Խմբագրական

24.11.2017 11:20


Ի՞նչ որոշում կկայացնի Սամվել Բաբայանի գործով դատավորը

Ի՞նչ որոշում կկայացնի Սամվել Բաբայանի գործով դատավորը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարության գործընթացը մոտենում է ավարտին: Մեղադրող կողմը պահանջել է 7 տարով ազատազրկել Բաբայանին (գործով անցնող մյուս անձանց համար համեմատաբար քիչ պատժաչափեր է պահանջվել): Պաշտպանական կողմը ճիշտ հակառակ տեսակետն ունի՝ պահանջում է արդարացում: Վերջնական որոշումը դատավոր Արշակ Վարդանյանինն է: Բայց արդյոք նա՞ է որոշում կայացնելու: Հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ մեղմ ասած կասկածելի է, որ ակնհայտ քաղաքական բնույթ ունեցող գործում դատարանն անկախ որոշում կկայացնի, բայց դե ով գիտե...

Դատավոր Վարդանյանին չես նախանձի: Մի կողմից նա պետք է չոր փաստերի, գործի հետ առնչվող սուբյեկտների ցուցմունքների և օրենքի տառին (ոգին էլ չէր խանգարի) համապատասխան որոշում կայացնի, այն է՝ անհիմն համարի Բաբայանին ներկայացվող մեղադրանքն ու արդարացման վճիռ կայացնի, բայց մյուս կողմից նա համակարգի մարդ է՝ այդտեղից բխող բոլոր եզրահանգումներով:

Վարդանյանին չես նախանձի նաև այն պատճառով, որ ինքը պատմության մեջ մտնելու է որպես ղարաբաղյան հաղթանակած բանակի ղեկավարին անհիմն դատող անձ: Ու եթե նա անարդար և հակաօրինական որոշում կայացնի, ապա հայտնվելու է ադրբեջանցի այն դատավորի կողքին, ով Ղարաբաղյան շարժման սկզբում դատել էր Սամվել Բաբայանին՝ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Ադրբեջանցիները Բաբայանին 1991-ին 6 ամիս պահեցին Բաքվի բանտում: Վարդանյանից հիմա պահանջում են ադրբեջանցիներից ավելի ադրբեջանցիություն անել՝ 7 տարով անազատության մեջ պահել Բաբայանին:

Սխալ որոշման դեպքում Վարդանյանը կհայտնվի նաև 2000 թվականի մարտի 22-ին (2017-ին էլ են Բաբայանին մարտի 22-ին ձերբակալել) Բաբայանի դեմ կազմակերպած մեկ այլ ֆարսի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության հեղինակի՝ հոգեբուժարանում բուժված ու հատուկ Բաբայանի դեմ սարքած գործը դատելու համար թոշակից հետ բերած դատավորի կողքին:

Վարդանյանն ընտրություն ունի: Ունի հնարավորություն իրեն ճանաչողների ու սերունդների առաջ մաքուր երեսով հանդես գալու և պատմության մեջ դրականորեն մտնելու: Ընթացիկ բաները կանցնեն կգնան, «անփոխարինելի առաջնորդները» կդառնան «նախկին անփոխարինելի առաջնորդներ», այսօրվա «պրոֆեսիոնալ հայրենասերները» կորած կլինեն, սակայն կմնա Բաբայանի արածը հայրենիքի հանդեպ, կմնա նրա չապացուցված ու անհիմն մեղադրանքը և կմնա ոմանց, այդ թվում՝ դատավոր Վարդանյանի արածը ԼՂՀ տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետր սահմանած բանակի ղեկավարի դեմ:

Հայաստանի դատավորների խորհրդակցական սենյակը գտնվում է Բաղրամյան 26-ում, որտեղից էլ նրանք ստանում են իրենց «խորհուրդները», որոնք ենթակա են պարտադիր կատարման: Վարդանյանը շանս ունի դատարանի շենք տեղափոխել խորհրդակցական սենյակը: Դա անսպասելի ու հզոր քայլ կլինի:

Հերո՞ս է արդյոք Ա. Վարդանյանը, ունի՞ արդյոք սեփական «Ես»-ը և իրո՞ք դատավոր է աշխատում, թե՞ այլ տեղերում կայացրած որոշումների դակիչ: Հարցս հռետորական է և առնչվում է մեր պետականությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը