Խմբագրական

20.02.2018 10:15


88-ից առաջ և հետո

88-ից առաջ և հետո

Փետրվարի 20-ը ընդունված է համարել Ղարաբաղյան շարժման երևանյան մեկնարկի օրը: Սովետական Հայաստանի կյանքն այդ պահից բաժանվեց երկու մասի՝ 88-ի շարժումից առաջ ու հետո:

88-ից առաջ գրեթե ոչ մեկ չէր պատկերացնում, որ Երևանի թատերական հրապարակը վերածվելու է Ազատության հրապարակի, տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու, գրեթե ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնելու (այդ հետո պիտի ոմանք հայտարարեին, թե իրենք միտինգներին չէին գալիս ու դեմ էին այդ ամենին), Ղարաբաղում պատերազմ է սկսվելու, սովետական զորքերը պարետային ժամ են հայտարարելու Երևանում, ԽՍՀՄ-ը փլուզվելու է, Հայաստանն անկախանալու է, և մենք կռվի դաշտում վերցնելու ենք ավելին, քան ԼՂԻՄ-ը:

Հրապարակը խժռում է հռետորներին

88-ի շարժումը հիերարխիկ կառուցվածք ուներ: Դա անխուսափելի էր և ճիշտ:

Շարժումը հիշեցնում էր կառավարելի քաոս, որը երբեմն հնարավոր չէր լինում կառավարել:

«Ղարաբաղ» կոմիտեն էր ղեկավարում գործընթացը: Այն ժամանակ դա զուգահեռ իշխանություն էր: Ազատության հրապարակում գոնե առերևույթ ունեինք աթենական դեմոկրատիայի սկզբունքների կիրառում: Հրապարակի տիրակալը խոսքն էր: Հռետորը:

11 անդամից բաղկացած «Ղարաբաղ» կոմիտեն ուներ ամենակարևորը՝ հեղինակության իշխանություն: Անդամներից ամեն մեկը գրեթե աստվածացվում էր, ինչը վտանգավոր էր թե՛ հանրության, թե՛ կոմիտեականների համար, որովհետև միշտ էլ կա կուռքեր ստեղծելու և կուռքեր տապալելու ժամանակը: Եվ այդ ժամանակն իրեն երկար սպասեցնել չտվեց:

Նախ պառակտվեց միասնական թվացող թիմը: Հետո ոմանք դարձան ոխերիմ թշնամիներ:

Այսօր այդ 11 անդամներից ոմանք մահացել են (ունենք նաև սպանության դեպք), ոմանք անցել քաղաքական թոշակի կամ անհուսալիորեն արժեզրկվել:

Հրապարկը խժռեց իր զավակներին: Ինչպես միշտ է լինում՝ հեղափոխությունն անում են ռոմանտիկները, իսկ հիմնականում օգտվում՝ սրիկաները:

Ի՞նչ էինք սպասում, ի՞նչ ստացանք ու ի՞նչ չստացանք 88-ի շարժումից

Սկզբնական փուլում շարժումից սպասելիքները միֆականացված էին, իսկ խնդրի լուծման ուղիները՝ հեքիաթային:

Մարդիկ կարծում էին, թե հրապարակում հավաքվելով կարողանալու ենք Մոսկվային համոզել, որ Ղարաբաղը տա մեզ: Հետո Ադրբեջանը բացեց հայության աչքերը: Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Մութալիբովը հայտարարեց, որ հողը ոչ թե նվիրվում է, այլ նվաճվում արյամբ: Ու հոսեց արյունը: Սկզբում Սումգայիթում, հետո Բաքվում, ապա Հայաստանի սահմանին ու ամբողջ Ղարաբաղում:

Երբ անկախության շունչը զգացվում էր, շատերը կարծում էին, թե Հայաստանի հանքային ջրերն ու մոլիբդենը ծախեն, լավ կապրեն: «Ջերմուկն» ու մոլիբդենն, իհարկե, ծախեցին ու լավ ապրեցին, բայց մի քանի հոգի: Ասել է թե՝ «հանքային ջրերի» թեման բլեֆ էր:

Հետագայում մեկ այլ բլեֆ, այն էլ՝ վտանգավոր բլեֆ դրվեց շրջանառության մեջ: Պարզվեց, որ «Սերգո ջանի» լավ ապրելու համար պետք է Ղարաբաղի հարցը (ավելի ճիշտ՝ հարցերը) լուծել: Այսինքն՝ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ձևավորված իշխանությունը Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտ, ըստ էության, տեսնում էր Ղարաբաղի խնդրի առկայությունը: Թե ինչ է սա նշանակում ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական հարթության մեջ, դժվար չէ գնահատել:

Անկախության ծանր գլխարկը

88-ի շարժմանը զուգահեռ տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումը մեզ նվիրեց անկախություն: Սկզբում այն շատ ռոմանտիկ էր թվում: Դեռ հայտնի չէր, որ անկախությունը ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, զրկանքներ ու արժանապատվություն: Հենց այդ ամենը պարզ դարձավ, շատերը հեռացան Հայաստանից:

88-ի շարժման պասիվում պետք է գրանցել մարդու կորուստը և սեփական պետության նկատմամբ նույն այդ մարդու հավատի զրոյացումը: Իսկ ակտիվում՝ անկախությունը և ազատագրված Ղարաբաղը:

Գաղափարական դաշտում 88-ի շարժման գլխավոր ժառանգությունը՝ սեփական ուժերին ապավինելու կոդն է: 3-րդ ուժի բացառման օրենքն էր պատերազմում տարած հաղթանակի գաղափարական բանալին, որից ՀՀ-ն պատերազմից հետո պարբերաբար հրաժարվեց ու բախվեց բազմաթիվ խնդիրների:

Գլխավոր բացթողումը 88-ից հետո պետականաշինության ոլորտում է արձանագրվել: Եթե նույն սերունդը երկու անգամ կանգնում է լայնամասշտաբ պատերազմի վտանգի առաջ, նշանակում է՝ չի հաջողել ներքին կյանքում:

Մենք հիմա գրեթե նույն խնդիրներն ունենք, ինչ 88-ի շարժման ժամանակ: Պարզապես խնդրի կառուցվածքն է փոխվել: Հիմա էլ կա պատերազմի վտանգ, հիմա էլ կա անկախության պաշտպանության խնդիր:

Մենք 88-ին դուրս եկանք հրապարակ և այլևս տուն չվերադարձանք: Ասվեց, որ անցումային վիճակ է: Իսկ անցումային փուլ կոչվածի ժամանակ մարդը հայտնվում է հրապարակի ու տան ճանապարհին: Մարդ կա հրապարակից արտագաղթում է: Մարդ կա տան տեղը չի գտնում: Մարդ էլ կա՝ մնում է հրապարակի մատույցներում ու սպասում:

Թող զարմանալի չթվա, բայց հիմա մենք ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, քան 88-ին, քանզի անկախություն նվաճելն ավելի հեշտ է, քան անկախությանը միս ու արյուն տալը և ժամանակակից պետություն կառուցելը: Դե իսկ պատերազմում հաղթելն ավելի հեշտ է, քան այդ հաղթանակին տեր կանգնելը:

Հիմա մենք ունենք փախուստ անկախությունից ու փախուստ հաղթանակից:

1988-ին կամ 1991-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի անց ունենալու ենք գալուստսահակյանական վերնախավ, որ քաղաքականությունն ապաքաղաքականացվելու է, որ պատերազմ է հայտարարվելու Ազատության հրապարակին, որ 88-ի գորշ հատվածն է գլուխ բարձրացնելու, և որ ստանալու ենք անգրագետ բիզնես-վերնախավ, հղփացած իշխանություն, փոշիացած քաղաքական դաշտ, անտեր մնացած հաղթանակ և օտարված քաղաքացի:

Ղարաբաղյան շարժմանը հիմա փոխարինելու պետք է գա Հայաստանյան շարժումը, որը պետք է ձևավորի քաղաքական ու տնտեսական նոր վերնախավ, որն, իր հերթին, պետք է ստեղծի այն Հայաստանը, որի մասին երազում էինք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը