Խմբագրական

01.01.2018 10:25


Ինչպիսի՞ն կլինի քաղաքական 2018-ը

Ինչպիսի՞ն կլինի քաղաքական 2018-ը

2018-ի քաղաքական զարգացումները կանխորոշվել են 2015-ի դեկտեմբերի 2-ին (սահմանադրական հանրաքվե) և 2017-ի ապրիլի 2-ին (խորհրդարանական ընտրություններ):

Նոր Սահմանադրությունը, որը ներկայիս ֆոնային ընդդիմությունը կեղծ օրակարգ էր համարում ու Բ26-ին ձեռնտու վարքագիծ ցուցաբերում, և Ընտրական նոր օրենսգիրքը, որն ընդունվեց այսպես կոչված ընդդիմադիրների բուռն աջակցությամբ, ուրվագծեցին այն պատկերը, որն ունենք այժմ և կունենանք 2018-ի ապրիլից, երբ կլրանա գործող նախագահի լիազորությունների ժամկետը:

Ձևով խորհրդարանական, բայց բովանդակությամբ սովետական այն համակարգը, որը ներդրվել է մեզանում, ենթադրում է քաղաքական զարգացումների երեք սցենար՝

Սցենար 1-ին

Շարունակվում է ներկայիս լճացումը, փոփոխություններ չեն լինում և Հայաստանը գնում է ինքնաթուլացման ճանապարհով: Իսկ թե ինչ կարող է լինել այդ դեպքում, այն էլ՝ մեր տարածաշրջանում, դժվար չէ կռահել:

Բնակչության հետագա նվազեցման միտումների պահպանման դեպքում մեր երկիրը պարզապես կկանգնի լինել-չլինելու խնդրի առաջ: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլինի այդ դեպքում առաջնագծում: Ի դեպ, առաջնագծի կվերածվի ամբողջ Հայաստանը:

Սցենար 2-րդ

Իշխանությունը որոշում է բարեփոխում անել վերևից և խուսափել ցնցումներից:

Թե որքանով է հավանական այս սցենարը, թող գնահատի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Փորձն առայժմ դրական որևէ եզրահանգման տեղիք չի տալիս:

Սցենար 3-րդ

Մեր երկիրը պարբերաբար հայտնվում է ցնցումների մեջ: Գերիշխող է դառնում կառավարչական քաոսը, քանզի նոր Սահմանադրությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել քաոսի համար:

Թե որքան կտևի այդ քաոսը և ինչ գին կվճարի ՀՀ-ն դրա դիմաց, դժվար է ասել: Քաղաքագիտությունից հայտնի է, որ քաոսից դուրս են գալիս հեղափոխությամբ, պալատական հեղաշրջմամբ կամ այլ ֆորսմաժորային տարբերակով (ընդորում՝ հեղափոխությունը կարող է գալ այն պահին և այն տեսքով, ինչին որևէ մեկը պատրաստ չեն լինի, թեև բոլորն են վաղուց պատրաստվել դրան): Ամեն դեպքում, այսպես կոչված ուժեղ ձեռքի անհրաժեշտություն է առաջանում հետքաոսային ժամանակահատվածում:

Թե որ սցենարը կլինի հավանական, ցույց կտա 2018-ը: Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսաքաղաքական նոր վերնախավ, նոր մոտեցումներ ու նոր շունչ: Բրեժնևական ու չեռնենկոյական ոգին պետք է դուրս մղվի պետական կառավարման համակարգից ու մեր երկրից: Գալուստսահակյանական Հայաստանը ապագա չի կարող ունենալ, և, ուրեմն, փոփոխությունները քաղաքական օրակարգի թիվ մեկ կետն են:

7or.am

«7 օրի» խմբագրակազմը շնորհավորում է Սուրբ ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ: Ամենակարևորը՝ խաղաղ ծառայություն մեր զինվորներին ու սպաներին:

Այս խորագրի վերջին նյութերը