Խմբագրական

05.03.2018 15:30


Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

«Թուրքը տեսնում է և ուրախանում»,- հաճախ դեմագոգիկ ձևով հայտարարում են իշխանության ներկայացուցիչները կամ նրանց մանկլավիկները:

Այս ձևակերպումն օգտագործում են այն ժամանակ, երբ ուզում են հակադարձել իշխանությունների ապօրինություններին վերաբերող գնահատականներին: «Թուրք» ասելով էլ նկատի ունեն ոչ միայն թուրքերին, այլ նաև ադրբեջանցիներին:

Իրենք թալանում են, բայց դու պետք է լռես, որպեսզի «թուրքը չուրախանա»: Իրենք կեղծում են ընտրությունները, բայց դու պետք է լռես, որպեսզի «թուրքը չուրախանա»: Իրենք բիզնեսը կենտրոնացնում են, բայց դու պետք է լռես, որպեսզի «թուրքը չուրախանա»: Իրենք վարում են արտագաղթին նպաստող քաղաքականություն, բայց դու պետք է լռես, որպեսզի «թուրքը չուրախանա»:

Թուրքն, իրոք, կարող է ուրախանալ, բայց այլ պատճառներով: Օրինակ՝ Սամվել Բաբայանի դեմ շինծու գործով:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն իր ծննդյան 53-ամյակը դիմավորում է անազատության մեջ, քանզի անկախության նշույլ անգամ չունեցող դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Ինչպե՞ս կարող է թուրքը չուրախանալ այս առումով: Պատերազմի տարիներին մեր հաղթական բանակը ղեկավարած մարդը հնարովի մեղադրանքներով կալանավորված է: Դա միայն իրական ուրախություն կարող է պատճառել Երևանն ադրբեջանական քաղաք համարող ադրբեջանցիներին: Այնպես որ թուրքն, իրոք, տեսնում և ուրախանում է:

Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց և որտե՞ղ էր Սամվել Բաբայանի քաղաքական սխալը: Ինչո՞ւ երկիրը հայտնվեց գորշության գրկում:

Համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ պատերազմի մեջ կամ հարաբերական հրադադարի ռեժիմում գտնվող երկրում իշխանությունը վերցնում են ռազմական գործիչները, ովքեր հետպատերազմական շրջանում կոշտ ձեռքով իրականացնում են անհրաժեշտ քաղաքացիական փոփոխությունները: Դա, այսպես կոչված, անցումային փուլին բնորոշ երևույթ է: Եվ միայն այդ ձևով է հնարավոր լինում դնել պետության հետագա ժողովրդավարացման հիմքերը: Այդպես էր Թուրքիայում Աթաթուրքի օրոք: Այդպես է պատերազմով անցած մյուս երկրներում: Այդպես է նաև այսօրվա Իսրայելում, որտեղ քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը ռազմական ոլորտի մարդիկ են:

Սամվել Բաբայանը պատերազմից հետո ունեցած իր դե ֆակտո իշխանությանը պետք է տար նաև դե յուրե տեսք, սակայն նա խուսափեց դրանից: Նա որոշեց, այսպես ասած, թիմային խաղալ և բավարարվել արժանիորեն ձեռքբերված հանրային մեծ հեղինակությամբ ու բանակով: Սակայն քաղաքականության մեջ այդպես չի լինում: Նա գործեց նույն սխալն, ինչ Ստալինի մահից հետո Ժուկովը: Վերջինս 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ուներ շատ բարձր հանրային լեգիտիմություն, քանի որ ղեկավարել էր հաղթանակած սովետական բանակը, բայց ոչ թե գերադասեց իշխանություն վերցնել, այլ, այսպես կոչված, թիմային խաղ տանել՝ օգնելով «կոլխոզնիկ» Խրյուշչովին կուլիսային պայքարում վերցնել իշխանությունը: Ու հենց Խրյուշչովն իր տեղն ամրապնդեց իշխանության մեջ, անմիջապես ձերբազատվեց Ժուկովից:

Բաբայանն իր՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակում գրել էր, որ ինքը չի ուզում միայնակ խաղալ, չի ուզում, որ ներքին թշնամանք լինի ու պատրաստ է հեռանալ, եթե դա թիմի համար անհրաժեշտ է, բայց երբեք չի համակերպվի այն իրականության հետ, որը հաստատվել էր պատերազմից հետո: Բաբայանն առաջարկում էր մի կողմ դնել անձնական հավակնությունները և նորմալ երկիր կառուցել, որից չեն հեռանա նույն այդ երկրի համար կյանքը չխանայած մարտիկները: Բաբայանն իր զինվորականի շիտակությամբ ու պատերազմի արհավիրք տեսածի պատասխանատվությամբ էր մոտենում խնդիրներին ու կարծում էր, թե անձնական հավակնություններն ու թիմային նեղ շահերը պետք է ստորադասվեն պետականին: Նա այդպես էր մտածում ու սխալմամբ համոզված էր, որ մյուսներն էլ են այդպես մտածում:

Նամակն այդ քաղաքական առումով Բաբայանի համար ցանկալի ընթացք չստացավ, և նա որոշեց բոլոր հարցերը տեղափոխել հրապարակային քաղաքական դաշտ՝ պատրաստվելով 2000թ. ԼՂՀ ԱԺ ընտրություններին, սակայն արդեն ուշ էր, քանզի նրա դեմ գորշությունների ապստամբություն էր հասունացել պետական համակարգում: Պատերազմի ժամանակ թախտի տակ մտածները պատրաստվում էին մսխել հաղթանակը: Ու մսխեցին:

Բաբայանի դեմ գործ սարքվեց և նա հայտնվեց անազատության մեջ: Իշխանության եկավ գորշությունը, որին հետաքրքրում էր միայն սեփականաշնորհումից ակնկալվող թալանն ու բյուջեի մսխումը:

Ի դեպ, Վազգեն Սարգսյանն էլ ուշ սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ինչը ճակատագրական եղավ նրա համար: Վրա հասավ «Հոկտեմբերի 27»-ը:

2000թ. մարտի 22-ին Սամվել Բաբայանի ձերբակալությունն Արցախում և «Հոկտեմբերի 27»-ը Հայաստանում նույն շղթայի տարբեր օղակներն էին: Դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչին ականատես եղանք բոլորս:

Սամվել Բաբայանին ու Վազգեն Սարգսյանին ռազմական դիկտատուրայի մեջ մեղադրողներն այժմ այնպիսի տնտեսական ու քաղաքական դիկտատուրա են հաստատում, որ ՀՀ քաղաքացիներն ինքնաէվակուացվում են այստեղից:

2016-ին Ռուսաստանից վերադառնալով՝ Սամվել Բաբայանի նպատակը երկրում թալանն ու մսխումը թույլ չտալն էր, քանզի նա տեսնում էր, որ օրեցօր թուլացող Հայաստանը լկտիացնում է Ադրբեջանին:

Այսօր նա բանտում է, իսկ Ալիևը հոխորտում է Երևանը գրավելու մասին: Դրանք փոխկապակցված երևույթներ են: Ու որպեսզի թուրքն իրոք չուրախանա, մենք պետք է տնտեսաքաղաքական նոր վերնախավ ունենանք՝ դիմագրավելու համար մեր ներքին ու արտաքին մարտահրավերներին:

7or.am

Հ.Գ.: Ուշագրավն այն է, որ Ադրբեջանում հերոս են հռչակում այն ճիվաղին, ով մեր քնած սպային կացնահարեց: Իսկ Հայաստանում սարքովի գործով բանտարկում են մեր իրական հերոս Սամվել Բաբայանին: Իսկ ինչո՞ւ չպետք է այսքանից հետո ուրախանա թուրքը:

Հ.Գ.-2: Շնորհավո՛ր ծնունդդ, Սամվե՛լ: Այսպես չի՛ մնա: Ինչ էլ անեն, միևնույն է, մարդու արած գործն է մնում՝ փառահեղ հաղթանակը: Ամեն ինչ դեռ առջևում է:

Այս խորագրի վերջին նյութերը