Խմբագրական

29.01.2018 00:05


«Who is Mister Sargsyan?» (մի քանի հարց ՀՀ նախագահի թեկնածուին)

«Who is Mister Sargsyan?» (մի քանի հարց ՀՀ նախագահի թեկնածուին)

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ գործկոմը միաձայն կողմ է արտահայտվել իր առաջարկին՝ ՀՀ նախագահի պաշտոնում տեսնել Արմեն Սարգսյանին: Վերջինս ասաց, որ կմտածի այդ առաջարկի ուղղությամբ և որոշ հանդիպումներից հետո միայն պատասխան կտա (ՀՀԿ-ի համար դա, թերևս, տարօրինակ պատասխան է եղել, քանզի մինչև հիմա այդպիսի մարդ չի եղել իրենց մեջ, որ ՀՀԿ ղեկավարից պաշտոնի առաջարկ ստանա ու միանգամից չասի «հա՛»):

Կարելի է 99,99 տոկոսով պնդել, որ Արմեն Սարգսյանը կընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը և կդառնա ՀՀ նախագահի միակ թեկնածուն, ում էլ խորհրդարանի կոճակային մեծամասնությունը «կողմ» կքվեարկի: Ասել է թե՝ ի դեմս Ա. Սարգսյանի՝ մենք գործ ունենք «բեզ պիծի մինուտ» նախագահի հետ:

Իսկ ճանաչո՞ւմ է նրան Հայաստանի հասարակությունը: Պետք է ասել, որ ո՛չ, չի ճանաչում:

Արմեն Սարգսյանի կենսագրական տվյալները հասանելի են համացանցում: Կան թվեր, թե երբ ինչ է աշխատել ու որտեղ: Այդ կենսագրական տվյալները, սակայն, ոչինչ չեն ասում, քանզի Սարգսյանը միշտ եղել է փակ ու լռակյաց գործիչ, այսինքն՝ նա չունի քաղաքական դիմագիծ:

Որքան էլ Բ26-ից պնդեն, որ ՀՀ նոր նախագահը պետք է լինի օտար լեզվի ապաքաղաքական մասնագետ, միևնույն է նախագահը նախևառաջ քաղաքական դեմք է, ապա նոր միայն օտար լեզուներ տիրապետող կամ չտիրապետող մեկը:

Եվ ուրեմն, պետք է հասկանալ, թե ով է Արմեն Սարգսյանը:

«Who is Mister Sargsyan?»,- նման դեպքերում սիրում են հարցնել Արևմուտքում:

Ա. Սարգսյանը հայտարարել է, որ հանդիպումների շարք է ունենալու հանրության լայն շրջանակների հետ ու միայն դրանից հետո նախագահ դառնալու որոշում կկայացնի: Եթե դրանք զուտ կամերային ու ձևական միջոցառումներ չեն լինելու (օրինակ՝ Սերժ Սարգսյանը մի ժամանակ սիրում էր ՄՀՀ-ում հավաքել Հայաստանում գրանցված բոլոր կուսակցություններին ու նրանց հետ քննարկում կազմակերպել), ապա պետք է հարմար առիթ հանդիսանան, որպեսզի Արմեն Սարգսյանը մեր հանրությանը ծանոթացնի իր տեսակետների հետ, ներկայացնի իր քաղաքական դիմագիծը: Ասել է թե՝ այդ հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը ոչ այնքան պետք է լսի, որքան խոսի: Խոսի արդիական թեմաներից:

Հայաստանն ունի բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ: Դրանց մասին Արմեն Սարգսյանը երբեք տեսակետ չի հայտնել, բայց հիմա պետք է արտահայտվի: Կան հարցեր, որոնց նա պարտավոր է պատասխանել որպես նախագահի թեկնածու: Այլապես իրոք կդառնա ապաքաղաքական նախագահ, ինչը նոնսենս կլինի և անպատվաբեր:

Եվ այսպես, ստորև ներկայացնում ենք հարցեր, որոնց պատասխաններն Արմեն Սարգսյանից ակնկալվում են մինչև մարտի 2-ն ընկած փաստացի քարոզարշավային այս ժամանակահատվածում:

1. Ո՞րն է Ձեր գնահատականը ՀՀ անկախության 27 տարիների ընթացքում Հայաստանի ներսում տեղի ունեցած քաղաքական (ներառյալ՝ ընտրական) ու տնտեսական գործընթացների մասով: Տոտալիտարիզմից անցումը դեպի ժողովրդավարություն ո՞ր փուլում է մեզ մոտ: Շարժվում ենք առա՞ջ, թե՞ հետ՝ դեպի համայնավարություն:

2. Ինչպիսի՞ն է Ղարաբաղի խնդրի լուծման Ձեր տեսակետը: ՀՀ երեք նախագահներից որի՞ մոտեցումն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ: Իսկ միգուցե Դուք ունեք այլ՝ չորրո՞րդ մոտեցում:

3. Ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ Ձեր կարծիքը:

Լևոն Տեր-Պետրոսյանը շաղկապված է տեսնում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները և կարծում է, որ երկու կողմի հետ էլ ամեն գնով պետք է հասնել շուտափույթ համաձայնության՝ Ադրբեջանի մասով հակամարտության փուլային լուծման միջոցով (ԼՂՀ կարգավիճակի հարցը բաց է մնում), Թուրքիայի մասով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին պետական օրակագից հանելու միջոցով (առաջարկվում է հարցը թողնել Սփյուռքին):

Ռոբերտ Քոչարյանն ունի լրիվ այլ մոտեցում: Նա տարանջատված է տեսնում հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից: Գտնում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Ղարաբաղի հարցով էլ փաստացի վարել է ստատուս քվոն պահպանելու քաղաքականություն՝ բանակցային գործընթացի միջոցով հետ պտտեցնելով առաջին նախագահի կողմից հավանության արժանացած փուլային տարբերակն ու ամրագրելով ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցը հանրաքվեի միջոցով:

Սերժ Սարգսյանն այս հարցերում փորձեց տեղավորվել առաջին և երկրորդ նախագահների արանքում՝ ձգտելով երրորդ տեսակետով հանդես գալ («ֆուտբոլային» դիվանագիտություն, Կազանյան գործընթաց և այլն), ինչը հանգեցրեց հայտարարվածից ու խոստացվածից հակառակ արդյունքների (հայ-թուրքական սահմանը չբացվեց և չհաստատվեցին հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, հայ-թուրքական հարցը շաղկապվեց հայ-ադրբեջանականի հետ ու Թուրքիան «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո ակտիվացրեց իր դերակատարումը Ղարաբաղի հարցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում հայտնվեց գրեթե սառեցված վիճակում):

Տեղին է հիշեցնելը, որ նախաձեռնողական որակված քաղաքականության ընթացքում (2016 թ.) ունեցել ենք ապրիլյան քառօրյա պատերազմ ու տարածքային կորուստներ, ինչը չէր եղել 1994-ի հրադադարից հետո:

Դուք դեսպան եք աշխատել և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի ղեկավարման ներքո, և, ուրեմն, կարիք կա հստակեցնելու, թե ո՞ր նախագահի տեսակետն է այս հարցերում Ձեզ համար ավելի ընդունելի: Երեք նախագահների կառավարման շրջանում եղել են փիլիսոփայորեն տարբեր արտաքին քաղաքական գծեր, սակայն երեքի ժամանակ էլ Դուք ՀՀ դեսպան եք եղել ու, փաստացի, իրականացրել այդ գծերի ապահովումը Ձեր մասով: Արժե, ուրեմն, հստակեցնել, թե ո՞ր գծին եք Դուք համակրում: Իսկ միգուցե ունեք չորրո՞րդ գիծը:

4. Որո՞նք է հայ-ռուսական հարաբերությունների Ձեր պատկերացումները: Ինչպիսի՞ն են դրանք այժմ:

Ճի՞շտ էր արդյոք ԵԱՏՄ մտնելը:

Հնչում են տեսակետներ, թե պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Կիսո՞ւմ եք այդ տեսակետները:

5. Նախագահ դառնալու դեպքում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստան-ԵՄ վերջերս ստորագրված համաձայնագրում առկա կետերը:

Ունե՞ք արդյոք հայեցակարգ, թե ինչպիսին պետք է լինեն ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները:

Կա նաև տեսակետ, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու անդամակցի ՆԱՏՕ-ին: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

6. Մեր անմիջական հարևաններ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումն ինչպե՞ս եք տեսնում:

2008-ին հայտարարվեց, որ շատ շուտով սկսվելու է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, սակայն հայտարարությունը գործնական տեսք չստացավ: Հնարավոր համարո՞ւմ եք այդպիսի շինարարություն, և եթե այո, ապա ե՞րբ, ըստ Ձեզ, այն տեղի կունենա:

Գոհացնո՞ւմ են Ձեզ հայ-վրացական ներկայիս հարաբերությունների բնույթն ու մակարդակը: Հայ-վրացական տնտեսական կոոպերացիայի համար ինչպիսի՞ գործնական քայլեր պետք է արվեն:

7. Հետանկախական շրջանում Դուք փաստացի ավելի շատ դրսում եք ապրել, քան Հայաստանում: Քննարկման առարկա են դարձել Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների քաղաքացիության ու ՀՀ-ում մշտական բնակության թեմաները: Այս առումով մի քանի հարց՝

Ա. Համաձայն նոր Սահմանադրության՝ ՀՀ նախագահը պետք է պաշտոնը ստանձնելուն նախորդած 6 տարում լինի միայն ՀՀ քաղաքացի ու 6 տարի մշտապես բնակված լինի Հայաստանում: Կարո՞ղ եք հստակություն մտցնել Ձեր՝ ՀՀ քաղաքացիության ու ՀՀ-ում մշտական բնակության հարցերում:

Բ. Նախագահ դառնալուց հետո Ձեր ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվելու են Հայաստա՞ն, թե՞ մնալու են Անգլիայում:

Գ. Նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահը ԱԺ-ի կողմից ընտրվում է 7 տարով: Եթե ԱԺ-ն Ձեզ կողմ քվեարկի (ինչին որևէ մեկը չի կասկածում), ապա այդ 7 տարին նախագահելուց հետո Դուք ապրելո՞ւ եք Հայաստանում, թե՞ մեկնելու եք Լոնդոն: Նույն հարցը վերաբերում է նաև Ձեր ընտանիքի բոլոր անդամներին:

. . .

Այս և այլ հարցերի հրապարակային պատասխաններից կախված կլինի այն, թե արդյոք Արմեն Սարգսյանը դրակա՞ն, թե՞ բացասական քաղաքական իմիջ կձևավորի: Իսկ առայժմ նա ունի միայն բարի ժպիտով, բայց չխոսկան ու քաղաքական տեսակետ չունեցող մարդու իմիջ, ում թեկնածությունն առաջադրել է Սերժ Սարգսյանը:

Այս հարցերի պատասխաններից կամ դրանց բացակայությունից կախված կլինի նաև այն, թե արդյոք Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ին կի՞ց, թե՞ Հայաստանի նախագահ կդառնա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը