Խմբագրական

10.01.2018 11:44


Ո՞րն է ապագա վարչապետի առաքելությունը

Ո՞րն է ապագա վարչապետի առաքելությունը

Ցանկացած պետության ցանկացած իշխանություն որոշակի հանրային առաքելություն է ձևակերպում՝ անկեղծորեն հավատալով այդ առաքելությանը և քրտնաջան աշխատելով այդ առաքելության ի կատար ածման ուղղությամբ:

Ցանկացած պետության ցանկացած իշխանություն նախանշում է իր ղեկավարած պետության տեղն ու դերը տարածաշրջանում և, ինչու ոչ, նաև աշխարհում:

Շատ հնարավոր է, որ այդ առաքելությունն անիրականանալի լինի, բայց ամեն դեպքում առաքելությունը ամրագրվում է՝ հիմքում ունենալով հանրային որոշակի շերտի աջակցություն:

Օրինակ՝ ամերիկյան իշխանության առաքելությունը «ամերիկյան երազանքի» կյանքի կոչման հնարավորության ապահովումն է ԱՄՆ քաղաքացիների համար: Համենայնդեպս մի ժամանակ այդպես էր: Թե հիմա ինչպես է, Թրամփը կիմանա:

Պինոչետը Չիլիում իշխանությունն ուժով վերցրեց: Նա իր առաքելությունը ձևակերպեց կոշտ փոփոխությունների դաշտում: Ռազմական այդ դիկտատուրան գնաց մոնետարիստական հայեցակարգով տրանսֆորմացիայի: Թե ինչ գնով և ինչ արդյունքներով, գիտենք բոլորս: Հիմա Պինոչետին ոմանք մեղադրում են: Հարցը տվյալ դեպքում, սակայն, մեղադրանքի ճիշտ կամ սխալ լինելը չէ: Հարցն այն է, որ նա իշխանությունը վերցրեց կոնկրետ առաքելությամբ և կոնրետ արդյունքներ ապահովեց:

Շատ հստակ առաքելությամբ իշխանության եկավ Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն: Այդ առաքելության իրականացումը հանգեցրեց սինգապուրյան տնտեսական հրաշքի, որը մինչև հիմա հանդիսանում է շատերի ոգեշնչման աղբյուրը:

Ստալինն ուզում էր սոցիալիստակոմունիստական երկիր կառուցել առանձին վերցրած ԽՍՀՄ-ում (բոլոր երկրների պրոլետարների միավորումը թողնվել էր հետոյի): Նա համարում էր, որ իրեն չեն թողնում աշխատել Տրոցկին ու էլի ահագին քանակի մարդիկ: Դրանց բոլորին Ստալինը վերացրեց, իսկ թե ինչ եղավ առաքելության հետ, թող պատմաբանները գնահատեն:

Ստալինից հետո եկավ Խրյուշչովը (Բերիան ու Մալենկովը տարբեր մեթոդներով հեռացվեցին բուն իշխանությունից ու տրիումվիրատը փլվեց) և որպես առաքելություն ձևակերպեց ԱՄՆ-ին հասնելն ու անցնելը: Նա անկեղծ էր իր ձգտման մեջ: Այլ հարց է, որ վերջում Խրյուշչովը մնաց իր «կուկուռուզի» հետ մեն-մենակ:

Խրյուշչովին փոխարինած Բրեժնևը (պալատական հեղաշրջումները ոչ ժողովրդավարական երկրների անբաժան ուղեկիցներն են) աչքի ընկավ առաքելության բացակայությամբ ու սկսվեցին լճացման տարիները, որոնք ի վերջո հանգեցրեցին Սովետի փլուզման (Անդրոպովը չհասցրեց իր դերժինսկիական առաքելությունն իրականացնել, իսկ Չեռնենկոն առաքելության մասին մտածելու հավես ու կարողություն չուներ. նա անհուսալի հիվանդ էր, դե իսկ Գորբաչովը շփոթել էր նպատակն ու միջոցը, ձևն ու բովանդակությունը, ինչի արդյունքում ստիպված էր արձանագրել, որ «պրոցես պաշոլ» և ինքն այդ պրոցեսի հետևից չի հասցնում):

Հարևան ու թշնամական Ադրբեջանում Ալիևն էլ իր իշխանության առաքելությունն է ձևակերպել: Դա Ղարաբաղի գրավումն է: Եվ ոչ միայն Ղարաբաղի: Այդ առաքելության իրականացումը, բնականաբար, մենք ամեն գնով պետք է թույլ չտանք, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ առաքելության կյանքի կոչման համար: Ալիևը հետևողական է ու նպատակասլաց: Ռազմական ոլորտից մինչև դիվանագիտական ոլորտ. ամեն ինչ ծառայեցվում է այդ առաքելությանը:

Իսկ ի՞նչ առաքելություն է ձևակերպում հայաստանյան իշխանությունը:

Այս օրերին միայն քննարկվում է, թե ով է լինելու ՀՀ վարչապետը ապրիլից հետո (այդ հարցն իրականում լուծվել է նախորդ տարվա ապրիլին՝ 10.000 դրամանոցների օգնությամբ), բայց պետք է առաջնայինը ապագա վարչապետի առաքելության հարցի քննարկումը լինի:

Շրջանառվող անուններից որևէ մեկը առաքելություն չի ձևակերպել: Եթե մի կողմ թողնենք կենացային հայտարարությունները (4 միլիոնանոց Հայաստան, մարդա 10.000 դոլարի ՀՆԱ (փաստորեն, 10.000-ը կլոր ու մոգական թիվ է իշխանության համար՝ լինի այն դրամ, թե դոլար)), ապա առարկայական ոչինչ չի արվում ու ոչինչ չի ասվում իրական անելիքների ու այդ անելիքի ճանապարհային քարտեզի մասին:

Եթե որպես առաքելություն է հրամցվում «Ազգ-բանակ» «ռազմահայրենասիրական» գաղափարը, ապա «Ազգ-բանակին» ՀՀ քաղաքացիների մի մասն արձագանքել է իր որդիներին ՀՀ քաղաքացիությունից հանելու քայլով, քանզի պետության լեգիտիմության հարց է առաջացել: Պետության լեգիտիմության խնդիրն էլ հանրային առաքելության բացակայության հետևանք է: Եթե կա միայն մասնավոր շահ ապահովող առաքելություն, ապա բնական է, որ քաղաքացու արձագանքը պետք է լինի կա՛մ ապստամբությունը, կա՛մ արտագաղթը («քաղաքականություն» երևույթը գնդակահարվել է, իսկ քաղաքական դաշտը վերածվել է «քաղաքական դինոզավրերի» հավաքատեղիի):

Հայաստանյան իշխանությունները բոլոր տիպի քեֆեր անելու իրավունքը պահել են իրենց, բացի «բանակի քեֆից», քանի որ «բանակի քեֆ» անելու պարտականությունը թողել են բացառապես շարքային քաղաքացուն: Իսկ դա շատ լուրջ հարված է մեր պետության հիմքերին:

Անառաքելություն իշխանությունները բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում վերածվում են բրեժնևաչեռնենկոյական համակարգերի և արդյունքում ...

Մի խոսքով, ներկայիս թամաշան ոչ մի լավ բան չի խոստանում: Եթե մենք այս տարածաշրջանում ու այս մարտահրավերներով մեզ այնպիսի շռայլություն թույլ տանք, ինչպիսին անառաքելություն իշխանություն ու պետություն ունենալն է, ապա ամեն ինչ շատ վատ ավարտ կունենա: Այնպես որ, բոլոր մտածող ու մտահոգ քաղաքական մարդիկ պետք է մի կողմ դնեն եղած-չեղածը և լուծումներ տան՝ գնալով անսպասելի ու ոչ ստանդարտ քայլերի: Սա արդեն իշխանության հարց չէ: Հարցը պետության լինել-չլինելուն է վերաբերում:

Գալուստսահակյանների Հայաստանին պետք է առաքելություն ունեցող և արժանապատիվ Հայաստան հակադրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը