«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը
«Մարտի 1»-ի հետ կապված տարբեր հարցադրումներ կան: Դե իսկ գնահատականների պակաս չկա. հնչել են ու դեռ կհնչեն, ինչը բնական է:
Ունենք «Մարտի 1»-ով իրականում մտահոգվածներ և ողբերգությունն այդ առևտրականացնողներ:
Ունենք «Մարտի 1»-ից անմիջապես տուժածներ ու տուժողների հարազատներ, ինչպես նաև՝ «Մարտի 1»-ի շահառուներ:
Ունենք թեման շահարկողներ և թեման փակողներ:
Ունենք կոկորդիլոսի արցունքներ թափողներ (վերջերս իշխանությունն էլ է միացել այդ գործընթացին) և լուռ սգացողներ:
Ունենք նաև անտարբերներ:
Ո՞ւմ էր ձեռնտու և ո՞վ էր մեղավոր
Հին ժամանակներից էր դեռևս հայտնի, որ նման դեպքերում տալիս էին «Ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը: Այս առումով մեզ մոտ ամեն ինչ, կարծես, հայտնի է, սակայն իրավական գնահատականի ակնկալիք ունենալը միամտություն է. չափից դուրս մեծ շրջանակ է ներգրավված «Մարտի 1»-ի մեջ և չափից դուրս մեծ բան է դրված քաղաքական «խաղասեղանին»: Այնպես որ, զուտ իրավական առումով, բաց է մնում նաև «Ո՞վ էր մեղավոր» հարցը:
«Մարտի 1»-ը շատ ավելի խորքային դիտարկելու և հետևություններ անելու համար հանրությանը պետք է վերը նշված հարցերից զատ հետաքրքրի նաև այլ՝ շատ ավելի կարևոր հարց:
Ո՞րն էր պատճառը
«Մարտի 1»-ի պես ողբերգությունները նախևառաջ կարիք ունեն քաղաքագիտական գնահատականի: Մասնագիտական առումով պետք է նախ պատճառը գտնես, որ հետո հետևանքների մասին ճիշտ խոսես: Մեզանում այս առումով գերիշխողը սուբյեկտիվիզմն է: Հնչող գնահատականից արդեն կարելի է հստակ եզրակացնել, թե որ քաղաքական ճամբարն է ներկայացնում գնահատողը կամ որ ճամբարից է ուղղորդվում այս կամ այն վերլուծաբան կոչվածը կամ էլ հոդվածագիրը:
Մենք ուզում ենք վեր կանգնել այս կոնյունկտուրայից ու առաջարկում ենք գնալ այլ ճանապարհով:
Քաղաքական ու քաղաքագիտական հնարավորինս օբյեկտիվ գնահատականը մեզ բոլորիս պետք է հետագայում նոր «Մարտի 1»-երից խուսափելու և արդիական պետություն կառուցելու համար: Հետևաբար՝ պետք է քննության առարկա դարձնել պատճառը (կամ պատճառները):
Շատ է խոսվում այն մասին, որ ոչ լեգիտիմ ընտրություններն էին պատճառը, որ տեղի ունեցավ ընդվզում: Ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ: Խոսքը, տվյալ դեպքում, վերաբերում է չկայացած ընտրական համակարգին:
Ի դեպ, 2008-ին տեղի ունեցածն առաջին հետընտրական ընդվզումը չէր: Հայաստանում մշտապես քաղաքական, այսինքն՝ իշխանության հարց որոշող ընտրություն է համարվել նախագահականը, և 1996-ից հետո (բացառությամբ 1998թ. նախագահական ընտրությունների, երբ գործող իշխանության հիմնական մրցակիցը որևէ հետընտրական քայլի չգնաց (անգամ ՍԴ չդիմեց)ու հետագայում դաշինք կազմեց իշխանության հետ) մշտապես ունեցել ենք հետընտրական զարգացումներ փողոցում:
Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է հետընտրական զարգացումների լինելով կամ չլինելով, ապա կստացվի, որ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները լեգիտիմ էին, քանզի հետընտրական փողոցային զարգացումներ չեղան (սրան գումարած՝ խորհրդարանում հայտնված նոմինալ ընդդիմադիր ուժերը կրքոտ պաշտպանում էին ընտրությունների լեգիտիմության մասին ՀՀԿ-ի պնդումները): Բայց իրականությունն այն է, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով, թերևս, ամենա ոչ լեգիտիմն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ընտրակաշառքն իր մասշտաբներով գերազանցեց բոլոր նախորդ ընտրություններին բաժանված փողերի հանրագումարը: Բացի այդ՝ «ռեյտինգային» ընտրակարգով ապաքաղաքականացվել էին ընտրությունները, ինչը ոչ լեգիտիմության թիվ մեկ հատկանիշն է: Հանրային ընդվզում հենց ընտրությունների ապաքաղաքականացման հետևանքով չեղավ:
Որտե՞ղ է թաքնված շան գլուխը
Լեգտիմության թեմային արժե այլ տեսանկյունից մոտենալ:
Հնարավո՞ր են արդյոք Հայաստանում լեգիտիմ ընտրություններ: Հնարավո՞ր է արդյոք ընտրությունների միջոցով իշխանափոխություն: Հնարավո՞ր է արդյոք դրական արդյունքով քաղաքական խաղ բոլոր մասնակիցների համար: Այս երեք հարցերի պատասխանն է՝ «ո՛չ»: Գոնե այս պահի դրությամբ ու տեսանելի ապագայում այդպես է:
Քանի դեռ Հայաստանում կա սեփականության լեգիտիմության սուր դեֆիցիտ, քանի դեռ կա սեփականության մեծ վերաբաշխման հնարավորություն, քանի դեռ հանրության մեծ մասն աղքատ է ու չի կարողանում տնտեսական կյանքի լիիրավ բաժնետեր դառնալ, քաղաքական վերնաշենքում ոչ լեգիտիմությունը խրոնիկ բնույթ է կրելու և իշխանությունից դուրս գտնվող որևէ սուբյեկտ չի կարողանալու իշխանություն վերցնել ընտրությունների միջոցով: Ասել է թե՝ սեփականության լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում գործելու է «Իշխանության մուտքը միայն ներսի կողմից է» բանաձևը:
Իշխանական համակարգից դուրս գտնվողների համար իշխանության գալու միայն ցնցումային տարբերակն է թողնված: Իշխանություններն այդպես չեն ուզել, բայց այդպես է ստացվել: Իսկ դա վտանգավոր է բոլորի համար:
88-ի շարժումից և անկախության ձեռքբերումից հետո հանրությունը կամաց-կամաց թուլացավ և քաղաքական իմաստով զիջեց իր ընտրական իրավունքը: Ընտրությունները վերածվեցին ռեսուրսային մրցապայքարի, որի դեպքում, բնականաբար, թույլ կողմը պետք է պարտվեր: Ու պարտվում է: Պարտվում է՝ ծանր գին վճարելով:
Հիմա նախագահական ընտրությունները վերացրել են, քաղաքական կյանքը հնարավորինս ապաքաղաքականացվել է (ԱԺ-ի կողմից «պետության գլուխ» նախագահի ընտրությունն ապաքաղաքականացման վառ դրսևորումներից է) ու իշխանություններն արտաքուստ ապահովագրվել են փողոցային զարգացումներից, բայց դրանով խնդիրները ոչ թե լուծվել են, այլ լուծումները հետաձգվել են: Իսկ հետաձգումն է՛լ ավելի մեծ պայթյունի պոտենցիալ է պարունակում իր մեջ, եթե բան չփոխվի:
Հայաստանյան քաղաքական կուլտուրայի առանձնահատկությունները
Լեգիտիմ ու ժողովրդավարական քաղաքական հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ հասարակություն: Մյուս կողմից էլ՝ տնտեսական կյանքի բարելավման համար անհրաժեշտ են քաղաքական բարեփոխումներ: Այլ կերպ ասած՝ քաղաքական վերնաշենքի որակը պայմանավորված էտնտեսական բազիսով, իսկ վերջինս էլ ֆունկցիա է քաղաքական վերնաշենքում ընդունված որոշումներից: Ստացվում է փակ շրջան: Այդ շրջանը մեզանում դարձել է արատավոր:
Իշխանավորներն առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն», իսկ հակաիշխանական բևեռը՝ «Հիմա կամ երբեք» կարգախոսով: Սրանք, ինչպես հասկանում եք, փոխբացառող ու բախումնածին կարգախոսներ են: Արդյունքում՝ ունենում ենք «Ամեն ինչ կամ ոչինչ» այն առումով, որ ընտրական կոչված պայքարի արդյունքում հաղթող կողմը վերցնում է ամեն ինչ, իսկ պարտվող կողմը ստանում է ոչինչ: Սա՛ է մեր քաղաքական կուլտուրայի բնութագրիչը:
Իշխանությունը չի ուզում «դրսի» ուժին «աթոռ» զիջել, քանզի մտավախություն (ոչ անհիմն) ունի սեփականության (լայն իմաստով) կորստի հետ կապված: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ գործ ունենք «մահապարտ» իշխանության հետ, որն ամեն ինչի պատրաստ է՝ հանուն սեփականության պաշտպանության ու այդ գործի մեջ է ներքաշում գրեթե ողջ պետական համակարգը: Ու քանի որ ոչինչ չի միավորում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը, ուստի մի կողմից ստանում ենք վախի ազդեցության տակ գերմոտիվացված իշխանական թև ու ռեսուրսներով զգալիորեն թույլ հանրություն, որը պարբերաբար փոխում է իր քաղաքական գործիքներին (ընդդիմության առաջնորդին), որպեսզի, մեծ հաշվով, սեփականության վերաբաշխման գնա:
Հայաստանի տիպի երկրներում իշխանափոխությունը դրսից կնշանակի առաջին հերթին սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում, ինչը կանխորոշում է բախումնային սցենարն ընտրական գործընթացներում:
Եթե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո փողոցային զարգացումներ չեղան, ապա դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: Հետընտարական զարգացումների բացակայությունը դուռ է բացում ոչ ստանդարտ քայլերի՝ ֆորսմաժորային զարգացումների համար ու կամաց-կամաց սա էլ է դառնում հայաստանյան քաղաքական կուլտուրայի մի մաս:
Շատ վատ է, իհարկե, երբ «Մարտի 1» է լինում, բայց է՛լ ավելի վատ է, երբ հանրային դիմադրությունը զրոյանում է ու մարդիկ պարզապես հեռանում են Հայաստանից (անկախությունից հետո ավելի քան 1 միլիոն մարդ է հեռացել ՀՀ-ից): Այս առումով տեղին է հիշեցնելը, որ իշխանությունները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով գոհունակություն էին հայտնում արտագաղթի պահով:
«Բա մնան այստեղ հեղափոխությո՞ւն անեն»,-կեսկատակ բարձրաձայնում էր օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տ. Սարգսյանը:
Ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական քաղաքական կուլտուրան
Քաղաքականությամբ զբաղվել նշանակում է՝ դնել իշխանության խնդիր: Երբ մեզ մոտ ամենաբարձր մակարդակով կոչ է արվում չքաղաքականացնել քաղաքականությունը, իրականում կոչ է արվում չդնել իշխանության հարց: Մնացածը դեմագոգիա է:
Իշխանության հետ կապված հարաբերություններն ունեն 3 շերտ՝
-ինչպես գալ իշխանության,
-ինչպես պահել իշխանությունը,
-ինչպես հանձնել իշխանությունը:
Ահա այս երեք շերտերը վերլուծելով կարող ենք գնահատել, թե արդյոք գործ ունենք ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ ժողովրդավարական քաղաքական կուլտուրայի հետ:
Մեզ մոտ ընտրությունների արդյունքները վիճահարույց են համարվել սկսած 1995 թվականից: Այսինքն այն պահից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն պետական սեփականությունը գտել էր կամ գտնում էր իր մասնավոր տերերին: Տերեր, ովքեր քաղաքական իշխանությունն էին ներկայացնում կամ էլ՝ կից էին իշխանությանը (խոսքը խոշորների մասին է):
Բնական է, որ սեփականաշնորհման գործընթացը հանրային ցածր լեգիտիմություն ուներ, քանզի արդյունքներից դժգոհ էին շատերը: Սովետական հավասարություն (երբ բոլորը հավասարապես հարուստ չեն) տեսած հանրության համար անսովոր ու անընդունելի էր անկախության բերած ճչացող անհավասարությունը, հատկապես երբ 1988-ից ձևավորված սպասումները հեքիաթային մակարդակի վրա էին:
Ասել, որ հնարավոր էր իդեալական ու բացարձակ արդար եղանակով պետական սեփականությունից անցում կատարել խառը սեփականության ձևերով տնտեսական հարաբերությունների, սխալ կլինի: Բայց մյուս կողմից էլ տնտեսական բարեփոխումների տեմպն ու որակը կարող էին այլ լինել: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների համադրությունն էլ հետագայում ձևավորեց քաղաքական խաղի կանոնը:
Ընտրական գործընթացն այս պայմաններում դարձավ ընտրակեղծիքի միջոցառում: Իշխանություն պահելը՝ ուժի և փողի ցուցադրություն:
Ինչ վերաբերում է իշխանությունը հանձնելուն, ապա ընտրական գործընթացների միջոցով «դրսի» ուժին երբեք չի հաջողվել վերցնել պետության ղեկը, այսինքն՝ ժողովրդավարական խաղի կանոններին հարիր իշխանափոխություն Հայաստանում երբեք չի եղել: Իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել «ներսում»՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:
Իշխանություն հանձնելու ժողովրդավարական կուլտուրա մեզանում չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ձևավորել նոր տնտեսաքաղաքական վերնախավ, որը ունակ կլինի պատասխանել մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին:
Նոր որակի քաղաքական դաշտ և պետություն կառուցելը կդառնա այն երաշխիքը, որ նոր «Մարտի 1»-եր չլինեն, ու մենք գնանք զարգացման ճանապարհով:
«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը
«Մարտի 1»-ի հետ կապված տարբեր հարցադրումներ կան: Դե իսկ գնահատականների պակաս չկա. հնչել են ու դեռ կհնչեն, ինչը բնական է:
Ունենք «Մարտի 1»-ով իրականում մտահոգվածներ և ողբերգությունն այդ առևտրականացնողներ:
Ունենք «Մարտի 1»-ից անմիջապես տուժածներ ու տուժողների հարազատներ, ինչպես նաև՝ «Մարտի 1»-ի շահառուներ:
Ունենք թեման շահարկողներ և թեման փակողներ:
Ունենք կոկորդիլոսի արցունքներ թափողներ (վերջերս իշխանությունն էլ է միացել այդ գործընթացին) և լուռ սգացողներ:
Ունենք նաև անտարբերներ:
Ո՞ւմ էր ձեռնտու և ո՞վ էր մեղավոր
Հին ժամանակներից էր դեռևս հայտնի, որ նման դեպքերում տալիս էին «Ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը: Այս առումով մեզ մոտ ամեն ինչ, կարծես, հայտնի է, սակայն իրավական գնահատականի ակնկալիք ունենալը միամտություն է. չափից դուրս մեծ շրջանակ է ներգրավված «Մարտի 1»-ի մեջ և չափից դուրս մեծ բան է դրված քաղաքական «խաղասեղանին»: Այնպես որ, զուտ իրավական առումով, բաց է մնում նաև «Ո՞վ էր մեղավոր» հարցը:
«Մարտի 1»-ը շատ ավելի խորքային դիտարկելու և հետևություններ անելու համար հանրությանը պետք է վերը նշված հարցերից զատ հետաքրքրի նաև այլ՝ շատ ավելի կարևոր հարց:
Ո՞րն էր պատճառը
«Մարտի 1»-ի պես ողբերգությունները նախևառաջ կարիք ունեն քաղաքագիտական գնահատականի: Մասնագիտական առումով պետք է նախ պատճառը գտնես, որ հետո հետևանքների մասին ճիշտ խոսես: Մեզանում այս առումով գերիշխողը սուբյեկտիվիզմն է: Հնչող գնահատականից արդեն կարելի է հստակ եզրակացնել, թե որ քաղաքական ճամբարն է ներկայացնում գնահատողը կամ որ ճամբարից է ուղղորդվում այս կամ այն վերլուծաբան կոչվածը կամ էլ հոդվածագիրը:
Մենք ուզում ենք վեր կանգնել այս կոնյունկտուրայից ու առաջարկում ենք գնալ այլ ճանապարհով:
Քաղաքական ու քաղաքագիտական հնարավորինս օբյեկտիվ գնահատականը մեզ բոլորիս պետք է հետագայում նոր «Մարտի 1»-երից խուսափելու և արդիական պետություն կառուցելու համար: Հետևաբար՝ պետք է քննության առարկա դարձնել պատճառը (կամ պատճառները):
Շատ է խոսվում այն մասին, որ ոչ լեգիտիմ ընտրություններն էին պատճառը, որ տեղի ունեցավ ընդվզում: Ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ: Խոսքը, տվյալ դեպքում, վերաբերում է չկայացած ընտրական համակարգին:
Ի դեպ, 2008-ին տեղի ունեցածն առաջին հետընտրական ընդվզումը չէր: Հայաստանում մշտապես քաղաքական, այսինքն՝ իշխանության հարց որոշող ընտրություն է համարվել նախագահականը, և 1996-ից հետո (բացառությամբ 1998թ. նախագահական ընտրությունների, երբ գործող իշխանության հիմնական մրցակիցը որևէ հետընտրական քայլի չգնաց (անգամ ՍԴ չդիմեց) ու հետագայում դաշինք կազմեց իշխանության հետ) մշտապես ունեցել ենք հետընտրական զարգացումներ փողոցում:
Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է հետընտրական զարգացումների լինելով կամ չլինելով, ապա կստացվի, որ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները լեգիտիմ էին, քանզի հետընտրական փողոցային զարգացումներ չեղան (սրան գումարած՝ խորհրդարանում հայտնված նոմինալ ընդդիմադիր ուժերը կրքոտ պաշտպանում էին ընտրությունների լեգիտիմության մասին ՀՀԿ-ի պնդումները): Բայց իրականությունն այն է, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով, թերևս, ամենա ոչ լեգիտիմն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ընտրակաշառքն իր մասշտաբներով գերազանցեց բոլոր նախորդ ընտրություններին բաժանված փողերի հանրագումարը: Բացի այդ՝ «ռեյտինգային» ընտրակարգով ապաքաղաքականացվել էին ընտրությունները, ինչը ոչ լեգիտիմության թիվ մեկ հատկանիշն է: Հանրային ընդվզում հենց ընտրությունների ապաքաղաքականացման հետևանքով չեղավ:
Որտե՞ղ է թաքնված շան գլուխը
Լեգտիմության թեմային արժե այլ տեսանկյունից մոտենալ:
Հնարավո՞ր են արդյոք Հայաստանում լեգիտիմ ընտրություններ: Հնարավո՞ր է արդյոք ընտրությունների միջոցով իշխանափոխություն: Հնարավո՞ր է արդյոք դրական արդյունքով քաղաքական խաղ բոլոր մասնակիցների համար: Այս երեք հարցերի պատասխանն է՝ «ո՛չ»: Գոնե այս պահի դրությամբ ու տեսանելի ապագայում այդպես է:
Քանի դեռ Հայաստանում կա սեփականության լեգիտիմության սուր դեֆիցիտ, քանի դեռ կա սեփականության մեծ վերաբաշխման հնարավորություն, քանի դեռ հանրության մեծ մասն աղքատ է ու չի կարողանում տնտեսական կյանքի լիիրավ բաժնետեր դառնալ, քաղաքական վերնաշենքում ոչ լեգիտիմությունը խրոնիկ բնույթ է կրելու և իշխանությունից դուրս գտնվող որևէ սուբյեկտ չի կարողանալու իշխանություն վերցնել ընտրությունների միջոցով: Ասել է թե՝ սեփականության լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում գործելու է «Իշխանության մուտքը միայն ներսի կողմից է» բանաձևը:
Իշխանական համակարգից դուրս գտնվողների համար իշխանության գալու միայն ցնցումային տարբերակն է թողնված: Իշխանություններն այդպես չեն ուզել, բայց այդպես է ստացվել: Իսկ դա վտանգավոր է բոլորի համար:
88-ի շարժումից և անկախության ձեռքբերումից հետո հանրությունը կամաց-կամաց թուլացավ և քաղաքական իմաստով զիջեց իր ընտրական իրավունքը: Ընտրությունները վերածվեցին ռեսուրսային մրցապայքարի, որի դեպքում, բնականաբար, թույլ կողմը պետք է պարտվեր: Ու պարտվում է: Պարտվում է՝ ծանր գին վճարելով:
Հիմա նախագահական ընտրությունները վերացրել են, քաղաքական կյանքը հնարավորինս ապաքաղաքականացվել է (ԱԺ-ի կողմից «պետության գլուխ» նախագահի ընտրությունն ապաքաղաքականացման վառ դրսևորումներից է) ու իշխանություններն արտաքուստ ապահովագրվել են փողոցային զարգացումներից, բայց դրանով խնդիրները ոչ թե լուծվել են, այլ լուծումները հետաձգվել են: Իսկ հետաձգումն է՛լ ավելի մեծ պայթյունի պոտենցիալ է պարունակում իր մեջ, եթե բան չփոխվի:
Հայաստանյան քաղաքական կուլտուրայի առանձնահատկությունները
Լեգիտիմ ու ժողովրդավարական քաղաքական հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ հասարակություն: Մյուս կողմից էլ՝ տնտեսական կյանքի բարելավման համար անհրաժեշտ են քաղաքական բարեփոխումներ: Այլ կերպ ասած՝ քաղաքական վերնաշենքի որակը պայմանավորված է տնտեսական բազիսով, իսկ վերջինս էլ ֆունկցիա է քաղաքական վերնաշենքում ընդունված որոշումներից: Ստացվում է փակ շրջան: Այդ շրջանը մեզանում դարձել է արատավոր:
Իշխանավորներն առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն», իսկ հակաիշխանական բևեռը՝ «Հիմա կամ երբեք» կարգախոսով: Սրանք, ինչպես հասկանում եք, փոխբացառող ու բախումնածին կարգախոսներ են: Արդյունքում՝ ունենում ենք «Ամեն ինչ կամ ոչինչ» այն առումով, որ ընտրական կոչված պայքարի արդյունքում հաղթող կողմը վերցնում է ամեն ինչ, իսկ պարտվող կողմը ստանում է ոչինչ: Սա՛ է մեր քաղաքական կուլտուրայի բնութագրիչը:
Իշխանությունը չի ուզում «դրսի» ուժին «աթոռ» զիջել, քանզի մտավախություն (ոչ անհիմն) ունի սեփականության (լայն իմաստով) կորստի հետ կապված: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ գործ ունենք «մահապարտ» իշխանության հետ, որն ամեն ինչի պատրաստ է՝ հանուն սեփականության պաշտպանության ու այդ գործի մեջ է ներքաշում գրեթե ողջ պետական համակարգը: Ու քանի որ ոչինչ չի միավորում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը, ուստի մի կողմից ստանում ենք վախի ազդեցության տակ գերմոտիվացված իշխանական թև ու ռեսուրսներով զգալիորեն թույլ հանրություն, որը պարբերաբար փոխում է իր քաղաքական գործիքներին (ընդդիմության առաջնորդին), որպեսզի, մեծ հաշվով, սեփականության վերաբաշխման գնա:
Հայաստանի տիպի երկրներում իշխանափոխությունը դրսից կնշանակի առաջին հերթին սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում, ինչը կանխորոշում է բախումնային սցենարն ընտրական գործընթացներում:
Եթե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո փողոցային զարգացումներ չեղան, ապա դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: Հետընտարական զարգացումների բացակայությունը դուռ է բացում ոչ ստանդարտ քայլերի՝ ֆորսմաժորային զարգացումների համար ու կամաց-կամաց սա էլ է դառնում հայաստանյան քաղաքական կուլտուրայի մի մաս:
Շատ վատ է, իհարկե, երբ «Մարտի 1» է լինում, բայց է՛լ ավելի վատ է, երբ հանրային դիմադրությունը զրոյանում է ու մարդիկ պարզապես հեռանում են Հայաստանից (անկախությունից հետո ավելի քան 1 միլիոն մարդ է հեռացել ՀՀ-ից): Այս առումով տեղին է հիշեցնելը, որ իշխանությունները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով գոհունակություն էին հայտնում արտագաղթի պահով:
«Բա մնան այստեղ հեղափոխությո՞ւն անեն»,-կեսկատակ բարձրաձայնում էր օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տ. Սարգսյանը:
Ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական քաղաքական կուլտուրան
Քաղաքականությամբ զբաղվել նշանակում է՝ դնել իշխանության խնդիր: Երբ մեզ մոտ ամենաբարձր մակարդակով կոչ է արվում չքաղաքականացնել քաղաքականությունը, իրականում կոչ է արվում չդնել իշխանության հարց: Մնացածը դեմագոգիա է:
Իշխանության հետ կապված հարաբերություններն ունեն 3 շերտ՝
-ինչպես գալ իշխանության,
-ինչպես պահել իշխանությունը,
-ինչպես հանձնել իշխանությունը:
Ահա այս երեք շերտերը վերլուծելով կարող ենք գնահատել, թե արդյոք գործ ունենք ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ ժողովրդավարական քաղաքական կուլտուրայի հետ:
Մեզ մոտ ընտրությունների արդյունքները վիճահարույց են համարվել սկսած 1995 թվականից: Այսինքն այն պահից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն պետական սեփականությունը գտել էր կամ գտնում էր իր մասնավոր տերերին: Տերեր, ովքեր քաղաքական իշխանությունն էին ներկայացնում կամ էլ՝ կից էին իշխանությանը (խոսքը խոշորների մասին է):
Բնական է, որ սեփականաշնորհման գործընթացը հանրային ցածր լեգիտիմություն ուներ, քանզի արդյունքներից դժգոհ էին շատերը: Սովետական հավասարություն (երբ բոլորը հավասարապես հարուստ չեն) տեսած հանրության համար անսովոր ու անընդունելի էր անկախության բերած ճչացող անհավասարությունը, հատկապես երբ 1988-ից ձևավորված սպասումները հեքիաթային մակարդակի վրա էին:
Ասել, որ հնարավոր էր իդեալական ու բացարձակ արդար եղանակով պետական սեփականությունից անցում կատարել խառը սեփականության ձևերով տնտեսական հարաբերությունների, սխալ կլինի: Բայց մյուս կողմից էլ տնտեսական բարեփոխումների տեմպն ու որակը կարող էին այլ լինել: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների համադրությունն էլ հետագայում ձևավորեց քաղաքական խաղի կանոնը:
Ընտրական գործընթացն այս պայմաններում դարձավ ընտրակեղծիքի միջոցառում: Իշխանություն պահելը՝ ուժի և փողի ցուցադրություն:
Ինչ վերաբերում է իշխանությունը հանձնելուն, ապա ընտրական գործընթացների միջոցով «դրսի» ուժին երբեք չի հաջողվել վերցնել պետության ղեկը, այսինքն՝ ժողովրդավարական խաղի կանոններին հարիր իշխանափոխություն Հայաստանում երբեք չի եղել: Իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել «ներսում»՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:
Իշխանություն հանձնելու ժողովրդավարական կուլտուրա մեզանում չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ձևավորել նոր տնտեսաքաղաքական վերնախավ, որը ունակ կլինի պատասխանել մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին:
Նոր որակի քաղաքական դաշտ և պետություն կառուցելը կդառնա այն երաշխիքը, որ նոր «Մարտի 1»-եր չլինեն, ու մենք գնանք զարգացման ճանապարհով:
Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն