Հարցազրույց

29.01.2010 18:28


Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

-Վերջերս որոշ քաղաքական գործիչներ «Ժառանգություն» կուսակցությանը մեղադրում են ներքին խնդիրները միջազգային հանրության և կառույցների քննարկման առարկա դարձնելու մեջ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նման մեղադրանքները։

-Եթե այդ մարդկանց թվում է, թե մեր թվարկությունից առաջ 4-5-րդ հազարամյակներն են, շատ սխալվում են։ 21-րդ դարն է, և ցանկացած տեղեկատվություն շատ արագ հասանելի է դառնում բոլորին՝ անկախ նրանից՝ դու այդ տեղեկությունը հայտնո՞ւմ ես, թե՞ ոչ։ Իրանը Եվրախորհրդի անդամ չէ, բայց Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն մենք բոլորս շատ արագ ենք իմանում։ Կարծում եմ, որ քաղաքական այդ գործիչներին պետք է մտահոգի այն հարցը, որ «Ժառանգությունը» ոչ թե ներքին խնդիրներն է «հասցնում», այլ այն կառույցներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է և դրանց լիարժեք անդամն է, մենք փորձում ենք մեր պետական շահը և մեր քաղաքացիների շահը պաշտպանել իշխանությունների ոտնձգություններից, և կարծում եմ՝ քաղաքական գործիչներն առավել շատ պետք է մտահոգվեին, թե ինչպես աշխատեին կամ ինչպես իրենց դրսևորեին որպես քաղաքական գործիչներ, որ նմանատիպ իրադարձություններ չլինեին մեր երկրում։ Նկատի ունեմ կեղծված ընտրությունները, մարտի 1-ը, քաղբանտարկյալներին, կոռուպցիայի սանձարձակ իրավիճակը, տնտեսական օլիգարխիկ, մոնոպոլ, կրիմինալ իրավիճակը և այլն։ Այ դրա՛ մասին պետք է մտածել։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայկ Բաբուխանյանի այն հայտարարությունը, որ «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը պետք է կասեցնել, քանի որ կուսակցությունը հակապետական գործունեությամբ է զբաղվում։

-Նա նաև մի օրինակ բերեց, որը, կարծում եմ, բոլորովին տեղին չէր։ Հայկ Բաբուխանյանի (իր կարծիքն է, իհարկե) նման մտածողությամբ քաղաքական գործիչներն ի՞նչ լավ բան կարող են բերել՝ չգիտեմ, իսկ ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ Հայրենական պատերազմի ժամանակ Ստալինի մասին խոսեին, ասեմ, որ Ստալինի ժամանակ մինչև Հայրենական մեծ պատերազմը չեն խոսել, դրա համար էլ 20 մլն զոհ են տվել, երբ Ստալինի նախաձեռնությամբ գնդակահարվեց և գլխատվեց ռազմական ամբողջ վերնախավը և ինտելիգենցիան, և պետությանը բերեց այն իրավիճակին (նաև իրենց վարած արտաքին քաղաքականության հաշվին), երբ հզորացրին ֆաշիստական Գերմանիան, որը հնարավորություն ունեցավ հարձակվել Սովետական Միության վրա։ Նմանատիպ գործիչների շնորհիվ էր, որ այդպիսի պատերազմը հնարավոր եղավ սանձազերծել։

-Հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները և ընդդիմության միասնական չլինելը՝ ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումներ եք  հնարավոր համարում՝ հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները։

-Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է համապատասխան հետևություններ անի այս ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերյալ և իր մարտավարությունը փոխելով՝ պետք է կարողանա ապահովել Հայաստանի հասարակության, քաղաքացիների շահը։ Իսկ եթե մեկ բանաձևով ասեմ, պետք է կարողանա ապահովել Հայաստանի պետական և ազգային շահը։

-Ըստ Ձեզ՝ կարելի՞ է ասել, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը մեկնարկել է։

-Կոպիտ ասած՝ նախագահական ընտրություններից հետո կարելի է արդեն որոշակիորեն սկսված համարել, բայց այն ծավալով, որը բոլորիս համար տեսանելի կլինի, կարծում եմ, կլինի մյուս տարվանից (եթե արտահերթ զարգացումներ չլինեն)։ Բնականաբար, թաքնված առումով, այսինքն՝ խորքային գործընթացների, իհարկե սկսվել է, և դրա մեջ է մտնում նաև վարչապետի և երկու նախարարների հանրապետական դառնալու քայլը։ Սա նախընտրական գործընթացներից մեկն էր, բացի այդ, խորքային առումով տեղի են ունենում նաև այլ գործընթացներ, որոնք, իհարկե, կապված են խորհրդարանական ընտրությունների հետ։

-Ո՞ւմ եք կամ ո՞ր ուժերին եք տեսնում որպես գլխավոր խաղացողներ 2012թ. ընտրություններում։ «Ժառանգություն» կուսակցությանը ֆավորիտ համարո՞ւմ եք, թե՞ ոչ։

-«Ժառանգությունը» երբևէ թվերի մասին չի խոսել, և այս դեպքում ևս չեմ խոսի։ Միայն մեկ բան կարող եմ ասել՝ «Ժառանգությունն» ինչպես աշխատել, այնպես էլ շարունակելու է աշխատել։ Մեզ համար կարևորը ոչ թե մեզ գովելն է, այլ ուղղակի աշխատանք կատարելը։ Ինչ վերաբերում է գլխավոր խաղացողներին, կարծում եմ, այնուամենայնիվ, իշխանությունից, բնականաբար, Հանրապետական կուսակցությունը կլինի, և կուսակցականացման այս վերջին ալիքը ևս ցույց է տալիս, որ իշխանությունները ոչ թե  փորձելու են նոր քաղաքական նախագծեր ներկայացնել, այլ կենտրոնանալ հենց Հանրապետականի վրա։

-Դուք արտահերթ զարգացումների մասին նշեցիք. հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումը, թե՞ ոչ։

-Պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում հիմա այնպիսի իրավիճակ է, որ հողը, հիմքը արտահերթ գործընթացների համար շատ մեծ են, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ գործընթացը չկա, որ այդ հիմքն արդյունքի հասնի։ Կարծում եմ՝ եթե այդ գործընթացը տեղի ունենա, կարելի է նույնիսկ ասել, որ մենք շատ վաղուց ենք անցել այն սահմանը, որից հետո տեղի են ունենում գունավոր հեղափոխություններ, արտահերթ զարգացումներ։ Կարծում եմ՝ այդ բոլոր նախադրյալները մեզ մոտ կան։

-Ձեր կարծիքով արտահերթ գործընթացի համար խթան կհանդիսանան արտաքի՞ն, թե՞ ներքին զարգացումները։

-Բնականաբար, արտաքին։ Արտահերթ գործընթացն արտաքին գործոնների հետ կապված կլինի, և կարծում եմ՝ կապված կլինի ղարաբաղյան խնդրի հետ։ Կարծես ներքաղաքականի հետ կապված զարգացումներն արդեն անկում են ապրել, թեև մեզ համար դրանք նորից առաջնային են մնում, բայց հասարակության մոտ այդ առումով որոշակի անկում կա։ Հայ-թուրքականի հետ կապված՝ տեսանք, որ տարբեր ուժեր տարբեր մոտեցումներ ունեն, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում։ Մնում է կարծես թե ղարաբաղյան խնդիրը։ Սոցիալական հարցերի հետ կապված՝ չեմ կարծում, որ որևէ արտահերթ զարգացում տեղի ունենա։ Չեմ ասում, որ դա նորմալ է. ո՛չ, աննորմալ է և շատ վաղուց է աննորմալ, և այդ աննորմալ իրավիճակում մեր ժողովուրդը կարծես թե միշտ էլ ինչ-որ ելքեր գտնում է, ոչ թե փորձում է իր անմիջական իրավունքն իրացնել, և այն մարդկանցից, այն պաշտոնյաներից, որոնք պարտավոր էին ապահովվել իրենց սոցիալական իրավիճակը, պահանջ չեն ներկայացնում և «իրենց գլխի ճարը տեսնելով» են դուրս գալիս իրավիճակից, ուստի չեմ կարծում, որ սոցիալականի հետ կապված արտահերթ գործընթաց լինի։ Հիմքերը բազմաթիվ են՝ և՛ սոցիալական խնդիրները, և՛ եկամուտների բևեռացվածությունը, և՛ տնտեսական անհավասար դաշտը, և՛ արդարության բացակայությունը, և՛ իրավունքի ոտնահարումն ամեն քայլափոխի...դրանք բոլորը շատ լավ հիմքեր են, սակայն գործընթաց, որն ինքնին այդ ամենը կմիավորի և լուծում կառաջարկի ու կտա, ես չեմ տեսնում։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը