Խմբագրական

22.02.2010 01:16


Հայ-վրացական հարաբերությունների, «նախաձեռնողականության» և այլ բաների մասին

Հայ-վրացական հարաբերությունների, «նախաձեռնողականության» և այլ բաների մասին

Իրեն «խաղաղության» կուսակցության հետևորդ հռչակած օրվա իշխանության  «ֆուտբոլային» հնարքների աղմուկի տակ հայ հասարակությունը չհասցրեց նկատել, որ ՀՀ-ն «նախաձեռնողական» քաղաքականություն է վարում նաև Վրաստանի՛ ուղղությամբ։ Պարզապես այդ մասին գրեթե չի խոսվում։

Եթե Թուրքիայի հետ հարաբերություններում «նախաձեռնողականությունը» դրսևորվեց  պատմաբանների հանձնաժողովի ստեղծման ու սահմանների փոխադարձ ճանաչման թուրքական նախապայմաններին «այո» ասելով և Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերություններին ամուր շաղկապելուն անհեռատեսորեն նպաստելով, ապա Վրաստանին «այո»  ասելու սերժսարգսյանական «նախաձեռնողականությունը»  բերեց Ջավախքի և վիրահայերի վիճակի է՛լ ավելի վատթարացմանը։ 

Բանն այն է, որ սկսած 2008-ից Ջավախքի հարցը համարյա ամբողջությամբ դուրս է մնացել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Վարվում է «ջայլամային» քաղաքականություն։ Այսինքն խնդիրների մասին նույնիսկ չի էլ խոսվում։ Մեկ անգամ ՀՀ նախագահը մի երկու բառով անդրադարձավ ջավախահայությանը վերաբերող  հարցերին, բայց, ինչպես մյուս դեպքերում է լինում, հետևողականություն, վճռականություն և գործի բանիմացություն չցուցաբերվեց։ Խոսք էր, ասվեց ու հետո մոռացվեց դրա մասին։ Վրացիները Սարգսյանի այդ խոսքից հետո մի փոքր իրար խառնվեցին, բայց հետո երբ տեսան, որ գործ ունեն «Լեոպոլդ կատվի» հետ ու մեզ մոտ բան չի փոխվել՝ առավել լկտի սկսեցին իրենց պահել Ջավախքում։ Մեր «ֆուտբոլասերը» մոռացավ իր ասածների մասին ու վրացիների նկատմամբ դարձավ խիստ «նախաձեռնողական»։ Ավելի ճիշտ՝ վախվորած։

Հա, չմոռանամ ասել։ ՀՀ «նախաձեռնողականությունը» Վրաստանում դրսևորվեց նաև վարչապետի հայկական եկեղեցի ներխուժմամբ ու պատարագի կազմակերպմամբ։ «Տիրացու» վարչապետի «էքշըն» ոճի այդ քայլը միգուցե հետաքրքիր էր հոլիվուդյան էժանագին մարտաֆիլմերի սիրահարների, բայց ոչ վիրահայերի իրական խնդիրներին տիրապետողների համար։ Վրացական կողմը փորները բռնած ծիծաղում էին «տիրացուի» այդ քայլի վրա, քանի որ շատ լավ գիտեին, որ Սուրբ Նորաշեն եկեղեցու հարցը չէ առաջնայինը հայ-վրացական հարաբերություններում և «դժվարությամբ» զիջեցին այդտեղ, որպեսզի մյուս հարցերում «նախաձեռնողականություն» ստանային մեր վարչապետից ու իրենց ուզածն անեին։ Եվ այդպես էլ եղավ։

Այժմ ո՛չ արտգործնախարարությունը, ո՛չ սփյուռքի նախարարությունը չեն զբաղվում Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու Ջավախքի խնդիրներով։

Է. Նալբանդյանի տարեկան ամփոփիչ զեկույցում Վրաստանին կես նախադասություն էր հատկացված, որտեղ ընդհանրապես բացակայում էր Ջավախքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ արված որևէ քայլի մասին հիշատակումը, իսկ սփյուռքի նախարարությունը զբաղված է «Արի տուն» կամ, ավելի ճիշտ կլիներ վերնագրել, «Արի ասեմ» ոճի դեմագոգիկ ու «փուչիկ» ծրագրերի, ինչպես նաև Հրանուշ Հակոբյանի կոմերիտական երևակայության վերածննդի կազմակերպմամբ։ Ուրիշ ոչինչ։  

Որքան շատ են «նախաձեռնողականության» մարտիկները կոչ անում հայերին տուն գալ, այնքան շատանում է արտագաղթը։

Որքան շատանում են սփյուռքի հարցերով զբաղվողները, այնքան սփյուռքը հեռանում է Հայաստանից։ Ասվածի վառ ապացույցն է Սերժ Սարգսյանի «հուժկու» շրջագայությունը՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ. ՀՀ նախագահը «ջերմ» ընդունելության արժանացավ սփյուռքի կողմից։

Որքան շատ են պետական բարձրագույն շքանշան կախ տալիս «Կոստան»-Սահակաշվիլու վզից, այնքան խորանում է Ջավախքի հայաթափումը և Վրաստանի մյուս հատվածներում ապրող հայերի ասիմիլյացիան։

Որքան շատ են «խաղաղության աղավնի» խաղում վրացիների հետ, այնքան շատ քաղաքացիների է արգելվում հատել Վրաստանի սահմանը, այդ թվում և «Հայկական աշխարհ» կառուցող վարչապետ ունեցող իշխող կուսակցության պատգամավորական խմբակցության անդամին։  

Որքան քիչ են Հայաստանի իշխանությունները խոսում Ջավախքի խնդիրներից, այնքան շատ են վրացիներն իրենց կողմից վերաձևում սահմանը՝ առանց ՀՀ-ի հետ  վերջնական համաձայնեցման։

Ստացվում է, որ «նախաձեռնողականության» տակ Սերժ Սարգսյանը հասկանում է միայն դրսին «այո» ասելը բոլո՛ր հարցերում և միակողմանի զիջումները։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ անողնաշար պահվածքն ավելի է մեծացնում լարվածությունը։ Այդպես եղավ Թուրքիայի հետ։ Այդպես է նաև Վրաստանի պարագայում։

Մեզանում սխալ են հասկացել և լավ չեն պատկերացրել հարևաների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բանաձևը և «խաղաղության» կուսակցության բուն էությունը։

Եթե ուզում ես հարևանիդ հետ լավ հարաբերություն ունենալ ու խաղաղ ապրել, ապա դրան հասնելու ճանապարհը քիրվայությունը չէ (Թուրքիայի և Ադրբեջանի մասով), կամ խնդիրների մասին չխոսելը չէ (Վրաստանի մասով)։ Ընդհակառակը։ Բարիդրացիական հարաբերություններ հաստատվում են հստակ ու կոշտ դիրքորոշման հետևանքով։ Եվ պրակտիկան էլ դա է ցույց տալիս։

Տեսե՛ք, Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» դարձավ Թուրքիայի ուղղությամբ ու հիմա ստիպված է Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակով մտորել պատերազմի ու խաղաղության մասին։ «Ֆուտբոլից» առաջ նման վիճակ չկար։ Հիմա կա։ Այժմ Թուրքիայի հետ մենք ունենք ավելի լարված վիճակ, քան կար Գյուլի Հայաստան գալուց առաջ։ Եվ այսուհետ այդ լարվածությունը մեծանալու է, զարգացումներն ի վնաս մեզ են լինելու, քանի դեռ չենք ստեղծել նոր համակարգ ու ձևավորել նոր իշխանություն։

Եթե դու փաստացի հանում ես Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, ապա հարևանդ դա գնահատում է թուլության, այլ ոչ թե բարի կամքի դրսևորման նշան ու մտնում Արցախի բանակցային տարածք։ Մանավանդ երբ ինքդ ես նրան հրավիրում Ադրբեջանի հետ «տանգո վ տռայոմ» պարելու։

Եթե դու փոխ ես առնում «Մինչև չունենանք բաց սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ չենք զարգանա» կործանարար կարգախոսը, ապա այդ բաց սահմանը չես ստանում, իսկ փոխարենը կանգնում ես երկրիդ անվտանգությանը սպառնացող մարտահրավերների առաջ։ Բաց սահմանն, անշո՛ւշտ, պետք է, բայց ինքնամոռաց, անարժանապատիվ ու ողորմելի կեցվածքը չէ դրան բերող ալգորիթմը։ Քաղաքական պրակտիկան ապացուցում է ասվածի բացարձակ ճշմարիտ լինելը։

Նույնն է վիճակը նաև Վրաստանի պահով։ Այո՛, Վրաստանը մեր ռազմավարական հարևանն է և հանդիսանում է ՀՀ արտաքին բեռնափոխադրումների ապահովման մոտ 75 տոկոսի տարանցիկ գոտի։ Բայց եթե որևէ մեկին թվում է, որ Ջավախքի խնդիրների մասին պետք է չխոսել, որպեսզի մեր բեռները կարողանանք տեղափոխել, քանի որ այլընտրանք չկա, ապա նա չարաչար սխալվում է։ Ճիշտ հակառակը։

Եթե Ջավախքը մեր կողմից մոռացության տրվի ու հայաթափվի, ապա այդ բեռներն ավելի վատ ֆինանսական պայմաններով կտեղափոխվեն ու Վրաստանը մեզ կառաջարկի վասալային հարաբերություն։ Ուզում ենք, թե չենք ուզում՝ նրանց ծրագիրն է այդպիսին և իրենց շահերի տեսակետից լրիվ հասկանալի է։ Վրացիները գնում են մոնոէթնիկ պետություն կառուցելու ճանապարհով և նրանց այդ ծրագրերին խանգարում է հայկական կոմպակտ բնակությամբ Ջավախքը։ Օսերը նույնպես խանգարում էին մոնոէթնիկ պետություն դառնալու այդ ծրագրերին և վրացիներն ընտրեցին ուժային լուծման մեթոդը։ Այլ հարց է, որ հաջողության չհասան, քանի որ Ռուսաստանը միջամտեց։ Չարժե նույն վիճակին բերել Ջավախքը, որ հետո փորձենք հերոսաբար պաշտպանել մերոնց։

Որպեսզի հետագայում լուրջ հակամարտություն չառաջանա մեր և վրացիների միջև՝ այսօրվանից պետք է կանխել այն։ Այսինքն հարկավոր է Ջավախքին Հայաստանից տեր կանգնել ու միջազգային բոլոր նորմերին համապատասխան հասնել վիրահայության իրավունքների պաշտպանությանը։

 Խոսքն այն մասին չէ, որ զորք մտցնենք Ջավախք ու ազատագրենք այն, ինչպես որ կփորձեն մակերեսային բանաձևերով ընկալել ու այդ պրիզմայով հակաճառել Հայաստանի «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչները։ Ամենևին։ ՀՀ-ն պետք է նպաստի ջավախահայության լիակատար ինտեգրմանը Վրաստանի հանրային կյանքին։ Սա՛ է, որ վրացիները չեն ուզում։ Նրանք այժմ վրացերեն լեզվի խնդիր են առաջ քաշում Ջավախքում, բայց չեն համաձայնում հայ-վրացական համալսարանի կառուցմանը Ախալքալակում, քանի որ, ըստ էության, խնդիր չունեն ջավախահային տեղում պահելու։

Վրացիներն այնքան էլ անկեղծ չեն, երբ ասում են, որ ընդամենն ուզում են տիտղոսային լեզու վրացերենը տարածել հայաբնակ վայրերում։ Եթե ուզում են, ապա թող հնարավորություն ստեղծեն հայերին կրթություն ստանալու։ Իրականում՝ վրացերեն լեզվի «մահակով» նրանք ցանկություն ունեն հայերին դուրս թողնել պետական կառավարման համակարգից, կտրել տեղացիներին իրենց բնակության վայրերից։ Այժմ վրացական մաքսակետով նույնիսկ չի թույլատրվում հայկական թերթեր անցկացնել։ Ես այդ մասին լսելով չէ որ գիտեմ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարուց հայկական գյուղերում անգամ հայ գյուղապետ չի լինի, ինչպիսի վիճակ որ այժմ նկատվում է Վրաստանի ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանում, որտեղ տեղական բոլոր մարմինների ղեկավարները վրացիներ են՝ չնայած որ կոմպակտ բնակչությունը ազգությամբ ադրբեջանցիներ են։ Կառավարման կազմի նացիոնալիզմը հետզհետե կբերի այլազգի տեղաբնակների արտահոսքին, ինչին որ ձգտում են վրացիներն իրենց հանրապետության ողջ տարածքում։

Եթե հայերի դեպքում հասնեն վերը նշված նպատակին, ապա դրանից հետո մեր տարանցիկ ճանապարհը կվերածվի մղձավանջի։ Այդ հիմա է, որ վրացիները դեռ հետներս հաշվի են նստում՝ վախենալով, որ Ջավախքի հարց կա։ Հենց Ջավախքը դադարի գործոն լինելուց, այն ժամանակ երանի կտանք այսօրվա վիճակին։

«Բա ի՞նչ կարող ենք անել»,- կհարցնեն «խաղաղասերները»։ Պատասխանեմ. պետական մակարդակով այս խնդիրները պետք է դրվեն Վրաստանի իշխանության առաջ ու հետևողականություն ցուցաբերվի դրանց լուծման գործում։ Զիջողականությունը միայն կսրի իրավիճակը և մենք մի նոր Նախիջևան կամ Արցախ կունենանք՝ այդտեղից բխող բոլոր անցանկալի հետևանքներով։ Այսինքն «խաղաղության» կուսակցության հայկական տրամաբանությամբ շարժվելով՝ Ջավախքը կդառնա կա՛մ Նախիջևան, կա՛մ մինչութսունության Արցախ։

Մեզանում տարածված մի սխալ տեսակետ կա, թե Ջավախքի խնդիրը ջավախահայերինն է, ինչպես որ Արցախի հարցը ոմանք համարում են արցախահայությանը։ Դա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր տեսակետ է։ Չկայացած հայ քաղքենուն դեռ չեն կարողացել բացատրել, որ Ջավախքն ու Արցախը քո երևանյան անվտանգ գոյությունն են ապահովում և եթե ուզում ես էժան հագնվել ու թանկ ման գալ, ապա պարտավոր ես տեր կանգնել Ջավախքին ու Արցախին։

«Խաղաղասերներն» առաջարկում են չխոսել Ջավախքի խնիրներից՝ չհասկանալով, որ այդ ձևով դարդին դարման չես անի։ Եթե հիվանդությունը գալիս է, ապա այն պետք է բուժել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, դեմքի խորաթափանց արտահայտությամբ, առաջարկում էր չխոսել տնտեսական ճգնաժամից, որպեսզի այն մեզ շրջանցի։ Թե ինչ եղավ այդ մոտեցումից հետո՝ բոլորս ականատես եղանք։  Ճգնաժամից սկսեցին խոսել այն ժամանակ, երբ արդեն բանը բանից անցել էր ու հիմա ճգնաժամը դարձել է «միջազգային կենտրոնի» սիրահարների սիրած թեման. ձախորդությունն արդարացնելու «հիմնավոր» փաստարկներ հետին թվով բերելը, սեփական անգրագիտությունը թաքցնելն ու մեր դառը բախտը լացելը՝ հայերիս սիրած զբաղմունքն է։  

Այո՛, պետք է Հայաստանից աջակցել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք չլքեն Ջավախքը։  Ասվածը բացարձակապես զգացմունքային ոլորտից չէ։ Ջավախքի գործոնը եթե չլինի, ապա Վրաստանի հետ մեր հարաբերությունները կվատանան մեր կամքից անկախ՝ վրացական նախաձեռնությամբ։

Գաղտնիք չէ, որ երկրները միմյանց հետ բարիդրացիական հարաբերություն են ունենում ուժերի հավասարակշռության և փոխադարձ շահի, այլ ոչ թե վիրտուալ բարեկամության բաժակաճառերով։ Ֆրանսիան ու Գերմանիան այսօր իրար հետ նորմալ հարաբերություն ունեն առավել քան երբևէ, բայց դրան բերեց ոչ թե կողմերի բարեկամական զգացմունքների արթնացումը, այլ ուժերի հավասարակշռությունը։ Նրանք  հասկացան, որ միայն բարիդրացիական հարաբերությունները կարող են նպաստել իրենց երկրների զարգացմանը։ Դրանից առաջ նույն Գերմանիան ու Ֆրանսիան երկու համաշխարհային պատերազմի միջով անցան մինչև որ եկան այսօրվա վիճակին։ Այլապես եթե մեկի հնարավորությունները ներեր, ապա վաղուց ոչնչացրել էր մյուսին։ Հիտլերի վարքը ձեզ ապացույց։ Սա պատմաքաղաքական ճշմարտություն է, որը միգուցե անմարդկային է հնչում, բայց իրողությունն այդպիսին է և դրանից չես փախչի։

Մեկ այլ օրինակ. երբ «սառը պատերազմի» տարիներին ԱՄՆ-ում իշխանության էին գալիս այնտեղի «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչներ համարվող դեմոկրատները, ՍՍՀՄ-ի հետ կոնֆլիկտը սրվում էր և աշխարհը կանգնում էր միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Այդպես եղավ դեմոկրատ նախագահներ Քենեդու և Քարտերի դեպքերում։ Իսկ երբ ԱՄՆ նախագահ էին դառնում «պատերազմի» կուսակցություն համարվող հանրապետականների ներկայացուցիչները, ՍՍՀՄ-ի հետ հարաբերությունները համեմատաբար նորմալանում էին։ Ի վերջո, «սառը պատերազմում» Սովետական Միությանը պարտության մատնեց ոչ թե «խաղաղության աղավնի» դեմոկրատների, այլ «բազե» հանրապետականների լիդեր Ռեյգանը։

Հիմա որպեսզի Վրաստանի հետ մեր նորմալ հարևանությանը ոչինչ չսպառնա, պետք է գործոն լինենք վրացիների համար և հավասարակշռենք նրա նպաստավոր աշխարհագրական դիրքը։ Դա հնարավոր է միայն Ջավախքը Վրաստանի լիարժեք միավորը դարձնելով և այնտեղի հայությանը տեղում պահելով։ Զարգացման այլ սցենարները Ջավախքը կվերածեն նոր Նախիջևանի՝ հայաթափման տարբերակով, կամ նոր Արցախի՝ պատերազմի տարբերակով։ Հայաստանին ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ տարբերակները ձեռնտու չեն։

Հայտնի է, որ մենք Վրաստանից ահագին կախվածություն ունենք, իսկ Վրաստանը Հայաստանից՝ գրեթե զրոյական։ Միակ հարցը, որն այժմ մտահոգում է վրացական իշխանությանը՝ Ջավախքն է։ Եվ հետևաբար՝ միայն Ջավախքի հարցով նրանք կարիք ունեն Երևանի հետ խոսելու ու մեզ հետ հաշվի նստելու, եթե մենք այնտեղ կարողանանք կազմակերպված ու հզոր հայկական լոբբի ունենալ։ Ու եթե մենք նրանց ասում ենք, թե «հարց չկա», մեզ ջավախահայի խնդիրները հուզում են ճիշտ այնքան, որքան Նիկարագուայի հայինը, ապա անհեռատեսորեն վրացիներին «քարտ բլանշ» ենք տալիս Ջավախքի հայաթափման գործում, իսկ հետագայում արդեն՝ Հայաստանի հետ թելադրողի դիրքերից խոսելուն։  

Եթե Ջավախքի գործոնը չլինի, ապա բեռնափոխադրումների գները կարող են տասնապատկվել, կամ էլ թուրքական ու ադրբեջանական տնտեսական լոբբինգի արդյունքում Վրաստանի ճանապարհը կարող է ինչ որ մի պահ լրիվ փակվել. շահի խնդիր է։ Ու այդ ժամանակ չեն գործի «հավատակից եղբայր» և նման այլ սրտաճմլիկ «փաստարկները»։

Ասածս այն է, որ Ջավախքի գործոնն ուղղակիորեն առնչվում է ՀՀ-ի անվտանգությանը։ Մեր շահերից բխում է Վրաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը, և դրան հասնելու համար անհրաժեշտ է տեր կանգնել Ջավախքին, այլ ոչ թե հակառակը։

Պատահական չէ, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո վրացիները մի փոքր փոխեցին իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Այն օրերին վրացական քաղաքական գրեթե ամբողջ վերնախավն ու վրաց հասարակության լայն շրջանակները համոզված էին, որ Ջավախքից էլ հարձակում կլինի. իրենք լավ գիտեին, թե ինչ էին արել ու անում Ջավախքում և սպասում էին պատասխանի։

Ինչպես հայտնի է, մեզանում հակավրացական տրամադրություններ չկային։ Մեր միակ մտահոգությունը բեռնափոխադրումներն էին։ ՀՀ իշխանության դիրքորոշումն այդ օրերին, ընդհանուր առմամբ, ճիշտ էր։ Մի փոքր պասիվություն կար (այստեղ էր պետք նախաձեռնողականություն ցուցաբերել), բայց ընտրված գիծն ամենաադեկվատն էր։ Սակայն դրան չհետևեց ակտիվություն։ Վրացական իշխանության առաջ չդրվեցին Ջավախքի խնդիրները։ Միգուցե մերկանտիլ թվամ, բայց արտաքին քաղաքականությունը նաև առևտուր է. Ջավախքի հարցում պետք էր կոշտացնել դիրքորոշումն այդ պահին, ինչին վրացիները երկու ձեռքով կողմ կլինեին։  Սահակաշվիլին այնքան էր իրար խառնված, որ զբաղված էր իր փողկապի «խնդիրներով»։ Այդ շրջանում «մերոնք» իրենց շատ հեզիկ-նազիկ դրսևորեցին։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները սկսեցին նույնիսկ քծնել Միխոյին ու ամեն կերպ հասկացնել, որ առանց իրենց մեր կյանքը կորած է։ Դրանից հետո Սահակաշվիլին իրեն պահեց Էրդողանի պես։ Տեսնելով, որ Հայաստանում «Լեոպոլդ կատուների» անողնաշար ու դրսին ցանկացած հարցում «այո» ասողների ձեռքում է հայտնվել իշխանությունը՝ Սահակաշվիլիի վարքը Ջավախքում դարձավ նախադեպը չունեցող լկտիության ու հակահայկականության կոդի շրջանակներում։

Վրացական հատուկ ծառայություններն այժմ զբաղված են Ջավախքը հայաթափելու գործով, ինչին աջակցում են ՀՀ իշխանություններն իրենց չտեսնել տալու՝ «ջայլամային» ու «նախաձեռնողական»  քաղաքականությամբ։

Վրացական հատուկ ծառայություններին նույնիսկ հաջողվել է հայաստանյան խորհրդարանում նստեցնել Բոգդանովկայի շրջանի գյուղերից մեկում բանտ կառուցելու սիրահար մարդկանց, այն էլ իշխող կուսակցության ցուցակով։ Դրա համար էլ հայոց խորհրդարանը բյուջեից ֆինանսավորում է Վրաստանում լույս տեսնող հայալեզու այն թերթին, որի գործունեության հակահայկական ուղղվածությունը զարմացնում է անգամ վրացիներին։ Այդպես է ստացվում բոլոր այն դեպքերում, երբ պետության մեջ տիրող միակ գաղափարախոսությունը լինում է փողը և աթոռը պահելու մոլուցքը։

Այն ինչ այժմ արվում է Ջավախքում, գրեթե նույնությամբ հիշեցնում է սովետական շրջանի Ադրբեջանի քաղաքականությունն Արցախում։ Վրացիների բոլոր քայլերից երևում է, որ նրանց  նպատակն այժմ յուրօրինակ «Լաչինի միջանցք» ստեղծելն է Հայաստանի ու Ջավախքի միջև։ Հայաստանի ու Վրաստանի սահմանային գոտում վրացական իշխանությունների կողմից ստեղծված հատուկ ֆոնդերի միջոցներով ինտենսիվորեն տներ են գնվում ու բնակեցվում այլ ազգերով (հիմնականում Վրաստանի մյուս  շրջաններից բերված աջարներով)։ Այդ գործընթացը հատկապես ցայտուն է երևում Բոգդանովկայի շրջանի նախկինում մալականաբնակ Գորյոլովկա գյուղի դեպքում, որտեղ շուրջ 65 տուն է գնվել ու տրվել աջարներին, որոնց հետ հետագա բախումներ կազմակերպելը «տեխնիկայի» հարց է դառնում վրացիների համար։

Էթնիկ բախումներ կազմակերպելու նախնական մոդելները պարբերաբար փորձարկվում են համեմատաբար նվազ հայաբնակ Ծալկայի շրջանում, երբ կենցաղային հողի վրա վեճերը հնաբնակ հայերի ու նորաբնակների միջև վերածվում են մասսայական բախումների։ Այս ձևով վրացիներն ուզում են շագանակներն այլոց ձեռքերով կրակից հանել և իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։

«Լաչինի միջանցք» ստեղծելով՝ վրացական իշխանությունների հեռահար նպատակն է այլ ազգով բնակեցված միջնորդավորված գոտի ստեղծելը կոմպակտ հայ բնակչություն  ունեցող տարածքի ու ՀՀ-ի միջև։ Այդ ծրագրի վերջնական իրականացման դեպքում, լեռնեցիներին հատուկ տաքարյունությունը հաշվի առնելով, կոնֆլիկտներն անպակաս կլինեն, մանավանդ, որ դրանք կարող են հրահրվել վրացական իշխանությունների կողմից։

Թե ինչ է նշանակում ցամաքային ուղիղ կապ ունենալը՝ կարծում եմ Արցախի օրինակով բոլորն են հասկացել։ Ստալինյան քաղաքականությունն Արցախում դժբախտությունների պատճառ դարձավ մեր ու ադրբեջանցիների համար, երբ ԼՂԻՄ-ն անկլավի էր վերածվել։ Չի կարելի նույնը կրկնվելու հավանականությունը մեծացնել Ջավախքում։

«Լաչինի միջանցք» ստեղծելու վրացական ջանքերն ամենևին չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունը, Ջավախքի գործոնն օգտագործելով, պետք է զերծ պահի վրացական իշխանություններին արկածախնդրության դիմելու հետագա գայթակղություններից։ Ես մեր այդ քաղաքականությունը կանվանեի խաղաղության պարտադրանք։ Առայժմ որևէ քաղաքականություն ՀՀ-ն չի իրականացնում, որն էլ թույլ է տվել մեր «ոխորիմ բարեկամներին» առաջ տանել իրենց գիծը։

Վրաստանը Ջավախքի մասով առայժմ ընտրել է «փափուկ ուժի» կիրառումը։ Այսինքն տնտեսական ու կառավարչական այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հայերը ստիպված լքեն Ջավախքը։ Վրացիները երբեմն դիմում են նաև կոշտ միջոցների՝  կալանավորելով հայ ակտիվիստներին։ Երբ ժողովրդագրական վիճակը փոխվի և հայերն այլևս մեծամասնություն չկազմեն կամ փոքրաքանակ լինեն, հետագայում չի բացառվում արդեն մասսայական բնույթ կրող «կոշտ ուժի» կիրառումը։ Ասել է թե՝ Վրաստանում հայերի նկատմամբ կիրառվում և կիրառվելու են էթնիկ զտման դասական տեխնոլոգիաները։

Քանի դեռ ուժերի հարաբերակցությունը հայերի կողմն է, ՀՀ իշխանությունները պետք է Վրաստանի հետ օր առաջ նստեն բանակցությունների՝ նպատակ ունենալով ապահովել վիրահայության իրավունքներն ընդհանրապես և ջավախահայության խնդիրները՝ մասնավորապես։ Հետո ուշ կլինի։

Այնպես է ստացվել, որ մեր աշխարհագրական դիրքից ելնելով՝ ՀՀ անվտանգության ապահովման և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հիմնական երաշխիքները Արցախն ու Ջավախքն են։ Եթե սա չգիտակցենք, խորապես կսխալվենք։

Վրաստանի հետ մեր «կոզրը» Ջավախքն է, ինչը կստիպի նրանց հաշվի նստել մեզ հետ, իսկ Ադրբեջանի հետ՝ Արցախի ներկա սահմանները, ինչը թույլ չի տա բավարարել Բաքվի ախորժակը Զանգեզուրի մասով։ Այսինքն Արցախն ու Ջավախքը մեր անվտանգության անփոխարինելի միջնաբերդերն են։ Ու պետք չէ սրանից եզրակացություն անել, որ ես բարձրացնում եմ Ջավախքի անկախության հարցը։ Ո՛չ։ Ես ուզում եմ, որ Ջավախքը դառնա հայ-վրացական բարեկամության մերանը։ Այլ կերպ հնարավոր չէ վրացիների հետ նորմալ դրկիցություն անել։ Իրենք չեն գնա դրան, եթե մեզանից կախում չունենան։ Դա բնական է։ Նույնիսկ կենցաղային հարաբերություններում երբ մեկից կախված ես լինում՝ դառնում ես նրա գերին։ Իսկ եթե դիմացինդ էլ քեզ հետ խոսելու, քո հետ հաշվի նստելու մոտիվ ունի, ապա ձեր հարաբերություններն, իրոք, փայլուն են լինում։

 Ի դեպ, Վրաստանի հետ մեր դիրքերի ամրացման ևս մեկ լծակ կարող է դառնալ նաև ամառային շրջանում Աջարիայում հանգստացողների հանգամանքի օգտագործումը։ Վրաստանի այդ շրջանի զարգացման հիմնական գործոնները վերջին տարիներին դարձել են մեր այն տասնյակ հազարավոր քաղաքացիների գումարները, որով տեղացիները ապրուստի միջոց են ստանում։ Սա էլ պետք է ճիշտ օգտագործել։ Վրաստանի իշխանությունները պետք է իմանան, որ եթե մեր բեռնափոխադրումները պարբերաբար թանկացնեն, ապա Հայաստանն էլ իր հերթին կարող է այնպիսի քաղաքականություն վարել, որ զբոսաշրջիկները ձեռնպահ մնան վրացական լողափեր մեկնելուց։ Այսինքն մեր ունեցածը պետք է վրացիներին թանկ «վաճառենք», որ իրենք չմտածեն, թե ինչպես ուզեն մեզ հետ կվարվեն։ Մեր քաղաքացիների ամառային հանգստի կազմակերպումը Վրաստանում մատչելի է ֆինանսապես և Սևանի աստղաբաշխական գումարներ արժեցող հանգստի ֆոնին մեզ ձեռնտու, բայց վրացիներին պետք է հասկացնել, որ եթե մերոնք այլ որոշում կայացնեն, ապա Աջարիայի բնակչությունը սոցիալական լուրջ խնդրի առաջ կկանգնի։ Այսինքն զիջումներով ու մեղմիկ քայլերով չի որ պետք է նորմալ հարևանության հասնել։

Նույնը նաև Արցախի հարցով է։ Եթե Ադրբեջանին զիջես ունեցածդ, ապա նրան չես կարող ստիպել, որ հետդ նորմալ հարաբերություն ունենա։ Ստատուս քվոն է, որ այժմ խաղաղություն է ապահովում Արցախում, այն էլ առանց միջազգային խաղաղապահների։ Այս պարզ ճշմարտություններն են, որ չեն հասկացել ու հասկանում իրենց «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչներ հռչակած «Բուրբոններն» ու գործող ապաքաղաքական ու «ֆուտբոլասեր» պլուտոկրատները։

Դե իսկ Թուրքիայի հետ հարաբերության նորմալացմանը կարող է նպաստել հայ-թուրքական հարցերի տարանջատումը հայ-ադրբեջանականից։ Դրա համար հարկավոր է ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դնել արտաքին քաղաքական օրակարգում, դուրս գալ տխրահռչակ «ֆուտբոլային» գործընթացից ու միջազգային ճանաչման միջոցով հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և թուրք ազգի դենացիֆիկացիային։ Դա կարող է տևել 10 տարի, 20 տարի, բայց դրա այլընտարանքն այն է, ինչը հիմա տեսնում ենք. հայ-թուրքական հարաբերության վատթարացում, Արցախի հարցում միակողմանի զիջման պարտադրանք ու պատերազմի վերսկսման հավանականության մեծացում։

Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է նաև անվտանգության տեսակետից։ Եթե իրենք չեն ընդունում, որ ոճրագործ են եղել, ապա ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կրկնվի։ Միջազգային հանրությո՞ւնը թույլ չի տա. դատարկ խոսակցություն։

Բնականաբար, ես չեմ կարծում, որ եթե Թուրքիան ճանաչի ոճրագործությունը, ապա  մեր անվտանգության հարցը վերջնականապես կլուծվի։ Մեր երկիրը կայուն խաղաղություն կունենա միայն հզոր, ժողովրդավարական պետության և ամուր բանակի առկայության դեպքում։ Բայց անվտանգության լրացուցիչ երաշխիքները չեն խանգարի։ Թուրք ժողովուրդը պետք է ընդունի իր մեղքը, ինչպես որ գերմանացիներն ընդունեցին հրեաների դեպքում ու մինչև օրս հատուցում են դրա համար։

Թուրք ժողովրդի մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ 1915 թվից։ Ճանաչման գործընթացը հնարավորություն կտա մեր երկու ժողովուրդներին մաքրվել անցյալից ու նորմալ երկխոսել միմյանց հետ։ Պատմաբանների հանձնաժողովի «մուկուկատուական» խաղերը հաստատ չեն նպաստի մեր ու թուրքերի հաշտեցմանը։ Ընդհակառակը։ Հիմա, 1994–ից ի վեր առավել քան երբևէ, լարվածություն կա մեր ու Թուրքիայի միջև հենց հայ-թուրքական զույգ արձանագրությունների ստորագրմա՛ն հետևանքով։ Եվ սա «խաղաղության» կուսակցության քայլերի արդյունք է։ Այսինքն «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մոտեցումներով  ակամայից տանում են դեպի պատերազմ և պարտություն։ Հետևաբար՝ կարիք կա լրջագույն կերպով վերաիմաստավորելու «պատերազմի» և «խաղաղության» կուսակցությունների հայաստանյան հասարակության ընկալումները։ Սա շատ կարևոր խնդիր է, որին կանդրադառնամ իմ հաջորդ հոդվածում։

Պատերազմի և խաղաղության սահմաններն այլ տեղերով են անցնում։ Հայ հասարակությանը տարիներ շարունակ խեղաթյուրված պատկեր է ներկայացվել և այժմ մենք ճաշակում ենք այդ քարոզչության դառը պտուղները։

Խաղաղության հասնելու և ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, այո՛, անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ, բայց դրան հասնելու համար պետք է անել ճիշտ հակառակը, ինչը քարոզվում է քիրվայականների և գործնականում կիրառվում Սերժ Սարգսյանի կողմից։

Անդրանիկ Թևանյան

 Հ.Գ.։ Ինքս եվրատեսիլային երգերի սիրահար չեմ (ABBA-ի դեպքը բացառություն է),  և դրանք համարում եմ էժանագին արվեստի դրսևորումներ, բայց լրատվավերլուծական կայքէջի ղեկավարի աշխատանքային հանգամանքի բերումով հետևել եմ մեզ մոտ տեղի ունեցող «եվրաիրադարձություններին», քանի որ երգչի ընտրությունը «քաղաքական» երանգ ստացավ։

 Ակնհայտ է, որ տեղի են ունեցել մասնակիցների ընտրության հետ կապված խնդիրներ։ Թե ու՞մ օգտին և ինչու՞ է գործի դրվել «հայկական» մեթոդոլոգիան՝ «հասկանալի» է. թերևս «կինն ու գինին» արել են իրենց գործը։

Անկեղծ ասած՝ միևնույն  է, թե ով կգնար։ Դրանից մեր հակամշակութային իրականությունը չէր փոխվելու։ Անշո՛ւշտ, լավ կլիներ, որ գնար նա ում օգտին քվեարկել էին։ Դատելով ամենից՝ բջջային օպերատորները կողմնակալ վարք էին դրսևորել։ Բայց ինձ այլ բան է հետաքրքրում։ Գիտակցեցի՞ն արդյոք մեր իշխանական «սոխակները», որ երբ իրենք այլ իրավիճակներում երգում  էին համապետական ընտրակեղծիքներին «շոու» տեսք տալու ծրագրի շրջանակներում, մի օր դա բումերանգի էֆեկտով հարվածելու էր իրենց։   

Հասկանո՞ւմ են արդյոք մեր «աստղերը», որ ամեն քայլափոխի մեզանում անարդարություն է տիրում և Հայաստանը դարձել է մի մեծ «Եվրատեսիլ»՝ բաց երկնքի տակ, որ տարատեսակ ընտրությունների ժամանակ էլ շատերի «SMS»-երը տեղ չեն հասնում և արգելափակվում են, որ «ձուկը գլխից է հոտած» ու եթե հանուն արդարության պայքար մղելու ցանկություն կա, ապա ավելի ֆունդամենտալ մոտեցում պետք է ցուցաբերել։

Չե՞ն նկատել արդյոք մեր «գլամուրային» դեմքերը, որ ամեն օր Հայաստանում հաղթում են եվառիվասները։ Մեկին նույնիսկ դեմքով չեն ճանաչում, բայց նա պատգամավոր է «ընտրվում»։ Մեկի օգտին հազիվ մի 10 տոկոս է քվեարկվում, բայց նա նախագահ է դառնում։ Մեկի դեմքը «կիռպիչա տրեբույետ», բայց նա հեռուստաէկրաններից չի իջնում և խոսում է գիտելիքից, մարդկությունից ու էլի նման բաներից։ Մեկի բիզնեսի վրա են հարձակվում, որ մյուսինը ծաղկի։ Մեկին չեն թողնում, որ ԲՈՒՀ ընդունվի ու նրա փոխարեն ինստիտուտների աթոռները մաշում են մարտնչող տգետները և այլն։

Ա՛յ, երբ որ նման հարցերի մասին մի քիչ բոլորս մտածենք՝  «հայոց հարցի» չի վերածվի Եվրատեսիլի մասնակցի ընտրությունը։ Համոզված եմ, որ այդ ժամանակ երգիչներից շատերը չեն էլ ուզենա գնալ «եվրոբեմ», ինչպես որ զարգացած երկրների մեծ մասն են հրաժարվում մասնակցել այդ էժանագին շոու միջոցառմանը։

Այս խորագրի վերջին նյութերը