայում, բնականաբար, կփորձեն այդ փաստաթղթի հիման վրա ինչ-որ լուծումներ որոնել: Սա՛ է իրողությունը: Կա ևս մեկ հանգամանք: Կարող է առաջին հայացքից այնքան էլ հավանական չթվալ, բայց կարծում եմ՝ Թուրքիայում վերջին շրջանի ձերբակալություններն ինչ-որ առումով նաև նպատակ ունեն այս գործընթացի մեջ օգտագործվելու: Թերևս Էրդողանը փորձում է Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ եթե ճնշումները շատ մեծանան, ապա կա երկու վտանգ. Թուրքիայի համար ներքին խնդիրներ են առաջանալու թե՛ հասարակական կարծիքի տեսակետից, թե՛ զինվորականների չերևացող «կուսակցության» կողմից: Հետևաբար ԱՄՆ-ը պետք է ընտրի, թե ում հետ կուզենա գործ ունենալ Թուրքիայում: Եթե Էրդողանի կուսակցության, ինչը շատ ավելի հավանական է, ապա Վաշինգտոնը գոնե առայժմ պետք է որոշ չափով թուլացնի ճնշումը: Այս ճանապարհով փորձում են ժամանակ շահել՝ հուսալով, որ, այնուամենայնիվ, մի օր գոնե առաջիկայում ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, դրանից հետո կարող են արձանագրությունները հանգիստ վավերացնել: Թուրքական կողմի քայլերը այս տրամաբանության վրա են կառուցված և Քլինթոնի վերջին հայտարարությունը կարծես թե վկայում է, որ այդ տրամաբանությունը որոշ պտուղներ տալիս է: Դժբախտաբար, մի շարք կոպիտ սխալների պատճառով այսօր հայ–թուրքական հարաբերությունների ստեղծված իրավիճակում Հայաստանից ոչինչ կախված չէ:

-Մոտենում է ապրիլի 24-ը, և ինչպես նկատում ենք, ու դա են ցույց տալիս նաև իրադարձությունները, սահմանի բացման մասին խոսք չկա։ Սակայն մինչ այս որոշ քաղաքագետներ, վերլուծաբաններ, ինչպես նաև բազմաթիվ պատգամավորներ պնդում էին, որ նախորդ տարվա վերջում սահմանն արդեն բաց կլինի, կամ դա տեղի կունենա մինչև ապրիլի 24-ը։ Ի՞նչ էր սա նշանակում՝ քաղաքական անհեռատեսությո՞ւն, թե՞ հասարակությանը խաբելու փորձ էր, որը չհաջողվեց։

-Ընդհանրապես շատ լրջորեն խոսել Հայաստանում վերլուծաբանների ու քաղաքագետների կարծիքների մասին իզուր կլինի, որովհետև այդպիսիք Հայաստանում շատ քիչ են։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր ուղղակի սովոր են ժամերով խոսել' անընդհատ ակումբից ակումբ և հեռուստաէկրանից հեռուստաէկրան տեղափոխվելով,  իրենք իրենց վերլուծաբան և քաղաքագետ են համարում՝ դրա համար չունենալով համապատասխան կրթություն, առավել ևս՝ նման աշխատանքի փորձ, որովհետև վերլուծաբանը և քաղաքագետն առաջին հերթին ոչ թե խոսում են, այլ հրապարակում իրենց աշխատանքի արդյունքները, այդ թվում և մասնագիտական հանդեսներում։ Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին, ապա ես ուզում եմ հիշեցնել, որ  1 տարի առաջ կրկին ապրիլի 24-ի հետ կապված նույն սպասումներն էին։ Իմ կարծիքով այս ամենն ուղղակի դառնում է տգեղ մի երևույթ։ Ավելի քան համոզված եմ, որ հայերն այս «գործընթացին» չպետք է մասնակից լինեն, որովհետև ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների համար Ցեղասպանության խնդիրը պարզապես քաղաքական խնդիրներ լուծելու փոքրիկ մի լծակ է Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ավելի քան համոզված եմ, որ հայերի մասնակցությունն այդ ամենին այլևս բարոյական չէ, և վիրավորական է Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ, քանի որ նման «սպասումներն» ու «քննարկումները» դառնում են թուրք-ամերիկյան առևտրի բաղկացուցիչ մասը։ Անգամ Թուրքիայում են վաղուց հասկացել. ըր «սահմանի բացման», իսկ ճշգրիտ «Հայաստան ապաշրջափակման կարևորությունը կեղծ գաղափար էր» այս ամբողջ գործընթացում Հայաստանի համար գոնե մեկ թվացյալ շահ ձևակերպելու նպատակով: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իրական լուծում հնարավոր է գտնել միայն այն դեպքում, եթե խնդիրները ճիշտ են ձևակերպված։ Հարցն ի վերջո կկարգավորվի, բայց ոչ թե այս գործընթացի արդյունքում, այլ երբ թուրքերն իսկապես հասկանան, որ  դրա համար կա շատ պարզ և հեշտ ճանապարհ. դա Ցեղասպանության ճանաչումն է։ Եթե իրական խնդիրները շիտակ չդրվեն բանակցությունների սեղանին, և դրանց համար փորձ չարվի գտնել իրական լուծումներ, ապա ոչինչ չի փոխվելու, անգամ եթե թվացյալ ինչ որ «առաջընթաց» էլ լինի, որովհետև դրանից հետո էլ ո՛չ թուրքերն են մոռանալու Ցեղասպանության մասին, ո՛չ հայերը, ու մնալու է փոխադարձ վերաբերմունքը։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը